Home / Canadahye  / Մոնրեալի հեռուստակայանով Հայ Հորիզոն հաղորդաշարի հեռարձակման տևողությունը կարող է կրկնապատկվել, եթե համայնքը ներդրում ունենա. Թամար Շահինյան

Մոնրեալի հեռուստակայանով Հայ Հորիզոն հաղորդաշարի հեռարձակման տևողությունը կարող է կրկնապատկվել, եթե համայնքը ներդրում ունենա. Թամար Շահինյան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Արդեն 32 տարի գրեթե ամեն շաբաթ Թամար Շահինյանը մոնրեալահայերին ողջունում ու իրազեկում է համայնքի կարևորագույն իրադարձությունների մասին Հայ Հորիզոնի եթերում. Հեռուստատեսային միակ հաղորդաշարը, որը հնարավորություն է տալիս հաղորդակից դառնալ Մոնրեալի համայնքային կյանքին. Հատկապես անհամբերությամբ են սպասում տարեցները, թեև կեսժամանոց հաղորդումներում Թամար Շահինյանը ներառում է տարբեր տարիքի լսարանների համար նախատեսված նյութեր:

 

Միակ հայկական ժամն է, այդ ինծի համար գոհունակություն մըն է

 

«Երբ որ մեծ մայրիկ մը կնստե և կդիտե, ինչքա՜ն կուրախանա, երբ իր թոռնիկը կտեսնե: Հայ Հորիզոնը տեղ մըն է, որ ունի այդ առաքելությունը, որ կմիացնե համայնքին մեջ ապրող բոլոր գույները, բարիքները, որևէ մեկ խտրություն մը չունի, միակ հայկական ժամն է, այդ ինծի համար գոհունակություն մըն է»,- Noranor.ca-ին պատմում է Թամար Շահինյանը:

 

32 տարի առաջ Լիբանանից Կանադա տեղափոխված Թամարը որոշեց միանալ Հայ Հորիզոնի աշխատակազմին, համագործակցությունը շարունակվեց տարիներ, իսկ վերջին 4 տարում նա արդեն նաև ստանձնեց կանադական ICI Radio-Canada կայանով հեռարձակվող Հայ Հորիզոնի տնօրինությունը. Հիմա նա հաղորդման սեփականատերն է, միաժամանակ վարողը, լրագրողն ու պրոդյուսերը, նրան օգնում է ևս երկու աշխատակից:

 

Մոնրեալում հաստատվելով՝ Թամար Շահինյանը ակտիվ մասնակցություն է ունենում նաև համայնքային կյանքում, միանում է Հայ կենտրոնի աշխատանքներին, որտեղ տարիների ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցնում, իսկ վերջին 8 տարիներին նա Համազգային հայ կրթական ու մշակութային միության Մոնրեալի մասնաճյուղի ատենապետն է:

 

Հեռուստատեսային լայն լսարան ունի Հայ Հորիզոնը, ինչի շնորհիվ այսօր կարող են հայերենով հեռարձակվող տեղական միակ հաղորդաշարի հեռարձակման ժամանակահատվածը կրկնապատկել՝ ներկայիս կես ժամի փոխարեն հնարավորություն տալով մեկ ժամ հետևել մոնրեալահայ կյանքի անցուդարձին:

 

ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԴԻՏՎԱԾ ՇՈՈՒ

Հեռուստակայանը՝ որպես ամենամեծ լսարան ունեցող հաղորդում, բազմաթիվ փոքրամասնություններից հենց հայկական ընկերությանն է առաջարկել հավելյալ ժամաքանակ տրամադրել: «28 տարբեր էթնիկներ կային, ինծի ընտրած էին իբրև ամենեն պոպուլյար, ամենից շատ դիտված շոուն: Չունեի այդ համարձակությունը, երբ ինծի մոտեցան առաջարկելու, ձևով մը ուժ տվավ»,-պատմում է հաղորդման տնօրենը:

 

Տևողությունը ավելացնելու համար համայնքում նյութ կար, որքան ցանկանար, սակայն լրացուցիչ ֆինանսական միջոցներ էին հարկավոր: Այս անգամ որոշեց դիմել նույն այն համայնքի օգնությանը, որն այդքան հավատարմորեն տարիներ շարունակ հետևել է Հայ Հորիզոնին:

 

Անհրաժեշտ գումարը հանգանակելու նպատակով դիմել է մոնրեալահայերին՝ վստահ լինելով, որ եթե յուրաքանչյուր հայ ընտանիք գոնե 20 դոլար նվիրաբերի այս գործին, այն հնարավոր կլինի կյանքի կոչել արդեն մարտ ամսից:

 

Միայն 32 տարի Թամար Շահինյանն է Հայ Հորիզոնի հավատարիմ մասնիկը, սակայն մինչ այդ էլ այն գոյություն է ունեցել, հիմնվել է ՀՅԴ Միհրան Փափազյան կոմիտեության կողմից: Մինչ Շահինյանի տնօրինությունը, հաղորդման պատասխանատվությունը կրում էր Մհեր Կարագաշյանը: Այս տարիների ընթացքում արդեն 4 տարբեր կանադական կայաններով հեռարձակվել է հաղորդումը:

 

2000 ԴՈԼԱՐ

Նրանց հրավերն ստանալուց հետո տնօրենը որոշեց, որ այն կյանքի կոչելու հարցում կօժանդակեն մոնրեալահայերը. Սա առիթ կլինի վերջիններիս համար իրենց ներդրումն ունենալ դրա պահպանման ու դրանով իսկ համայնքում հայերեն խոսքը լսելի դարձնելու հարցերում:

 

Կհավատան, որ հեռատեսիլը ավելի ազդեցիկ միջոց  մըն է

 

Կարճ ժամանակում հասցրել են 2000 կանադական դոլար հանգանակել, սակայն սա շատ քիչ է ծախսերը հոգալու համար: «Կես ժամվա հայտագիրը քիչ թե շատ կրնամ ծախսերը գոցել շնորհիվ հովանավորներուն, որոնք կաջակցին, որովհետև կհավատան: Կհավատան, որ հեռատեսիլը ավելի ազդեցիկ միջոց  մըն է այն իմաստով, որ որևէ մեկ պատգամ որ պիտի փոխանցել պատկերի միջոցով, տարբեր ազդեցություն կունենա»,-վստահեցնում է Հայ Հորիզոնի պատասխանատուն:

 

Այո, բոլորն ալ կգովեն և կըսեն՝ ամեն շաբաթ անհամբեր կսպասենք, բայց գոնե իրենց բաժինն ալ տան, որը նաև հայապահպանման գործ է

 

Բայց նույնը չի կարող անել մեկ ժամ հեռարձակելու դեպքում: Առանց հովանավորների անհնար կլինի պահել հաղորդումը. «Կհուսամ, որ կամբողջանա և կհասնի իմ թիրախիս, գիտեմ, որ դիտողներու թիվը շատ-շատ է: Այո, բոլորն ալ կգովեն և կըսեն՝ ամեն շաբաթ անհամբեր կսպասենք, բայց գոնե իրենց բաժինն ալ տան, որը նաև հայապահպանման գործ է, ինչու չէ, եթե ուրիշ գաղութներ ունին մեկ ժամվա հայտագիր, ինչու Մոնրեալը չունենա»,-ասում է Համազգայինի ատենապետը:

 

Մոտ 50 հզր հայ բնակչություն ունեցող Մոնրեալի համար սա պետք է, որ անհնար չլինի: Այլազգիների չի դիմում, քանի որ յուրաքանչյուր հովանավոր էլ փորձում է իր համայնքին աջակցել:

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաղորդման կես ժամերի ընթացքում Թամար Շահինյանը շատ բան է հասցնում պատմել գաղութի կյանքից: Համայնքային կյանքը հարուստ է տարաբնույթ իրադարձություններով: Միությունների ու հայկական կազմակերպությունների, եկեղեցիների ու մարզական կառույցների աշխատանքի մասին ծանուցելը իր պարտքն է համարում, դրան գումարվում են նոր գաղափարները:

 

Կհուսանք, որ իրենց կյանքը երիտասարդների համար օրինակելի պետք է ըլլա, որովհետև այս տարեցները շատ նեղ օրերե անցած են, որ հասած են հոստեղ

 

«Վերջերս ծրագիր մը կընեմ Հայկական տարեցներու տան մեջ: Ամիսը մեկ անգամ տարբեր մարդկանց կյանքը կներկայացնենք, կհուսանք, որ իրենց կյանքը երիտասարդների համար օրինակելի պետք է ըլլա, որովհետև այս տարեցները շատ նեղ օրերե անցած են, որ հասած են հոստեղ, Կանադան առաջին երկիրը չէ եղած: Ի՞նչ դժվարություններե անցած են՝ նոր մշակույթ, նոր մտածելակերպ, ինչպե՞ս դիմագրաված են այդ բոլոր դժվարությունները, կպատմեն, և նոր սերունդը իրենցմե շատ բաներ ունին սորվելու»,-ներկայացնում է մոնրեալահայ հաղորդավարը:

 

Իսկ որ ցանկացած թեմա իր ազդեցությունն ունենում է հանրության վրա, փորձով է համոզվել. Մեկ այլ օրինակ է բերում. Մի սիրիահայ, որ նոր էր ճաշարան բացել Մոնրեալում, առաջարկում է ծանուցում տալ այդ մասին: Թամար Շահինյանը հարցազրույց է անցկացնում, որի արդյունքը տպավորիչ է լինում: Պատմում է.

 

Ըսավ, ես բնավ հույս չունեի հայ հաճախորդ ունենալու: Գիտե՞ք, հայերս բնավ սովորություն չունին, որ հայը հայու քաջալերե

 

«Շատ հանգիստ հարցազրույց մը ըրի՝ խոսելով, քիչ մը խնդալով, այնտեղի սովորություններու մասին, և ես ալ ավելցուցի, ըսի՝ օ՜հ, այս ճաշարանի այս համեղ ղարուրման պիտի անպայման փորձեք: Այդքան հարցազրույցս ըրի:Մեկ-երկու շաբաթ վերջ ճաշարանին տերը ձգեց ճաշարանը, քովս եկավ, ըսավ՝ Թամար, չեմ գիտեր, այս ի՜նչ տարբերություն, չես կրնար երևակայել հաճախորդներու թիվը որքան ավելցավ, ամեն մարդ, կըսե՝ մենք կուզենք փորձել Թամարին ըսած ճաշը, ըսավ, ես բնավ հույս չունեի հայ հաճախորդ ունենալու: Գիտե՞ք, հայերս բնավ սովորություն չունին, որ հայը հայու քաջալերե»:

 

Ցավով է ասում այս մասին Շահինյանը՝ նշելով, որ եթե ճիշտ մոտեցում լինի, հայերն էլ հայրենակիցներին օգնություն կցուցաբերեն: Հիմա այդ օգնության կարիքն ունի նաև Հայ Հորիզոնը, որը Թամար Շահինյանը համարում է Մոնրեալի հայ համայնքի հայելին: