Home / Canadahye  / Հալեպի ամենամեծ վարժարանի նախկին տնօրեն, Մոնրեալ տեղափոխված Ավետիս Բակկալյանը կարծում է, որ օվկիանոսն անցած սիրիահայերը դժվար թե վերադառնան Հալեպ

Հալեպի ամենամեծ վարժարանի նախկին տնօրեն, Մոնրեալ տեղափոխված Ավետիս Բակկալյանը կարծում է, որ օվկիանոսն անցած սիրիահայերը դժվար թե վերադառնան Հալեպ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) – Պատերազմի պատճառով Կանադայում ապաստան գտած սիրիահայերն իրենց երջանիկ պետք է համարեն. Սա մի գաղութ է, որտեղ հայկական առօրյան նույնքան հարուստ է, որքան Մայր գաղութում: Այս համոզմանն է հանգել պատերազմի սկզբնական շրջանից ընտանիքով Մոնրեալ տեղափոխված Ավետիս Բակկալյանը՝ Հալեպի ամենամեծ դպրոցներից մեկի՝ 1500 աշակերտ ունեցող ՀԲԸՄ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի նախկին տնօրենը:

 

Բակկալյանը դեռ մինչև պատերազմն էր դիմել Կանադայի քաղաքացիություն ստանալու հարցով, հարազատներն այնտեղ էին բնակվում, և արդեն պատերազմի սկզբնական շրջանում նրա ընտանիքի համար հնարավորություն ստեղծվեց տեղափոխվել այս երկիր: Նախկին տնօրենին առաջարկվեց զբաղեցնել ՌԱԿ Թեքեյան կենտրոնի «Ապագա» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, որին սիրով համաձայնեց, իսկ երկուսուկես տարի է՝ նաև հայոց լեզու է դասավանդում «Նարեկ» հայկական վարժարանում:

 

ՄԻԱԳՈՒՅՆ ԽՃԱՆԿԱՐ ՉԷ

«Գեղեցիկ է այս խճանկարը, որ կա Կանադայի մեջ. Միագույն խճանկար մը չէ, տարբեր գույներով է, ամեն մեկն իր փորձառությունը կբերե, կդնե, և հնարավորություններու համաձայն եթե կրնա կիրառել, կկիրառե: Գաղութը լավ կգործե, և եթե սուրիահայերուն առիթը եղած է, ըսած եմ՝ դուք ձեզի բախտավոր պիտի զգաք, որովհետև ինկած եք տեղ մը, ուր որ նման է մեր ապրած կյանքին»,- ասում է Բակկալյանը:

 

Վստահաբար չեն կարող վերադարձնել Հալեպի կյանքն իր բոլոր գույներով, չեն կարող իրականացնել այնտեղ կիսատ թողած երազանքները, միմյանցից հեռու են՝ ցրված տարբեր երկրներում, բայց նրանց, ում բախտ է վիճակվել Կանադա հասնել, նոր հնարավորություններ են տրվել: Իսկ Հալեպի խճանկարը շատ ավելի հարուստ էր զուտ հայկական գույներով, ուր գրեթե չէին հանդիպում խառնամուսնություններ, հայկական նոր ընտանիքներ էին կազմվում, հայ երեխաներ ծնվում ու շարունակվում հարյուրամյա ավանդույթները: Այս ամենի կարևոր մասն է եղել Բակկալյանի ընտանիքը, ասում է.

 

Այդ թրքախոս սերունդը երբ որ հասավ Սիրիայի ափերը, կրցան գիտնալ հայերեն լեզվի կարևորությունը

 

«100 տարին արդեն փաստ է, որ մենք հոն կրցանք հայ մնալ: Իմ մեծ հայրս և մայրս թրքախոս էին, բայց հայրս՝ հայախոս: Այդ թրքախոս սերունդը երբ որ հասավ Սուրիայի ափերը, կրցան գիտնալ հայերեն լեզվի կարևորությունը, եկեղեցիի կողքին դպրոցը հիմնեցին և կրցան հայեցի դաստիրակություն տալ»:

 

ԿՊԱՇՏԵՆ ԱՌԱՆՑ ՏԵՍՆԵԼՈՒ

Հեռու լինելով հայրենիքից՝ ամուր կապերով էին սիրիահայերը կապված Հայաստանին, հավաստիացնում է դպրոցի նախկին տնօրենը: «Մեծամասնությունը առանց Հայաստան տեսնելու արդեն սկսած էին պաշտել Հայաստանը, այնքան հայրենասեր էին, որ ակումբը իրենց երկրորդ տունն էր: Չկար հայ, որ ակումբեն դուրս կմնար կամ չէր հաճախե: Սիրիահայը վարժված է, այս բոլոր արժեքներու իմաստը գիտե, և երբ որ եկան Կանադա, արդեն տեսան, որ կան ակումբներ, կան եկեղեցիներ, և այդ միությունները դռները բացին, դպրոցները դռները բացին»,- համեմատում է Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի երկար տարիների տնօրենը:

 

Ցանկությունները միշտ ալ կան, նոր միտքեր ալ կան, հոստեղ կսեպեմ, որ հարստություն է սուրիահայերու գալը

 

Միջավայրերը նման էին, բայց տարբեր էր կյանքի ռիթմը, հետևաբար նույն երազանքներն ու ձգտումները, որ ունեին Սիրիայում, չէին կարող կյանքի կոչել Հյուսիսային Ամերիկայում: Համեմատում է. «Հոն ժամանակ ունիս, հոս քիչ մը առօրյադ, ժամերդ կգողնան ճանապարհները, հոստեղ քիչ կպատահի, որ ընտանիք մը բոլորը կրնան նստիլ ճաշել: Ցանկությունները միշտ ալ կան, նոր միտքեր ալ կան, հոստեղ կսեպեմ, որ հարստություն է սուրիահայերու գալը»:

 

ՄԻԱՅՆ ԶԳԱՅԱԿԱ՞Ն

Իսկ եթե հայրենիքի հետ զգայական կապն այդքան ամուր էր, ինչո՞ւ շատ սիրիահայեր չվարանեցին Կանադայի ճանապարհն ընտրել, ինչո՞ւ որոշումը կանգ չառավ Հայաստանի վրա: Ավետիս Բակկալյանն էլ իր ընտանիքի ապահովությունը տեսավ այս երկրում, և դա նորմալ է համարում. Իր դեպքում պատճառը նաև հարազատների ներկայությունն էր Կանադայում, բայց հիմնական դրդապատճառը հանապազօրյա հացի խնդիրն է, կարծում է մոնրեալահայը:

 

Եթե զավակս վկայականի տեղ եղավ, եկավ, պիտի աշխատի, դիմեց և գործի հնարավորություններ չունեցավ, ի՞նչ ընեմ. Հոստեղ այդ պատասխանատվությունը կա

 

«Այո, կսիրեմ, կպաշտեմ Հայաստանը, բայց վերջավորության եթե ես գործի առիթ չունիմ, եկամուտ չունիմ, ես կկարծեմ, որ եթե դիմացա, կրցա ապրիլ ձևով մը, զավակս վկայականի տեղ եղավ, եկավ, պիտի աշխատի, դիմեց և գործի հնարավորություններ չունեցավ, ի՞նչ ընեմ. Հոստեղ այդ պատասխանատվությունը կա»,- ասում է հալեպահայ մանկավարժը:

 

Մենք պետք է նոր գաղափար մը մեջտեղ հանինք և գործնական վերածելու ձևերը գտնանք, որն է ներգաղթ դեպի Հայաստան

 

Եթե հայաստանցին է երկիրը թողել ու հեռացել՝ չգտնելով նշված հարցերի պատասխանը, ապա ինչպե՞ս մեղադրել հալեպահային: «Ես չեմ կրնար այպանել, ոչ ալ մեկուն տեղ որոշում առնել, ինծի համար այս պահուն Սփյուռքի մեջ և Հայաստանի մեջ ամենեն հրատապը, որ կտեսնեմ, մենք պետք է նոր գաղափար մը մեջտեղ հանենք և գործնական վերածելու ձևերը գտնանք, որն է` ներգաղթ դեպի Հայաստան»,- հեռանկարային է համարում նա՝ անկախ այսօրվա կացության վայրի ընտրությունից:

 

Հայրենի հողի վրա ապրելու, հայրենի օդը շնչելու ցանկությունները երբեք չեն լքում սփյուռքահային, իսկ Բակկալյանը վստահեցնում է, որ իր մտքում մշտապես պտտվում են այդ գաղափարները, որոնք հավատում է, որ մի օր կյանքի կկոչվեն:

 

ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ՝ ԹՐՅՈՒԴՈՅԻ ԱՅՑԸ

Մինչ այդ Կանադայում պետք է շարունակել առաքելությունը: Լինելով հայերենի ուսուցիչ՝ հնարավորություն ունի սերունդներին մտովի տեղափոխել հայկական միջավայր, որտեղ այսօրվա սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքն է: Ոչ թե տեսական գիտելիքներ է փոխանցում, այլև պատմում Հայաստանի այսօրվա մասին, երկրի կառավարման համակարգերի, Առաջին Հանրապետության ստեղծման, Արցախյան շարժման ու մայրաքաղաք Երևանի հոբելյանների մասին: Ամեն ինչից առավել աշակերտների հետաքրքրությունը գրավել է Կանադայի վարչապետ Թրյուդոյի սպասվելիք այցը Հայաստան:

 

Այսօր, այո, կհարգեն մեզի Կանադայի մեջ որպես հայեր, բայց Թրյուդոյի այս այցելությունեն ետք վստահ եղեք, որ քիչ մը ավելի տարբեր աչքով պիտի նային

 

«Որովհետև իրենք ամեն անգամ Թրյուդո կլսեն, ատ իրենց քով ավելի մեծ հետաքրքրություն ստեղծեց, այսինքն՝ հեռատեսիլին պիտի տեսնե՞նք Հայաստանը: Ոչ թե միայն դուք պիտի տեսնեք, ըսի, այլ շատերը պիտի իմանան, թե ինչքան գեղեցիկ Հայաստան ունինք, ինչ բարձր մակարդակի մշակույթ ունինք: Այսօր, այո, կհարգեն մեզի Կանադայի մեջ որպես հայեր, բայց այս այցելութենեն ետք վստահ եղեք, որ քիչ մը ավելի տարբեր աչքով պիտի նային: Պզտիկ բան մը չէ, որ պիտի ըլլա, այլ մեծ արժեք ունեցող երևույթ մըն է»,- համոզված է «Նարեկ» վարժարանի ուսուցիչը:

 

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՁՈՒԼՈՒՄԸ ՉԻ՞ ԱՐԱԳԱՆԱ

Հայերենի հանդեպ հետաքրքրությունը ևս մի քանի տասնամյակ կշարունակի պահպանվել նորեկ սիրիահայերի շնորհիվ: Նրանց մասին հաճախ են ասում, թե Կանադայում հայերի ձուլման ընթացքը նվազեցնում են, իսկ չկա արդյո՞ք հակառակ մտավախությունը, թե հենց սիրիահայերի ձուլման ընթացքը կարագանա Հալեպից հեռու:

 

Հալեպի համար ասկիկա ցավալի է, բայց կանադահայ գաղութի համար հարստություն մըն է

 

«Ամեն անգամ, երբ հոսք մը եղած է Միջին Արևելքեն դեպի Կանադա, այդ Միջին Արևելքի ջերմությունը նոր ուժ մը եղած է գաղութին, ձևով մը երկարաձգած են այս գաղութներու կյանքը: Հիմա սիրիահայերու հասնիլը օգուտ մըն է երկարաձգել գաղութի կյանքը, և քիչ մը ավելի երկար հույս ունինք հայ մնալու այս ափերուն, ասիկա առավելություն մըն է այս գաղութին համար, Հալեպի համար ասկիկա ցավալի է, բայց կանադահայ գաղութին համար հարստություն մըն է»,- կարծում է «Ապագա» թերթի գլխավոր խմբագիրը:

 

Ան, որ օվկիանոսն անցավ և անցավ ամերիկյան ափերը, չեմ կարծեր, որ դյուրին է, որ ետ վերադառնան

 

Այսօր արդեն նախկին Հալեպը չկա, որքան էլ հոգու խորքում սիրիահայերը կապված լինեն հայրենիքին: Այն խաղաղվել է, ոմանք վերադառնում են, և այս հանգամանքը ուրախացնում է կանադաբնակ սիրիահայերին, բայց իրենք այլևս չեն մտածում վերադառնալու մասին, Բակկալյանը վստահ է.«Կլսենք, որ շատ մը անձեր կվերադառնան իրենց Հալեպի տուները, իրենց գործերուն, ինչ որ ձևով մը մեզի կքաջալերե, բայց ան, որ օվկիանոսն անցավ և անցավ ամերիկյան ափերը, չեմ կարծեր, որ դյուրին է, որ ետ վերադառնա»: