Home / Armenia  / Հայաստանից ԱՄՆ մեկնողների չնչին թի՞վ. Ընթացող միգրացիոն փոփոխությունների ազդեցությունը Հայաստանից արտագաղթի ծավալների վրա

Հայաստանից ԱՄՆ մեկնողների չնչին թի՞վ. Ընթացող միգրացիոն փոփոխությունների ազդեցությունը Հայաստանից արտագաղթի ծավալների վրա

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ 23-ամյա Տաթևը տնտեսագետի մասնագիտություն է ստացել. Որքան էլ սիրով է ընտրել մասնագիտությունը, չի կարողացել աշխատանք գտնել, այժմ պետական կազմակերպություններից մեկում գործավարուհի է: Գոհ է, որ գոնե աշխատանք ունի, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե կարողանար իր սիրած գործով զբաղվել:

 

Դժվարություններ կան, բայց երիտասարդ աղջիկն ավելի մեծ հնարավորություններ է տեսնում արտերկրում, կցանկանար ԱՄՆ մեկնել: Հիմա արդեն մտածում է՝ իր այս ցանկությունը դժվարիրագործելի է դարձել, երբ ԱՄՆ նախագահը խստացրել է միգրացիոն քաղաքականությունը, գործառնությունից հանում է, այսպես կոչված, «Գրին քարտ»-ը:

 

«Մի կողմից կցանկանայի հնարավորությունը մեծ լիներ, մյուս կողմից էլ՝ մտածում եմ, որ շատ ճիշտ է անում, որքան պատահական, անգրագետ խավ կա, Ամերիկա է գնացել, Լոս Անջելես հատկապես»,-ասում է Տաթևը:

 

Նշենք,  որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա: «Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց»,-ասել էր նա և հայտարարել նոր՝ RAISE, թարգմանաբար՝ ՎԵՐԵԼՔ կոչվող օրինագծի աջակցության մասին, որն արմատական բարեփոխումների է ենթարկելու ներկա ներգաղթային քաղաքականությունը.

 

«Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող եւ մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ

 

«Մեր ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող եւ մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»,-ասել էր նախագահը:

 

ԿՆՊԱՍՏԵ՞Ն ԱՐՏԱԳԱՂԹԻ ՆՎԱԶՄԱՆԸ

1990-ականներից սկսած Ամերիկայի հայ համայնքը համալրվել է հազարավոր հայաստանցի քաղաքացիներով, նրանք մեծապես օգտվում են «Գրին քարտ»-ի հնարավորություններից: Այսօր, երբ փոփոխություններ են տեղի ունենում, ինչպես դրանք կանդրադառնան հայերի արտագաղթի վրա, արդյո՞ք կնպաստեն միգրացիայի նվազմանը, թե, անկախ դրանից, արտագաղթելու մտադրություն ունեցող քաղաքացին ճանապարհ կգտնի կամ ԱՄՆ-ի փոխարեն կընտրի մեկ այլ երկիր, օրինակ՝ Կանադան:

 

Լոս Անջելեուս բնակվող Գուրգեն Մխիթարյանը, ով «Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժման ներկայացուցիչն է ու աչքի է ընկնում ընդդիմադիր հայացքներով, նշում է, որ շատ լավ կլինի, եթե այդ փոփոխություններն ինչ-որ չափով նպաստեն արտագաղթի կանխմանը:

 

«Ինչո՞ւ պետք է լինի մի կառույց, որը կօգնի արտագաղթող հայերին»,-զարմանում է նա, երբ հետաքրքրվում ենք հայերի միգրացիայի հարցերով կառույցի գոյությամբ, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին ուղղված մեր հեռախոսազանգերն անարձագանք մնացին:

 

753380ՉՆՉԻՆ ԹԻՎ

ԱՄՆ արտագաղթողների թիվը ընդհանուր միգրացիոն հոսքերի մեջ չնչին է. Հստակ թվերով չէ, բայց իրավիճակը ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Իսկ թվեր չի նշում, որովհետև հստակ ուսումնասիրություն չկա, ուսումնասիրությունն էլ չկա, քանի որ բացակայում են ռեսուրսները:

 

Նույնիսկ ռեսուրսներ լինելու դեպքում չեմ կարծում, որ իմաստ ունի հետազոտություն անել

 

«Նույնիսկ ռեսուրսներ լինելու դեպքում չեմ կարծում, որ իմաստ ունի հետազոտություն անել: Համեմատած ընդհանուր միգրացիոն շրջանառության հետ, մանավանդ Ռուսաստանի հետ, շատ չնչին է շրջանառությունը: Եւրոպայի համեմատ էլ փոքր է, գնահատականների համաձայն եմ ասում, ռեգիստր չկա միգրանտների, չի էլ կարող լինել»,-նշում է Եգանյանը:

 

Տեսնել, թե մեկ տարի առաջվա փոփոխությունը ինչպես է անդրադարձել, դա հնարավոր է, բայց էական չէ

 

Եվ այդ չնչին հոսքերի մեջ իմաստ չունի գնահատել այդ գործոնի ազդեցությունը, վստահ է պետական ծառայության պետը: «Խիստ փոքրաթիվ է, և դրա վրա տեսնել, թե մեկ տարի առաջվա փոփոխությունը ինչպես է անդրադարձել, դա հնարավոր է, բայց էական չէ»,-կարծում է նա:

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿԱԱրմեն-Ղազարյան

Միգրացիայի մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, ԱՄՆ Թաֆթս համալսարանի շրջանավարտ Արմեն Ղազարյանը նշում է, որ առայժմ դեռ հստակ տվյալներ չկան, վերլուծություններ չեն արվել, սակայն չի կարծում, որ մեծապես ազդում են փոփոխությունները մեկնողների թվի ու տրամադրությունների վրա:

 

Միաժամանակ ընդունվել է որոշակի վիզաների դյուրացման կարգ ՀՀ քաղաքացիների համար, որ տրամադրվում են ավելի երկարաժամկետ վիզաներ

 

«Հայաստանից ԱՄն մեկնողների թվի մի մասը օգտվում են նաև «Գրին քարտ»-ի հնարավորությունից, հիմա դեռևս ընդունված չէ օրենքը, բայց կզրկվեն հնարավորությունից, բայց միաժամանակ ընդունվել է որոշակի վիզաների դյուրացման կարգ ՀՀ քաղաքացիների համար, որ տրամադրվում են ավելի երկարաժամկետ վիզաներ, դա էլ նպաստում է, ինչ-որ միանշանակ մեծ ազդեցություն Հայաստանից հոսքերի վրա չի ունենա»,-նշում է միգրացիայի մասնագետը:

 

Հիմա կրթված խավը կամ մասնագիտացվածներն ավելի մեծ հնարավորություն ունեն

 

Իսկ նոր պահանջները, որոնք կվերաբերեն գիտելիքների մակարդակի բարձրացմանը, ինչպե՞ս կարող են ազդել ցածր մակարդակ ունեցող միգրանտի վրա, վերջինս կհրաժարվի արտագաղթելու մտքից, թե՞ ստիպված կլինի ինքնակրթմամբ զբաղվել: «Հիմա կրթված խավը կամ մասնագիտացվածներն ավելի մեծ հնարավորություն ունեն, բայց իրենք առանց խստացման էլ ունեին հնարավորություն գնալու, մեծ ազդեցություն չի ունենալու, ինքնազարգացումն էլ կապված չի որևէ երկրի օրենսդրության հետ, էդ մարդիկ կամ ինքնազարգանում են, կամ ոչ»,-վստահ է ամերիկյան բուհի շրջանավարտը:

 

Իսկ որ քաղաքացին ԱՄՆ-ի փոխարեն մեկնի, ասենք, Կանադա, միգրացիայի մասնագետը իրատեսական չի համարում, Հայաստանից Կանադա մեկնողների մեծասնությունն այսօր սիրիահայերն են կազմում:

 

«Հայաստանից արտահոսքը հիմնականում սիրիահայերն են, ու դա պայմանավորված է նրանով, թե ինչ քաղաքականություն է մշակված սիրիայից փախստականների ընդունման հետ կապված, Հայաստանցիների արտագաղթով չի պայմանավորված»,-նշուք է քաղաքական գիտությունների թեկնածուն: