Home / Canadahye  / Վանկուվերահայ Կլարա Հակոբյանը երազում է, որ Հայաստանում ապրելը առավելություն լինի, ոչ թե զոհաբերություն

Վանկուվերահայ Կլարա Հակոբյանը երազում է, որ Հայաստանում ապրելը առավելություն լինի, ոչ թե զոհաբերություն

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Վանկուվեր (Նորանոր) _ 1973թ-ին, երբ 8-րդ դասարանցի Կլարա Հակոբյանը ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվեց Կանադայի Էդմոնտոն քաղաք, այստեղ ընդամենը 4 հայ ընտանիք էր ապրում, որից 3-ը անգլիախոս էր: Հայերենով հաղորդակցվելու հնարավորություն միայն ընտանիքում ունեին, բայց սա չխանգարեց նրանց հայ մնալ. 14-ամյա աղջկա համար նոր միջավայրի սովորություններին վարժվելը դժվար էր, դրանցից շատերն անընկալելի:

 

«Ինձ և քրոջս համար բավական դժվար էր. Նոր քաղաք, նոր միջավայր, նոր մթնոլորտ, այն ժամանակ ծխելը շատ էր, դպրոցից դուրս բոլոր աշակերտությունը ծխում էր, մեզ համար դա շատ խորթ էր, հետո այն ժամանակ մոդան ջինսեր էին, դա էլ էր շատ խորթ թվում, մենք մանժետներ էինք կրում, մեծացանք այդ մթնոլորտի մեջ»,-հիշում է տիկին Կլարան:

 

Այս ամենին հակադրվում էին ներքին զգացողությունները, որոնք Հայաստանից արմատացել էին իրենց մեջ, փոխանցվել դպրոցից՝  շնորհիվ նվիրյալ ուսուցիչների: Պատմում է. «Ես մտածում եմ, որ այդ ուսուցչական կազմը, որ ունեինք դպրոցում, այդ ներշնչումները, որ տվել են նրանք, առաջին անգամ Ծիծեռնակաբերդ բարձրանալը… Այդ բոլորը մեծ ազդեցություն են ունենում երիտասարդ հոգու վրա, նույնիսկ եթե 14 տարեկանում ես փոխադրվում, այդ բոլորը մնում են»:

 

Արդյունաբերական հնարավորություններ ունեցող Էդմոնտոնում հայ ընտանիքների թիվն ավելացավ, սակայն ամուսնությունից հետո տիկին Կլարան տեղափոխվեց Վանկուվեր, որն համեմատաբար ավելի հայաշատ էր, գաղութում եկեղեցիներ ու դպրոցներ կային:

 

Կլարա Հակոբյանը Հայ Օգնության Միության Վանկուվերի մասնաճյուղի խորհրդատուն է, նախկին ատենապետը, վանկուվերահայ համայնքի հայասեր ներկայացուցիչներից, ով գոնե իր ընտանիքում պահպանել է հայկական շունչը, զավակների մեջ ևս սերմանել սերը Հայաստանի նկատմամբ, ոչ միայն խոսքերով. Ամեն տարի Վահե և Կլարա Հակոբյանների զավակներն այցելում են Հայաստան ու Արցախ, իսկ իրենք Կանադայում ոսկերչական բիզնեսով են զբաղվում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀՅՈՒՐԵՐԸ

«Երբ Արցախում մի քանի տարի առաջ ընտրություններ էին, և կանադական կառավարությունից դիտորդական դերով որոշ անձեր մեկնելու էին Արցախ, այստեղից պետք ունեին մեկը, որ իրենց հետ գնար որպես առաջնորդ և թարգմանիչ: Իմ տղաս՝ Հակոբիկը, որ  22 տարեկան էր, մեկնեց և շատ հանգիստ էր, քանի որ ամեն տարի գնում էինք»,-պատմում է երկու զավակների մայրը:

 

Ինձ համար ամենահաճելին Երևանի փողոցներով քայլելն է

 

Մինչ օրս էլ նրանք գրեթե ամեն տարի այցելում են Հայաստան, միայն հարազատների ներկայությունը չէ, որ պարտավորեցնում է. «Կարծեմ հարազատներ չունենալը ավելի լավ է, որովհետև կարողանում ես անել այն, ինչ ուզում ես:  Ինձ համար ամենահաճելին Երևանի փողոցներով քայլելն է, իմ երեխաների համար էլ ամենալավն այն է, որ անեն այն, ինչ ուզում են, օրինակ գնալ Թումո և ինտերնետ-կաֆե նստել, իսկ երբ որ ազգականներ ունես, արդեն ստիպված ես որոշ ժամացուցակի ենթարկվելու, Հայաստանի հողի կանչն է»,-վստահ է վանկուվերահայ կինը:

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ

Իսկ ամեն տարի այն ավելի խորանում է, պատճառը այն առանձնահատկություններն են, որ ունի հայրենիքն այլ երկրների համեմատ: Դեպքեր են լինում, որոնք չեն ջնջվում տիկին Կլարայի հիշողությունից, օրինակ տպավորված է մնացել այն փաստից, որ ոստիկանները Հայաստանում ու Արցախում զենք չեն կրում: Օրինակներ է բերում.

 

Տիկի՛ն, մենք ներքին թշնամիներ չունենք, մեր բոլոր թշնամիները արտաքին են, մեր արտաքին զինվորները զենքի պետք ունեն

 

«Մենք վարժված ենք, որ այստեղ ոչ միայն իրենց վրա են զենք կրում, այլև մեքենայի մեջ էլ ավելի մեծ զենքեր ունեն: Իսկ Արցախի մեջ երբ ոստիկանին հարցրի, նա առանց երկար մտածելու ինձ պատասխանեց. «Տիկի՛ն, մենք ներքին թշնամիներ չունենք, մեր բոլոր թշնամիները արտաքին են, մեր արտաքին զինվորները զենքի պետք ունեն, ներքին զինվորությունը պետք չունի»: Իսկ Երևանում նույնը երբ հարցրեցի, տաքսիի մի վարորդ ասաց. «Եթե ինքն օգնություն պետք ունենա, ես չե՞մ կրնա իրեն օգնել»: Այս մտածողությունը, որ գոյություն ունի մեր հայրենիքում, աշխարհի որևէ տեղ գոյություն չունի»:

 

 

ՀԵՌՈՒ՝ ԱՆՀԱՃՈ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Իր անձնական դրական տպավորությունները ինչ-որ տեղ խամրում են, երբ Հայաստանից Վանկուվեր տեղափոխված սիրիահայերը դժգոհում են, բայց ականջին անհաճո այս խոսակցություններից փորձում է հեռու մնալ:

 

Նոր սիրիահայերից շատերը գալիս են Հայաստանից, լավ տրամադրված չեն գալիս, ընդունելությունը լավ չի եղել

 

«Նոր սիրիահայերից շատերը գալիս են Հայաստանից, լավ տրամադրված չեն գալիս, ընդունելությունը լավ չի եղել կամ այլ պատճառներով, ընդհանրապես հեռանում եմ այդպիսի խոսակցություններից, չեմ ուզում լսել: Բայց գաղութի մեջ կան հայաստանցիներ, ովքեր, երբ որ հասունացան երեխաները,  ուսումի հարցով ետ Հայաստան գնացին, որովհետև ուսումը ավելի նպաստավոր է»,-ասում է նա:

ԿՆՈՋ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես ինքն է բնութագրում, աշխարհի ամենամարդասիրական կանացի կազմակերպության՝ ՀՕՄ-ի Վանկուվերի մասնաճյուղի խորհրդատուն լավատեսությամբ է վերաբերում հայաստանյան լուրերին. Դրանցից ամենավերջինը՝ Երևանի քաղաքապետարանում կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու աղմկահարույց դեպքը չէր կարող լավատեսության նշույլ պարունակել, ասում է.

 

Կյանքի մեջ ամենավատ կռիվը, որ մեկը կարող է ունենալ,  կռիվ է մեկի հետ, որ ոչինչ չունի կորցնելու

 

«Տխուր իրողություն է, բայց ամենակարևոր մարդկային երևույթը հույսն է, եթե հույս չկա, ուրեմն առավոտը արթնանալու պատճառ չկա: Չարին փոխելը գրեթե անհնար է, բայց լավին ավելի լավ անելը ավելի հեշտ է: Կյանքի մեջ ամենավատ կռիվը, որ մեկը կարող է ունենալ,  կռիվ է մեկի հետ, որ ոչինչ չունի կորցնելու»:

 

Իսկ նրանք, ովքեր այդ քայլին են գնացել, ոչ թե կորցնելու բան չունեն, այլ գիտակցություն, թե ինչ են կորցնելու: Կորցնողն այս դեպքում հասարակությունն է, որը երբևէ չի կարող շահել նման գործելաոճ կիրառող իշխանությունից: Այս մտայնությամբ Կլարա Հակոբյանը, որքան էլ հայրենասեր զավակներ է մեծացրել, չէր ցանկանա, որ նրանք Հայաստանում ապրեին՝ դա համարելով զոհաբերություն:

 

Երազներից մեկն այն է, որ Հայաստանում ապրելը առավելություն լինի, ոչ թե զոհաբերություն

 

«Իմ երեխաները դեռ երիտասարդ են. 24-25 տարեկան են, անցյալ տարի երբ եկան Հայաստան-Արցախ, նույնիսկ Արցախում գնացել էին զինմաս այցելելու, այդ մակարդակի մեջ լավ են զգում հայրենիքում: Ես չեմ կարծում, որ Հայաստանը իրենց համար օտար տեղ լինի, ես իրենց տեսնում եմ Հայաստանում: Երազներից մեկն այն է, որ Հայաստանում ապրելը առավելություն լինի, ոչ թե զոհաբերություն»:

 

Սփյուռքյան կառույցները աջակցություն ցուցաբերում են, ՀՕՄ-ի վերջին ծրագիրը վիրավոր զինվորների համար բացված հիվանդանոցի կահավորումն է, որի համար Վանկուվերի մասնաճյուղը անկողնային պարագաների ձեռքբերման հարցով կօժանդակի:

 

Իսկ գաղութում հայապահպանման ուղղված կարևոր քայլը դպրոցի պահպանությունն է: Կլարա Հակոբյանը ցանկությունն ու նպատակն է, որ համայնքի համար նախադպրոցական խմբակ հիմնել, որը աստիճանաբար մեծանալով՝ կարող է հասնել ամենօրյա դպրոցի: