Home / Armenia  / Հայաստանում ժողովրդավարության մակարդակի բարձրացում. Ապրիլից հետո բրիտանական հայտնի ընկերությունը կվերանայի՞ Հայաստանի հանդեպ դիրքորոշումը

Հայաստանում ժողովրդավարության մակարդակի բարձրացում. Ապրիլից հետո բրիտանական հայտնի ընկերությունը կվերանայի՞ Հայաստանի հանդեպ դիրքորոշումը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Ապրիլից հետո Հայաստանում ուժի մեջ կմտնեն Սահմանադրական փոփոխությունները. Ըստ այդմ Հայաստանն անցում կկատարի կառավարման խորհրդարանական մոդելի. Այս փոփոխությունն ընդհանուր առմամբ դրական քայլ է, որը լիարժեքորեն կյանքի կոչելու դեպքում երկրում հնարավոր է տեղի ունենա ժողովրդավարական մակարդակի բարձրացում:

 

Սա հաշվի առնելով է, որ բրիտանական The Economist Intelligence Unit ընկերության օրեր առաջ հրապարակած «Ժողովրդավարության ինդեքս-2017» զեկույցում բարելավվել են Հայաստանի դիրքերը՝ նախորդ տարվա 120-րդ տեղից բարձրանալով 111-րդ տեղ: Ի դեպ, 2015 թ-ին Հայաստանը ժողովրդավարության առումով ավելի բարձր դիրքում էր, քան դրան հաջորդած տարում՝ 2016թ-ին, երբ տեղի ունեցան հուլիսյան հայտնի դեպքերը՝ Սասնա ծռերի գործողություններից հետո:

 

Չի բացառվում, որ հաջորդ տարի ընկերությունը վերանայի Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը. Դա կախված է նրանից, թե որքանով Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների արդյունքում տեղի ունեցած բարեփոխումը կյանքի կկոչվի:

 

ԿՎԵՐԱՆԱՅԵՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության (հկ) ծրագրերի համակարգող և հիմնադիր Դանիել Իոաննիսյանը, ով 2007թ-ից աշխատել է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում, իսկ 2013-ին թողնելով քաղաքականությունը՝ հիմնել հկ-ը, վստահ չէ, որ միջազգային ընկերությունը կպահպանի իր դիրքորոշումը: Ասում է.

 

Հայաստանը իրականում ոչ թե խորհրդարանական Հանրապետություն է դարձել, այլ վարչապետական

 

«Ես վախենամ, որ ապրիլից հետո ստիպված լինեն վերանայել իրենց մոտեցումը, երբ տեսնեն, որ Հայաստանը իրականում ոչ թե խորհրդարանական Հանրապետություն է դարձել, այլ վարչապետական»:

 

Ապրիլից հետո իրավիճակն ավելի հստակ կլինի, ինչը կարող է հուսահատություն պատճառի ոչ միայն հայ հասարակությանը, այլև միջազգային այս ընկերությանը:

 

Որևէ բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում, անգամ նստավայրը չի փոխվում, անձը չի փոխվում ըստ երևույթին

 

«Դեպի Խորհրդարանական Հանրապետություն անցումը կարող էր առաջին հայացքից դրական ազդել, բայց փաստացի մենք արձանագրում ենք, որ երկրի ղեկավարը ընդամենը նախագահից կոչվելու է վարչապետ: Որևէ բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում, անգամ նստավայրը չի փոխվում, անձը չի փոխվում ըստ երևույթին, ըստ շրջանառվող խոսակցությունների, միայն փոխվում է այն, որ վերանում է երկու ժամկետների սահմանափակումը, որ կար նախագահի մասով, և վերանում է ընտրությունը»,-ասում է Իոաննիսյանը:

 

ԱՎՏՈՐԻՏԱՐ ԵՐԿՐԻՑ՝ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ

Իսկ իրականում երկրի դիրքի փոփոխությունն այնքան էլ մեծ չէ, որ ուրախացնի քաղաքացիական հասարակությանը, առավել գնահատելի է այն, որ եթե նախկինում Հայաստանը ավտորիտար երկրների շարքում էր, այսինքն՝ ուներ 4-ից պակաս միավոր (3,88), ապա այսօր այն հասել է 4,11-ի: Ի դեպ, 2006-ից մինչ 2017թ-ը Հայաստանը մշտապես  պահպանել է ավելի քան 4 միավորը, բացառություն է եղել 2016թ-ը, երբ Հայաստանը դասվեց ավտորիտար երկրների շարքում, մնացած տարիներին, այդ թվում նաև՝ 2017-ին, այն համարվել է հիբրիդային երկիր:

 

Թվային արտապատկերմամբ մնում ենք այնտեղ, որտեղ Պակիստանն է

 

«Թվային արտապատկերմամբ մնում ենք այնտեղ, որտեղ Պակիստանն է, ուրեմն ինչ վերաբերում է հարցին, թե ինչն է ազդել, ապա կարծես թե ընկերությունը համարում է , որ Սահմանադրական փոփոխությունները  դրական են և շատ մեծ հույսեր չի կապում, բայց դրական տեղաշարժ արձանագրում է»,-ասում է հկ հիմնադիրը:

 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՄԻՏԸ

Ի դեպ, հենց 2017թ-ին տեղի ունեցած մի դեպք, որը կապված էր հենց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի բացահայտումներից մեկի հետ, կրկին ապացուցեց, որ խոսքի ազատության սահմանափակումների խնդիրը լուրջ է Հայաստանում: Հիշեցնենք, որ ընկերությունը խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակեց դպրոցների տնօրենների հետ հեռախոսազրույցները, որոնց ժամանակ նրանք խոստավանում են, որ ընտրողների ցուցակներ են հավաքագրում, դրանից հետո Դանիել Իոաննեսյանը ճնշումներից ու սպառնալիքներից զերծ չմնաց:

 

Շեմն այնտեղ է, որտեղ ժողովրդավարության մակարդակը սկսում է վտանգել իշխանություններին

 

«Սա հերթական ապացույցն էր, որ ժողովրդավարության մակարդակը Հայաստանում ունի շեմ, շեմն այնտեղ է, որտեղ ժողովրդավարության մակարդակը սկսում է վտանգել իշխանություններին: Երբ զգում են, որ կարող են կորցնել իշխանությունը, իրենք ցույց են տալիս, որ ժողովրդավարության լիմիտը սպառվել է»,-նշում է նախկին քաղաքական ընդդիմադիր գործիչը:

 

Ոչ միայն իր հետ կատարվածն է վկայում այդ մասին: Մինչ այդ էլ ծանոթ էր նմանատիպ այլ դեպքերի, ինչպես, օրինակ, անընդհատ բարեփոխվող ոստիականական համակարգը 2016թ-ի հուլիսյան դեպքերի ժամանակ հանդես եկավ ծայրահեղ գործողություններով: Հիշում է.

 

«Խաղաղ ցույցերից իշխանությունները վտանգ զգացին և կոպիտ ուժ ցուցաբերեցին,  ոստիկանության ներկայացուցիչները խախտելով թե օրենսդրությունը, թե միջազգային պարտավորությունները, հատուկ միջոցների կիրառման փորձ արեցին, հարյուրավոր մարդիկ հայտնվեցին հիվանդանոցում, այսինքն՝ ժողովրդավարությունը Հայաստանում զարգանում է այնքան, քանի դեռ չի խանգարում իշխանություններին»:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժողովրդավարության ցուցիչի վրա լուրջ ազդեցություն է ունեցել քաղաքական մշակույթի ցածր մակարդակը Հայաստանում: Սրա տակ հասկանում ենք կուսակցությունների զարգացվածության մակարդակը, ինչը Հայաստանում ցածր կմնա, քանի դեռ ընտրությունները խախտվում են, կուսակցությունների հանդեպ չկա հանրային վստահություն:

 

«Ֆրիդենհաուսն էլ է արձանագրել, նաև հանրային ընկալումները բավական հստակ են. Հայաստանում կուսակցությունների ինստիտուտը համարյա զարգացած չէ, ունեն խնդիրներ ֆինանսավորման հետ, լուրջ խնդիր ունեն ընտրվելու: Իսկ դրա համար պետք է արդար ընտրություններ լինեն, բայց Հայաստանում 25 տարի է՝ արդար ընտրություններ չեն եղել, ինչ անեն կուսակցությունները այս ֆոնին, բնականաբար պետք է քաղաքական մշակույթը անկում ապրի»,-կարծում է նա:

 

Փոխարենը քաղաքացիական ազատությունների մակարդակն է բարձր գնահատվել: Իսկապես որոշակի ազատություն տրված է քաղհասարակությանը, բայց ոչ այնքան, որքան նրանք կցանկանային: Այստեղ դարձյալ բախվում են նույն խնդրին. Ազատ են, քանի դեռ չեն վնասել իշխանությունների շահերը: Իսկ այդ դեպքում որքա՞ն է քաղաքացիական նախաձեռնությունների արդյունավետությունը: Շատ դեպքերում պայքարն անարդյունավետ է լինում. Հասարակությունը բողոքում է, իշխանությունները իրենց անելիքը շարունակում են:

 

Ես չեմ կիսում տեսակետը, որ քաղաքացիական հասարակության պայքարն արդյունք չի տալիս

 

«Ես չեմ կիսում տեսակետը, որ քաղաքացիական հասարակության պայքարն արդյունք չի տալիս, ես դա ավելի շատ համարում եմ պրոպագանդիստական թեզ, որն իշխանությունները փորձում են հասարակությանը պարտադրել: Օրինակ «Էլեկտրիկ Երևանը», որն առաջին հայացքից կարելի է  համարել տապալված, բայց իրականում այդպես չէ, դրանից հետո սկսվեց էլեկտրաէներգիայի գինը նվազցնելու շարժումը, առաջին անգամ ՀՀ պատմության մեջ գինը անկում ապրեց»,-օրինակ է բերում շարժումների ակտիվ մասնակիցը:

 

Հիշում է նաև հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը և այլ դեպքեր, որոնք սոցիալական խնդիրներին են առնչվում, սակայն քաղաքական համակարգի փոփոխության պահանջները մնացել են անհետևանք. Իշխանությունը մինչ օրս էլ շարունակում է մնալ տեղում, ավելին, կառավարումը երկարացնելու ճանապարհն էլ հարթել է: