Home / Canadahye  / Կանադահայ երաժիշտ, դաշնակահարուհի Արաքսի Ալթունյանը, ով Սփյուռքում հայ դասական արվեստ է տարածում և ցավում է, որ բնավ իր տանը չի եղել

Կանադահայ երաժիշտ, դաշնակահարուհի Արաքսի Ալթունյանը, ով Սփյուռքում հայ դասական արվեստ է տարածում և ցավում է, որ բնավ իր տանը չի եղել

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _Կոմիտասի ծննդյան 125-ամյակին նվիրված դասախոսությունը, որ տարիներ առաջ անցկացրեց կանադահայ երաժիշտ, դաշնակահարուհի Արաքսի Ալթունյանը, առաջինն էր, բայց ոչ միակը. Արվեստագետը բազմիցս կազմակերպել է համերգներ ու դասախոսություններ, որոնց միջոցով մի կարևոր ուղերձ էր փորձում հղել բոլորին. Հայ ազգը «պարզ մուրացկան ազգ մը չէ, այլ մենք ալ միջազգային մշակույթին զորավիգ կանգնող ազգ մըն ենք»:

 

Կոմիտասի նշած «մուրացկան» որակումն այսօր արդեն հայ ժողովրդին բնորոշող հատկանիշներից չէ, վստահ է Ալթունյանը. Փոխվել է ոչ միայն ժամանակաշրջանը, այլև վերաբերմունքը մեծ արվեստագետներ տված ազգի նկատմամբ:

 

Արվեստով ինչպես կրնանք ցույց տալ, որ մենք ալ հառաջացած ազգ մըն ենք, միայն մուրացկան ազգ չենք

 

«Հիմա այլևս չեմ կարծեր, թե մեզի կնկատեն իբր մուրացկան ազգ, բայց Կոմիտասը այդպես գրած է, որովհետև իր շրջանին արևմտահայերը շատ վատ վիճակի մեջ կգտնվեին ու Եվրոպային կխնդրեին, որ օգնեին: Այդ շրջանին Կոմիտասը շատ լավ գիտակցած էր հայ ժողովրդի վիճակը և կըսեր, թե արվեստով ինչպես կրնանք ցույց տալ, որ մենք ալ հառաջացած ազգ մըն ենք, միայն մուրացկան ազգ չենք»,-պարզաբանում է Ալթունյանը:

 

Հայ մշակույթի վաստակաշատ ներկայացուցիչներից է նաև Ալթունյանը, ով, ծնված լինելով Լիբանանում և 6 տարի Փարիզում ուսանելուց հետո, 1992թ-ին տեղափոխվում է Կանադա, որտեղ և շարունակում է իր ստեղծագործական ուղին: Ավելի քան 30 տարիների ընթացքում պրոֆեսիոնալ երաժիշտը անցկացրել է դասախոսություններ, ստեղծագործել է, եղել բազմաթիվ փառատոնների ժյուրիների կազմում, նախագահել դրանք, 2003թ-ից Մարկհեմի երաժշտական փառատոնի տնօրենն է: Նա նաև տարբեր պարբերականներում ժամանակ առ ժամանակ անդրադառնում է հայ երաժշտագիտության դերին ու նշանակությանը, իսկ որ ամենակարևորն է, իր գիտելիքներն է փոխանցում պատանի սերնդին, այդ թվում նաև ապագա հայ երաժիշտներին, որոնց բացահայտման ու նոր ուղի հարթելու գործում մեծ ներդրում է ունի:

 

ԼԻԲԱՆԱՆԸ ՓՈԽՎԵԼ ԷՐ

Արամ Խաչատրյան, Պողոս Ջալալյան և այլն. Աշխարհահռչակ ու ժամանակակից հայ երաժիշտների արվեստի լեզուն նա հասանելի է դարձնում աշխարհին. Պողոս Ջալալյանի մասին շատ է պատմում, հենց նրան է նվիրված եղել իր դոկտորական թեզը: Երբ Փարիզում ուսանելուց հետո վերադառնում է Բեյրութ, պատերազմական իրավիճակն արդեն հանդարտված է լինում, փոխվել էին հանգամանքներն ու մարդիկ, իր ճանաչած քաղաքն այլևս նույնը չէր: Պատմում է.

 

Իրենք տարօրինակ կգտնեին, որ ես պատանի տարիքիս չէի ամուսնացած, ընտանիք չեմ կազմած և դաշնամուր կնվագեմ

 

«Երբ Փարիզեն Լիբանան վերադարձա, շատ ցնցվեցա, որովհետև այդ զարգացած տարրը երկիրը ձգած-հեռացած էր, իսկ Լիբանանի հարավեն գաղթական գյուղացիներ եկած և քաղաքը լցված էին, որևէ ձևով չէի կրնար հետերնին հաղորդակցվիլ: Իրենք տարօրինակ կգտնեին, որ ես պատանի տարիքիս չէի ամուսնացած, ընտանիք չեմ կազմած և դաշնամուր կնվագեմ: Շատ օտար զգացի իմ քաղաքիս մեջ, ադոր համար գնացի համալսարան և երաժշտագիտություն ուսանեցա: Վերջը ադ պատճառ դարձավ, որ Պողոս Ջալալյանի հետ ծանոթանամ, իր հետ թեզս ընեմ և այդ գոհունակությունը ունեցա, որ հայ երաժիշտի մասին աշխատանք արի»:

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԸ

Ջալալյանի հետ կապված հիշողությունը որպես երջանիկ տարիներից մի դրվագ է մնացել, ծննդավայրից բաժանվելու ցավը կար, իսկ Կանադայում, որտեղ արդեն հարազատներն էին հաստատվել, պետք էր նոր կյանք սկսել:

 

Երբ որ պատերազմի երկրե կու գաք, շատ արդյունք չկա ցուցցնելիք, որովհետև ժամանակի մեծ մասը գետնահարկի մեջ անցուցած ենք

 

«Տարբեր երկիր է, մշակույթը տարբեր է, անշուշտ վարժվիլը դժվար է: Շատ փոքր չէի, երբ որ փոքր տարիքում կտեղափոխվիս նոր երկիր, հոն կուսանիս, շատ ավելի դյուրին է կապեր հաստատելը: Երբ որ տարիքով մեծ ես, արվեստի մեջ այդ մարդիկ կուզեն աճ տեսնել: Երբ որ պատերազմի երկրե կու գաք, շատ արդյունք չկա ցուցցնելիք, որովհետև ժամանակի մեծ մասը գետնահարկի մեջ անցուցած ենք, բայց պատերազմը մեզի սորվեցուց մեր շուրջը եղածով գոհանալ և ամեն փոքր ունեցածը լավագույնը գործածել»,-ներկայացնում է օրիորդ Ալթունյանը:

 

Անկախ այս ամենից շատ ժամանակ չի պահանջվում նոր միջավայրում հաստատվելու համար, նոր հարաբերություններ են հաստատվում, հայ երաժիշտներին նվիրված համերգ է կազմակերպում, այնուհետև սկսում դասավանդել:

 

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հատկապես խորն են կապերը հայ համայնքի հետ, կարևորում է հայկական կազմակերպությունների կատարած դերը հայկականը պահպանելու գործում, օրինակ է բերում ՀԲԸՄ-ի կողմից անցկացվող, այսպես կոչված «Տաղանդների շոու»-ն, որը հնարավորություն է տալիս տաղանդավոր հայ պատանիներին հայտնաբերել:

 

Երիտասարդներ կան, որ կսիրեն երգել, նվագել, կան ուրիշներ ալ, որ ոչ լեզուն գիտեն, ոչ էլ երաժշտությունեն կհասկնան

 

«Առիթ կու տա մեզի, որ ապագա տաղանդները նկատենք, որովհետև այդ բազմաթիվ երեխաների մեջ մեկ-երկուսն է, որ իսկապես տաղանդավոր է: Ունինք մի քանի խոստումնալից պատանիներ, որոնք կհառաջանան, ունինք նաև պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնք կանադական շրջանակներու մեջ շատ սիրված են: Կարելին կընենք, որ ձուլումը հետաձգենք, երիտասարդներ կան, որ կսիրեն երգել, նվագել, կան ուրիշներ ալ, որ ո՛չ լեզուն գիտեն, ո՛չ էլ երաժշտությունեն կհասկնան»,-նշում է դաշնակահարը:

 

ՌԱԲԻԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բոլոր ջանքերը ներդնում են, որպեսզի ոչ միայն տաղանդավոր երեխաներին բացահայտեն, այլև հայ հասարակությանը կրթեն: Անկախ դրանցից, դասական համերգները նույն ժողովրդականությունը չեն վայելում Կանադայում կամ ԱՄՆ-ում, որքան, այսպես կոչված, «ռաբիզ» երգիչների ելույթները: Ինչո՞վ է սա պայմանավորված. Արդյո՞ք միայն համայնքի, թե՞ բոլոր ազգերի խնդիրն է դա, երաժիշտը նշում է.

 

Այսօր ունինք հոսանք մը, որ քիչ մը փոփ, քիչ մը դասականն է, որ այդ վատ երաժշտության հետևողներուն մեջ հետաքրքրություն առաջանա դասական երաժշտության հանդեպ

 

«Չեմ կարծեր, որ հայերը բացառություն են, ամեն տեղ ալ էդպես է. Քիչ են այն անձինք, որ դասական երաժշտության կհետևին: Այսօր ունինք հոսանք մը, որ քիչ մը փոփ, քիչ մը դասականն է, որ այդ վատ երաժշտության հետևողներուն մեջ հետաքրքրություն առաջանա դասական երաժշտության հանդեպ: Եվրոպայի մեջ ունինք Արամ Ալիքյան՝ ջութակահար, որ շատ օրիգինալ ձևով բեմ կբարձրանա և մինչև 12000 հոգի համերգներու կու գան, կնվագե դասական ռեպերտուար, միաժամանակ կպարե»:

 

Արվեստագետը, որպեսզի հաջողություն ունենա, պետք է գնահատված լինի իր երկրում, այնինչ Հայաստանում նույն այդ «ռաբիզ» երգիչներին կոչումներ են շնորհվում, իսկ իրական արվեստագետն իրեն գնահատված չի զգում, այս մասին ավելի քան 30 տարվա փորձ ունեցող արվեստագետն ասում է. «Անշուշտ ցավալի է գիտնալը, որ դասականը չի գնահատվի, ընդհակառակը, կարևոր է, որ կառավարությունը գնահատե, իր ժողովուրդի արվեստը ի ցույց դնե աշխարհին»:

 

ՏԱՆՍ ՄԵՋ ՉԵՄ ԵՂԱԾ

Իր ճանապարհը բոլորովին այլ կլիներ, եթե ժամանակին ոչ թե Կանադա, այլ, օրինակ, Հայաստանում հաստատվեր, բայց այսօր առիթ չի ունեցել լինել հայրենիքում, երբեմն մտածում է՝ ավելի լավ չէ՞ր լինի հայրենիքում ապրեր, հարազատ միջավայրում, բայց դա միայն երազ է մնում: Ամեն երկիր ունի իր առավելություններն ու թերությունները,  հայրենիքում ապրելու առավելությունները քիչ չէին լինի:

 

Ես որևէ երկրի մեջ չեմ զգար, որ իմ տունս է, կզգամ, որ հյուր եմ

 

«Հայերու հետ ըլլալը, բոլորը ինծի պես հայ ըլլալը, մարդկային հարաբերության տաքությունը, որ կա, որ չենք գտնե արևմտյան երկիրներու մեջ, հետո գիտնան, որ մեր հողն է: Ես որևէ երկրի մեջ չեմ զգար, որ իմ տունս է, կզգամ, որ հյուր եմ: Կրնան այդ երկիրները շատ հյուրասեր ըլլալ, բայց ես ուր ալ երթամ, օտար կըլլամ, բնավ իմ տանս մեջ չեմ եղած»,-ցավով եզրափակում է կանադահայ արվեստագետը: