Home / Armenia  / Արամի 9. Կիսավեր տունը, որտեղ ապրել ու մահացել է Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը… Թե՞ արձանը

Արամի 9. Կիսավեր տունը, որտեղ ապրել ու մահացել է Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը… Թե՞ արձանը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Ծաղիկները հունվարի 29-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան օրվա առիթով են հուշատախտակի առջև խոնարհվել:

 

20180205_105350

«Դաշնակները գալիս են երբեմն, ծաղիկ են դնում, թողնում-գնում են, մեկ-մեկ էլ մաքրում են կողքը, ոչ թե ներսը, մայթը կարգի են բերում»,-ասում է հարակից մասնավոր ընկերության  հսկիչը՝ Խաչիկ Աբրահամյանը:

 

Ծառ ու ծաղիկների պակաս հատկապես ամռանը շենքի ներսում չի լինում. Բնությունն ինքն է հոգացել կիսավեր շենքը կանաչապատելու մասին. ոչ թե բակում, այլ շինության պատերից ներս աճած ծառերը թերևս տասնամյակների պատմություն ունեն, գոնե դրանք ավելի փարթամ կլինեին, եթե բնակիչները շինությունը չվերածեին աղբավայրի:

 

Մի՛ եղիր բոլշևիկ, աղբ մի՛ թափիր

 

27067577_10154497858232537_1673967990292083616_nԱրամի 9 հասցեի այս տանն ապրել ու մահացել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը. Խունացած դժվարընթեռնելի տառերով հուշատախտակը նշանավոր գործչի մասին հուշող միակ գրությունը չէ. Վերջերս դրա կողքին ավելացել են ևս երկուսը՝ քաղաքացիական գիտակցությունից զուրկ բնակիչներին զգաստացնելու միտումով. «Արամի և իր նման հայորդիների շնորհիվ է, որ կաս ու ապրում ես ազատ, անկախ Հայաստանում», «Կենացներով չէ, որ պիտի հիշենք մեր մեծերին. Մի՛ եղիր բոլշևիկ, աղբ մի՛ թափիր»:

 

Հայ ազգային ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Արամ Մանուկյանը, ով աչքի է ընկել ոչ միայն իր պետական մտածողությամբ, այլև մարդկային բարձր հատկանիշներով, նշված տանն ապրել է 1917թ-ից մինչև իր մահը՝ 1919թ-ը: Փողոցը կոչվում էր Ցարսկայա, անվանափոխվեց նրա անունով, սակայն խորհրդային իշխանություններն այն վերափոխեցին Սպանդարյան: Միայն 1991թ-ին փողոցը վերստացավ նախկին՝ Արամի անունը:

 

ՇԵ՞ՆՔԸ, ԹԵ՞ ԱՐՁԱՆԸ

Հայոց նորագույն պետականության հիմնադիրը, ով նշանակալի դերակատարում ուներ Սարդարապատի հերոսամարտի կայացման գործում, Առաջին Հանրապետության հռչակումից հետո ստանձնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը մինչև մահը: Այսօր նա  համարվում է հայկական պետականության խորհրդանիշ: Եւ առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Երևանի քաղաքապետարանը որոշել է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրել նրա արձանը, որի համար արդեն հայտարարվել է մրցույթ, ընտրվել է էսքիզներից մեկը, որի շուրջ ճարտարապետների, մտավորականների, հասարակական գործիչների շրջանում իրարամերժ, բուռն քննարկումներ են ծավալվում:

 

 

Без названия

Մեծամասնությունը արձանի համար ընտրված էսքիզային տարբերակը համարում է անհաջող, թույլ գործ, իսկ Արամ Մանուկյանի ուսին փռված դրոշը համեմատում խալաթի հետ: Արամի փողոցը, որի մի հատվածում գուցե տեղ գտնի այս միանշանակ չընկալվող գործը, սկիզբ է առնում Աբովյան փողոցից, որից ոչ հեռու էլ գտնվում է Արամ Մանուկյանի տունը՝ կիսավեր, աղբանոցի վերածված, վերանորոգման ոչ հստակ հեռանկարով, միայն մեկ՝ հայտնի չէ՝ որ ժամանակներից մնացած հուսադրող գրությամբ՝ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ:

 

Պետական գործչի կատարած դերակատարման նշանակությունն ավելի ընկալելի չէ՞ր դառնա այն տան նորոգումով, որտեղ կյանքի դժվարին օրերն է անցկացրել նա

 

20180205_112334

Պահպանվում է. Եւ դեռևս որքա՞ն կարող է դիմակայել 1990թ-ին կառուցված շենքը, որի միայն պատերն են կանգուն, ինչո՞ւ 100-ամյակին ընդառաջ շենքի վերանորոգման քայլեր չձեռնարկել, սա Մանուկյանի հանդեպ հարգանքի ավելի մեծ դրսևորում չէ՞ր լինի, հասարակության շրջանում պետական գործչի կատարած դերակատարման նշանակությունն ավելի ընկալելի չէ՞ր դառնա այն տան նորոգումով, որտեղ կյանքի դժվարին շրջանն է անցկացրել նա:

 

 

ԱՎԵՐԱԿՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

20180205_110037Հիմա տարածքը դրսից մաքուր է, քաղաքացիներն այլևս աղբ չեն թափում, ոչ թե այն պատճառով, որ արթնացել է գիտակցությունը, այլ որովհետև հարակից տարածքն ազատել են բնակիչներից. Արամի 9-ի հարևանությամբ մասնավորի շինարարություն է.

 

Էնքան հին շեքներ կային, համարակալեցին, տարան ու տարան, ոչ տեղը կա, ոչ էլ հետքը

 

«Երկու ամիս է քանդում-տանում են, տես՝ ինչ են սարքում, նոր շենք: Այստեղ մենակ Արամ Մանուկյանի տունը չէր, էնքան հին շեքներ կային, համարակալեցին, տարան ու տարան, ոչ տեղը կա, ոչ էլ հետքը»,-ասում է տարածքում աշխատող ու ամենօրյա փոփոխություններին տեղյակ հսկիչը:

 

ԷԼ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ

20180205_105007

Դաշնակցականների հարգանքն իրենց մեծանուն կուսակցի հանդեպ առայժմ ծաղիկ խոնարհելով է դրսևորվում, իսկ մինչ որևէ քայլ ձեռնարկելը շենքում աղբի կուտակումներն ավելանում են, դռները դրանց ծանրությունից վաղուց զմռսված են, պատերը՝ փլման ենթակա, տանիքը՝ բաց անձրևի ու ձյան առջև, պատուհանները՝ տեսարանն լրացնող: Խաչիկ Աբրահամյանի աչքի առջև ոչինչ չի փոխվում, ասում է.

 

 Եթե մի երկու տարի էլ սենց մնա, անձրևաջրերի տակ, ամբողջ շենքը կփլվի, էլ Արամ Մանուկյանի շենք էլ չենք ունենա

 

«Պատերը փլվել են արդեն, ճաքեր տված, եթե մի երկու տարի էլ սենց մնա, անձրևաջրերի տակ, ամբողջ շենքը կփլվի, էլ Արամ Մանուկյանի շենք էլ չենք ունենա»:

 

Հիմքերը չեն խախտվել, ներսից որ կարկաս են սարքում, հիմքը ամրացնում են

 

20180205_110014«Հիմքերը չեն խախտվել, ներսից որ կարկաս են սարքում, հիմքը ամրացնում են: Սա ցարական Ռուսաստանի ժամանակ ֆրանսիացի ճարտարապետներն են նախագծել, սա ֆրանիսական շենք է, որպես հնություն՝ չեն քանդում, վրայից ավելացնում են, բայց կարկասի վրա են ավելացնում, պատերն էլ հենվում են կարկասի վրա, ավելի ամուր է լինում»,-հուսադրում է նախկին շինարար Ռաֆայել Քոչարյանը:

 

ՉԳԻՏԵՄ՝ ՈՎ Է ԱՐԱՄԸ

Արամի 9-ի հարևանությամբ բնակիչներ չկան, իսկ շինությանը ծանոթ երևանցիները նախկին Սպանդարյան, ներկայիս Արամի փողոցով անցնելիս նկատում են այն, ցավում, նրանց թիվը մեծ չէ. Ոմանց անծանոթ են թե Արամ Մանուկյանը, թե շինության արժեքը: Երիտասարդ երևանցիներից Կարենը, ով աշխատանքի բերումով հաճախ է առիթ ունենում անցնել այս փողոցով, ասում է.

 

Եթե Երևանում ման գաք, ինձ թվում է՝ շատ քիչ մարդ կհիշի՝ Արամ Մանուկյանն ով է եղել

 

aram-manukyan-634x445

«Եթե Երևանում ման գաք, ինձ թվում է՝ շատ քիչ մարդ կհիշի՝ Արամ Մանուկյանն ով է եղել, Հանրապետության համար ինչ կարևոր դերակատարում է ունեցել, դրա համար ցանկալի է, որ շենքը կանգուն լիներ, ջահելները հիշեին, որ սենց մարդ է եղել»:

 

«Վայ չէ, ես չգիտեմ՝ ով է, ճիշտն ասած, լսել եմ, բայց մանրամասն չգիտեմ, տեղեկացված չեմ»,-ի հավաստումն երիտասարդի փաստարկի՝ արձագանքեց տարեց քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

 

«Փողոցը Արամի փողոցն է, չգիտեմ՝ ով է»,-արձագանքեց գործով Երևան ժամանած էջմիածինցի Յուրիկ Մարտիրոսյանը, իսկ տեղյակ անցորդներից մեկն ասաց.

 

20180205_110049«Արամ Մանուկյանը առաջին ռեսպուբլիկայի ստեղծողներից է եղել, կարդացել եմ, բայց ճակատագիրը ոնց եղավ, չգիտեմ: 18թ-ին, որ դաշնակցականները ռեսպուբլիկա ստեղծեցին, նա էլ մեկն է եղել»:

 

Բոլորը սենց քանդած են, ափսոսում եմ ուղղակի

 

«Քաղաքն ամբողջ այս վիճալում է, հիմա այստեղ բոլորը սենց քանդած են, ափսոսում եմ ուղղակի: Պատմական արժեք ունեցող շենքում եմ աշխատել, ու վերցրել քանդել են, միայն ճակատը թողեցին, մեր պետության քաղաքականությունն է, որը չգիտեմ ուր է տանում»,-ասաց մասնագիտությամբ հաշվապահ տիկին Արևիկը,  ով ափսոսանքով է խոսում անհետացող հուշարձանների մասին:

 

Հուշարձանները պահպանվում են, այս մեկը ևս չի քանդվի, վստահ է Գառնիկ Սաֆարյանը, ով Արամ Մանուկյանի մասին ոչ միայն տեղյակ է, այլև ակնածանքով է խոսում:

 

Չեն քանդի համեմանյնդեպս, էդքան գիտակցություն գոնե ունեն, որ չեն քանդի

 

20180205_112103

«Մենք Արամ Մանուկյանի նման պետական, քաղաքական գործիչ 20-րդ դարում չենք ունեցել: Իհարկե մինչև հիմա պետք է արդեն վերանորոգված լիներ, որովհետև առաջին Հանրապետության 100-ամյակն է, հիմնադրման խորհրդանիշ համարվող անձի տունը պիտի վերանորոգվեր: Կբարենորոգեն, չեն քանդի համեմանյնդեպս, էդքան գիտակցություն գոնե ունեն, որ չեն քանդի»,-վստահ է քաղաքացին:

 

 ԱՐՁԱՆԸ՝ ՎԵՀԱՇՈՒՔ

Տունը պետք է վերանորոգվի՝ չխանգարելով արձանի տեղադրմանը, համոզված է նա, նույնիսկ պատկերացնում է, թե ինչպիսին կարող էր լինել Մանուկյանի հուշարձանը:

 

Թող ոչ մի կուսակցություն իրենը չհամարի

 

«Նա հայ ազգային պետականության գաղափարախոսության կրող է, թող ոչ մի կուսակցություն իրենը չհամարի, նա հայոց ազգային պետական, քաղաքական, իրավական մտքի խոշորագույն ներկայացուցիչ էր, և նրա արձանը պետք է վեհաշուք լինի և դրվի կենտրոնում, իհարկե, կցանկանայի Հանրապետության հրապարակում դրվեր, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրի արձանը»,-ասում է Սաֆարյանը:

 

20180205_105753Արդյո՞ք պետք է տեղադրել արձանը, թե՞ կարելի էր փոխարենը շենքը վերանորոգել. Խնդիրը ոչ թե միջոցների չափերին, այլ դրանց առաջնահերթությանն է վերաբերում. Մանուկյանն այն գործիչն է, ում հուշարձանը պետք է պետականության գաղափարի տարածման խորհրդանիշ դառնա, վստահ են շատերը, հետևաբար տեղադրել անհրաժեշտ է, բայց նաև չպետք է անտեսել օր օրի քայքայվող շինությունը: Ամեն օր շենքի վիճակը տեսնող Խաչիկը չի վիճարկում արձանի տեղադրման անհրաժեշտությունը, բայց ավելի կողմ է շենքի պահպանման, ասում է.

 

Արձան տեղադրելուց հետո որ գան էդ փլվածքը տեսնեն, ի՞նչ տպավորություն կլինի

 

«Թող բերեն դա վերանորոգեն, ինչ անում են անեն, հետո գնան արձան կառուցեն, թե չէ արձան տեղադրելուց հետո որ գան էդ փլվածքը տեսնեն, ի՞նչ տպավորություն կլինի»:

 

Առավել ևս, եթե արձանի տեսքից ստացած տպավորություն էլ անքննելի չի լինի: «Լավ կլիներ, որ համ արձանը լիներ, գոնե տան մոտ կիսանդրի լիներ, պրոպագանդեին, մարդիկ իմանային մեծերին, էն մարդիկ, ովքեր ՀՀ կայացման գործում, ներդրում ունեցել են: Բայց այս տան կողքով անցնելուց ոչ ոք չգիտի՝ սա ում տունն է, ով էլ որ գիտի, նայում է տան անմխիթար վիճակին, ի՞նչ պետք է մտածի»,-նշում է մեզ հանդիպած անցորդներից Կարենը:

 

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ԱՆՀԱՅՏ

yvn-33Տպավորությունը չի փոխվի նաև 100-ամյակի տարում, իսկ թե երբ կվերանորոգվի և արդյո՞ք մինչ հերթը շինությունը կդիմանա փորձություններին, քաղաքապետարանից պարզելը գրեթե անհնար է: Չհաջողցվեց հստակ տեղեկություն ստանալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից: Արդյո՞ք մասնավորին է փոխանցված շինությունը, թե՞ դեռ քաղաքապետարանի հաշվեկշռում է, վարչության պետը՝ Արսեն Ամյանը, նշեց, որ տեղեկություն չունի այդ մասին:

 

Շինությունը, հիշեցնենք, նախատեսված էր վերանորոգել «Հին Երևան» նախագծի շրջանակներում, խոսվում էր ներդրողի առկայության ու արդեն 2017թ-ին աշխատանքների մեկնարկի մասին: Սակայն աշխատանքներ ոչ միայն չեն մեկնարկել, այլև դրանց մասին հստակ տեղեկություններ չկան: