Home / Canadahye  / Պահպանողական կուսակցության պատասխան քա՞յլը, թե՞ ի սկզբանե որդեգրած մարտավարություն. Ինչո՞ւ է շեշտը դրվում գործող Լիբերալ կուսակցության ֆինանսական բացթողումների վրա

Պահպանողական կուսակցության պատասխան քա՞յլը, թե՞ ի սկզբանե որդեգրած մարտավարություն. Ինչո՞ւ է շեշտը դրվում գործող Լիբերալ կուսակցության ֆինանսական բացթողումների վրա

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Տորոնտո քաղաքի Սքարբորոու-Էջընկորթ ընտրատարածքում Պահպանողական կուսակցության կողմից առաջադրված հայազգի թեկնածու Արիս Պապիկյանն ընտրողների հետ իր վերջին հանդիպումներից մեկում հայտարարել էր. «Քեթլին Վիննին փորձագետներն զգուշացրել էին, որ աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացումը կհանգեցնի նրան, որ քաղաքացիներից շատերը կզրկվեն աշխատանքից, սակայն նա անտեսեց զգուշացումները քաղաքական նկատառումներից ելնելով: Արդյունքում հիմա մենք տեսնում ենք բազմաթիվ գործազուրկ երիտասարդներ»:

 

Լիբերալ կուսակցությունը՝ ի դեմս Քեթլին Վիննի ղեկավարում է Օնտարիո նահանգը արդեն մոտ 15 տարի: Վերջին տարում կառավարության կողմից տեղի ունեցած աշխատավարձերի բարձրացումը, ըստ վիճակագրական տվյալների, հանգեցրել էին աշխատատեղերի կրճատման: Եթե Լիբերալ կուսակցությունը քարոզարշավի ընթացքում շեշտը դնում է ժամավճարների բարձրացման վրա, ապա մրցակից պահպանողականները այն համարում են աշխատատեղերի կրճատման պատճառ:

 

ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ

Բացի դրանից Պահպանողական կուսակցությունը շեշտադրում է գործող իշխանության կողմից կատարված անհարկի ծախսերն ու բյուջեի մսխումները: Մրցակցի թերություններն ու  ֆինանսական բացթողումները ՝ որպես գործիք օգտագործելը արդյո՞ք նոր մարտավարություն է պահպանողականների կողմից, որ որդեգրել են վերջերս իրենց նախկին կուսակցապետ Պատրիկ Բրաունի հետ տեղի ունեցած սկանդալից հետո, թե՞ ի սկզբանե իրենց ծրագրի մաս էր կազմում դա:

 

Քաղաքական ուժերից յուրաքանչյուրի անվան շուրջ պտտվող խոսակցությունները ինչպե՞ս կանդրադառնան նրանց վարկանիշի վրա, և ի վերջո ո՞ւմ է ցանկանում տեսնել հասարակությունը. Այս հարցերի շուրջ Noranor.ca-ի զրուցակիցը Արիս Պապիկյանն է:

 

Դեռևս հոկտեմբերին է կուսակցությունը կազմել իր քարոզարշավի ծրագիրն ու ներկայացրել հանրությանը. Դրանում այն նույն կետերն են ներառված, որոնց շուրջ այսօր քաղաքական ուժը ներկայացնող գործիչները տանում են իրենց քարոզարշավը, վստահեցնում է Արիս Պապիկյանը, հետևաբար կուսակցության ներսում տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել գաղափարական գծի վրա: Մանրամասնում է.

 

Հակառակ անոր, որ ղեկավարի փոփոխություն պիտի ունենանք, այդ փոփոխությունը պիտի ազդեցություն չունենա մեր մարտավարության վրա

 

«Նույն քարոզը մենք կիրարկած էինք անցյալին, մենք հոկտեմբերի մեջ մեր պլատֆորմը հրատարակեցինք, այնքան դրական ծրագիրներ մշակեցինք այս մսխումներու առաջը առնելու համար: Ժողովուրդը անդրադարձավ մեր պլատֆորմին ու լիբերալներու որդեգրած քաղաքականության, ժողովուրդը դրական ձևով անդրադարձավ մեր ծրագրին: Մենք նույն ձևով կշարունակենք, և հակառակ անոր, որ ղեկավարի փոփոխություն պիտի ունենանք, այդ փոփոխությունը պիտի ազդեցություն չունենա մեր մարտավարության վրա»:

 

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Իսկ որ աշխատավարձերի կտրուկ բարձրացումն ու զուգահեռ էլեկտրաէներգիայի թանկացումը իրական ազդեցություն են ունեցել տնտեսական վիճակի վրա, անդրադարձել և՛ աշխատողների, և՛ գործատուների վրա, սրանում Պահպանողական կուսակցության ներկայացուցիչը վստահ է: Ասում է՝ անձամբ իրեն են գործարարները ներկայացրել խնդիրները, որոնք մտահոգության տեղիք են տվել:

 

Աս ալ ուրիշ տեսակի ձախավեր որոշում էր, որ առավ լիբերալ կառավարությունը, ավերներ գործեց

 

«Գործատերերը կըսեն, որ Արի՛ս, կա՛մ ստիպված պիտի ըլլանք մեր աշխատուժը նվազեցնել, և գործերը, որ 50 հոգի կընեին, պիտի 20 հոգին դուրս հանեմ, 30-ի վրա բեռցնեմ աշխատանքը, կա՛մ դադարեցնենք գործը. Մարդիկ դուրս մնացին աշխատանքից, իսկ անոնք, որ մնացին, վճարը ավելացավ, բայց հետևանքը անոնք ալ քաշեցին. Աս ալ ուրիշ տեսակի ձախավեր որոշում էր, որ առավ լիբերալ կառավարությունը, ավերներ գործեց»,-քննադատում է գործող ղեկավարությանը թեկնածուն:

 

Նախկինում, երբ աշխատավարձերի բարձրացման հարց էր առաջանում, կառավարությունը նման ժրաջանություն չէր ցուցաբերում, բայց քաղաքական նպատակները ստիպեցին գնալ այդ քայլին, վստահ է Պապիկյանը:

 

Մարդիկ կան, որ ստիպված եղան ընտրություն ընել՝ իրենց զավակներու սնո՞ւնդը ապահովեն, թե՞ էլեկտրականությունը վճարեն. երկընտրանքի առջև կանգնեցին

 

Նա հավաստիացնում է, որ գործատուները ծախսերի մեջ տեղավորվելու համար զգալի կրճատումների են գնացել: Մյուս կողմից էլ էլեկտրաէներգիայի ծախսերն են աճել. «Առաջ, օրինակ, էլեկտրականությունը բոլորովին պետության ձեռքն էր, 53 տոկոսը ծախեց, անշուշտ անոնք ցույց տվեցին, որ իրենց համար շահն է կարևորը, ոչ թե ժողովուրդի կարիքները, որ սկսան կրկնապատիկ ու եռապատիկ վճարել: Մարդիկ կան, որ ստիպված եղան ընտրություն ընել՝ իրենց զավակներու սնո՞ւնդը ապահովեն, թե՞ էլեկտրականությունը վճարեն. երկընտրանքի առջև կանգնեցին»,-այսպես է նկարագրում թեկնածուն իրավիճակը:

ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ ՇԱՀԱՐԿՈՒՄ

Նա հավաստիացնում է, թե ոմանք այս պատճառով մտադիր են տեղափոխել իրենց բիզնեսը ԱՄՆ, որտեղ էլեկտրաէներգիայի վճարները բավական ցածր են: Այս ամենի պատճառով վստահության անկում է տեղի ունեցել հասարակության շրջանում, հավատացնում է Պահպանողական կուսակցության ներկայացուցիչը:

 

Օրինակ է բերում վերջին սոցիոլոգիական հարցումները, որոնք իրենց օգտին են խոսում անգամ Պատրիկ Բրաունի անվան շուրջ ծագած սկանդալից հետո, այնինչ մրցակիցները թերևս հենց այս հանգամանքն էլ շահարկում են իրենց վարկանիշը բարձրացնելու համար. Որ Բրաունի հետ կատարվածը նաև լիբերալների գլխավոր խաղաթուղթն է դարձել, չի հերքում նաև Պապիկյանը:

 

Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, ապա Պահպանողականների կողմից թերություն որակվող կառավարության քայլերը նրանք բարձրաձայնում են՝ որպես առավելություն:

 

Միշտ իրենց երեսփոխանները ընտրապայքարի թերթիկներու մեջ կշեշտեն, որ աշխատավճարները ավելցուցինք, ձրի դեղեր կու տանք, կփորձեն շահագործել, կփորձեն կենտրոնացնել այս երկու հարցերուն շուրջ

 

«Այսօր այնքան սկանդալներ եղան, այնքան շահագործում կար, այնքան մսխում կար, որ Օնտարիոյի ժողովուրդը չի հավատար այլևս իրենց խոստումներուն, և ամենամեծ փաստը ցույց կու տան իրենց քվերակությունները. Հակառակ ադ խոստումներին, 26 տոկոսեն ավելի չկրցավ հավաքել: Միշտ իրենց երեսփոխանները ընտրապայքարի թերթիկներու մեջ կշեշտեն, որ աշխատավճարները ավելցուցինք, ձրի դեղեր կու տանք: Կփորձեն շահագործել, կփորձեն կենտրոնացնել այս երկու հարցերուն շուրջ, հակառակ այդ բոլորին  տակավին ժողովուրդը թերահավատ է իրենց խոստումններու հանդեպ»,-շեշտում է Սքարբորոու-Էջընկորթ ընտրատարածքի Պահպանողական կուսակցության թեկնածուն: