Home / Canadahye  / Կանադահայ պատանի ֆուտբոլիստ Վահան Սարգսյանի հնարավորությունները բարձր են գնահատել հայ մարզիչները

Կանադահայ պատանի ֆուտբոլիստ Վահան Սարգսյանի հնարավորությունները բարձր են գնահատել հայ մարզիչները

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Միսիսոգա (Նորանոր) _ Անցած ամռանը Հայաստանում անցկացրած երկշաբաթյա մարզումները տորոնտոհայ պատանի ֆուտբոլիստ, 14-ամյա Վահան Սարգսյանի համար դարձան ուղենիշային. միանշանակ շարունակելու է զբաղվել ֆուտբոլով: Կանադայում ձեռք բերած հմտությունները համեմատելու հնարավորություն էր դա:

 

Վերջին տարիներին կանադական ֆուտբոլը կտրուկ առաջընթաց է գրանցում, հաջողությունները հաջորդում են իրար, հմուտ մարզիչներ են աշխատում, սակայն միայն համեմատության դեպքում է հնարավոր լինում իրատեսորեն գնահատել ֆուտբոլիստի ուժերը: Իսկ հայկական ֆուտբոլը Եվրոպական միտումներ ունի, ինչը գրավում է Վահան Սարգսյանին ու նրա հայրիկին:

 

Վահան Սարգսյանը Կանադայի Միսիսոգա քաղաքի «Հյուսիսային Միսիսոգա» ակումբի պատանի հայ ֆուտբոլիստ է, ում ֆուտբոլային տաղանդը բարձր են գնահատում մասնագետները: Noranor.ca-ն առիթ ունեցել է խոսել այս մասին, տղայի հայրը՝ Արամը, ցանկանում է այս անգամ ներկայացնել Հայաստանում Վահան Սարգսյանի մասին հնչած կարծիքները, հայաստանյան մարզումների մասնակցելու իրենց ցանկությունն ու նպատակը:

 

ՀԱՅ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ

«Ինձ համար, այո, կարևոր էր Հայաստանի մազիչների կարծիքը,  քանի որ Կանադայում ֆուտբոլը թեև վերջին 5 տարում շատ արագ զարգանում է, բայց ֆուտբոլիստները ուրիշ ոճի են խաղում, Հայաստանի մարզիչները Եվրոպական ֆուտբոլի կողմնակից են, որն ամենալավն է»,-վստահ է Արամ Սարգսյանը:

Կարողացա տեսնել՝ իմ հայրենակիցները ոնց են խաղում, իրենց խաղաոճը, ես որպես կանադացի խաղացող՝ այլ ձև եմ խաղում, Եվրոպայում լրիվ այլ մակարդակ է

 

«Կարողացա տեսնել՝ իմ հայրենակիցները ոնց են խաղում, իրենց խաղաոճը, ես որպես կանադացի խաղացող՝ այլ ձև եմ խաղում, Եվրոպայում լրիվ այլ մակարդակ է: Եվ ես ուրախ եմ, որ կարողացա այնտեղ խաղալ, որ տեսնեմ՝ ում հետ են ինձ համեմատում, ու ինչ պետք է անեմ, որ ավելի լավ ֆուտբոլիստ դառնամ»,-պատմում է Վահան Սարգսյանը:

 

Հասնեմ այդտեղ ու ցույց տամ, թե հայկական ֆուտբոլն ինչ տաղանդներ ունի, ինձանից մի բան սովորեն, ես էլ իրենցից սովորեմ

 

Թեև բնակվում է Կանադայում, մեծ ցանկություն ունի Հայաստանի հավաքականի կազմում խաղալու. Թե ինչն է պատճառը, համեստ տղան անկեղծանում է. «Հասնեմ այդտեղ ու ցույց տամ, թե հայկական ֆուտբոլն ինչ տաղանդներ ունի, ինձանից մի բան սովորեն, ես էլ իրենցից սովորեմ»:

 

Իսկ որ ինքն իսկապես ֆուտբոլային հմտություններ ու տաղանդ ունի, ասել են ոչ միայն իր, այլև հայ մարզիչները, ովքեր բարձր են գնահատել պատանի ֆուտբոլիստի տեխնիկական հմտությունները, ոգևորել, որ շարունակի ֆուտբոլային կարիերան, սակայն այս խրախուսանքներից առավել հայր ու որդի Սարգսյանները կարևորում են փոքրիկ նկատողությունները, որոնք շտկելու ուղղությամբ էլ ներկայում աշխատում են: Նման վերաբերմունքն է հետագայում հաջողության հասնելու գրավականը: Վստահ է հայրը, ասում է.

 

«Առիթ ունեցանք Ալաշկերտ թիմի պատանիների հետ պարապել, իրենց կարծիքն էլ էր հետաքրքիր: Մարզիչին խնդրեցի գնահատել, ինքն էլ ասաց՝ պատրաստված տղա է: ՀՀ մարզիչներն էլ առաջարկեցին, որ եթե կարող եք, ուղարկեք, տեսնենք, թե ինչ աճ ունի, աչքերիս առաջ ունենանք իր անունը, որպեսզի հետագայում եթե համապատասխանի, հրավիրենք Հայաստանի հավաքականում խաղալու համար»:

 

ՉԻ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ

Աշխատելու ու ձգտելու անսպառ ցանկություն ունի Վահանը, ով չի հուսահատվել դիտողություններից, այլ փորձում է հնարավորինս շուտ հաղթահարել հաջողության հասնելու ճանապարհին հանդիպած արգելքները, ասում է.

 

Էդ դիտողությունները ինձ հուշեցին, որ նպատակ պետք է դնեմ իմ առջև, որ հասնեմ դրանց

 

«Ասել են, որ կա իմ մեջ ջիղ, տեխնիկականը լավ է, միակ թերությունը ֆիզիակականն է, որի վրա աշխատում եմ, որ քաշ հավաքեմ, բոյովանամ, որ տեսնեն, որ ես ֆիզիկապես պատրաստ եմ: Ես կարող եմ վազել, չեմ հոգնում, խաղից հետո կարող եմ էլի խաղալ: Միակ բանը՝ պետք է պնդանամ, որ տարիքիս համապատասխան երևամ: Էդ դիտողությունները ինձ հուշեցին, որ նպատակ պետք է դնեմ իմ առջև, որ հասնեմ դրանց, փորձում եմ ամեն օր պարապել, ազատ ժամանակ հենց ունենում եմ, աշխատում եմ դրա վրա, սնունդին եմ հետևում»:

 

Տարեցտարի ավելի է մեծանում պատասխանատվությունը աշխատանքի հանդեպ, դրան զուգահեռ լուրջ պատրաստվածություն է պահանջվում, ինչից նա չի խուսափում: Արդեն վճռված է, որ ֆուտբոլիստ է դառնալու, սակայն սա չի նշանակում, որ բարձրագույն կրթություն չի ստանալու, ուսումը շարունակելու է ֆուտբոլի մարզումներին զուգահեռ:

 

«Ես ուզում էի ինքնաթիռների, ինժեներական դիզայնով զբաղվել, բայց հիմա որոշումս փոխել եմ, ցանկանում եմ բիզնեսի ճյուղով գնամ»,-ասում է տորոնտոհայ ֆուտբոլիստը:

 

Միաժամանակ բարձր գնահատականներով շարունակում է ուսումը, նպատակ ունի հետագայում համալսարանական թիմերում ընդգրկվել, որից հետո արդեն Օնտարիոյի, իսկ ավելի ուշ՝ այլ բարձրագույն ակումբներում խաղալու մտադրություն ունի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԾԱՆՔԸ ԴԱՌՆԱ

Հոր՝ Արամի երազանքները որդու առաջընթացի վերաբերյալ տարբեր են, բայց պտտվում են ֆուտբոլի շուրջ: Ֆուտբոլասեր հայրը հետևում է տղայի յուրաքանչյուր քայլին, արձանագրում դրանք, խրախուսում ու, եթե հարկ կա, դիտողություններ անում:

 

Ինչպես Հենրիկին ամբողջ Հայաստանը սիրում է, պաշտում է, կուզենայի, որ տենց լիներ

 

«Տեսահոլովակներ եմ սարքել, անգամ պարապմունքներն եմ տեղադրում կայքում, իր մարզիչն էլ փոխվեց,  եթե հնարավոր լինի, որևէ Եվրոպական երկրում կամ Ամերիկայի հայտնի ակումբներում փորձնական տեսնեմ իրեն, լավ կլինի: Ես կուզենայի, որ իմ տղան լիներ Հայաստանի պարծանքը, ինչպես Հենրիկին ամբողջ Հայաստանը սիրում է, պաշտում է, կուզենայի, որ տենց լիներ, այդ մակարդակին հասնելու համար շատ մեծ աշխատանք է պետք»,-ասում է հայրը:

 

Նման աշխատանքից չեն խուսափում, Վահանը ունի ձգտումներ ու հմտություններ, այն բոլոր հատկանիշները, որոնք հարկավոր են առաջ գնալու համար, հայրիկի կողմից ավելանում է մեկ կարևոր խորհուրդ ևս, որին որդին հետևում է.

 

Ես միշտ ասում եմ՝ ինչո՞ւ պետք է մյուսը քեզանից լավը լինի, պետք է ապացուցես, որ դու ամենալավն ես և կդառնաս ամենալավը

 

«Ամենակարևոր հատկանիշը աշխատասիրությունն է, երկրորդը նախանձախնդրությունը, ամբիցիոզ լինելը: Ես միշտ ասում եմ՝ ինչո՞ւ պետք է մյուսը քեզանից լավը լինի, պետք է ապացուցես, որ դու ամենալավն ես և կդառնաս ամենալավը, դա պետք է նպատակ դնի»: