Home / Canadahye  / Մեծ քաղաքներում՝ նվիրաբերությունների աճի միտում, փոքր քաղաքներում՝ դժվարություններ. Կանադահայոց առաջնորդարանի տարեկան ընթրիքը կշարունակվի

Մեծ քաղաքներում՝ նվիրաբերությունների աճի միտում, փոքր քաղաքներում՝ դժվարություններ. Կանադահայոց առաջնորդարանի տարեկան ընթրիքը կշարունակվի

 

Մոնրեալ (Նորանոր) _ Կանադահայ Տեր և տիկին Հասերջյանների նվիրատվությունը առաջնորդարանին Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը դեռ երկար կհիշի. Նվիրաբերված քանդակը արժեքավոր էր ոչ միայն նյութապես, այլև իր նշանակությամբ. Այն գնահատելու արդյունքում էր, որ ի վերջո դարձավ հայ ժողովրդի երախտիքի խորհրդանիշ, թե ինչպես, Noranor.ca-ի հետ զրույցում մանրամասնում է թեմի առաջնորդը.

 

Մենք մեր կարգին նվիրեցինք Մոնրեալի քաղաքապետարանին, որ մեր 100-ամյակի ձեռնարկներուն զորավիգ էր եղած

 

«Տեր և Տիկին Հասերջյանները արվեստագետի մը գործը նվիրեցին առաջնորդարանին, որը 40 հզր-ի նվիրատվություն մըն էր, և մենք մեր կարգին նվիրեցինք Մոնրեալի քաղաքապետարանին, որ մեր 100-ամյակի ձեռնարկներուն զորավիգ էր եղած, որ տեղադրեն հանրային մեկ վայրին մեջ արտահայտելու համար հայության երախտիքը Կանադայի 150-ամյակի առիթով»:

 

Նվիրատվությունը կատարվել էր ի նպաստ Կանադահայոց առաջնորդարանի՝ կազմակերպված «Առաջնորդի ընթրիք»-ի շրջանակներում. Ընթրիքն անցած տարի առաջին անգամ էր անցկացվում, այս տարի ևս արդեն երկու քաղաքներում՝ Մոնրեալում ու Տորոնտոյում տեղի են ունեցել ճաշկերույթներ, այդպիսիք սպասվում են նաև Վանկուվերում ու Էդմոնտոնում:

 

Առաջնորդարանի հագեցած ծրագրե՞րը, թե՞ ֆինանսական դժվարություններն էին, որ անհրաժեշտություն առաջացավ կազմակերպել ընթրիք, տարեկան ի՞նչ ծրագրեր են նախատեսված, որոնց իրագործման համար կարիք կա նվիրատվությունների, հատկապես ի՞նչ ծրագրերի են դրանք ուղղվելու, ինչպիսի՞ այլ նշանակալի նվիրատվություններ են եղել և ի՞նչ դժվարություններ են առաջ գալիս փոքր համայնքներում: Այս հարցերի մասին է խոսել Բաբկեն Սրբազանը:

 

ԱՃԻ ՄԻՏՈՒՄ

Անցած տարվա համեմատ, այս տարի ավելի մեծ է եղել կանադահայերի նվիրատվությունը եկեղեցուն, հավաստիացնում է առաջնորդը, 75 հազար կանադական դոլար է հանգանակվել: Աճի միտումը, վստահ է, շարունակվելու է հաջորդ տարիներին: Իսկ դրան զուգահեռ կավելանան հայոց առաջնորդարանի կողմից իրականացվող ծրագրերը, նոր նախաձեռնություններով հանդես կգան:

 

Այս տարի, օրինակ, հիմնական շեշտադրումը լինելու է Առաջին Հանրապետության 100-ամյակը, որի շրջանակներում արդեն իսկ թողարկվել են օրացույց:

 

Շուտով պիտի Օտտավայի թանգարանի մեջ դարձյալ միջոցառում ընենք կապված 100-ամյակին

 

«Շուտով պիտի Օտտավայի թանգարանի մեջ դարձյալ միջոցառում ընենք կապված թե 100-ամյակին և թե Կանադայի 150-ամյակին, հրատարակչական աշխատանքներ հայերեն լեզվով, Ավագ շաբթվան եկեղեցական արարողակարգ, դաստիարակության գծով փառատոն ունենք, արդեն Քեմբրիջ իրագործեցինք, համագումար ունենք երիտասարդաց, պիտի կազմակերպենք, հարց-պատասխանի ծրագիր մը ունինք թեմի ամբողջ տարածքին: Տարբեր ծրագիրներ ունինք, օրինակ՝ պատարագը՝ բացատրական ձևով, հասկանալի մեր նոր սերնդին, որպեսզի գիտակցությամբ մասնակցին մեր կիրակնօրյա պատարագին»,-շարունակում է թվարկել Բաբկեն Սրբազանը: Սրանք հիմնական ձեռնարկներն են, բայց ոչ բոլորը:

ՓՈՔՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Աշխատանքներին նպաստել են Կանանց հանձնախմբերը երկու մեծ քաղաքներում, իսկ փոքր քաղաքներում՝ Վանկուվերում և Էդմոնտոնում, ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ. Խնդիր է ոչ միայն համայնքի փոքր ու ոչ հարուստ լինելը, այլև կազմակերպվածության պակասը: Այս մասին մեզ հետ զրույցում օրեր առաջ ասել էր նաև տեղացի ակտիվ հայերից մեկը, իսկ խնդիրը Սրբազանը չժխտեց, բայց լավատեսությամբ մոտեցավ՝ ասելով.

 

Դժվար չէ, հնարավորությունները երբեմն կդժվարացնեն

 

«Դժվար չէ, հնարավորությունները երբեմն կդժվարացնեն, բայց Վանկուվերում բավական աշխույժ գաղութ ունեցանք, հիմա նոր Հայր Սուրբ եկավ, հատկապես հիշարժան է այն ձեռնարկը, որ կկատարվի ամեն տարի. Սասուն ամառային ճամբարն է, որ ամենօրյա աշխատանք կկատարին երեխաներու ու պատանիներու հետ, գիտելիքներ կփոխանցին, պարի, երգի դասընթացներ, նկարչության դասընթացներ, հանդիսություն կկատարվի»:

 

ՆՎԵՐՆԵՐ ՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐ

Նույն ակտիվությամբ էլ, կասկած չունի, կմասնակցեն ընթրիքին, թեև մեծ միջոցներ ակնկալել չեն կարող: Ոչ այնքան նվիրատվության չափը, որքան առաքելության համար համախմբվելն է կարևոր: Իսկ արդեն տեղի ունեցած նվիրատվություններից կարևոր են եղել բոլորը, առավել տպավորիչ՝ մի քանիսը:

 

Նման աշխատանքները մեր հովանավորները կօժանդակեն, որ կարողանանք իրագործել

 

«Բավական լավ նվիրատուներ ունեցանք, և տարվա ընթացքին ալ ունեցած էինք Շաքե Գոյումջյանի օգնությունը: Համագումար կատարեցինք, պատարագը մատուցեցինք և ժողովուրդին ներկայացանք, բոլոր հոգևորականներին ներկայությունը հովանավորեց տիկին Գույումջյանը: Նման աշխատանքները մեր հովանավորները կօժանդակեն, որ կարողանանք իրագործել»,-օրինակ է բերում Անթիլիասական թեմի ներկայացուցիչը Կանադայում:

 

Տեղի են ունեցել նաև պարգևատրման արարողություններ, տորոնտոհայ Գրիգոր Շիթիլյանն ու մոնրեալահայ  Գրիգոր Տեր Ղազարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կողմից շնորհված «Կիլիկյան Ասպետ»-ի շքանշաններով են պարգևատրվել: Իսկ մոնրեալահայ Արմեն Ալիմյանը արժանացել է «Անանիա Շիրակացի» շքանշանի:

 

Մեր ժողովուրդը նման աշխատանքներու կազմակերպման և հաջողության համար իրենց զորակցությունը կբերեն

 

Սրանք կարևոր ներդրումներ են, բայց ոչ պակաս է հասարակության աջակցությունը, որի շնորհիվ իրականություն է դառնում նախաձեռնությունը, ասում է հոգևոր հայրն ու վստահեցնում. «Մեր ժողովուրդը նման աշխատանքներու կազմակերպման և հաջողության համար իրենց զորակցությունը, մասնակցությունն ու նվիրաբերությունը կբերեն անպայման, դրանով է, որ կհաջողինք մեր աշխատանքները արդյունավետ դարձնել և իրագործել»: