Home / Canadahye  / Կանադայի վարչապետի սպասվող այցը Հայաստան. Անցնող տարվա ձեռքբերումներն ու 2018թ-ի անելիքները Լևոն Մարտիրոսյանի բացառիկ հարցազրույցում

Կանադայի վարչապետի սպասվող այցը Հայաստան. Անցնող տարվա ձեռքբերումներն ու 2018թ-ի անելիքները Լևոն Մարտիրոսյանի բացառիկ հարցազրույցում

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, ով մոտավորապես 5 ամիս առաջ է ստանձնել դիվանագիտական առաքելությունը այս երկրում, տարեվերջյան ամփոփիչ հարցազրույց է տվել Noranor.ca-ին: Դեսպանն անդրադարձել է անցնող տարվա ձեռքբերումներին, պատմել Կանադայից իր ստացած տպավորությունների մասին և անդրադարձել 2018թ-ի ծրագրերին:

 

  1. Պարո՛ն Մարտիրոսյան, արդեն մի քանի ամիս է, ինչ Դուք ստանձնել եք Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնը: Որո՞նք են առաջին տպավորությունները Կանադայում Ձեր աշխատանքից:

 

Կանադայում աշխատանքիս առաջին իսկ օրերից փորձել եմ ակտիվորեն ներգրավվել հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր նախագծերում, ծանոթանալ կանադահայ համայնքի` այստեղ գործող հայկական կառույցների և մեր հայրենակիցների հետ: Հասցրել եմ մասնակցել մի շարք կարևոր ձեռնարկների, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ինչպես Կանադայի կառավարության տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների, այնպես էլ հասարակական-քաղաքական գործիչների և երկրի գործարար աշխարհն ու մշակութային ոլորտը ներկայացնող անձանց հետ:

Աշխատանքիս առաջին ամիսներից հետո տպավորված եմ մեր փոխհարաբերություններում առկա զարգացման մեծ ներուժով: Հայ-կանադական հարաբերությունների բոլոր ոլորտներում առաջխաղացման լուրջ հեռանկարներ կան: Փորձելու ենք հնարավորինս օգտագործել այդ բոլոր հեռանկարները և նոր արդյունքներ գրանցել:

 

  1. Պարո՛ն դեսպան, Ձեր գնահատմամբ անցնող տարում որո՞նք էին հայկանադական հարաբերությունների ամենակարևոր իրադարձությունները:

 

2017 թվականի ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել: Նախ հունվարին լրացավ Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը: Այդ առթիվ ողջ տարվա ընթացքում թե՛ Հայաստանում և թե՛ Կանադայում մեծ թվով ձեռնարկներ են կազմակերպվել: Դրանցից պետք է առանձնացնել նախևառաջ հունիս ամսին Օտտավայի կենտրոնում աշխարհահռչակ կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանի բացումը: Այն հիշատակի յուրահատուկ խորհրդանիշ է և կարող է կամուրջ հանդիսանալ երկու ժողովուրդների կապերում: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ կարևոր միջոցառումներ կայացան նաև ՀՀ-ում` կազմակերպված կանադացի մեր գործընկերների` ՀՀ-ում Կանադայի դեսպանության ջանքերով:

Բացի դրանից, մարտ ամսին Կանադայի Տորոնտո քաղաքում է եղել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը, որը մասնակցել է հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC): Տորոնտոյի համաժողովը հանքարդյունաբերության հարցերով աշխարհի ամենախոշոր հավաքն է, որտեղ  վեր են հանվում ոլորտի համաշխարհային մակարդակի խնդիրները, դրանց ժամանակակից լուծումներն ու  զարգացման առաջնահերթությունները։ Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը հանդես է եկել ՀՀ հանքարդյունաբերական ոլորտին վերաբերող ելույթով` տեղեկատվական վահանակների միջոցով ներկայացնելով իրականացվող գործունեությունը:

Անցնող տարվա մարտ ամսին նաև Կանադայի գյուղատնտեսության և գյուղմթերքի նախարարությունում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրում` Հայաստանի և Կանադայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Հուշագրի ստորագրումը արդյունքն է եռամյա այն աշխատանքի, որ տարվել է երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Իսկ ապրիլի 11-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը, Օտտավայի Հայ Օգնության Միության «Սևան» մասնաճյուղի աջակցությամբ, Հայաստանի պատմությանն ու հայկական մշակույթին և խոհանոցին նվիրված տաղավարով մասնակցել է Կանադայի 150-ամյակի առթիվ կազմակերպված «Օտտավան ողջունում է աշխարհին» ծրագրին, որին մասնակցել են Կանադայում հավատարմագրված 16 դեսպանություններ, որոնցից յուրաքանչյուրն իր յուրատեսակ մասնակցությունն է բերել Կանադայի 150-ամյակի տոնակատարությունների շարքի այս ձեռնարկին: Միջոցառման ընթացքում հայկական տաղավար է այցելել Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը, ով ծանոթացել է հայկական մշակույթի ձեռքբերումներին և հայկական արվեստի ճյուղերին: Քաղաքապետը բարձր է գնահատել ՀՀ դեսպանության մասնակցության մակարդակը:

Անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած մյուս կարևոր իրադարձությունն անկասկած օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին կայացած կանադացի խորհրդարանականներ Թոնի Քլեմենթի և Ռեյչել Հարդերի այցն էր ՀՀ և Արցախ` «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության նախաձեռնությամբ: Այցի արդյունքներով կանադացի պատգամավորները հենց Արցախում հանդես եկան մամլո ասուլիսով` խստորեն քննադատելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումները: Բացի դրանից, այդ մասին օրեր առաջ պարոն Թոնի Քլեմենթը Կանադայի խորհրդարանում հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Մենք առաջիկայում ևս աշխատելու ենք կանադական հասարակական-քաղաքական շրջանակների մոտ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ հետաքրքրվածությունը մեծացնելու և հիմնահարցի պատմության ու արդի զարգացումների շուրջ նրանց ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ:

2017թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը կայացել է Կանադական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործարար առաքելության այցը Հայաստան: Առաքելության շրջանակներում տեղի է ունեցել կանադական տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների համաժողովը: Առաքելության անդամները հանդիպումներ են ունեցել հայաստանյան տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների և հայկական համապատասխան ընկերությունների հետ:

Հոկտեմբերի 10-ին մենք ՀՀ դեսպանությունում պաշտոնական ընդունելություն էինք կազմակերպել` նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Հոգևոր հայրերի, Կանադայում հավատարմագրված շուրջ 15 երկրների դեսպանների, Կանադայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների, հասարակական-քաղաքական գործիչների, դիվանագետների, հայ համայնքային կառույցների ղեկավարների, մեծ թվով կանադահայերի մասնակցությամբ կայացած միջոցառմանն իմ խոսքում նշեցի, որ դա իմ, որպես ՀՀ դեսպանի, առաջին պաշտոնական միջոցառումն է դեսպանությունում, և աշխատանքիս ընթացքում ջանք չեմ խնայելու` երկկողմ հարաբերությունները մշտապես զարգացնելու համար:

Տարվա ընթացքում կայացած մյուս խոշորագույն իրադարձությունը թերևս ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցն էր Կանադա: Պատվիրակությունը նախ եղավ Վանկուվերում և մասնակցեց ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին, այնուհետև կարևոր հանդիպումներ ունեցավ Վանկուվերի և Մոնրեալի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումները կարևոր էին հատկապես նրանով, որ կանադահայ մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ մեր զինված ուժերում իրականացվող բարեփոխումների մասին: Մոնրեալում Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Սեն Ժան թագավորական ռազմական քոլեջ, ինչպես նաև հանդիպում ունեցավ մի խումբ կանադացի խորհրդարանականների հետ:

Իսկ շաբաթներ առաջ` նոյեմբերի 21-ին, Կանադայի խորհրդարանում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը, որին, որպես պատվավոր հյուր, ուրախ էի մասնակցել: Ինչպես գիտեք, այդ նիստի ընթացքում ընտրվեց բարեկամության խմբի նոր կազմ, և բարեկամության խմբի նոր նախագահ ընտրվեց պարոն Բրայան Մեյը: Նա փոխարինեց հայ ժողովրդի մեծ բարեկամ, վաղամեռիկ Արնոլդ Չանին: Նիստի ընթացքում ունեցած ելույթումս ողջունել եմ բարեկամության նոր խմբի անդամներին` վստահություն հայտնելով, որ վերջիններս իրենց նպաստն են բերելու հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Տարվա ընթացքում մի շարք կարևոր ձեռնարկների իրականացմամբ նշվել են ինչպես Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, այնպես էլ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձն ու ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձը:

 

  1. Որո՞նք են Կանադայում ՀՀ դեսպանատան հաջորդ տարվա կարևորագույն ծրագրերը, ինչպիսի՞ նախագծեր կան առաջիկայում:

 

2018թ. ընթացքում մի քանի կարևոր փոխայցելություններ են նախատեսված: Դրանցից կառանձնացնեի հոկտեմբերին կանադական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Սպասվում է, որ պատվիրակությունը ղեկավարելու է անձամբ վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Ինչպես գիտեք, 2018թ. նշվելու է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձը: Այդ առթիվ մի շարք միջոցառումներ են նախատեսված Կանադայի տարբեր քաղաքներում: ՀՀ դեսպանությունը, կանադահայ համայնքի աջակցությամբ, փորձելու է ամենաբարձր մակարդակով կազմակերպել կայանալիք բոլոր միջոցառումները:

2018թ. նշվելու է նաև Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Այդ առթիվ նույնպես մի շարք հիշարժան միջոցառումներ են ծրագրվում:

Մեր ամենօրյա աշխատանքով ամեն ինչ անելու ենք, որպեսզի երկկողմ հարաբերությունները 2018թ. զարգացման նոր աստիճանի հասնեն: Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ հարաբերությունների խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

 

  1. Ինչպիսի՞ հնարավորություններ ու կարևոր մարտահրավերներ եք տեսնում Կանադայում: Ի՞նչն է Ձեզ ամենից շատ տպավորել Կանադայում:

 

Ամենից շատ, թերևս, տպավորվել եմ սեպտեմբերի 12-ին Կանադայի արդեն նախկին Գեներալ-Նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին հավատարմագրերս հանձնելու արարողությանը նրա և ներկայիս Գեներալ-Նահանգապետ Ջուլի Պայետի հետ ունեցած առանձնազրույցից: Ի զարմանս ինձ, թե՛ նախկին, թե՛ ներկա Գեներալ-Նահանգապետերը քաջածանոթ էին հայ ժողովրդի և հատկապես կանադահայ համայնքի պատմությանը: Նախկին և ներկա Գեներալ-Նահանգապետերի հետ պայմանավորվեցինք պահպանել հաճախակի մտերմիկ շփումները:

Որպես Կանադայում ինձ հիացրած մեկ այլ հանգամանք` կարող եմ նշել կանադացիների մտերմիկ խառնվածքն ու հյուրասիրությունը: Այդ առումով հայերն ու կանադացիները կարևոր ընդհանրություն ունեն:

 

  1. Ձեր բարեմաղթանքն Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ հայ ժողովրդին, կանադահայ համայնքին:

            Առիթն օգտագործելով` ցանկանում եմ շնորհավորել ինչպես կանադահայ մեր հայրենակիցներին, այնպես էլ ողջ հայ ժողովրդին` Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող 2018 թվականը բոլորի համար դառնա բեկումնային տարի` ամենանվիրական իղձերի և կարևոր ծրագրերի իրականացման առումով: Թող յուրաքանչյուր հայի անձնական հաջողությունը կարևոր խթան հանդիսանա Մայր Հայրենիքի և ողջ հայության համազգային հաջողությունների համար: