Home / Canadahye  / Ցեղասպանության ճանաչման գործում հաջողությունը Հայ Դատի հանձնախմբի՞, հայ ժողովրդի՞, թե՞ Սերժ Սարգսյանի ձեռքբերումն է. Արամ Համբարյան

Ցեղասպանության ճանաչման գործում հաջողությունը Հայ Դատի հանձնախմբի՞, հայ ժողովրդի՞, թե՞ Սերժ Սարգսյանի ձեռքբերումն է. Արամ Համբարյան

 

ԱՄՆ, Վաշինգտոն (Նորանոր) _ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը 2017թ-ին ևս առաջընթաց գրանցեց. Հատկանշական էր Ինդիանա նահանգի կողմից հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը ճանաչելու փաստը: Արդյունքում ԱՄՆ 48 նահանգ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, մնացել է միայն երկուսը՝ Ալաբաման և Միսիսիսպին:

 

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը անցնող տարվա նոյեմբերին ուրախությամբ հայտարարեց այս մասին: Այս հանգամանքը կառույցը համարում է անցնող տարում իր կարևոր ձեռքբերումներից մեկը: Թերևս աշխատանքներն ավելի ծավալուն են եղել, սակայն Noranor.ca-ի հետ զրույցում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը առանձնացրել է կարևորագույնները:

 

Հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններին ուղղված ջանքեր, կոնգրեսական Ֆրանք Փալոմեի առաջարկություն՝ ԱՄՆ-Արցախ բանաձևի շուրջ, Ադրբեջանին բնորոշ հարձակողական քաղաքականությունը Մինսկի խմբի կողմից վերահսկելու անհրաժեշտություն և ազատ ու միասնական Հայաստան ունենալու նպատակով կատարվող քայլեր. Այս հարցերի շուրջ Արամ Համբարյանը ներկայացրել է Հայ Դատի հանձնախմբի տեսակետն ու գործողությունները:

 

Ո՞ՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է

Միայն ԱՄՆ նշված նահանգը չէր, որ անցնող տարում ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, այս փաստը ընդունեցին նաև Չեխիան ու Դանիան: Հայաստանում նման հաջողությունը իշխող կուսակցության ներկայացուցիչները համարում են թերևս նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքբերումը, արդյո՞ք դա այդպես է, թե՞ հաջողությունը հենց Հայ Դատի հանձնախմբի ջանքերով է պայմանավորված:

 

Թուրքիայի կողմից ժխտողականությանը վերջակետ դնելու ու հանցագործության դիմաց փոխհատուցում պահանջելու գործողությունները պատկանում են բոլոր հայերին՝ Սփյուռքում և հայրենիքում

 

«Հայերի նկատմամբ Ցեղասպանության հարցում արդարության պահանջը, Թուրքիայի կողմից ժխտողականությանը վերջակետ դնելու ու հանցագործության դիմաց փոխհատուցում պահանջելու գործողությունները պատկանում են բոլոր հայերին՝ Սփյուռքում և հայրենիքում: Մենք ողջունում ենք բոլոր հետաքրքրված կողմերի աջակցությունը՝ հայ կամ այլազգի, և շարունակում ենք կենտրոնանալ մեր երկարաժամկետ ծրագրերի իրագործման վրա՝ անկախ և միասնական Հայաստան ունենալու ուղղությամբ»,-նշեց Արամ Համբարյանը:

 

Իսկ ԱՄՆ-ում կառույցը շարունակում է իր գործողությունները՝ Թուրքիայի կողմից ագրեսիվ ու անհանդուրժողական գործողությունները ցույց տալու ուղղությամբ: Այդպիսիք դրսևորվեցին անցած տարվա մայիսին՝ Էրդողան-Թրամփ հանդիպման ժամանակ, երբ թուրք ազգայնամոլները հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա: Արամ Համբարյանի տարածած տեսագրությունում արտացոլվեց իրավիճակը:

 

Մեր քարոզչության, ինչպես նաև Կոնգրեսի ցուցմունքի շնորհիվ ամերիկյան կողմը  Թուրքիայի գործողությունների նկատմամբ ցուցաբերեց աննախադեպ ուշադրություն

 

«Մեր քարոզչության, ինչպես նաև Կոնգրեսի ցուցմունքի շնորհիվ ամերիկյան կողմը  Թուրքիայի գործողությունների նկատմամբ ցուցաբերեց աննախադեպ ուշադրություն՝ Կոնգրեսի կողմից երկկողմանի դատապարտելով և ԱՄՆ-ի կողմից սպառազինությունների  վաճառքն արգելափակելով»,-ասում է Հայ Դատի հանձնախմբի նախագահը:

 

Կատարվել են այլ աշխատանքներ ևս, ինչպես օրինակ, արվեստի միջոցով Հայոց Ցեղասպանության ճանաչման ու Արցախի ազատագրման խնդիրները բարձրացնել, մասնավորապես տեղի են ունեցել «Խոստումը» և «Ժխտողականության ճարտարապետները» ֆիլմերի ցուցադրություններ:

 

Նույն ջանասիրությամբ աշխատաքներ տարվել են նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս առումով Հայ Դատի հանձնախմբի ամերիկահայ պատասխանատուն կարևորում է ԱՄՆ-ի կողմից Արցախում փրկարարական աշխատանքների նպատակով HALO Trust ընկերությանը հատկացվող ֆինանսավորումը: Առաջին անգամ 1998թ-ին է տրամադրվել օժանդակություն, նա հատկապես շեշտում է. «ԱՄՆ պետքարտուղարը հրապարակայնորեն պաշտպանեց այս ծրագիրը, որի շնորհիվ հնարավոր կլինի ժամանակին ավարտել ականազերծման աշխատանքները Արցախում»:

 

 

ՎԵ՛ՐՋ ՀՆԱՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Իսկ արդեն այս տարի լուրջ զարգացումներ են տեղի ունենում: Հունվարի 18-ին Ֆրանք Փալոնեն  կոչ արեց զարգացնել ԱՄՆ-Արցախ հարաբերությունները՝ ներկայացնելով «ԱՄՆ-Արցախ ճանապարհորդություն և կապ» բանաձևը: Ի՞նչն է նման նախաձեռնության խթան հանդիսացել և հետագա ի՞նչ զարգացումներ է ակնկալում Համբարյանը: Ասում է.

 

Սա հակակառուցողական քաղաքականությունը վերացնելուն ուղղված առաջին քայլն է

 

«Այս մոտեցումը գալիս է ի պատասխան ԱՄՆ-ի հնացած, ժամկետանց քաղաքականության, որը կառուցվել էր Ադրբեջանի ճնշման ներքո՝ նպատակ ունենալով կանխել ամերիկացի և արցախցի պաշտոնյաների միջև երկխոսությունը: Սա հակակառուցողական քաղաքականությունը վերացնելուն ուղղված առաջին քայլն է, որպեսզի կարողանանք զարկ տալ  այցելություններին, քննարկումների ու գաղափարների փոխանակմանը»:

 

Հայտնի է, որ Արցախ այցելած գործիչներն անմիջապես հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում, այս հանգամանքը չի մտահոգում որևէ ողջախոհ գործչի, այդ թվում ամերիկացիներին: Հետևաբար այն չի խանգարի նաև կոնգրեսականի առաջարկած բանաձևի իրագործմանը, իսկ Համբարյանը վստահ է. «Կարծում եմ, բացի Ալիևից, ոչ ոք լուրջ չի վերաբերում այդ հարցին»:

 

ՉԻ՞ ՀԱՋՈՂՎՈՒՄ

Ադրբեջանի կողմից նախահարձակ գործողություններն ու Մինսկի խմբի համանբախագահների կողմից չեզոք գնահատականները Հայաստանի օգտին չեն, ինչո՞ւ չի հաջողվում թեկուզ ամերիկացի համանախագահներին ստիպել ճշգրիտ գնահատականներ տալ իրավիճակին: Հայ Դատի հանձնախմբի ամերիկահայ նախագահը շեշտում է մի կարևոր հանգամանք, որն, անկախ Մինսկի խմբի գնահատականներից, ի ցույց է դնում Ադրբեջանի մեղավորությունը: Մանրամասնում է.

 

Ադրբեջանը, հանդես գալով այս համակարգերի տեղադրման դեմ, փաստացի խոստովանում է իր սեփական մեղքը՝ որպես ագրեսիայի նախաձեռնող

 

«Ռոյս-Էնգելի առաջարկությունների մերժումը Ադրբեջանի կողմից հստակորեն արտացոլում է թափանցիկ պատկերը: Ինչպես գիտենք, նրանք կոչ են անում կողմերին թույլ տալ հրազենային անվտանգության համակարգերի տեղադրումը, որոնց միջոցով հստակորեն հնարավոր կլինի որոշել  հարձակում նախաձեռնողին: Ադրբեջանը, հանդես գալով այս համակարգերի տեղադրման դեմ, փաստացի խոստովանում է իր սեփական մեղքը՝ որպես ագրեսիայի նախաձեռնող: ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ-ն, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը, ողջունել են այդ առաջարկությունը»:

 

Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաեւ նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Հայ Դատի հանձնախմբի ջանքերը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական համագործակցությանն են ուղղված: Առևտրի և ներդրումների զարգացումը խթանելու նպատակով կառույցն անհրաժեշտություն է տեսնում ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ընդունման: Թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը դրանից, նշում է.

 

Կրկնակի հարկման իրական վտանգը անխուսափելիորեն բարդացնում է ներկայիս համագործակցությունը գործարար շրջանակների միջև 

 

«Առևտրի և ներդրումների երկկողմ ընդլայնումը Հայաստանի և ԱՄՆ միջև շարունակում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի համար մնալ առաջնահերթություն: Կրկնակի հարկման իրական վտանգը անխուսափելիորեն բարդացնում է ներկայիս համագործակցությունը գործարար շրջանակների միջև և ԱՄՆ-ում լուրջ խոչընդոտ է հանդիսանում նոր ներդրումների համար: Այս խնդրի կարգավորումը երկկողմանի տնտեսական կապերի և զարգացման ճանապարհներ կհարթի»: