Home / Canadahye  / Բրեժնևին, Մարշալ Բաղրամյանին ու այլ մեծերի հավերժացրած կանադահայ լուսանկարիչ Օննիկ Գավուքյանը, ով զգայուն ներաշխարհ ունենալու համար շնորհակալ է Հայաստանին

Բրեժնևին, Մարշալ Բաղրամյանին ու այլ մեծերի հավերժացրած կանադահայ լուսանկարիչ Օննիկ Գավուքյանը, ով զգայուն ներաշխարհ ունենալու համար շնորհակալ է Հայաստանին

 

ՎԱՐԴՈՒՀՒ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Վանկուվեր (Նորանոր)  _ Օվկիանոսի ծփացող ալիքները 72-ամյա Օննիկ Գավուքյանին հիշեցնում են Եգիպտոսը, որտեղ ժամանակին ծովի ալիքների մեջ եղբոր հետ վազվզում էին, խաղում. Մանկության պատառիկները վերադառնում են հիշողություններում, իսկ ֆոտոխցիկը վավերացնում է ներկան: Ամեն մի օրը նրա լուսանկարչական ապարատի շնորհիվ դառնում է պատմություն:

 

Ժամանակս`  թե’ իբրև անձ, թե’ իբրև նկարիչ դեռ գալիս է, ոչ թե եկել-անցել է

 

DSCN2764--Այսօր այդ պատմություններում բնաշխարհն է, Վանկուվերի Պարսկվիլ կոչվող կղզին, որտեղ ճախրում են թռչունները՝ վաստակաշատ լուսանկարչի օրերը դարձնելով բովանդակալից, ստեղծագործ ու բացահայտումներով լի: «Շատ բավականություն եմ ստանում լեռները, ձորերը, արծիվները նկարելուց, սիրահարվել եմ արծիվներուն. Ժամանակս`  թե’ իբրև անձ, թե’ իբրև նկարիչ դեռ գալիս է, ոչ թե եկել-անցել է, ես մտածում էի, որ երբ աշխատում ես, դրամ ես շահում, ան է կյանքը, բայց ոչ»,-ասում է Օննիկ Գավուքյանը:

 

Ավելի քան կեսդարյա լուսանկարչական ճանապարհ անցած արվեստագետը բացահայտում է այս արվեստի նորանոր կողմերը, կարծում է, որ ոչ թե անցած երիտասարդ տարիներին է ապրել իրական կյանքը, այլ հիմա, երբ Տորոնտոյից տեղափոխվել է Վանկուվերի այս կղզին, հանգիստ ու ապահով պայմաններում աշխատում է ու ապրում:

 

Onnig

Օննիկ Գավուքյանը կանադահայ լուսանկարչական գերդաստանի երրորդ սերնդի ներկայացուցիչն է, հայտնի Գավուք լուսանկարչական ընկերության շառավիղը, ով 1967թ-ի մայիսի մեկին 6 ամսով հայրիկին օգնելու մտադրությամբ մտավ նրա արհեստանոց, և այդ 6 ամիսը դարձավ 55 տարի: Այս տարվա մայիսի 1-ին Գավուքյանը մտադիր է նշել իր գործունեության 55-ամյակը, աշխատանք, որի ամեն մի օրը տրամադրություններով հարուստ է եղել:

 

Ի՞ՆՉ ԿԿՈՐՑՆԵՐ

17-ամյա Օննիկը շատ երազանքներ ուներ, ուզում էր դառնալ ֆուտբոլիստ, ճարտարապետ, բայց հանգամանքների բերումով ընտրեց այս ուղին, որի բացակայության պարագայում վստահաբար շատ կորուստներ կունենար: «Նկարչությունը ինծի ճամփա մը եղավ, որ ծանոթանամ շատ անձերու հետ, որ հեշտ չէր: Բրեժնևին, ասենք թե, հայրիկս մայրիկս և ես Բրեժնևին նկարել էինք, վերջն էլ մի քանի ամիս վերջը Կրեմլ գնացինք նկարը նվիրելու Բրեժնևին, իր հետ ծանոթացա, կարգ մը մեծամեծներու հետ ծանոթացել եմ»,-հիշում է լուսանկարիչը:

 

BrejnevՉէր լինի Լեոնիդ Բրեժնևին նկարելու այս պատմությունը, եթե Օննիկ Գավուքյանը չկարողանար լուսանկարչության միջոցով բացահայտել մարդու ներաշխարհը, հուզականություն փոխանցել նկարվողին ու դա վերստանալ լուսանկարի միջոցով: Օրինակ է բերում.

 

Բրեժնևը, որ այսպիսի վախ է ստեղծում մարդոց մեջ, եթե ես լավ նկարիչ չլինեի, ինձ պիտի չձգեր, որ նկարեի իրեն

 

«Բրեժնևը երբ եկավ Քոչինչյանի սենյակը նկարվելու, բոլորը վախենում էին իրմե, բայց ինձ համար կարևոր է, որ մեկը, որ մեծամեծ է, իրեն մոտենալ, և մեկը, որ բարձր մակարդակի է, նույն մակարդակին իջնե: Երբեք վախով չեմ մոտենում, Բրեժնևը, որ այսպիսի վախ է ստեղծում մարդոց մեջ, եթե ես լավ նկարիչ չլինեի, ինձ պիտի չձգեր, որ նկարեի իրեն, հակառակ, ինձ համար ուրախություն մըն է, որ մեծամեծը նկարեմ, երբեք ես վախ կամ էլ երկյուղը չունեմ»:

 

ԱՄՈՒՍՆԱՑՆԵԼ ՈՒԺԸ ԵՎ ԶԳԱՑՈԻՄԸMarshall Pagramian with my parents

Իսկ հոգեվիճակը հասկանալը չափազանց կարևոր է լուսանկարչի համար, վստահ է պրոֆեսիոնալ նկարիչը, գոնե ինքն իր արվեստում նույնքան հոգեբանություն, որքան տեխնիկա է կիրառում: Դրա համար ոչ թե րոպեներ, այլ ժամեր են պահանջվում, երբեք չի մոռանում մեծ պապի խոսքը, թե լավ լուսանկար ստանալու համար 6 ամիս է պահանջվում: Փոքր-ինչ չափազանցված արտահայտության մեջ շատ խորը իմաստ է տեսնում:

 

Ինձ համար կարևոր չէ, որ մեծություն նկարեմ, այլ նկարեմ մեկը, որուն հոգին կրնամ նկարել

 

Migoyan (1)«Հեշտ չէ մեկը նկարել, պետք է, որ զգացումներդ նկարեմ, ոչ թե մենակ երեսը, զգացում նկարելու համար պետք է մտերմանանք մի քիչ: Նկարվելուց առաջ խոսում ենք, պատմում, այնպես, որ կարողանաք հանգստանալ և տրամադրություն փոխանցել, որ ես ձեր հոգին ալ նկարեմ։ Երբ վստահում ես, անկե ետք նկարելը շատ հեշտ է: Ինձ համար կարևոր չէ, որ մեծություն նկարեմ, այլ նկարեմ մեկը, որուն հոգին կրնամ նկարել, աչքերու մեջից արդեն զգացումը կերևա»,-ասում է Գավուքյանների շառավիղը:

 

Կարելի է ամուսնացնել ուժը և զորությունը և հիանալի նկար ստանալ

 

Նկարի մեջ ուժ ու զորություն ցուցադրելը, ինչպես շատ լուսանկարիչներ են ձգտում, կարևոր է, բայց ոչ բավարար, վստահ է Գավուքյանը: Այնպես, ինչպես Բրեժնևի և այլ գեներալների լուսանկարներում նրան հաջողվել է ստանալ տրամադրություն և ուժ: «Շատերը կխորհին, որ մեկը որ ժպտում է, տկարություն տալիս է, ես ադիկա չեմ հավատում: Կարելի է ամուսնացնել ուժը և զգացումը և հիանալի նկար ստեղծել»,-վստահ է նա:

 

ՀԱՅ ՄԵԾԵՐԸGeneral Stepanyan and children

Իսկ Բրեժնևի լուսանկարելը հիշարժան ու թանկ միակ հիշողությունը չէ Գավուքյանի համար. Նրա ճանապարհին հանդիպել են էլ ավելի արժանավոր մարդիկ, որոնց լուսանկարելը հարազատ զգացողություններ է արթնացրել նկարչի հոգում, ինչպիսիք են Անաստաս Միկոյանը, Մարշալ Բաղրամյանը, իր ընկեր սահմանապահ զորքերի հրամանատար Լևոն Ստեփանյանը և այլք:

 

17 անգամ առիթ է ունեցել Հայաստան այցելելու, լուսանկարել է ու պահել հիշողություն երբեմն հայրենիքից կարոտն առնելու համար, իսկ այդ հուշերում հետաքրքրաշարժ պատմություններ են: Հիշում է.

 

Ես նկարում էի և մտածեցի, որ եթե երրորդ մեծ հայր մը պիտի ունենայի, պիտի ուզեի, որ գեներալ Մարշալ Բաղրամյանը լիներ

 

pagramian-«Մարշալ Բաղրամյանի տունը գնացինք, ինքը նստել էր թիկնաթոռին, ետևը ուր որ գլուխը պիտի երթար, էնտեղը մի նկար կար, գեներալ Անդրանիկի երեսը: Ես նկարում էի և մտածեցի, որ եթե երրորդ մեծ հայր մը պիտի ունենայի, պիտի ուզեի, որ գեներալ Մարշալ Բաղրամյանը լիներ, այդպիսի լավ զգացում ունեի»:

 

ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ

Այս նկարները պատմական են ու կարևոր լուսանկարչի համար. Դրանցում ժամանակաշրջանի վավերագրությունն է, որն լուսանկարչական գերդաստանի երրորդ ժառանգն անձամբ արձանագրել է՝ իր նկարները հայրիկի և պապիկի նկարների հետ համադրելով.

 

Ժամանակները փոխվում են, Ստալինի ատեննը ամեն մեկ վախենում էր, վախը պակասում է կամաց-կամաց

 

«Մեծ հայրս երբ 1915-ին 21-ին այն ատենները սկսեց, նկարում էր մեծամեծներ, ուր ուժը շատ կարևոր էր, որ երևար: Anastas Mikoyan with my fatherՀայրիկիս ժամանակը մի քիչ մեղմացավ, իմ նկարները ավելի մեղմ են իր արտահայտություններով, քան թե հայրիկիս կամ մեծ հայրիկիս նկարները: Ժամանակները փոխվում են, Ստալինի ատեննը ամեն մեկ վախենում էր, վախը պակասում է կամաց-կամաց»,-վստահեցնում է կանադահայ նկարիչը:

 

Այսօր էլ ժամանակաշրջանը վավերացնող բազմաթիվ լուսանկարիչներ կան, ժամանակակից հզոր տեխնիկայով, սակայն արվեստագետը դրանցում մի բացթողում է տեսնում. Արագությունը, որին ձգտում են բոլորը, մեծապես ազդում է նկարների որակի վրա:

 

«Դիջիթալ կամերան շատ մը լավ բաներ բերավ, բայց նույն ատենը նկարիչներու որակը իջեցուց, որովհետև ամեն մեկը որ դիջիթեք կամերա ունի, նկարը նայում ես, որակը տեղի է տալիս արագության արդյունքում, արագ անելու պատճառով որակը տուժեց»,-ցավով նշում է արվեստագետը:

 

ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

F1020023-- (1)Մայիսին իր ստեղծագործական գործունեության 55-ամյակը նշելուց հետո մտադիր է Հայաստան այցելել, դեսպան Լևոն Մարտիրոսյանն է նրան առաջարկել այնտեղից էլ մեկնել պատմական Հայաստան ու լուսանկարել: Այս պահին լուսանկարիչ Գավուքյանի երազանքը դա է, իսկ ընդհանուր առմամբ ամեն անգամ Հայաստան այցելությունը նրա համար շնորհակալություն հայտնելու առիթ է:

 

Ամեն անգամ Հայաստան գալիս եմ, շնորհակալություն հայտնում իմ երկրիս, որ ինձ տվել է իմ հոգեկան կյանքս

 

«Ես հայկական բազմավեպեր կկարդամ՝ Վարդանանք, Գևորգ Մարզպետուհինի, ես մտածում եմ, որ Հայաստանը ինծի տվել է իմ հոգեկան կյանքս, իմ ներաշխարհս, իմ կյանքս բոլորը ունեցել է հայկական ֆոլկլորը, ես ամեն անգամ Հայաստան գալիս եմ, շնորհակալություն հայտնում իմ երկրիս, որ ինձ տվել է իմ հոգեկան կյանքս»,-ասում է վաստակաշատ լուսանկարիչը: