Home / Armenia  / Ստարտափները կամ նորարարությունները Հայաստանում այլևս նորություն չեն. «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի Repat Start Up Mentorship ծրագիրը

Ստարտափները կամ նորարարությունները Հայաստանում այլևս նորություն չեն. «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի Repat Start Up Mentorship ծրագիրը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կողմից մեկնարկած Repat Start Up Mentorship ծրագիրը նման խնդիրների առջև կանգնած գործարարներին աջակցելու նպատակ ունի: Բոլոր այն նորարարներն, ովքեր պատրաստ են իրականացնելու Հայաստանի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ, կարող են մինչև մարտի 1-ը դիմել ծրագրին և նախաձեռնություն իրականացնելու հնարավորություն ստանալ: Դիմորդ կարող են դառնալ այն անձինք, ովքեր բնակվում են արտերկրում կամ նրանք, ում ՀՀում գտնվելու ժամանակը չի գերազանցում 3 տարին։ Իսկ ծրագիրը հաստատվելու դեպքում պարտավորվում են գոնե դրա իրականացման ընթացքում՝ մեկ տարում տեղափոխվել ու բնակվել Հայաստանում:

 

Ծրագրի մենեջեր Տաթևիկ Բաբայանը, ով երեքուկես տարի առաջ է ԱՄՆ-ից տեղափոխվել Հայաստան, ներկայացնում է այն հնարավորությունները, որը կարող է տալ ծրագիրը: Ասում է.

 

Հեշտ չէ սկսնակի համար հաստատել այսպիսի կապեր և ստանալ անմիջական աջակցություն

 

«Ունենալ հնարավորություն կողք կողքի աշխատելու արդեն ոլորտում փորձառու և բանիմաց մենթորի հետ, ինչպիսին է Repat Start Up Mentorship ծրագրի յուրաքանչյուր մենթորը, սկսնակ նորարարի համար պարզապես անփոխարինելի մասնագիտական աջակցություն է։ Համեմատելով Ամերիկայում ունեցած իմ փորձի հետ՝ կարող եմ հստակ ասել, որ հեշտ չէ սկսնակի համար հաստատել այսպիսի կապեր և ստանալ անմիջական աջակցություն»:

 

Այս ստարտափը յուրաքանչյուր ընտրված նորարարի հնարավորություն կտա աշխատել մենթորի հետ, ունենալ գրասենյակային տարածք, ժամանակին ստանալ համապատասխան տեղեկատվություն, աջակցություն բոլոր հարցերում, բացի ֆինանսականից: Ծրագրի շրջանակներում մասնակիցը կարող է ստանալ իրավական և տեղեկատվական աջակցություն, մասնավորապես՝ Հայաստանում նոր բիզնեսի գրանցման, ինչպես նաև վիզա/անձնագիր ստանալու հարցերում։ Մասնակիցներին տրամադրվում է նաև մարքեթինգ և PR աջակցություն, ինչպես նաև Սփյուռքի և Հայաստանի փորձառու ու առաջատար մասնագետների հետ շփման և ծրագրի ավարտին հնարավոր ներդրումների տեսքով։

 

Ծրագրին դիմողներ արդեն կան. 3-ը Եվրոպական երկրներից, մյուսները՝ անձինք են, ովքեր արդեն Հայաստանում են: Թե ինչ նորարական գաղափարներով հանդես կգան, մենեջերը չի բացում փակագծերը, դրանք հեղինակային գաղափարներ են, սակայն մեկն առավել հետաքրքիր է, որի մասին ոչ մանրամասն, բայց ներկայացրեց:

 

ԱՌԱՆՑ ԲԻԶՆԵՍ-ԲԱՂԱԴՐԻՉԻ

Այն հասարակական բնույթի է, նպաստում է երկրի բարելավմանը և ներդրողի համար եկամուտ չի ապահովում, այսինքն՝ բացակայում է բիզնես-բաղադրիչը: Պարտադիր չէ, որ նախաձեռնությունը գործարարության տարր պարունակի իր մեջ, կարևորն այն է, որ այն ուղղված լինի Հայաստանի զարգացմանը:

 

 

Չենք կարող մերժել այն պատճառով, որ բիզնես չէ, բայց շատ հետաքրքիր պրոեկտ է, քանի որ հետագայում դոնորներ կունենա

 

 «Կարող է սոցիալական լինի, կարող է հասարակական պրոեկտ լինի, ուղղակի պրոեկտ, որը բարելավում է Հայաստանը, այսինքն՝  չենք կարող մերժել այն պատճառով, որ բիզնես չէ, բայց շատ հետաքրքիր պրոեկտ է, քանի որ հետագայում դոնորներ կունենա:  Նախաձեռնությունները կարող են կրել և՛ բիզնես, և՛ սոցիալական բնույթ, այսինքն՝ գործունեության ոլորտի սահմանափակում դիմորդի առջև չի դրվում»,-վստահեցնում է ծրագրի մենեջերը:

 

ՈՐՏԵ՞Ղ Է ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Անասնապահակն ֆերմաների ստեղծում, տուրիզմի զարգացում, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի և նմանատիպ այլ ծրագրեր. Ինչո՞վ է, օրինակ, անասնապահական ֆերմայի զարգացման ծրագիրը լինելու նորարարություն մի երկրում, որտեղ արդեն բազմաթիվ նման ֆերմաներ կան, ի՞նչ նորարարություն է ներմուծելու մասնակիցը. Դա ևս կարևոր, բայց ոչ պարտադիր պայման է ծրագրին մասնակցելու համար, վստահեցնում է ծրագրի ներկայացուցիչը:

 

«Վերադարձ Հայաստան հիմնադրամն արդեն 5 տարի աշխատելով հայրենադարձների հետ, կարող է ասել, որ երկրում ոլորտային բազմաթիվ նորարար գաղափարների նախաձեռնություններով հանդես եկած հայրենադարձների թիվը զգալի է, ինչն էլ հիմք տվեց այս ծրագրի գաղափարին ու իրագործմանը։ Ընտրվելու են այն դիմորդներն, ում գաղափարներն իրենց հետ տվյալ ոլորտ նորարար լուծումներ կբերեն»,-ասում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի անդամը:

 

ԿԱՆԱԴԱՅԻ ՖՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Կանադայից ծրագրին դիմողներ առայժմ չկան, սակայն ծրագիրը հաջորդ փուլեր ևս կունենա, իսկ մինչ այդ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի մասնագետները մտադիր են այս երկրում ֆորում անցկացնել, որից հետո, վստահ են, ծրագրով հետաքրքրվողներ կլինեն նաև Հյուսիսային Ամերիկայից: Խոսքը Imagine Armenia ֆորումների մասին է, որոնց մասնակցում են հաջողության հասած հայրենադարձները: Տաթևիկ Բաբայանը մանրամասնում է.

 

«16 Imagine Armenia ֆորումներ անցկացվել են սփյուռքյան հայաշատ համայնքներում, մոտ ապագայում անցկացվելու է նաև Լոնդոնում և Կանադայի երկու քաղաքաներում՝ Տորոնտոյում և Մոնրեալում»:

 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ

Այսօր արդեն Հայաստանում ստարտափերը լայն տարածում ունեն ու ծրագրերը նոր գաղափարների մեջ իրագործելը քչերին կարող է զարմացնել, ավելին, հենց հայաստանցիներն ու նույնիսկ գյուղաբնակներն իրենք են զարկ տալիս նոր ուղղություններին, համոզվել է հայաստանաբնակ ամերիկահայը, օրինակ է բերում.

 

Մնացել էինք զարմացած, թե ինչ ճկունությամբ են աշխատում

 

«Ինձ թվում է՝ չեն զարմանում, այլ ոգևորվում են, փորձում են օգնել: Վերջին անգամ գնացել էինք Բերքաբեր, ու այնտեղ էլ են մարդիկ ստարտափներով զբաղվում, կան մարդիկ, որ չիր են սարքում, ձուկն են մշակում, տարբեր աշխատանքներ կատարում, դա էլ է իրենց համար ստարտափ, ու սովորում են՝ ոնց անեն, որ վաճառեն, ու մնացել էինք զարմացած, թե ինչ ճկունությամբ են աշխատում»: