Home / Canadahye  / Վանկուվերի հայ համայնքը հարուստ չէ, ինչպես մեծ քաղաքների գաղութները. Բրիտանական Կոլումբիայի հայ մշակութային միության ներկայացուցիչ Գրիգոր Յաղճյան

Վանկուվերի հայ համայնքը հարուստ չէ, ինչպես մեծ քաղաքների գաղութները. Բրիտանական Կոլումբիայի հայ մշակութային միության ներկայացուցիչ Գրիգոր Յաղճյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Վանկուվեր (Նորանոր) _ Մոտ երկու շաբաթից հայ երիտասարդ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը համերգով հանդես կգա Վանկուվերի երաժշտական ակադեմիայում: Բրիտանական Կոլումբիայի մշակութային միության նախաձեռնություններից մեկն է: Ոչ հաճախակի, բայց կազմակերպությանը հաջողվում է փոքրաթիվ հայ գաղութին հայկական մշակույթը ներկայացնել: Այս դեպքում ոչ միայն հայ գաղութն է հետաքրքրված աշխարհահռչակ դաշնակահարի առաջիկա համերգով:

 

Մեզի էլ ուրախալի է, որ օտարները շատ հետաքրքրություն ցուցաբերեցին

 

«Չարաչար աշխատանքի շնորհիվ է, որ կհաջողվին նման ձեռնարկները: Մեր ծրագիրը պարզ է. կուզենք պահել, ծանոթացնել հայ մշակույթը, մեր պատմությունը թե մեզի համար, մեր երեխաների, թե կանադացիներին ճանաչելի դարձնել: Հիմա Համասյանի համերգին կանադացիներ են լինելու, ընդհանրապես հայեր են միշտ, սակայն այս պարագային մեզի էլ ուրախալի է, որ օտարները շատ հետաքրքրություն ցուցաբերեցին»,-ներկայացնում է Վանկուվերի հայկական մշակութային կենտրոնի երկարամյա հավատարիմ ներկայացուցիչ, հոգաբարձուների և գործադիր խորհուրդների անդամ, նախկին ատենապետ Գրիգոր Յաղճյանը:

 

Մեծ քաղաքները, որտեղ հայկական գաղութն էլ մեծ է, սովորաբար նաև մեծահարուստ կանադահայերն են շատ, այնինչ Վանկուվերում միջին խավի ներկայացուցիչներն են մեծամասնություն կազմում, բայց դրան հակառակ համայնքում գրեթե բոլոր հայկական կազմակերպություններն ունեն ներկայացուցչությունները, անգամ Հայ Առաքելական եկեղեցին ներկա է էջմիածնական ու անթիլիասական ճյուղերով:

 

Գրիգոր Յաղճյանը, ով Եգիպտոսից է տարիներ առաջ տեղափոխվել Կանադա և հաստատվել Բրիտանական Կոլումբիայում, նաև Վանկուվերում Հայաստան համահայկական հիմնադրամի մասնաճյուղի ատենապետն է: Noranor.ca-ի հետ զրույցում նա անդրադարձել է փոքրաթիվ հայկական համայնքի խնդիրներին, խոսել այն մասին, թե ինչպես է հաջողվում պահպանել արմատները, ավելին, ամեն տարի նաև իրենց մասնակցությունը բերել հայրենիքի վերակառուցմանը՝ ի դեմս հիմնադրամին կատարած ներդրումների:

 

3000-ԱՆՈՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ35021705575_70d1cc06c2_z

Համայնքը, որ հիմնադրվել է 60-ականներին, արդեն 1968թ-ին ուներ իր մշակութային կենտրոնը, որի հիմնադրման 50-ամյակն են տոնելու այս տարի, ստեղծել է Հայկական Ռադիոժամ ծրագիրը, որի 40-ամյակը ևս 2018թ-ին է նշվելու, հիմնադրել է շաբաթօրյա դպրոց, գործում են ՀՕՄ-ը, ավանդական կուսակցությունները, իսկ վերջերս նաև Թեքեյան մշակութային միությունն ունեցավ իր մասնաճյուղը:

 

Այս ամենը համայնքի ընդամենը 3000 հայ բնակչի համար է. Դեռ 60-ականների Միջին Արևելքից ներգաղթի տարիներին շատ հայեր չեն հաստատվել Վանկուվերում, նախընտրել են մեծ քաղաքները:

 

Սկզբից ավելի այդ քաղաքներ գացին հայությունը, և քանի որ հարազատներն այնտեղ են, հաջորդ եկողներն իրենց ընտանիքի մոտ կերթան

 

«Հավանաբար Տորոնտո, Մոնրեալ ավելի շատ գործի հնարավորություններ կան, թերևս այդ է պատճասռը, հետո սկզբից ավելի այդ քաղաքներ գացին հայությունը, և քանի որ հարազատներն այնտեղ են, հաջորդ եկողներն իրենց ընտանիքի մոտ կերթան»,-ներկայացնում է համայնքի ներկայացուցիչը հայերի փոքրաթիվ լինելու պատճառները:

 

6000-10 000 ԴՈԼԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Որքան համայնքը փոքր է, այնքան ավելի համախմբված է, միասնաբար հաջողվում է տոնակատարություններ ու հիշատակման միջոցառումներ անցկացնել, բայց նույնքան հարուստ չէ Հայաստանի համար օժանդակություն կազմակերպելու հարցում մեծ ներդրում ունենալու համար.  որքան էլ ցանկությունը մեծ է, համայնքին հաջողվում է միայն 6000-10000 դոլար ամեն տարի տրամադրել Հայաստան հիմնադրամին:

 

Փոքր համայնքի համար բավականին գումար է, որովհետև նույն անձնավորություններն են, որ կմասնակցեն պետք եղածին դրամական տեսակետից

 

«Որոշների մեջ ցանկությունը շատ է, որոշներն էլ ցանկություն չունեն, մեր փոքր գաղութեն բավական  օգնությամբ մասնակցել ենք միշտ Տորոնտոյի հետ: Փոքր համայնքի համար բավականին գումար է, որովհետև նույն անձնավորություններն են, որ կմասնակցեն պետք եղածին դրամական տեսակետից: Հարուստ մարդիկ շատ քիչ են»,-ասում է հիմնադրամի Վանկուվերի մասնաճյուղի նախագահը:

 

Նրանց նվիրաբերություններով հաջողվել է գյուղերից մեկի ջրամատակարարման ծրագիր իրագործել, դպրոցների դասասենյակներ վերանորոգել և առանձին նախաձեռնություններ, որոնք մեծամասամբ Արցախում են իրականացել:

 

Մշակութային միությունը կրթաթոշակ կու տա մեր աշակերտներին, որոնք երկրորդական վարժարանն ավարտել են և համալսարան կերթան

 

Անկախ միջոցների սղությունից, հաճախակի օժանդակություն է ցուցաբերվում տեղացիներին: Գրիգոր Յաղճյանը օրինակներից մեկն է նշում. «Օրինակ մշակութային միությունը կրթաթոշակ կու տա մեր աշակերտներին, որոնք երկրորդական վարժարանն ավարտել են և համալսարան կերթան, իբրև քաջալերանք 1000 դոլար ամեն մեկին կտրամադրենք, այս տարի արդեն 5 հոգի ունենք, որ դիմել են»:

ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ՀԱՅԵՐԵՆ

Սակայն նույն այդ աշակերտները հնարավորություն չունեն լիարժեք հայերեն սովորել, համայնքում հիմնադրման ժամանակ բացված դպրոցը գործել է 35 տարի, երբ երկու եկեղեցիներն իրենց դպրոցներն են հիմնել, երրորդի գործունեությունը դադարեցվել է. «Իրենք էլ որ դպրոց բացեցին, չուզեցինք, որ երեխաները բաժնվեն 3 մասի, հիմա երկու եկեղեցիների մեջ դպրոցներ ունեինք»,-ասում է նախկին եգիպտահայը:

 

Մեծ գաղութների մեջ մարդուժն ավելի շատ է, ավելի դյուրին է, երեխաների թիվն էլ շատ է, փողի հարց է անշուշտ

 

Այս դպրոցներն էլ շաբաթօրյա են, հետևաբար հիմնավոր կրթություն ստանալ չեն կարող, թեև մեր զրուցակիցը վստահեցնում է. «Մենք կնախընտրեինք ամենօրյա դպրոց ունենալ, բայց որովհետև երեխաների թիվը քիչ է, հեռավորությունն ալ շատ է, ուսուցիչ էլ ճարելը դժվար է, դա է մարտահրավերը: Մեծ գաղութների մեջ մարդուժն ավելի շատ է, ավելի դյուրին է, երեխաների թիվն էլ շատ է, փողի հարց է անշուշտ, երբ որ քիչ է գաղութը, ամեն ինչ ավելի դժվար կլինի»:

35021705405_717bbe0055_z

 

 

Անկախ խնդիրներից, չեն հուսահատվում, և Վանկուվերի արդեն երրորդ-չորրորդ սերնդին հնարավորինս փորձում են հայկական մշակույթը փոխանցել, հաջողվում է նույնիսկ միջոցառումների աշխարհագրությունն ընդլայնել:

 

 

 

Այստեղ փառատոն կա, ամեն տարի մաս կկազմենք, տաղավար կկազմենք, մեր բոլոր մշակույթը, պատմությունը կներկայացնենք ժողովուրդին

 

«Հիմա մի քիչ կրնանք Լոս Անջելեսից կամ Մոնրեալից, կարելի եղած ժամանակ Հայաստանից էլ կհրավիրենք խումբեր, մեր մշակութային միության վարչությունից էլ որ Հայաստան կերթան, կծանոթանան որոշ մարդոց: Օրինակ Միքայել Ոսկանյանի կամ Սևանայի հետ շփում ունենք, թերևս կարողանանք մի բան կարգադրենք, որ իրենք էլ գան այստեղ, տարբեր միջոցառումներ կան, հետո այստեղ փառատոն կա, ամեն տարի մաս կկազմենք, տաղավար կկազմենք, մեր բոլոր մշակույթը, պատմությունը կներկայացնենք ժողովուրդին»,-հավաստիացնում է Մշակութային միության գործադիր խորհրդի փոխնախագահը: