Home / Canadahye  / Օնտարիոյում Պահպանողական կուսակցության հաղթանակի շանսերն ու հետագա քայլերը նախկին առաջնորդ Պատրիկ Բրաունի շուրջ ծագած սկանդալից հետո. Արիս Պապիկյան

Օնտարիոյում Պահպանողական կուսակցության հաղթանակի շանսերն ու հետագա քայլերը նախկին առաջնորդ Պատրիկ Բրաունի շուրջ ծագած սկանդալից հետո. Արիս Պապիկյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ Օնտարիո նահանգում, որտեղ հունիսի 7-ին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, և լուրջ պայքար է սպասվում իշխանական Ազատական կամ Լիբերալ ու ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունների թեկնածուների միջև, հունվարի 24-ից անսպասելի զարգացումներ տեղի ունեցան: Խոսքը վերաբերում է Պահպանողական կուսակցության առաջնորդ Պատրիկ Բրաունի շուրջ ծագած սկանդալին:

 

Նախընտրական քարոզարշավի ամենաթեժ շրջանում, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 5 ամիս ժամանակ, իսկ Պահպանողական կուսակցության հաղթանակի շանսերը մեծ էին, կուսակցության առաջնորդը երկու կանանց կողմից մեղադրվեց իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Թե որքանով են մեղադրանքները համապատասխանում իրականությանը, փաստերը գոնե առայժմ բացակայում են, բայց ճնշումների ազդեցության ներքո Բրաունը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել, իսկ կուսակցությունը կանգնեց նոր իրավիճակի առջև:

 

Ինչպիսի՞ քայլեր են հաջորդելու հրաժարականին, փոփոխություններ նախատեսվո՞ւմ են կուսակցության ծրագրերում, ի՞նչ տրամադրություններ են Օնտարիոյում, ինչպե՞ս կանդրադառնա միջադեպը կուսակցության վարկանիշի վրա, հարցերի շուրջ Noranor.ca-ն զրուցել է երեսփոխանական ընտրություններում Տորոնտո քաղաքի Սքարբորոու-Էջընկորթ ընտրատարածքում առաջադրված հայազգի թեկնածու Արիս Պապիկյանի հետ:

 

ՎԱՐԿԱՆԻՇԸ ՉԻ՞ ՆՎԱԶԵԼ

Վերջինս հաղթանակի մեծ հնարավորություններ էր կանխատեսում ինչպես իր, այնպես էլ ընդհանրապես կուսակցության համար: Գրեթե վստահ էր, որ այս անգամ, հասարակությունը լիբերալների երկարամյա կառավարումից հոգնած ու, ինչպես ինքն է ներկայացնում, հիասթափված, իրենց քվեն վստահելու էին պահպանողականներին:

 

Կըսեն՝ կուզենք, որ ներկա կառավարությունը տապալի, Քեթլին Վիննը 14 տարի է՝ կիշխե և ահագին չարաշահումներ ունի, մսխումներ

 

«Ժողովուրդն այլևս հոգնած է և բացարձակապես չուզեր այս Ազատական կուսակցությունը ներկա վարչապետի ղեկավարությամբ կառավարե և ի նպաստ Պահպանողական կուսակցության պիտի քվերակե: Կըսեն՝ կուզենք, որ ներկա կառավարությունը տապալի, Քեթլին Վիննը 14 տարի է՝ կիշխե և ահագին չարաշահումներ ունի, մսխումներ»,-վստահեցնում է Պապիկյանը:

 

Իսկ հիմա, երբ ստեղծվեց նոր իրավիճակ, արդյո՞ք դա չազդեց կուսակցության ու իր վարկանիշի վրա: Արիս Պապիկյանը ճիշտ հակառակն է ներկայացնում. Ստեղծված իրավիճակը գուցե նույնիսկ օգնել է իրենց, քաղաքացիները ընտրում են ոչ թե անձին, այլ կուսակցությանը: Ասում է՝ դրանում անձնական հանդիպումների ընթացքում էլ է համոզվում:

 

Ժողովուրդին ամեն մեկ Լիբերալ աջակիցին դեմ 5 Պահպանողական աջակից կելլե

 

«Ես անձամբ փորձառություն ունիմ, ես սկսած եմ իմ շրջանիս քվերակողներուն հետ հանդիպիլ, իրենց տուները այցելել, և ժողովուրդին ամեն մեկ Լիբերալ աջակիցին դեմ 5 Պահպանողական աջակից կելլե: Շատերը կան, որ նախկինին Ազատական կուսակցության կպատկանին և քվերակած են, բայցահայտորեն կըսեն, որ այլևս հոգնեցանք, չպետք է քվերակենք»,-ասում է հայազգի թեկնածուն:

 

Որպես խոսքերի հավաստիք՝  ներկայացնում է վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալները: Ըստ այդմ՝ Պահպանողական կուսակցության օգտին քվերակելու մասին է հայտարարել հարցվածների 42 տոկոսը, իսկ մրցակցի օգտին՝ 29 տոկոսը:

 

Արիս Պապիկյանն անձամբ շարունակում է վստահ լինել, որ իր հաջողությունը երաշխավորված է, իսկ հետագա քայլերն ու ծրագրերը վերանայելու իմաստ չի տեսնում:

 

«Ես նույն թափով պիտի շարունակեմ. Իմ ընտրապայքարի մասնակիցների հետ հանդիպումներ կունենամ, դուռեր կզարնեմ, դրամահավաքներս կշարունակեմ, բարեկամներու, իմ բազմամշակութային օժանդակ հանձնախումբս կազմած եմ, զանազան փոքրամասնություններու հետ կապի մեջ եմ, և բացարձակապես իմ ծրագիրներս պիտի չփոխվին այս դեպքի պատճառով»,-նշում է ընդդիմադիր կուսակցության թեկնածուն:

 

Իսկ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենալու կուսակցության ներսում: Հրաժարական ներկայացրած Պատրիկ Բրաունին արդյո՞ք ժամանակավոր պաշտոնակատար է հաջորդելու, թե՞ նոր ընտրություն է տեղի ունենալու:

 

 ԶԳԱՅՈՒՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԶԳԱՅՈՒՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Սակայն մինչ այդ անդրադարձ Պատրիկ Բրաունի հրաժարականի պատմությանը. Ի սկզբանե իր հանդեպ եղած մեղադրանքները նա որակեց զրպարտություն և մերժեց հրաժարական ներկայացնելու իր խորհրդականների առաջարկները: Այն բանից հետո, երբ խորհրդականներն իրենք հրաժարվեցին պաշտոնից, իսկ մյուս կողմից կուսակցությունը հանգեց եզրակացության, որ Պատրիկ Բրաունի գործունեությունը կուսակցությունում լուրջ հարված կարող է լինել պահպանողականների համար, վերջինս ստիպված եղավ հրաժարական տալ:

 

Ֆրակցիան, որ 28 երեսփոխանե կբաղկանա,  որոշեց, որ ինքը պետք է հրաժարի իբր ղեկավար

 

«Որովհետև ինքը Պահպանողական կուսակցության ղեկավար դիրքերը կվարե, շատ զգայուն շրջան մըն էր, շատ զգայուն զրպարտություն էր անոր հանդեպ: Ինքը մամլո ասուլիս մը տվավ, որի ընթացքին հերքեց զրպարտությունները և ըսավ, սր դատական միջոցներով պիտի հետապնդե և իր անմեղությունը փաստե: Այդ մամլո ասուլիսեն ետք Պահպանողական կուսակցության խորհրդարանական ֆրակցիան հեռաձայնային հանդիպում կազմակերպեց, և ֆրակցիան, որ 28 երեսփոխանե կբաղկանա,  որոշեց, որ ինքը պետք է հրաժարի իբր ղեկավար»-ներկայացնում է կուսակցության անդամը:

 

ԿՐԿՆԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ կուսակցության կանոնակարգի՝ ֆրակցիան պետք է ժամանակավոր ղեկավար ընտրեր, ընտրվեց կուսակցության ներկայացուցիչ, երեսփոխան Վիկ Ֆեդելին, այնուհետ որոշեց հենց ժամանակավոր ղեկավարով էլ գնալ ընտրությունների, որին, սակայն, դեմ արտահայտվեցին կուսակցության վարչության կազմն ու տարբեր շրջանների անհատ թեկնածուները, որոնցից մեկն էլ Արիս Պապիկյանն է:

 

 

Պետք է անդամները ըսելիք ունենան ղեկավարի ընտրության մեջ

 

«Կուսակցության վարչությունը ընդունեց, որ եթե մենք կուսակցության առժամյա ղեկավարով ղեկավարվինք դեպի ընտրություններ, մեծ խախտում կըլլա կուսակցության Սահմանադրության, որովհետև կըսե, որ պետք է անդամները ըսելիք ունենան ղեկավարի ընտրության մեջ: Վերջը սխալ պատգամ կղրկե հանրության, որ դուք ինչպե՞ս կրնաք ձեր Սահմանադրությունը, ժողովրդավարությունը անտեսել, առժամյա ղեկավարով երթալ ընտրություններու և եկած եք մեզմե վստահություն կուզեք»,-նշում է տորոնտոհայ քաղաքական գործիչը:

 

Սա պատճառ հանդիսացավ, որ վարչությունը որոշում կայացնի նոր ընտրություններ անցկացնելու մասին: Հավանաբար մինչև մարտի 24-ը կընտրվի նոր ղեկավար, իսկ պաշտոնի համար առայժմ երեք թեկնածուներ են առաջադրված, որոնցից մեկը ներկայիս առժամյա ղեկավարն է, մյուսը Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունիի դուստրը՝ Քերոլին Մալրունին, իսկ երրորդը Տորոնտոյի նախկին քաղաքապետի եղբայրը՝ Դագ Ֆորդը: Նրանց թիվը մինչ ընտրությունները թերևս կավելանա:

 

ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ վերաբերում է իրադարձությունների կենտրոնում հայտնված արդեն նախկին ղեկավար Պատրիկ Բրաունի քայլերին, ապա վերջինս դեռ լռում է, թեև հայտարարել է, որ դատարանի միջոցով կշարունակի պայքարել ու ապացուցել իր անմեղությունը: Այն, որ հեռուստատեսությամբ ելույթ ունեցած երկու անհայտ կանայք անգամ ոստիկանություն դեռ ոչ մի հաղորդում չեն ներկայացրել, արդեն խոսում է Բրաունի օգտին, իսկ իրականում քանի դեռ չկան փաստեր ու ապացույցներ, մեղադրանքը համարվում է զուտ զրպարտություն:

 

Ոչ մեկ փաստված տվյալ կա, անանկ որ դժվար է ըսել, թե որքանով ճշմարտություն կա մեջը

 

«Ոչ մեկ փաստված տվյալ կա, անանկ որ դժվար է ըսել, թե որքանով ճշմարտություն կա մեջը, բայց դժբախտաբար որովհետև Հյուսիսային Ամերիկայի մեջ այսպիսի մեղադրանքներու շարժումը կա, թե Միացյալ Նահանգներու մեջ, թե Կանադայի մեջ, ամեն մարդ սկսած է տասը մտածել, թե որու հետ պիտի խոսի, ինչի պիտի խոսի»,-ասաց նախկին քաղաքացիական դատավորը: