Home / Armenia  / Հայաստանի չորրորդ նախագահի լիազորությունների սահմանը. Երկրում մթնոլորտ փոխել, ո՛չ ավելին

Հայաստանի չորրորդ նախագահի լիազորությունների սահմանը. Երկրում մթնոլորտ փոխել, ո՛չ ավելին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Վաղը ՀՀ ԱԺ-ը կընտրի Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին. Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի միակ թեկնածուն է, ում առաջադրել է ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ: Ինչպես խոստանում էին Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողները մինչ հանրաքվեն, դրանք միտված են լինելու Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, իսկ ժողովրդավարությունը ենթադրում է ընտրության հնարավորություն, սակայն նույն այդ փոփոխությունները թույլ չտվեցին մյուս խմբակցություններին ունենալ իրենց թեկնածուն:

 

ՍԱ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՉԻ

Սա փաստերից մեկն է, որի առջև կանգնել է հասարակությունը: Ժողովրդավարության հետ աղերսներ չունեցող այլ հակասություններ ևս ի հայտ են գալիս ուժի մեջ մտնող Սահմանադրության դրույթներում: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ եթե խորհրդարանական կառավարման համակարգի դրույթներով առաջնորդվեին, արդեն իսկ դրական ակնկալիքներ կարելի էր ունենալ, բայց սա իրականում այն խորհրդարանական կառավարման համակարգը չէ, որի մասին խոսում էին մինչ հանրաքվեն:

 

Պառլամենտականը պահանջում է, որ թեկնածուների ընտրության հնարավորություն լինի, գոնե երկու-երեք թեկնածու լինի

 

«Իշխանությունները ասացին՝ պառլամենտականը լավ է, անցնենք պառլամենտական, ու հիմա իրենք պառլամենտական չեն իրականացնում: Պառլամենտականը պահանջում է, որ թեկնածուների ընտրության հնարավորություն լինի, գոնե երկու-երեք թեկնածու լինի»,-ասում է նա:

 

Որքան էլ թույլ ֆունկցիայով նախագահ է, պետք է ժողովուրդը ընտրի

 

Իսկ թե նախագահին ժողովուրդը կընտրի, թե ԱԺ-ը, ըստ միջազգային նորմերի, կախված է երկրի ընտրությունից, տարբեր երկրներում երկու մոդելն էլ կիրառվում է, Գրիգորյանը կողմ կլիներ, եթե Հայաստանում քաղաքացին ընտրեր նախագահին: Ասում է. «Կան երկրներ, որտեղ ժողովուրդն է ընտրում՝ Վրաստանում, Մոլդովայում, ինչքան էլ պառլամենտական համակարգ է: Որքան էլ թույլ ֆունկցիայով նախագահ է, պետք է ժողովուրդը ընտրի»:

 

ԲԱՆ ՉՄՆԱՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Իսկ որ Հայաստանի չորրորդ նախագահը ամենաթույլ լիազորություններով է օժտված լինելու, սրանում համոզվում է քաղաքագետը: Շատերը նրան համարում են արարողակարգային կամ ներկայացուցչական: Հայաստանի պարագայում նույնիսկ ներկայացուցչական նախագահի որոշ լիազորություններից են զրկել:

 

Օրենքներով ամեն ինչը սրբեցին տարան նախագահից, ու հիմա ինքը նույնիսկ ներկայացուցչական չէ

 

«Իմ տվյալներով բան չմնաց նախագահին, Սահմանադրական փոփոխություններից հետո սկսվեցին օրենքների մեծ փաթեթներն ընդունվել, իսկ օրենքներով ամեն ինչը սրբեցին տարան նախագահից, ու հիմա ինքը նույնիսկ ներկայացուցչական չէ: Եթե նույնիսկ մեդալ շնորհելու իրավունք չունի, ուրեմն ներկայացուցչական էլ չի, ես ուրեմն ճիշտն ասած, այս պաշտոնից այլևս բան չեմ սպասում»,-ասում է Գլոբալիզացիայի և և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի հիմնադիրը:

 

Իշխանության ներկայացուցիչները, այսպես կոչված, սվիններով են ընդունում այն շահարկումները, որ սա արարողակարգային պաշտոն է լինելու, մինչդեռ ամեն ինչ արվում է որևէ ֆունկցիա նախագահի իրավասությանը չթողնելու համար:

 

«Այս երկու ամսվա մեջ նույնիսկ այն ֆունկցիաները, որ պետք է ունենա նախագահը նոր պառլամենտական համակարգում, նույնիսկ դա խլեցին: Անվտանգության խորհուրդը տարան տվեցին վարչապետին, մինչդեռ շատ երկրներում անվտանգության խորհուրդը թողնվում է նախագահին, կամ և՛ նախագահն ունի, և՛ վարևչապետը, ասենք, Էստոնիա, Վրաստանը, դա էլ խլեցին, մյուսը խլեցին. Նախագահն ունի շատ կարևոր ֆունկցիա ներում շնորհելու, հիմա այնպես փոփոխեցին, որ նույնիսկ դա են խլում»,-ասում է Ստեփան Գրիգորյանը:

 

ՄԹՆՈԼՈՐՏ ԿՓՈԽԻ

Հետևաբար միակ բանը, որ ակնկալում է այս նախագահից, Հայաստանում մթնոլորտ փոխելու, ինչ-որ նախաձեռնություններով հանդես գալու քայլերն են, որոնք գուցե արվեն, եթե թույլ տրվի: Իսկ Արմեն Սարգսյանը, որպես քաղաքական գործիչ, բավական լրջմիտ է, ու Գրիգորյանը չի կարծում, որ նա չի հասկանում իրավիճակի լրջությունն ու իր հնարավորությունների սահմանափակ լինելը:

 

Բայց եթե ինքը չունի լծակներ, չունի մանդատ այս ծրագիրը իրականացնելու, ոչ մի իմաստ չունեցող առաջարկներ են, կարող է նույնիսկ խելոք, բայց իրենից դա լսել զարմանալի է

 

«Միայն չեմ հասկանում, նույնիսկ եթե խելացի, մտածող մարդ է, ի՞նչ կարող է անել, եթե ինքը չունի ֆունկցիա: Օրինակ հիմա խորհրդարանում տեղի ունեցավ քննարկում, գիտե՞ք, դուք էլ կարող եք ելույթ ունենալ, ես էլ, սփյուռքահայերը՝ լիքը խելոք մարդ ունենք, կարող ենք ելույթ ունենալ, մեր ցանկությունների մասին հայտնել, առաջարկություններ անել, իր ասածի մեջ էլ շատ խելոք բաներ կային: Բայց եթե ինքը չունի լծակներ, չունի մանդատ այս ծրագիրը իրականացնելու, ոչ մի իմաստ չունեցող առաջարկներ են, կարող է նույնիսկ խելոք, բայց իրենից դա լսել զարմանալի է»,-ասում է ոլորտի փորձագետը:

 

ՍՓՅՈՒՌՔԸ ՄԱՍՆԱԿՑԻ

Եթե քաղաքացին Հայաստանում չի կարող մասնակցել նախագահի ընտրությանը, ապա ինչ խոսք կարող է լինել Սփյուռքի մասնակցության մասին. Սրա վերաբերյալ սփյուռքահայերը հաճախ են դժգոհություն հայտնում, որ իրենք զրկված են Հայաստանի  ներքաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իրավունքից, իրենք միայն որպես, այսպես կոչված, դրամատուն են ծառայում հայրենիքի համար: Պե՞տք է, որ Սփյուռքը ևս նվաճի այդ իրավունքը Հայաստանի համապետական ընտրություններին մասնակցելու, մեր զրուցակիցը կարծում է՝ ոչ:

 

Մեր ուզելով չէ, հիմա ես պե՞տք է ստանամ իրավունք ԱՄՆ ընտրություններին մասնակցելու

 

«Նույնիսկ դժվար է քաղաքականությամբ զբաղվել, եթե հեռու ես գտնվում, լիքը հայ կա, ապրում է դրսում, բայց ՀՀ քաղաքացի չէ: Ես չգիտեմ այլ օրինակ աշխարհում, երբ այլ երկրի քաղաքացիները նախագահ ընտրեն մեկ այլ երկրում, մեր ուզելով չէ, հիմա ես պե՞տք է ստանամ իրավունք ԱՄՆ ընտրություններին մասնակցելու: Գուցե պետք է մտածել: Մի գաղափար կար, եկեք ընտրենք պառլամենտում մի հատ էլ պալատ, որտեղ կընտրենք սփյուռքահայերին այդ պալատի մեջ, շատ դժվար է պատկերացնել սփյուռքահայերին, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, շատ ՀՀ քաղաքացիներ, որ գտնվում են դրսում, բայց չեն կարող քվերակել, այստեղ արդեն քննարկման հարց կա»: