Home / Canadahye  / Տորոնտոհայ եղբայրները լսողական խնդիրներ ունեցող կանադահայերին հայերեն լսելու հնարավորություն են տալիս

Տորոնտոհայ եղբայրները լսողական խնդիրներ ունեցող կանադահայերին հայերեն լսելու հնարավորություն են տալիս

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Էդմոնդ և Անդրե Այվազյանների հայրական տատի լսողական խնդիրը առիթ դարձավ, որ եղբայրներն սկսեն զբաղվել թույլ լսողություն ունեցող անձանց լսողության մակարդակն ստուգելու ու անհրաժեշտ ապարատներ առաջարկելու գործով:

 

«Տատս ականջմների խնդիր ուներ,  մեզի պստիկ ժամանակ կըսեր՝ մեծանաք բժիշկ եղեք, ականջներ սարքեք, էդ ձևի մեծացանք, դրանով զբաղվեցանք»,-հիշում է Էդմոնդ Այվազյանը:

 

Մյուս կողմից ինքն անսահման հետաքրքրություն ուներ տեխնոլոգիական նորությունների և աուդիո սարքավորումների հանդեպ, ինչն էլ ի վերջո հանգեցրեց լսողության վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների: Տորոնտոյում ծնված ու մեծացած եղբայրները, ում ծնողները տարիներ առաջ Իրանից էին տեղափոխվել ԱՄՆ, ապա Կանադա, սկսեցին համատեղ բիզնեսով զբաղվել:

 

ԼՍԵԼ ՀԱՅԵՐԵՆ

Նրանք ոչ առաջինն էին այս գործում, ոչ վերջինը, բայց հայ համայնքի համար ունեն մեկ կարևոր առավելություն. Եթե Տորոնտոյի լսողական ապարատներ տրամադրող ընկերությունները հիմնականում անգլիախոս են, ապա այստեղ հայերեն են սպասարկում, այսինքն՝ հայ տարեցներն ավելի դյուրին են հասկանում խոսակցին, ինչը հատկապես թերի լսողություն ունեցողների համար կարևոր է: Էդմոնդ Այվազյանը շեշտում է.

 

Կարող ենք մեր հայերի ականջները լավ ձևի սարքենք ու խոսացնենք իրար հետ

 

«Մենք Տորոնտոյի մեջ առաջին հայ անձերն ենք, որ այս աշխատանքի մեջ կանք, հայ գաղութի մեջ առաջինն ենք, որ կարող ենք հայերի համար իրենց լեզվով օգտակար լինենք, մեծ օգուտ է հայ գաղութի համար, միայն հայերեն իմացողը անգլիախոսին դժվար է հասկանում: Կարծում եմ՝ գաղութում շատ հանգիստ ընդունվանք, և կարող ենք մեր հայերի ականջները լավ ձևի սարքենք ու խոսացնենք իրար հետ»:

 

18 ԱՄՍԱԿԱՆԻՑ 100 ՏԱՐԵԿԱՆ

Նրանք միայն առողջապահական հարցում են աջակցում, այլ ոչ լսողական ապարատի տրամադրման. Իսկ աշխատանքի արդյունքը գրեթե բոլոր դեպքերում գոհացնում է եղբայրներին, ի վերջո օգնում են հաճախորդներին նոր ճանապարհ հարթել իրենց համար:

 

 18 ամսականը մի քիչ տարբեր է. Միանգամից զարմանում է, իսկ 100 տարեկաններն էլ զարմանում են, բայց նաև միանգամից հաճույք է գալիս մարդկանց վրա

 

«Սկսած 18 ամսական երեխայից մինչև 100 տարեկազն անձերը զարմանքով ու ուրախությամբ են արձագանքում: Մեր աշխատանքը միշտ մե վիճակ ունի. Փոփոխություն է անում կյանքի մեջ, աչքերը միանգամից բավում են: Երբ լավ լսում է, ուրախանում է, միանգամից բացվում է մարդ: 18 ամսականը մի քիչ տարբեր է. Միանգամից զարմանում է, իսկ 100 տարեկաններն էլ զարմանում են, բայց նաև միանգամից հաճույք է գալիս մարդկանց վրա»,-բավականությամբ է խոսում Էդմոնդը:

 

Յուրաքանչյուրի հետ իրենք էլ ոգևորվում են, հատկապես երբ երկարատև բուժումներից հուսահատված մարդիկ են դիմում և տեսնում փոփոխությունը. «Մարդիկ կան, որ գալիս, ասում են, որ ապրանքը առել ենք, օգուտ չի տալիս, ավելի անհանգստություն է պատճառում; Գալիս են, մենք կես ժամվա մեջ մեծ փոփոխություն ենք անում, միանգամից շատ լավ լսում են, ուրախանում են»,-ասում է բժիշկը:

 

Տորոնտոհայ եղբայրները դժգոհ չեն իրենց բիզնեսից, պրոֆիլի փոփոխության ծրագրեր առայժմ չունեն, խնդիրներ էլ կան, բայց դրանք դժվար հաղթահարելի չեն, հետևաբար նախընտրում է չխոսել այդ մասին: Գոհ են, որ կարողանում են ուրախացնել այցելուներին, իսկ առավել ևս՝ հայ համայնքին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՎԱՅՐ

Հայերենի պահպանման հարցում շահագրգռված լինելով՝ իրենց զավակներին ևս հայեցի կրթություն են տալիս. Էդմոնդի զավակները հայկական ամենօրյա վարժարան են հաճախում, մայրենի լեզուն հոգեհարազատ է, հետևաբար նրանց լեզվի կամ հայեցիության պահպանման հարցում հայրը մտահոգություն չունի: Ասում է.

 

Մենք հայ լեզվով կխոսինք տունին մեջ, հայ լեզվով ամեն օր շփվում են, մտահոգուություն չունենք, որ ձուլվեն

 

«Հիմա հայկական դպրոց կերթան, ամեն ձևով եկեղեցու և հայրենիքի հետ կապված ուսում են ստանում: Հիմիկվա վիճակով զավակներիս համար մտահոգություն չունեմ, մենք հայ լեզվով կխոսինք տունին մեջ, հայ լեզվով ամեն օր շփվում են, մտահոգուություն չունենք, որ ձուլվեն»:

 

Տուրիստական վիճակով ենք գալիս, բայց դրանից հետո կարող է կյանքը փոխվի , ուրիշ ձևով մտնենք Հայաստան

 

Կանադայում ծնված-մեծացած լինելու հանգամանքը եղբայրներին չի խանգարել լիարժեք հայերեն խոսել, լեզուն կիրառել աշխատանքում, իսկ երբեմն էլ հայրենիք այցելել: 6 տարի առաջ են եղել Հայաստանում, Էդմոնդը խոստովանում է՝ միայն որպես զբոսաշրջիկ և հավելում.  «Տուրիստական վիճակով ենք գալիս, բայց դրանից հետո կարող է կյանքը փոխվի , ուրիշ ձևով մտնենք Հայաստան»: