Home / Canadahye  / «Ալլագմա թեքնոլոջիս» տեխնոլոգիական ընկերության կանադահայ հիմնադիրը Հայաստանում կհիմնի մասնաճյուղ, որը կօգնի նվազեցնել ստվերի ծավալը տնտեսությունում

«Ալլագմա թեքնոլոջիս» տեխնոլոգիական ընկերության կանադահայ հիմնադիրը Հայաստանում կհիմնի մասնաճյուղ, որը կօգնի նվազեցնել ստվերի ծավալը տնտեսությունում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _  Ոսկերչությունից դեպի ԱյԹի ոլորտ անցում կատարած լիբանանահայ Վարդգես Մելքոնյանը նույն ջանասիրությամբ առաջընթաց արձանագրեց նախընտրած ոլորտում: Սկզբնական շրջանում համակարգիչների նորոգում կատարող «Ալլագմա թեքնոլոջիս» կանադական ընկերությունն արդեն 2000 թ-ին հստակ գործունեության մեխանիզմ էր մշակել. Եթե սկզբնական շրջանում հաճախորդները տպագրիչներն էին, ապա վերջին 7 տարիներին աշխատում են պետությունների հետ, իսկ ուղղությունը ՏՏ գործիքների միջոցով ստվերային տնտեսության բացահայտումն է:

 

1989թ-ից Կանադայում՝ Մոնրեալում բնակվող Վարդգես Մելքոնյանի հետ հանդիպեցինք Երևանում. սա նրա հերթական այցն էր հայրենիք՝ այստեղ ներդրում կատարելու նպատակով ուսումնասիրություններ կատարելու: 2015-ին, երբ եկավ Հայաստան, ոգևորվեց հայրենիքին օգտակար լինելու գաղափարով, իսկ արդեն 2016թ-ից որոշեց ուսումնասիրել դաշտը: Պաշտնոյաների հետ հանդիպումներ, ստվերային տնտեսության իրավիճակի գնահատում, հասարակության վրա դրա ազդեցություն և այլն. Սրանք հարցեր են, որոնք պարզաբանում են պահանջում մինչ գործնական քայլերի անցնելը:

 

«Ժամանակի ընթացքում, երբ որ մեծ երկրների համար ըրինք, նկատեցի, որ կարելիությունը կա նաև Հայաստանին օգնել, այդ ամբողջ գիտելիքը բերել նաև տեղական շրջանակներուն հասցնել»,-ասում է Վարդգես Մելքոնյանը:

 

ԳՏՆԵԼ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7 տարիների ընթացքում «Ալլագմա թեքնոլոջիս» ընկերությունը ստվերային տնտեսության բացահայտման ու ստվերի նվազեցմանն ուղղված ծրագրեր է մշակել Հյուսիսային Ամերիկայի տարբեր նահանգների համար, շատ վայրերում գործի են դրվել իրենց մշակած տեխնոլոգիաները, ԱՄՆ-ը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել, Վաշինգտոնի հետ են արդյունավետ համագործակցում, ընթացքի մեջ են նաև տեխնոլոգիան եվրոպական երկրներ հասցնելու աշխատանքները:

 

Հաջողված օրինակները շատ են, սակայն դրանք  յուրաքանչյուր երկրի համար առանձնահատուկ են, այնպես որ այլ երկրներում ստվերի նվազեցման փորձն աչքի առաջ ունենալով՝ չեն կարող Հայաստանում նույն մոտեցումը ցուցաբերել:

 

Չենք կրնար ըսել, որ ինչ որ Կանադայի համար հաջողած է, Հայաստանի համար կրնա հաջողիլ և հակառակը

 

«Չենք կրնար ըսել, որ ինչ որ Կանադայի համար հաջողած է, Հայաստանի համար կրնա հաջողիլ և հակառակը: Ստվերային տնտեսությունը մեկ բան չէ, այնպես, որ վերցնես ու կլուծվի: Մեր ըրածը այս պարագային գտնել այն եզրը, ուր նմանությունները կան Հայաստանի և այլ երկրներու միջև ու այդ նմանություններու հիման վրա փոփոխություններ ընել»,-ներկայացնում է ընկերության հիմնադիրը:

 

Հայաստանում, որտեղ պետությունը կարիք ունի ոչ միայն երկրի ներքին ծախսերը հոգալ, այլև արտաքին պարտքերը փակել, հաճախ խստագույն մեխանիզմներ են կիրառվում բարեխիղճ հարկատուների հանդեպ այն պարագայում, երբ խոշոր գործարարները խուսափում են հարկերից. Սա ստվերային տնտեսության մասին յուրաքանչյուր սովորական քաղաքացու պատկերացումն է, որի հետ խոշոր ընկերության ներկայացուցիչն այնքան էլ համամիտ չէ. Ըստ նրա՝ երբեմն դրանք լինում են հիմնազուրկ, և իրենց նպատակն է ձեռքի ունենալ հիմնավոր տեղեկություններ Հայաստանի հարկային դաշտի ու ստվերային տնտեսության իրավիճակի մասին:

 

100-Ը 100 ՀԱԶԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Ուսումնասիրությունների նպատակը չէ միայն օֆշորային հաշիվների բացահայտումները, այլ ընդհանուր ներքին հարկային խնդիրները հասկանալն ու լուծելը, իսկ օլիգարխիկ համակարգը կա, բայց միայն դրանով չեն պայմանավորված դժվարությունները: Օրինակ է բերում:

 

Կուզենք նվազեցնենք ստվերային տնտեսությունը, որ պետությունը գումարները վերցնե, իսկ ժողովուրդը չըլլա այդ ամբողջ բեռը իր ուսերին առնողը

 

«Պետությունը կըսե՝ այսքան գումարի կարիք ունիմ, կարևոր չէ՝ ով պիտի վճարե ու որքան մարդ պիտի վճարե՝ 100 հոգի, թե 100 000 հոգի: Եթե 100 հոգի պիտի վճարե, այդ 100 հազարանոց բյուջեն պիտի բաժնե 100 հոգու վրա, եթե 100 հազարի վրա բաժնե, ավելի նվազ պիտի ըլլա: Թվում է, թե պետությունը անմիջապես կանցնե անոնք, որոնք օրինական ձևով կվճարեն: Ուրեմն ի՞նչ եղավ. Հարցը պետության հետ չէ, այլ ստվերային տնտեսության հետ եղած է, ուրեմն կուզենք նվազեցնենք ստվերային տնտեսությունը, որ պետությունը գումարները վերցնե, իսկ ժողովուրդը չըլլա այդ ամբողջ բեռը իր ուսերին առնողը»:

 

Իսկ հարկերից խուսափողը պարտադիր չէ, որ լինի մեծահարուստ, դա էլ կա, սակայն կանադահայ գործարարի նպատակը միայն այդ ուղղությամբ աշխատելը չէ. Ընդհանուր տնտեսության վիճակն է գնահատում՝ հասկանալու համար հավանական գործունեության ուղղությունը:

 

Ուսումնասիրություն կընենք, որ մանրամասն տեղեկություններ ունենանք, տեսնենք՝ ուր է պրոբլեմը և ինչն է

 

«Ինծի համար կարևոր է, որ ճշգրիտ տեղեկություն ունենամ, անոր համար ուսումնասիրություն կընենք, որ մանրամասն տեղեկություններ ունենանք, տեսնենք՝ ուր է պրոբլեմը և ինչն է: Մենք կարող ենք հեշտությամբ ըսել, որ այս անձը, այս գրուպը կամ այս խավը լավն է կամ վատն է. Ես չեմ կրնա այդ տեսակ թույլ կարծիքներ արտահայտել որևէ անձի կամ խմբի մասին»,-ասում է մոնրեալահայ գործարարը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐՄԱԼ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ

Արդեն որոշ ուսումնասիրություններ կատարել է, բայց դրանց մասին խոսելը վաղ է համարում, հետագայում անպայման դրանք կներկայացնի հանրությանը, իսկ առայժմ մեկ ընդհանուր եզրակացություն կարող է ներկայացնել, որ Հայաստանում վիճակն ավելի վատ չէ, քան այլ զարգացած երկրներում:

 

Կանդրադառնանք այդ բոլոր ըսածները, որոնք բոլորը ճշմարտության վրա հիմնված չեն

 

«Ես չեմ կարող ըսել, որ օլիգարխի հասկացություն գոյություն չունի, անշուշտ ունի, չեմ կարող ըսել, որ լավ բաներ չեն պատահի, անշուշտ կպատահին: Բոլորն ալ կա, սակայն երբ որ կսկսինք ավելի մանրամասն թիվերուն նայիլ, կանդրադառնանք այդ բոլոր ըսածները, որոնք բոլորը ճշմարտության վրա հիմնված չեն, նույնիսկ եթե որևէ տեղեկություն, որ կերևի որ ճիշտ է, բայց տակավին ուրիշ բաներ պետք է, որ համեմատելով վստահ ըլլանք, որ այդ տեղեկությունը ճիշտ է»,-ներկայացնում է ՏՏ ոլորտի մասնագետը:

 

Ավելին, նա վստահ է, որ Հայաստանում ոչ միայն լավ տենդենցներ կան, այլև իրավիճակն ավելի չի վատթարանա, ըստ նրա՝ տվյալները ցույց են տալիս, որ նորմալ ընթացքի մեջ է երկիրը: Անձամբ դրական փոփոխություններ է տեսել, ասում է.

 

Իշխանության մեջ եղողները այս մարզի մեջ շատ մը ուրիշ երկրներե ավելի լավ գործ կընեն

 

«Տեսա, թե ինչ աշխատանքներ կատարված էին Հայաստանի մեջ՝ հսկայական փոփոխություններ կային հարկայինի իմաստով, ստվերայինի իմաստով, և կնկատեմ, որ իշխանության մեջ եղողները այս մարզի մեջ շատ մը ուրիշ երկրներե ավելի լավ գործ կընեն: Կանադայի պես երկրու մեջ, Ամերիկայի պես երկրու մեջ փոփոխությունը դժվար կու գա, ինչո՞ւ, որովհետև հսկա մեքենա է, դյուրին չէ սխալ բանի մը դեմն առնել, իսկ Հայաստանի պարագայուն իրենք կարող են շատ մեծ փոփոխություններ բերել»:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԹԵՎԸ

Վարդգես Մելքոնյանը մեծ ոգևորությամբ է տանում նախապատրաստական աշխատանքները, իսկ արդյո՞ք նույն ոգևորությունն ունի Հայաստանի կառավարությունը՝ բացահայտելու ստվերային տնտեսությունը: Այս հարցում գործարարը հետևյալ վերաբերմունքն ունի. Կառավարությունը բաղկացած է երկու թևերից՝ մարդիկ, որոնց նպատակը սեփական իշխանության շարունակականությունն ապահովելն է, և մարդիկ, որոնք չունեն այդ խնդիրը և որոնց նպատակը աշխատելն է:

 

Չենք կրնա ըսել, որ կառավարությունը վատն է, մեզի կկողոպե և այլն

 

«Բոլորի հետն ալ կգործակցիմ՝ քաղաքականի և ոչ քաղաքականի: Քաղաքական դեմքերու հետ որ կնստենք, բոլորովին տարբեր անձինք են, տարբեր մտայնության տեր անձինք, որովհետև քաղաքական ուժի դերը օրենքներ դնել և ուժը պահելն է, իսկ ետևը հսկայական ուժ մըն է, ինքն իր գործն ունի: Ուրեմն չենք կրնա ըսել, որ կառավարությունը վատն է, մեզի կկողոպե և այլն»,-համոզված է նա:

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

Վարդգես Մելքոնյանը նշում է, որ արդեն մինչև տարեվերջ գործունեությունը կսկսի Հայաստանում, դա կլինի ոչ միայն կոնկրետ ծրագրերի իրականացում, այլև ընկերության հիմնում, որի ծավալները կախված է պահանջարկից: Կանադայում գործող ընկերությունում այժմ աշխատում է 30 մասնագետ, այս տարի հնարավոր է՝ նրանց թիվը կրկնապատկվի, չի բացառվում նաև Հայաստանում նման ծավալներով գործունեություն: Հաշվարկել է նաև ռիսկերը ու համոզվել, որ դրանք ավելի նվազ են, քան, ասենք, Եվրոպայում:

 

Հայաստանում ու աշխարհում ՏՏ ոլորտի այլ խնդիրներ կան. տեխնոլոգիական դարաշրջանում նոր տեխնոլոգիական ուղղությունների զարգացումը ժամանակին համահունչ: Սա կարևոր է հատկապես Հայաստանի համար, որտեղ տեսնում է պոտենցիալ ու հստակ քայլեր և եզրափակում է.

 

«Չեմ զարմանա, որ Հայաստանը խաղա առաջնորդի դերը, եթե հաջողցնենք, որ առաջինն ալ չըլլա, երկրորդ, երրորդ տասներորդը ըլլա, մեծ ապագա մը պիտի ունենա, որովհետև շատ քիչ երկիրներ կան, որ հատուկ ուշադրություն կդարձնեն այս ոլորտին վրա, դժվար է մրցիլ Ամերիկայի հետ, Կանադայի հետ Չինաստանի հետ, բայց հնարավոր է հասնիլ»: