Home / Armenia  / Թուրքիայի հաջորդ քայլը Սիրիայում. Աֆրինից հետո կմտնե՞ն Մենբիչ

Թուրքիայի հաջորդ քայլը Սիրիայում. Աֆրինից հետո կմտնե՞ն Մենբիչ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Հունվարի 20-ից սիրիական Աֆրինի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը Թուրքիայի համար առայժմ ակնկալած արդյունքը չի տալիս. Քրդերի արտաքսումը Էրդողանը թերևս շատ ավելի դյուրին գործ էր համարել կամ էլ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից ակնկալիքներ ուներ, որոնք, սակայն, չարդարացան:

 

Հայաստան տեղափոխված սիրիահայ բժիշկ, հալեպահայ Վազգեն Բերղուդյանը ուրախ է այս՝ թուրք-քրդական հակամարտության համար, ոչ այն պատճառով, որ պատերազմական գործողությունների արդյունքում դարձյալ խաղաղ բնակիչներ էլ են տուժում:

 

«Մի բան պարզ է, որ Թուրքիան սխալ արժևորեց քուրդերի կարողությունը և 2-3 շաբաթե աննշան առաջխաղացում գրանցվեց»,- Noranor.ca-ի հետ զրույցում ասում է նա:

 

Հիշեցնենք, որ Թուրքիան մոտ 20 օր է՝ սկսել է  «Ձիթենու ճյուղ» գործողությունը Աֆրինում, որի նպատակն է քրդերից բաղկացած Ազգային ինքնապաշտպանական ու Կանանց ինքնապաշտպանական ջոկատների արտաքսումը Աֆրինից: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել էր, որ զինվորականները կլքեն Աֆրինը միայն այն բանից հետո, երբ հասնեն իրենց առջև դրված մարտական խնդիրների իրականացմանը:

 

ԱՖՐԻՆԻ ՈՒ ՀԱԼԵՊԻ ՀԱՅԵՐԸ

Թեև Թուրքիան հայտարարել էր, որ իր նպատակը չէ խաղաղ բնակչությանը վնաս հասցնելը, սակայն պատերազմական գործողություններից քաղաքացիներ, նրանց թվում և հայեր են զոհվում: Արդեն իսկ 3 հայի մասին տեղեկություն կա: Եւ այս իրավիճակում, երբ անգամ թուրքական որոշ խմբեր են դեմ արտահայտվում երկրի վարչապետի գործողությանը, Պոլսո Պատրիարքարանը փորձում է բարեպաշտ երևալ, թուրքագետ Հակոբ Չաքրյանն այլ, ավելի հարմար համեմատություն չգտավ. Ասաց.

 

էշից առաջ ախոռ մտնելու պես բան է ստացվում

 

«Կներեք, բայց էշից առաջ ախոռ մտնելու պես բան է ստացվում, որովհետև ազգային այլ փոքրամասնություններ էլ կան Թուրքիայում՝ հույները և հրեաները, նրանք ձայն չեն հանում, սա վեր է կենում, հայտարարություն է անում: Ի՞նչ կարիք կա, արդեն ձեզ չեն սիրում Թուրքիայում, 78 տոկոսը հայ հարևան չի ուզում, ինչի՞ համար ես ազդանշան հաղորդում իշխանություններին: Պատրիարքի տեղապահը ներդրում է կատարում ապագա պատրիարքական ընտրությունների համար, բայց պատրիարքի հեղինակությունն է ոչնչացնում»:

 

Սիրիահայերի թիվն Աֆրինում մեծ չէ: Անկախ դրանից, արդյո՞ք զինված գործողությունները խուճապային իրավիճակ չեն ստեղծում Աֆրինում, նաև հալեպահայերի շրջանում, որն էլ կդրդեր մտածել Սիրիայից դուրս գալու մասին, Վազգեն Բերղուդյանը, ով ծանոթ է նրանց տրամադրություններին նաև ֆեյսբուքյան «Հալեպահայեր» խմբի միջոցով, որի հիմնադիրներից է, վստահորեն ասում է՝ Ոչ, հավելելով.

 

«Հալէպահայերը մինչև Աֆրինի դէպքերը արդեն քաջ գիտեին, որ Սուրիո հարցը դեռ շատ ջուր կծեծե, այսինքն տակավին ղատ մը չլուծուած հարցեր կան»:

 

Անկախ նրանից, որ երկիրը տարբեր ուժերի հակակշռի տակ է գտնվում, սիրիական զորքին հաջողվում է առաջընթաց ապահովել:

 

27720836_1667453846652293_1277200272_n 27783865_1667449196652758_1817597513_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձախում՝ Սիրիայում տարբեր ուժերի դասավորությունը՝ 2-3 տարի առաջ,           աջում՝ նույնը՝ մոտ 3 ամիս առաջ

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ

Քրդական պետականություն ստեղծելու ամերիկյան ծրագրերը Թուրքիան փորձեց ծառայեցնել իր շահերին՝ ձգտելով իրականացնել տարածաշրջանային գերտերություն դառնալու երազանքը:

 

«Էրդողանը մինչ Սիրիայի ներքին պատերազմը Բաշար Ասադի մասին խոսելիս ասում էր՝ իմ եղբայր Ասադը, հենց որ Սիրիայում պատերազմը սկսվեց, ասաց՝ Ասադը մարդասպան է, հազար ու մի անուն կպցրեց՝ բռնապետ և այլն»,-կարևորում է թուրքագետ Չաքրյանը՝ դրանով ցույց տալով Էրդողանի դիտավորությունները:

 

Թուրքագետը Աֆրինի գործողության զարգացումներում հետաքրքիր շրջադարձեր է արձանագրել, ինչպես, օրինակ, ռուս զինվորականների կողմից տարածքն ազատելը:

 

Հաջորդ օրը զարմանքով նկատեցի, որ ռուս զինվորականները դուրս են եկել, և թուրքերը շարժվել են Աֆրին

 

«Նախքան Աֆրինի վրա Թուքրիայի հարձակումը Սիրիան հայտարարել էր, որ եթե թուրքական օդուժը խախտի մեր սահմանը, մենք կխփենք ինքնաթիռները, այնտեղ կար նաև ռուսական զորք, ռուսները Աֆրինի հետ համագործակցում էին, և ռուսական դրոշ էր էր ծածանվում, քանի որ կայազոր էր տեղակայված: Հաջորդ օրը զարմանքով նկատեցի, որ ռուս զինվորականները դուրս են եկել, և թուրքերը շարժվել են Աֆրին: Այն ինչո՞վ է հետաքրքրական, քանի որ թուրքերը շարժվել են Եփրատի կողմով, Աֆրինը Թուրքիայի սահմանին կպած այնտեղ է կորիդորը, որը ձգվում է Իրաքի Քրդստանի շրջանից մինչև Եփրատ, կարող են շարունակվել  դեպի Միջերկրական»:

 

Սիրիան որքանո՞վ է պատրաստ պաշտպանել օդուժը թուրքական հարձակումներից. Արտգործնախարևարը վստահություն էր արտահայտել այս հարցում, ավելին, հակաօդային պաշտպանության համակարգեր էր տեղադրել սահմանին, ինչը ևս արվել է ռուսական կողմի ցանկությամբ, չի կասկածում թուրքագետը: Ասում է.

 

Ռուսներն իրականում Անկարային չեն վստահում

 

«Ռուսներն են համոզել, Սիրիան չէ, նրանք պետք է հարվածեին: Բայց քանի որ Թուրքիա ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները սրվում են, ռուսներն էլ ըստ երևույթին չեն ուզում հակաթուրքական գործողությունների դիմել:  Ռուսներն իրականում Անկարային չեն վստահում, զերծ են մնում հայտարարությունից, բայց չեն վստահում»:

 

ՄԻՆՉԵՎ ՄԵՆԲԻՉ

Ամերիկյան կողմից ևս վախ ու անհանգստություն ունի Թուրքիան, բայց դեռևս շարունակում է գործել ու մտադիր է հասնել մինչև Մենբիչ հասնել:

 

Ըստ երևույթին Աֆրինից հետո ծրագրում են Մենբիչի վրա հարձակվել

 

«Հարց ծագեց, որ Իդլիբի վրա հարձակվի Ասադը, ինքնէ էլ Աֆրինը քրդերից ազատի, բայց ամերիկացիներից էր վախենում. Նրանք դեմ են, անընդհատ հարցնում են, թե երբ եք ավարտելու այդ գործողությունը, իրենք էլ ասում են՝ քրդերին եթե դուրս հանեք, կդադարեցնենք: Ըստ երևույթին Աֆրինից հետո ծրագրում են Մենբիչի վրա հարձակվել: Ամերիկացիները թույլ կտան, թե ոչ, դա էլ կասկածելի է, որովհետև ամերիկյան դրոշը Մենբիչում տատանվում է»,-նշում է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողը:

 

Բայց Աֆրինին դեռևս 8 կմ են մոտեցել, գործողությունները չեն ավարտել, ինչն այդքան դյուրին չէ: Չեն կարող մտնել քաղաք, որտեղ քրդական ահաբեկիչներ են, իսկ նրանց դեմ բանակի հաջողությունը երաշխավորված չէ: