Home / Canadahye  / Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը Սփյուռքում կնշվի վերապահումներո՞վ, թե՞ միասնաբար, ինչպես Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը Սփյուռքում կնշվի վերապահումներո՞վ, թե՞ միասնաբար, ինչպես Ցեղասպանության 100-րդ տարելիցը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ, Տորոնտո (Նորանոր) _ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները թերևս նույն ծավալները չեն ընդգրկելու, ինչպիսին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններն էին. Այս մտահոգության մասին մեզ հետ զրույցում օրեր առաջ բարձրաձայնեց ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու, Առաջին Հանրապետության տոնը նշելու նպատակով Անթիլիասում ձևավորված հանձնախմբի անդամ Կիրո Մանոյանը:

 

Այն համայնքները, որտեղ նախկինում տոնը չի նշվել, կմիանա՞ն տոնակատարությանը, թե Առաջին Հանրապետության ստեղծմանը որոշ կառույցներ վերապահումով են մոտենում: Այս հարցի պատասխանն ստանալու նպատակով Noranor.ca-ն զրուցել է միջոցառումների անցկացմամբ շահագրգիռ կանադահայ գործիչների հետ:

 

ՎԵՐԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՈՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը չի հերքում նմանատիպ տրամադրությունները, թեև կարծում է, որ բոլորը միասնականորեն կտոնեն համահայկական միջոցառումը:

 

«Բնականաբար երկու 100-ամյակները բաղդատելիս շատերը նկատել են, որ որոշ շրջանակներ  Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի նկատմամբ ունեն որոշ վերապահություններ, կրնա ըլլալ՝ անցյալեն եկող հարցեր են սրանք, ես գոնե տեսնում եմ, որ համբերությամբ, երկար բացատրություններով տարված աշխատանքի շնորհիվ մենք միասնականությամբ կտոնենք նաև Առաջին Հանրապետության 100-ամյակը, և այդ ուղղությամբ դրական տեղաշարժ եմ տեսնում»,-վստահեցրեց Տեր-Խաչատուրյանը:

 

ՈՉԻՆՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հատկապես ՀՅԴ-ն լուրջ մասնակցություն է բերելու այս գործում, թեև մյուս երկու ավանդական կուսակցություններն էլ պատրաստակամորեն են միացել միջոցառումներ անցկացնելու գաղափարին, ի վերջո, անկախ գաղափարական տարակարծություններից, մայիսքսանության ձեռքբերման արժեքն ավելին էր, քան անկախությունը, վերահաստատում է Հակոբ Տեր Խաչատուրյանը:

 

Ոչինչեն Հանրապետություն ստեղծվավ, անձև գաղութեն ստեղծվավ պետությունը, և Հայաստանը վերադարձավ աշխարհի քարտեզին, այսպիսի մի իրոգործում կարելի չէ նսեմացնել

 

«Իրականության մեջ 1918-ի մայիսի 28-ի արժեքը ոչ թե անկախության ձեռքբերումն է, այլ ամբողջ պետականության ստեղծման հարցն է. Ոչինչեն Հանրապետություն ստեղծվավ, անձև գաղութեն ստեղծվավ պետությունը, և Հայաստանը վերադարձավ աշխարհի քարտեզին, այսպիսի մի իրոգործում կարելի չէ նսեմացնել, սա Անկախության պատկանումե շատ անդին է, երբ մենք իրավունք ձեռք բերեցինք Ցեղասպանությունեն 3 տարի ետք վերադառնալ աշխարհի քարտեզին»,-նշում է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահը:

 

Խոսակցությունները, թե Սփյուռքի գաղութներում տոնը նշելու հարցում չկա միասնականություն, ազգային-քաղաքական գործիչ  Հակոբ-Ջանբազյանը հերյուրանք է որակում: Նման միտումը, վստահեցնում է, բացակայում է ոչ թե միայն Կանադայում, այլև Սփյուռքի այլ գաղութներում:

 

Ո՞վ է այդ հերյուրանքը տարածել, ես կժխտեմ այդ գաղափարը

 

«Սիդնեյ հրավիրված եմ ճիշտ այս հարցի կապակցությամբ, առաջին անգամ պիտի երթամ 100-ամյակ նշելու համար: Օրինակի համար, Գարեգին Հովսեփյանց Վեհափառ Հայրապետը, որ մասնակից եղած է Սարդարապատի հերոսամարտին, մենք պիտի միջհարանվանական ճամփով միասնաբար նշենք:  Ո՞վ է այդ հերյուրանքը տարածել, ես կժխտեմ այդ գաղափարը»,-ասում է Հակոբ Ջանբազյանը, ով որպես օրինակ՝ նշում է տոնը միասնականորեն նշելու մասին երեք ավանդական կուսակցությունների կողմից եղած հայտարարությունը:

 

ԱՆՑՅԱԼԵՆ ԵԿՈ՞Ղ, ԹԵ՞ ԱՆՑՅԱԼՈՒՄ ՄՆԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

Միևնույն ժամանակ այդ խոսակցությունները զուրկ չեն հիմքերից: Ինչպես շեշտեց Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ, անցյալից եկած տարաձայնությունները դեռևս իրենց դերն ունենում են, իսկ Հակոբ Ջանբազյանը նշում է.

 

Եթե եղած են, Հնչակյան և ռամկավար կուսակցություններու, սովետական կարգերու ավելի մտերմիկ կառույցներ եղած են, անոնք ու էջմիածնական եկեղեցին խանդավառությամբ չեն դիտած այս մեկը

 

«Բացարձակ խնդիր չէ եղած մայիս 28-ի կապակցությամբ, եթե եղած են, Հնչակյան և ռամկավար կուսակցություններու, սովետական կարգերու ավելի մտերմիկ կառույցներ եղած են, անոնք ու էջմիածնական եկեղեցին խանդավառությամբ չեն դիտած այս մեկը: Եղած են անցյալին՝ մեր երկրորդ հանրապետության տաիներին, երբ նույնիսկ դրժած են Եռագույն դրոշն իրենց բեմերուն վրա դնել, ոչ միայն դրժած են միայն մայիս 28-ին, այլև Եղեռնի կապակցությամբ, հանդիսություններ ըրած ենք, մերժած են այդ Եռագույն դրոշը դնել Էջմիածնական եկեղեցին: Գաղութներ չենք կրնար ըսել, որ զանց առած են մայիսքսանության միջոցառումները:»:

 

Այս ամենը, սակայն, անցյալում են մնացել, իսկ երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց արդեն 1991թ-ին, այս հարցերն այլևս վերացան, գաղութները վերջին 27 տարիներին մշտապես նշել են տոնը: Հակոբ Ջանբազյանը, ով ծնվել է Լիբանանում, իսկ 40 տարուց ավելի է՝ Կանադայում է ապրում, չի հիշում մեկ տարի, երբ մայիսի 28-ը անշուք անցներ:

 

«Ամեն տարի խանդավառություններով ու բազմամարդ տոնակատարություններով նշված է Հայոց Հանրապետության փառապանծ տոնակատարությունը, և այդ մեկը մեզի հույս ներշնչած է, որ սովետական կարգերու ներքո գտնվող հայրենիքը անպայման պիտի օր մը անկախություն ձեռք բերե ու ըլլանք ազատ շնչող հայրենիք: Այս տեսլականը ունեցած է նամանավանդ ՀՅԴ կառույցը»,-նշում է Կանադայի միջհարանվանական մարմնի ատենապետը:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Իսկ այսօր արդեն իր սեղանին է Առաջին Հանրապետության առիթով նախատեսվող մեկշաբաթյա միջոցառումների ամբողջական ու հագեցած ծրագիրը, որտեղ առանձնանում են տարբեր տոնակատարությունները՝ համահայկական կազմակերպությունների կողմից նախատեսվող, ցուցահանդեսներ, ճաշկերույթներ, տողանցք, որին նախատեսում են 3000-5000 մարդու մասնակցություն, գիտաժողովները՝ երկու հայաշատ համայնքներում, որոնք, սակայն, միայն կանադահայերի ներկայությամբ չեն սահմանափակվելու:

 

Ե՛ւ անգլերեն, և՛ հայերեն լեզվով գիտաժողով մը կազմակերպած են, որը շատ ավելի ազդեցիկ պիտի դառնա օտար շրջանակներու մոտ

 

«Առաջին Հանրապետության 100-ամյակի գաղափարով տոգորված մտավորականներ պիտի ներկա լինեն, և՛ անգլերեն, և՛ հայերեն լեզվով գիտաժողով մը կազմակերպած են, որը շատ ավելի ազդեցիկ պիտի դառնա օտար շրջանակներու մոտ, և այդ ձեռնարկը պիտի ջանանք կրկնել 2 հայահոծ շրջանների մեջ, որ հրավիրեն իրենց օտար շրջանները: 1918թ-ի դեպքերու մասին տեսաերիզ մը պիտի ներկայացնենք, արդեն իսկ նախապատրաստված ենք, որ կրնանք և հայերին և օտար ժողովուրդին  հերոսները ցույց տալ»-,ներկայացնում է դաշնակցական գործիչը:

 

Անկախության թեման զգայուն է, սփյուռքահայերի համար՝ առավել քան հոգեհարազատ, կանադահայ հասարակությունը ևս մասնակից կդառնա սպասվող տոնակատարություններին, որպես օրինակ՝ Ջանբազյանը հիշում է անցյալ տարի տեղի ունեցած մի միջոցառում, որի արդյունքը գոհացուցիչ է եղել:

 

«Մերուժան Խաչատրյանի արվեստի գործերը ներկայացրինք, այնքան մեծ ժողովրդականություն գտավ, որ ժողովուրդը փափագեցավ գնել: Գեղանկարիչը ծախեց ավելի քան 80 կտորներ, որոնց թեման էր անկախությունը: Եւ ասոնք էժան պաստառներ չեն, եթե ժողովուրդը չսիրեր, այսօր գիտեք, թե որքան դժվար է գեղանկարչական արվեստը տուներ հասցնելը, ուրեմն անկախության թեման սրտամոտիկ նյութ է հայրենակիցներու մոտ, որ կուզեն իրենց տան մեջ ունենալ ներկայություն»,-պատմում է ազգային գործիչը:

 

Առավել գոհացնող կլինի, եթե տոնակատարությունը ոչ միայն միջոցառումներով, այլև նվաճումներով հիշատակվի: Թեման շարունակելով՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ցանկությունն է, որ այդ նվաճումը լիներ միասնականության խթանումն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը: Ասում է.

 

«Այսպես մենք իրապես կկարողանանք ազգովի առաջ շարժվել՝ ի շահ մեր հայրենի երկու պետականությանց և համազգային նպատակների: Եթե կարողանանք քայլ առ քայլ ամրապնդել և ավելի խորքային դարձնել, դա կլինի հաջողություն»:

 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԿԱՐԳԵՐԻ ԱՊԱՍՈՒՄՈՎ

ՀՅԴ ծրագրերից մեկը՝ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման անցում կատարելն այս տարի իրականություն կդառնա, որի հետ կապված ակնկալիքներ ունի ՀՅԴ բյուրոյի անդամը:

 

Հուսանք, որ այս խորհրդարանական կառավարման համակարգով պիտի ստեղծվի այն առողջ մթնոլորտը և դրվի նախադեպերը

 

«Առաջին ակնկալությունն այն է, որ միանձնյա իշխանության մոդելը պետք է քանդվի, և հուսանք, որ այս խորհրդարանական կառավարման համակարգով պիտի ստեղծվի այն առողջ մթնոլորտը և դրվի նախադեպերը, որ այնտեղ՝  Հայաստանի մեջ, առաջանա հավաքական ղեկավարություն, համախոհությամբ քվերակված օրենքներ, ազատ ժողովրդավար իսկական կարգեր, որոնք կկերտեն արդարության անկախ համակարգ, եթե այս բոլորը կրցանք իրագործել քայլ առ քայլ, ճիշտ ուղիով առաջ կգնանք»,-վստահ է նա:

 

Նա հավաստիացնում է, որ ՀՅԴ-ն աշխատում է այդ ուղղությամբ և հավատում, որ փոփոխությունները կլինեն խորքային, ոչ թե մակերեսային:

 

Ինչ վերաբերում է 4-րդ նախագահի միակ թեկնածուին, Տեր-Խաչատուրյանը կցանկանար, որ մրցակցություն լիներ, մյուս կողմից հավատում է, որ Արմեն Սարգսյանը իսկապես համապատասխանում է այն որակներին, որոնց մասին խոսել էր գործող նախագահը, իսկ այդ որակներն ունեցող անձը, երկկողմ հնարավորություններն օգտագործելով ու երկուստեք հեղինակություն վայելելով, կարող է ծրագրեր կյանքի կոչել: