Home / Canadahye  / Ինչո՞ւ են կանադահայ որոշ ընտանիքներ նախընտրում օտար կազմակերպությունները 60-ամյա պատմություն ունեցող Հոմենըթմենի փոխարեն. Մոնրեալի մասնաճյուղի ատենապետ Մանուել Քյոսեյան

Ինչո՞ւ են կանադահայ որոշ ընտանիքներ նախընտրում օտար կազմակերպությունները 60-ամյա պատմություն ունեցող Հոմենըթմենի փոխարեն. Մոնրեալի մասնաճյուղի ատենապետ Մանուել Քյոսեյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության(ՀՄԸՄ) Մոնրեալի «Կամք» մասնաճյուղի սաների մեծ մասն այն ընտանիքներից են, ովքեր անցել են հոմենընթմենական ուղին, ունեն հիշողություններ ու պատմություններ: Մեծ մասը՝ սկաուտական, մյուսներն էլ մարզական խմբերի անդամներ են եղել, համախմբվել մեկ դրոշի ներքո՝ պահպանելով հայկական արժեքները:

 

Այս նպատակով էր, որ 1958թ-ին Կանադայում հիմնադրվեց մարմնակրթական կառույցի մասնաճյուղը, որի 60-ամյակն է լրանում այս տարի, իսկ համասփյուռքյան կառույցի հիմնադրման 100-ամյակը: Այս առիթներով կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Ոչ միայն դրանց, այլև մարտահրավերների, խնդիրների ու ապագա ծրագրերի մասին Noranor.ca-ն զրուցել է Մոնրեալի մասնաճյուղի ատենապետ Մանուել Քյոսեյանի հետ:

 

Երբ որ գաղութը աճ ունեցավ 60-70-ականներուն, թիվերը սկսան աճիլ, սերնդափոխությունը շաղկապվեցավ մինչև այսօր

 

«Երբ որ հիմնված է, փոքր խմբակներով սկսած է գործունությունը, համեստ ձևով, առաջինը սկաուտական խմբակներ կազմած են, այնուհետ մարզական: Երբ որ գաղութը աճ ունեցավ 60-70-ականներուն, թիվերը սկսան աճիլ, սերնդափոխությունը շաղկապվեցավ մինչև այսօր, երբ արդեն 700 անդամ ունինք՝ 450-ը սկաուտական, 250-ը մարզական կողմը: Բավականին երիտասարդներ տակավին կշարունակեն անդամակցությունը»,-նկարագրում է Հոմենըթմենի հետ 36 տարիների ճանապարհ անցած Մանուել Քյոսեյանը:

 

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿԱՊԸ

Նա դեռ 1982թ-ին է անդամակցել կառույցին՝ պատանի հասակում, ծնողների խորհրդով մասնակից է դարձել սկաուտական ու մարզական ուղղություններին, եղել խմբավար, վարչության անդամ, իսկ երրորդ տարին է՝ մասնաճյուղի ատենապետն է: Սեփական օրինակով է ներկայացնում կառույցին հավատարիմ հայ ընտանիքների կապն ու սերունդների շարունակականությունը:

 

Իմ զավակներս երբ որ մեծցան, նորեն անդամագրեցի կանուխ տարիքեն՝ 6 տարեկանեն

 

«60 տարի է անցել, սերունդներ են փոխվել՝ առնվազն երկու-երեք սերունդ: Ես անցա սկաուտական շարքերը, եղա նաև մարզիկ և մարզիչ, հիմա իմ զավակներս երբ որ մեծցան, նորեն անդամագրեցի կանուխ տարիքեն՝ 6 տարեկանեն: Իրենց կողքին այդ շաղկապը կպահենք, կարևոր է, որ սերունդը զգա, որ պատկանելություն ունի միության մը, որուն ծնողքը ակտիվ ձևով մասնակցել են և իրենց պատմությունը կփոխանցեն սերունդին»,-փաստում է կառույցի հավատարիմ ներկայացուցիչը:

 

ՕՏԱՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ՝ ՄՐՑԱԿԻՑ

Սերունդները, հավատարիմ մնալով ՀՄԸՄ-ական գաղափարներին, ձգտում են, որ իրենց զավակները ևս անցնեն նույն ճանապարհը: Սակայն ոչ բոլոր հայ ընտանիքներն են, որ նույն մոտեցումն են ցուցաբերում. Մրցակից օտար կազմակերպությունների գոյությունը մարտահրավերներից մեկն է:

 

Մարզական ու սկաուտական օտարազգի և հայկական կառույցների միջև որոշ կանադահայ ընտանիքներ տարբերություն չեն դնում՝ անտեսելով Հոմենըթմենի շարքերում հիմնական զբաղվածությանը զուգահեռ հայկական ոգին պահպանելու կարևորությունը: Սա կառույցի ատենապետը լուրջ խնդիր է համարում՝ նշելով.

 

Շատ դյուրին է օտարներու հետ ձուլվիլ ու երթալ, ըսել, որ իմ շրջանիս մեջ պիտի երթամ, Հոմենըթմենը հեռու է կամ մեկ կենտրոն ունի

 

«Շատ դյուրին է օտարներու հետ ձուլվիլ ու երթալ, ըսել, որ իմ շրջանիս մեջ պիտի երթամ, Հոմենըթմենը հեռու է կամ մեկ կենտրոն ունի: Մանավանդ հոս՝ Կանադա, Ամերիկա, օտար ափերում դժվար է, երբեմն կունենանք խառնամուսնություններ: Բայց կան, որ կու գան, որ հայ կրթությամբ  սկաուտական ու մարզական գիտելիքներով հայ մարզիկներ ու  առաջնորդներ պատրաստենք»:

 

Իսկ որպեսզի ամուր պահեն կազմակերպության դիրքերը, հարկավոր է նյութական բարեկեցություն, որի խնդիրն ունենում են երբեմն, փորձում են հնարավորինս բարեկեցիկ վիճակում պահել մարզասրահներն ու դաշտերը:

 

Անկախ վերջին խնդրից, Հոմենըթմենի Մոնրեալի մասնաճյուղն ընդառաջել է այն սիրիահայերին, ովքեր ցանկություն են հայտնել անդամակցել՝ զիջելով առաջին երկու տարիների վարձավճարները:

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղութի մեծանալուն զուգահեռ «Կամք» մասնաճյուղում ձևավորվում են նոր մշակութային առանձնահատկություններ, որոնք իրենց հետ բերում են տարբեր շրջաններից Կանադա տեղափոխված հայերը: Մշակութային բազմազանությունը կարևորում են, սակայն անհրաժեշտ է պահպանել տեղական կանոնադրությունը, հետևաբար երբեմն բախվում են խնդիրների:

 

Ամեն մարդ իր մշակույթեն կբերե, անիկա արդեն հարստություն է, բայց նաև մեր Կանադայի կանոնադրությունն ունենք, մեր օրենքները կպահինք

 

«Այդ մեկը դյուրին չէ, կարելին կընենք, որ բոլորին հավասար աչքով նայենք, որտեղեն որ եկած է՝ սիրիահայ, լիբանանահայ, Հայաստանեն և այլն: Վերջիվերջո բոլորս նույն նպատակով կաշխատինք, ամեն մարդ իր մշակույթեն կբերե, անիկա արդեն հարստություն է, բայց նաև մեր Կանադայի կանոնադրությունն ունենք, մեր օրենքները կպահինք, կըսենք, որ այո, ընդունելի է, բայց հոստեղի աշխատանքն այլ է, և կշաղվին, կներծծվին, իսկ իրենց բերած փորձառությունը շատ հաճախ մեզի համար նորություն է, նոր գաղափարներ կու տան»,-ներկայացնում է մասնաճյուղի ատենապետը:

 

Տարբեր մարզական խմբեր են գործում, բայց մտադրություն ունեն նորերն ավելացնել, օրինակ՝ վերականգնել աթլետիկա մարզաձևը, ներմուծել շախմատ, լող, վոլեյբոլ և այլն: Սրանց համար տարիների աշխատանք կպահանջվի:

 

Իսկ այս տարի 60-ամյակի շրջանակներում որոշ նախաձեռնություններ կիրականացնեն. Պատանիների համար դաշտահանդես կկազմակերպեն, շրջագայություն, մարզական խմբերի համար կանցկացվեն մրցումներ, իսկ տարեվերջին պաշտոնական հանդիսություն տեղի կունենա: Այս ամենից բացի, մասնաճյուղը կմիանա համահոմենըթմենական փառատոնին, որ տեղի պիտի ունենա 100-ամյակի առիթով:

 

Կարևոր նախաձեռնություններից մեկն էլ համահայկական բանակումն է, որին այս տարի մասնաճյուղից մասնակցել ցանկացողների աննախադեպ թիվ է գրանցվել. Նախկին 60-ի փոխարեն, 14-18 տարեկան մոտ 90  պատանի է ցանկություն հայտնել այցելել Հայաստան: Բանակումը տեղի է ունենալու հուլիսի 19-29-ը: