Home / Armenia  / Երկիրը «սուպերվարչապետական» չէ, ՀՅԴ-ն էլ կմնա իշխանությունում. Որակումը դաշնակցական նախարարը համարում է հնարովի ձևակերպում

Երկիրը «սուպերվարչապետական» չէ, ՀՅԴ-ն էլ կմնա իշխանությունում. Որակումը դաշնակցական նախարարը համարում է հնարովի ձևակերպում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Միջազգային մի շարք դրամաշնորհային ծրագրերի միջոցով այս տարի Հայաստանի գյուղական համայնքներում իրականացվելու են ընդհանուր առմամբ 30-35 մլն դոլարի ծրագրեր՝ ենթակառուցվածքների զարգացում, տուրիզմի խթանում, ճանապարհների բարեկարգում և այլն. Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը: Նա նաև մանրամասնել էր, որ ՄԱԿ-ի ծրագրով և Ռուսաստանի Դաշնության օժանդակությամբ շուրջ 3 մլն դոլար ներդրմամբ 60 գյուղական համայնքներում գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր է իրականացվում:

 

Հայաստանը էկզոտիկ երկրների ցանկին դասող շատ զբոսաշրջիկների համար, սակայն, Հայաստանի շատ գյուղեր մնում են անշուք ու ոչ գրավիչ. Անցած տարի Հայաստան այցելած  ավելի քան 1 մլն զբոսաշրջիկների համար այցելության հիմնական վայրերը եղել են Երևանը, Դիլիջանը, Ջերմուկը, բայց ոչ այն գյուղական վայրերը, որոնց ռեսուրսները կարող էին իսկապես ի ցույց դնել Հայաստանի առանձնահատկություններն ու գրավիչ կողմերը:

 

Այս մասին Noranor.ca-ն հարցազրույց է ունեցել նախարարի հետ, բացի դրանից գերատեսչության դաշնակցական ղեկավարին հարց է ուղղել Սահմանադրական փոփոխությունների արդյունքում վարչապետին վերապահվող ընդարձակ լիազորությունների մասին:

 

ՀՆԱՐՈՎԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ

Ավանդական կուսակցություններից ՀՅԴ-ն այն կուսակցությունն  էր, որը Սահմանադրական փոփոխությունների ջատագովներից էր, ձգտում էր երկրում խորհրդարանական կառավարման մոդել ձևավորել, որին ի վերջո հասավ և որից հետո նորից վերադարձավ իշխանության շարքերը: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելը ենթադրում է, որ որոշումներ կայացնելու և օրենքներ ընդունելու լիազորությունները մեծավ մասամբ խորհրդարանին են պատկանում:

 

Նախկինում նախագահին վերապահված մի շարք լիազորություններ, սակայն, այսօր փոխանցվում են վարչապետին, ինչի արդյունքում շատերը նոր ստեղծվելիք մոդելը որակում են ոչ թե խորհրդարանական, այլ «սուպերվարչապետական»: Այս իրավիճակը արդյո՞ք մտնում էր Դաշնակցության ծրագրերի մեջ: Շատերին ակնհայտ այս լուծումը Դաշնակցությունը նույնկերպ չի ընկալում: Դավիթ Լոքյանը պատասխանում է.

 

Ինչո՞ւ է «սուպերվարչապետ», երբ որ խպորհրդարանն է հիմնական որոշումներ ընդունող մարմինը, սրանք հնարովի ձևակերպումներ են 

 

«Ինչո՞ւ սուպերվարչապետական. Լինելու է այնպիսի վարչապետ, որին օրենքով վերապահված են լիազորությունները, մենք, ավելի շատ չտիրապետելով, չհասկանալով ,մեծացնում ենք: Վարչապետը կունենա այն լիազորությունները, որոնք օրենքով դրված են խորհրդարանական կառավարում ունեցող երկրի վարչապետի վրա, ինչո՞ւ է «սուպերվարչապետ», երբ որ խպորհրդարանն է հիմնական որոշումներ ընդունող մարմինը, սրանք հնարովի ձևակերպումներ են կարծում եմ»:

 

ՀՅԴ-ն չի դժգոհի ստեղծվելիք իրավիճակի համար, կշարունակի իր գործունեությունը կոալիցիայի կազմում, ավելին, առաջիկա՝ մարտին շատ համայնքներում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին կունենա իր թեկնածուները, բոլոր այն համայնքներում, որտեղ արդեն իսկ դաշնակցական համայնքապետեր կան, այլ համայնքներում էլ կառաջադրեն հարմար թեկնածուներ ունենալու դեպքում: Որքանո՞վ իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն ընտրության գործում իր ազդեցությունը գործի կդնի.

 

 

Նախարարությունը մասնակցում է նախապատրաստական աշխատանքներին, բայց բուն ընտրություններին մասնակցություն չի ցուցաբերում

 

«Բոլոր ազդեցությունները գործոն են, բայց մենք մեր նախարարությունում մի ընդհանուր սկզբունք ենք որդեգրել, որ նախարարությունը մասնակցում է նախապատրաստական աշխատանքներին, բայց բուն ընտրություններին մասնակցություն չի ցուցաբերում, և չի եղել որևէ դեպք, որ մատնանշվի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ուղղակի միջամտությունը, մենք մասնակցում ենք, փաստաթղթերն ենք տրամադրում, որոշումները, բայց մասնակցություն չի ունենալու»,-հավաստիացնում է նախարարը:

 

ՏՈՒՐԻԶՄԻ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տուրիզմը Հայաստանում մնում է գերակա ուղղություններից, հավաստիացնում է գերատեսչության ղեկավարը, իսկ գյուղական տուրիզմը առաջընթաց արձանագրել է, վստահեցնում է նա՝ օրինակ բերելով Շիրակի մարզի Արփի լճի տարածքը, որտեղ արդեն մոտ 10 տարի է՝ իրականացվում է Արփի լիճ ազգային պարկ ծրագիրը.

 

«Բավական տուրիստներ են հասնում Արփի լիճ, նույնիսկ Եվրոպայից՝ թռչնաբանության ուղղությամբ, ձմեռային տուրիզմը զարգացել է Շիրակի մարզում, առաջիկա կիրակի մրցումներ են լինելու, կարծեմ ԵՄ դեսպանն էլ է գնալու, բավականին ռուսներ են գնում դահուկ քշելու»,-ասում է նա, իսկ դիտարկմանը, թե դահուկային սպորտը մինչ այս ծրագիրն էլ զարգացած էր մարզում, պատասխանում է.

 

Լուծենք Արփի լճից Ամասիայի ճանապարհի խնդիրը, կեցավայրի խնդիրը, չունենք դրանք, լողանալու տեղ չունենք

 

«Կար, բայց շատ փոքր ծավալներով, հիմա աստիճանաբար մեծանում է, մենք հիմա ենթակառուցվածքները պետք է զարգացնենք՝ լուծենք Արփի լճից Ամասիայի ճանապարհի խնդիրը, կեցավայրի խնդիրը, չունենք դրանք, լողանալու տեղ չունենք, այս խնդիրները լուծելու դեպքում կունենանք զարգացում»:

 

Իսկ Լոռու մարզը, որտեղ նախկինում շատ քիչ էին այցելում զբոսաշրջիկներ, հիմա ակտիվացել է, հավաստիացնում է, որ 2017թ-ի վերջերին արդեն բավական տուրիստներ են այցելել այնտեղ: Այս տարի ծրագրերում ընդգրկված է Բերդի տարածաշրջանը՝ մի ուղղություն, որը նախկինում տուրիստների համար հետաքրքրություն չի ներկայացրել: