Home / Armenia  / Զարուհի Փոստանջյանը, ով ընդվզման համազգային ալիքի է նախապատրաստվում, Սփյուռքը համարում է լճացած ու ծերացած

Զարուհի Փոստանջյանը, ով ընդվզման համազգային ալիքի է նախապատրաստվում, Սփյուռքը համարում է լճացած ու ծերացած

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ, Երևանի քաղաքապետարանի «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է համազգային ընդվզման ալիքի: Այսօր այս մասին հայտարարել է քաղաքական գործիչը: «Պայքարելու ենք, պայքարը դժվար է: Տրամաբանությունը այն պետք է լինի, որ տապալենք այս բռնապետությունը, գործող իշխանությունը, ստեղծենք Հանրապետություն, որը պատկանում է յուրաքանչյուր հայի»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:

 

Նա պատրաստվում է իրազեկման ակցիաներ իրականացնել Հանրապետության տարբեր շրջաններում: Մինչ այդ նախկին պատգամավորը հանդիպումներ է ունեցել Սփյուռքի գաղութներում՝ Լոս Անջելեսում, Մոսկվայում, Բեյրութում:

 

Զարուհի Փոստանջյանը ԱԺ ընտրություններից հետո հիմնեց «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և հայտարարեց, որ իր հետագա գործողություններում զգալի տեղ է հատկացնելու Սփյուռքին:

 

Սփյուռքը մշտապես բարձրացնում է հայաստանյան զարգացումներին, ընտրական գործընթացներին մասնակցություն ունենալու խնդիրը, մյուս կողմից հանրությունը ակտիվություն չի ցուցաբերում այս հարցում, ինչպես ցույց տվեց Սասնա ծռերի գործողություններից հետո Սփյուռքում ծավալված շարժման մասնակցիցների թիվը: Այս մասին Noranor.ca-ը հետաքրքրվել է Զարուհի Փոստանջյանից:

 

ԼՃԱՑԱԾ ՈՒ ԾԵՐԱՑԱԾ ՍՓՅՈՒՌՔԸ

«Մեզ մանդատից զրկել են 100 տարի առաջ, ճիշտ է, ապրում ենք մեր հողի վրա, բայց մեզ զրկեցին քաղաքական իրավունքներ ունենալու հնարավորությունից, Խորհրդային միության հանրապետություն էինք, բայց Սփյուռքը իրավունք չուներ դերակատարություն ունենար, հետո ունեցանք քառորդդարյա անկախություն, նորից Սփյուռքին զրկեց քաղաքական իրավունքներից: Պետք է բոլորին հավասար պայմաններ տրվեն, ոչ թե լինի  ազգային խորհուրդ, այլ Սփյուռքը ունենա իր մասնաբաժինը, տեղերը խորհրդարանում»,-կարծում է «Երկիր Ծիրանի»-ի ղեկավարը:

 

Այս ամենը իր բացասական հետևանքն է ունեցել Սփյուռքի վրա, անդրադառնալով մեր հարցին՝ նշում է Փոստանջյանը, անտեղյակություն չկա Սփյուռքում, բայց կա կազմակերպվածության բացակայություն, ինչն էլ ավանդական կուսակցությունների թերացումն է համարում, որոնք  ժամանակի ընթացքում թուլացել են:

 

Մեզ անհրաժեշտ են նոր քաղաքական գաղափարներ, նոր քաղաքական գաղափարների տարածում, որպեսզի երիտասարդությունը և սերունդը ընդգրկվի քաղաքականության մեջ

 

«Ինչպես Հայաստանում քաղաքականապես կազմակերպված չենք, այնպես էլ Սփյուռքում, և ավանդական մեր կուսակցությունները Սփյուռքի, որ 70 տարիների ընթացքում հնարավորություն չեն ունեցել հաղորդակցվելու Սոցիալիստական Հայաստանի հետ, այնտեղ էլ էր նույն լճացումն ու ծերացումը: Մեզ անհրաժեշտ են նոր քաղաքական գաղափարներ, նոր քաղաքական գաղափարների տարածում, որպեսզի երիտասարդությունը և սերունդը ընդգրկվի քաղաքականության մեջ, իսկ առանց իրական քաղաքական շարժումների, որևէ երկրում պետական զարգացվածություն չես կարող ապահովել»,-նշեց Սփյուռքում ընդվզման իրազեկման այցեր կատարած գործիչը:

 

Հասարակությունը քաղաքական կառուցվածքի մեջ չէ, բայց սա չի նշանակում, թե տեղեկացված չեն, այլ շատ լավ ծանոթ է հայաստանյան կյանքին, խնդիրներին: Իսկ կազմակերպողը պետք է լինեն քաղաքական ուժերը: Բայց արդեն իսկ ընդվզում է համարում այն, որ Սփյուռքի հայրենակիցները իրենց մասնակցությունն են պահանջում, իսկ Հայաստանում  հանրությունը չպետք է հարմարվի այս իրականության հետ, պետք է սահմանադրական փոփոխություններ լինեն, նախագահի ու ԱԺ ընտրություններ, վստահ է կին գործիչը:

 

ԵԼՔ-Ը՝ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ

Սա է իրենց քաղաքական օրակարգը, որևէ սոցիալական խնդիր չի կարող լուծում ստանալ, քանի դեռ համակարգային այս փոփոխությունը չի եղել, հետևաբար ընդդիմադիր «Ելք»-ի գործողությունները արդյունավետ չի համարում, կարծում է, որ այն չունի քաղաքական օրակարգ: «Քաղաքական օրակարգը ենթադրում է քաղաքական համալիր լուծում, այն համակարգը, որ գործում է, ոչ միայն օրինական չէ, այլև հարցերին լուծում չի տվել: Այստեղ կարևոր է՝ քաղաքական ուժը օրակարգ է առաջ քաշում, թե ուղղակի վերացնում է հետևանքները»:

 

Սերժ Սարգսյանն ուզում է ասել, որ ինքն է հարցերին լուծում տվողը, ոչ լուրջ ենք վերաբերվում քննարկումներին, անտարբեր ենք, ով ուզում է լինի, դրանցից որևէ բան չի փոխվի

 

Իրենց օրակարգում առաջնայինը համակարգային փոփոխությունն է, հետևաբար հարցերը, թե ովքեր են լինելու նախագահը կամ վարչապետը, ինչ մեսիջ է ուղղում Սերժ Սարգսյանը նախագահի անձի վերաբերյալ, իրենց չեն հետաքրքրում, պարզաբանում է. «Մեր համար միևնույնն է, թե ով կլինի, ինչ անձ կլինի, ինչպիսի որակներ կունենա, որևէ խնդիր չի լուծելու, հետևաբար անտարբեր եմ հայտարարությունների վերաբերյալ, Սերժ Սարգսյանն ուզում է ասել, որ ինքն է հարցերին լուծում տվողը, ոչ լուրջ ենք վերաբերվում քննարկումներին, անտարբեր ենք, ով ուզում է լինի, դրանցից որևէ բան չի փոխվի»:

 

Բայց միևնույն չի լինի, եթե վարչապետը լինի Սերժ Սարգսյանը, սակայն անուն-ազգանունի փոփոխությունն էլ իրավիճակը չի փոխի: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ցանկության դեպքում արժանի անձինք կգտնվեն կառավարություն կազմելու համար:

 

Եթե մեր հայրենակիցը, լինելով կին, որ ծնվել է Բեյրութում, կարող է Ավստրալիայում դառնա բարձրաստիճան պաշտոնյա, ապա մենք կարող ենք ունենալ մրցունակ կառավարություն

 

«Կարող ենք 100 մրցունակ կառավարություն կազմել այսօր: Եթե մեր հայրենակիցը, լինելով կին, որ ծնվել է Բեյրութում, կարող է Ավստրալիայում դառնա բարձրաստիճան պաշտոնյա, ապա մենք կարող ենք ունենալ մրցունակ կառավարություն, եթե ներառում ենք ազգի կարողությունները, ունենք մրցունակ ղեկավարներ, ովքեր աշխատում են այլ պետությունների կառավարությունների համար»,-համոզված է ավագանու անդամը: