Home / Canadahye  / Մոնրեալահայ գործարար Հակոբ Ամիրյանը մտադիր է այսուհետ հայաստանյան արտադրանքն իրացնել ոչ միայն Կանադայի, այլև ԱՄՆ շուկայում

Մոնրեալահայ գործարար Հակոբ Ամիրյանը մտադիր է այսուհետ հայաստանյան արտադրանքն իրացնել ոչ միայն Կանադայի, այլև ԱՄՆ շուկայում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Մոնրեալահայ գործարար Հակոբ Ամիրյան հպարտությամբ է շեշտում, որ Հայաստանում իր բիզնես-գործունեության հաջողության հետևում որդին՝ Արդեն Ամիրյանն է կանգնած, ով, թողնելով իր մասնագիտությունը, որոշեց հայրիկի հիմնած գործի մասնակիցը դառնալ:

 

Եթե ինքը չըլլար, ես շուտվանից ծախած էի, տեղ մը կա, որ կհոգնիս

 

Ասում է. «Եկավ օր մը ըսավ՝ պապա հետդ պիտի աշխատիմ, ըսի՝ հանգիս կյանք մը ունիս, աղվոր ամսականով, ըսավ՝ գիտեմ, օր մը կու գան, ինծի դուրս կհանեն: Եկավ, իրականությունը ըսեմ՝ եթե ինքը չըլլար, ես շուտվանից ծախած էի, տեղ մը կա, որ կհոգնիս»:

 

Անկեղծանում է արդեն 21 տարի հայ-կանադական բիզնեսով զբաղվող գործարարը: Yves Martin ընկերությունը, որի արտադրամասը Գյումրիում է, իսկ ապրանքի սպառման շուկան՝ Գյումրիում, հագուստ է արտահանում Կանադա՝ Հայաստանում 150-հոգանոց աշխատակազմ պահելով:

 

ՍՊԱՌՄԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Անցած տարի ընկերության արտադրանքի ծավալներն ու սպառումը գրեթե չի փոխվել նախորդ տարիների համեմատ, ասում է Ամիրյանը, սակայն այս տարվանից պատկերը կփոխվի. Որոշել են ընդարձակել սպառման աշխարհագրությունը, այսուհետ ոչ միայն Կանադա, այլև ԱՄՆ կարտահանեն արտադրանքը, իսկ սա նշանակում է ինչպես արտադրանքի ու աշխատատեղերի ավելացում Հայաստանում, այնպես էլ ծախսերի, ինչու ոչ՝ նաև եկամուտների աճ ընկերության համար:

 

Մարդիկ միշտ մոտ կփնտրեն, որ շուտ գա ապրանքը, մենք Գյումրիից կբերենք

 

Ներկայում դյուրին չէ Հայաստանից ապրանքը հասցնել Կանադա և այն դեպքում, երբ հումքը Չինաստանից են տեղափոխում Գյումրի: «Մեկ բան մը կա, որ շատ դժվար է. Կտորը կբերենք Չինաստանեն, պետք է ուղարկենք Հայաստան, 55 օր կառնե դեպի Հայաստան, Հայաստանեն դեպի Կանադա 45 օր կառնե, մե քանի ամիս կտևե, և մենք առաջվանե պետք է վճարենք մարդոց: Ամեն մարդ կզարմանա, մարդիկ միշտ մոտ կփնտրեն, որ շուտ գա ապրանքը, մենք Գյումրիից կբերենք»,-ներկայացնում է Ամիրյանը:

 

Չինաստանեն ապրանք բերելը մեր դուռին առջևն է, Հայաստանեն 65-70 օր կառնե

 

Իսկ որդին՝ Արդենը, հավելում է. «Մեր 90 տոկոս գործը Հայաստանին տված ենք, բայց դժվարություն ունինք ճանապարհներին, տեսեք՝ Չինաստանեն ապրանք բերելը մեր դուռին առջևն է, Հայաստանեն 65-70 օր կառնե, մեր հաճախորդները արագ կուզեն ստանալ ապրանքը»:

ՀԱՐԿԵՐ ՈՒ ՏՈՒՐՔԵՐ

Այսինքն՝ տեղափոխման հոգնեցուցիչ, բայց ոչ անլուծելի խնդիրներ առաջանում են, նաև մեծ ծախսեր կան, հարկային պարտականություններ, որոնցից չեն կարող խուսափել, թեև Հակոբ Ամիրյանը մանրամասնում է. «Նայեցեք Բանգլադեշը մաքսակետ չունի, կու գա ապրանքը Բանգլադեշեն, բայց ադոր մաքս չեն վճարե: Ադոր համար ի՞նչ կընեն, Չինաստանեն կղրկեն դեպի Բանգլադեշ, անտեղեն ալ կկարեն-կձևեն և կղրկեն դեպի Կանադա, ադոր վրա է, որ չեն վճարե մաքս»:

 

Խոսքն այլ գործարարների մասին է, իսկ իրենք կատարում են հարկային պարտականությունները; Դրանք կավելանան, երբ արդեն սկսեն աշխատել ամերիկյան շուկայի հետ, որտեղ կրկնակի հարկման ռեժիմն էլ է գործում:

 

Երբ որ մեզի ապրանքը կու գա դեպի Կանադա, այստեղ ալ 18 տոկոս կվճարենք

 

«Կվճարենք մաքս անտեղի համար ալ, բայց ի՞նչ ընենք, պետք է ԱՄՆ-ի հետ ալ գործ ընենք, որ գործերնիս քալե: Ուզես թե չուզես, պիտի հարկերը վճարես, երբ որ մեզի ապրանքը կու գա դեպի Կանադա, այստեղ ալ 18 տոկոս կվճարենք»,-նշում է մոնրեալահայ գործարարը:

 

ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐ

Անկախ հարկերի չափից, գնալու են քայլին, քանի որ մտադիր են ընդարձակել ծավալները. Ներկայում Հակոբ Ամիրյանը բանակցում է ամերիկացի գործընկերների հետ, ովքեր ԱՄՆ-ի 5 խոշոր վաճառակետերում ապրանքը տարածելու պարտավորություն են ստանձնելու, իսկ սա նշանակում է, որ կմեծանա շուկան, այդ թվում՝ նաև հնարավորությունները:

 

«Մի մոռնաք, որ Կանադան 37 մլն ժողովուրդ կա, Ամերիկան՝ 350 մլն, մեծ տարբերություն կընե, մենակ մենք չկանք այս գործով, շատ մարդիկ կան, օտարները կընեն, մրցակցություն կա»,-ասում է փորձառու գործարարը, ով լինելով հմուտ արհեստավոր՝ ամերիկյան տեխնոլոգիաները նաև ներդրել է նաև Հայաստանում:

 

Եթե վաղը աս Ամերիկա մտնա, Գյումրին չի կրնար գործը հասցնել, պիտի ջանանք ուրիշ ցեխեր ալ փնտրենք

 

Դրանք ավելացնելու անհրաժեշտություն ևս կառաջանա, հետևաբար կարելի է նաև աշխատատեղերի ավելացում ակնկալել. Գործարարն ասում է. «Գյումրիում ալ պիտի մեծացնենք: Եթե վաղը աս Ամերիկա մտնա, Գյումրին չի կրնար գործը հասցնել, պիտի ջանանք ուրիշ ցեխեր ալ փնտրենք, Աստված տա, որ պատվեր ունենանք: Եթե ունենանք, պրոբլեմ չկա»:

 

ՀԱՅԵՐՆ՝ ԱՌԱՆՑ ԿԱՐԳՈՒՆՈՆԻ

Իսկ պատվերը կախված է սպառման ծավալներից, որոնց հարցում լավատես են: Ոչ միայն Հայաստանից, այլև անմիջապես Չինաստանից էլ որոշ ապրանքատեսակներ իրացնում են, իսկ Հայաստանից ապրանքը ոչ միայն ուշ է տեղ հասնում, այլև հանրության մոտեցման հարցում խնդիրներ կան: Արդեն Ամիրյանն է դրանում համոզվել, երբ այցելել է Հայաստան, վերջին անգամ 2016թ-ին է այցելել, ասում է.

 

Կանադայի մեջ մեկը պատվեր տա, ժամկետ ունի, Հայաստանը դեռ ադ ժամկետին չէ սորված, ինչպես հարգեն ժամկետը

 

21985_10151483136161836_137958808_n«Ամերիկայի տեխնոլոգիան դեռ չի հասած Հայաստան, Կանադայի մեջ մեկը պատվեր տա, ժամկետ ունի, Հայաստանը դեռ ադ ժամկետին չէ սորված, ինչպես հարգեն ժամկետը, բայց կսորվին , կամաց-կամաց կսորվին: Ես երիտասարդ եմ, բայց գիտեմ՝ պապաս ինչպես 100 անգամ Հայաստան գնաց, որ ժողովուրդին ցուցցնե թեքնոլոջին, կարի մասնագետ է, և գիտե, ինչպես ընել գործը, որ կարողանա ամերիկյան սիստեմով աշխատի, շատ մարդիկ չեն ընե»:

 

Ամերիկյան ճշտապահությամբ աշխատելու պակասը, սակայն, երիտասարդ գործարարի համար հայրենիքից հիասթափության պաճառ չի դարձել: «Շատ աղվոր երկիր է, երբ որ ժողովուրդը, ամեն մարդ հայերեն կխոսի, ուրիշ տեսակ զգացում է»,-ասում է 33-ամյա երիտասարդն ու ավելացնում.

 

Երազանքս է, որ մեր գործը շատնա և կրնանք 100 տոկոս գործը դեպի Հայաստան տալ

 

«Երազանքս է, որ մեր գործը շատնա և կրնանք 100 տոկոս գործը դեպի Հայաստան տալ, մենք՝ իբրև հայ, տեսնենք որ Հայաստանի արտադրությունը Չինաստանի արտադրանքին նման է և ավելի լավն է»: