Home / Canadahye  / 5000-ի փոխարեն 2554 ընտրող. Լիբանանյան ընտրությունների համահայկական մոբիլիզացման լուրջ ջանքերը, առայժմ չհուսադրող արդյունքներն ու զբոսաշրջության նախարարի կանգառը Կանադայում

5000-ի փոխարեն 2554 ընտրող. Լիբանանյան ընտրությունների համահայկական մոբիլիզացման լուրջ ջանքերը, առայժմ չհուսադրող արդյունքներն ու զբոսաշրջության նախարարի կանգառը Կանադայում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Լիբանանյան ընտրությունների համահայկական մոբիլիզացման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունենում լիբանանահայ քաղաքական գործիչները: Այս երկրի խորհրդարանում հայկական կողմը ներկայացնող ՀՅԴ կուսակցության անդամների թիվը ավելացնելու հնարավորություն է ստեղծվել: Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր համայնք իրավունք ունի մինչև 6 երեսփոխան ունենալ, սակայն հայ համայնքը 2000թ-ից հետո ներկայացնում է միայն 2-ը:

 

Լիբանանի զբոսաշրջության հայազգի նախարար Ավետիս Կիտանյանը մարտի 4-ին՝ կիրակի օրը, հանդիպումներ է ունեցել Տորոնտոյում ու Մոնրեալում բնակվող լիբանանահայ համայնքների հետ: Առիթը, ինչպես հայտնի է, ապրիլի 29-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, որոնց մասնակցելու հնարավորություն շնորհիվ օրենքում կատարված փոփոխությունների ունեն Ամերիկայում, Եվրոպայում, արաբական երկրներում բնակվող բոլոր լիբանանցիները:

 

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ

Նախարարը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, խոսել է Լիբանանում քաղաքական համակարգի բարելավման մասին, շեշտել, որ հայ համայնքը լավագույն  հարաբերությունների մեջ է նախագահի ու վարչապետի հետ, որի վկայությունը Հայաստան կատարած այցն էր: Իսկ թե ինչպես տարաձայնությունները փոխարինվեցին փոխվստահությամբ, մանրամասնել է.

 

Այսօրվա օրենքով ամեն մարդ իր չափը գիտե, հետևաբար եկած ենք եզրակացության, որ ՀՅԴ-ն ունենալու է 6-են 4-ը

 

lubnanli_ermeni_bakanin_turkiye_hakkindaki_sozleri_tartisma_yaratti_8847889«Ճիշտ է, որ խնդիրներ ունեցած ենք, բայց մենք 2016-ի քաղաքապետական ընտրություններուն կարողացանք մեր խոստացած քվեների թիվը հասցնել քվեատուփ, մենք հաջողացենք, հետևաբար բոլորը մեր հետ գործակցելու տրամադրություն ունին: Այսօրվա օրենքով ամեն մարդ իր չափը գիտե, հետևաբար եկած ենք եզրակացության, որ ՀՅԴ-ն ունենալու է 6-են 4-ը»,-նշել է Կիտանյանը:

 

Սա հնարավորություն կտա հայկական հարցերում առավել հաջողության հասնել, իսկ Լիբանանի նապագահի այցը Հայաստան արդեն իսկ վկայում է վստահության մասին, ասում է.

 

Թուրքիո դեմ իր տրամադրությունը հայտնեց, այն Թուրքիո, որուն հետ Լիբանանը շատ ավելի մեծ շահեր ունի

 

«Նախագահը անվերապահ զորակցություն ցույց տվավ Հայաստանի բոլոր խնդիրներուն զորավիգ կանգնելու միջազգային բոլոր ատյաններեն ներս և այնտեղ, ուր Հայաստան ներկայացուցիչներ չունի՝ ըսելով, որ մենք այդ ներկանացուցչությունը կստանձնենք և առաջ կտանենք: Թուրքիո դեմ իր տրամադրությունը հայտնեց, այն Թուրքիո, որուն հետ Լիբանանը շատ ավելի մեծ շահեր ունի, և այն Հայաստանը, որ 25 տարվա երկիր է, հիմա այս բոլորը ըրավ ոչ թե, որովհետև մեծ հայասեր մըն է, այլ ըրավ, որովհետև գիտե, որ Լիբանանի մեջ գոյություն ունի համայնք մը, գաղութ մը, որից ինքը բոլորին հարգանքը կվայելե»:

 

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՅԵՐ

Իսկ այսօր կարևոր է վստահությունից բացի իրական ներկայացուցչություն ունենալ, 17 տարի շարունակ ՀՅԴ-ն ունեցել է 2 ներկայացուցիչ, թեև եղել են այլ հայեր խորհրդարանում, բայց մասնակցություն իրենց նախաձեռնություններին չէին կարող ունենալ. Նրանք ընտրված են եղել ոչ հայերի կողմից:

 

Լավալի ՀՅԴ «Սարգիս Զեյթլյան» կոմիտեի անդամ Ներսեհ Լիպարյանն է Noranor.ca-ի հետ զրույցում պատմում մանրամասների, ինչպես նաև կանադահայերի մասնակցության մասին: Ասում է.

 

«Հակառակ, որ խորհրդարանին մեջ կան 6 հայեր, բայց հայկական երեսփոխանական բլոկը կհաշվե երկու հայեր, որովհետև մյուս չորսն ընտրված էին ոչ հայերու ձայնով և մաս կկազմեին իրենց ընտրական բլոկներու և ոչ հայկական, այսինքն՝ հայկական որոշումներուն մասնակից չէին դառնա»:

 

ՇՐՋԵԼ ԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակին թուրքական երեսփոխանական բլոկը ազդեցություն է ունեցել վարչապետի վրա՝ պարտադրելով միջոց, որով հայկական պատգամավորական բլոկը կկորցնի իր դերը: Այսօր արդեն հնարավորությունը կա ուղղելու ստեղծված իրավիճակը:

 

«Հիմա որ առիթը կա, մենք ունեցած ենք այս կացությունը շրջելու, մեր ունեցած երկուքը երեք կամ չորսի վերածելու: Կարծեմ պատճառ պետք չէ ունենալ ճիգ մը ևս ընել, որպեսզի կարողանանք վերադառնալ այնտեղ, որ քաղաքական ներկայացուցչությունը կարողանա վերադառնալ իրական ներկայացուցչությանը»,-հորդորել է Լիբանանի զբոսաշրջության նախարարը:

 

800 ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾՆԵՐ

Հայտնի է, որ Կանադայում մեծ թվով լիբանանահայեր են բնակվում: Բայց երբ ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցվելու հերթը հասավ, շատերը հրաժարվեցին, Լիպարյանը ասում է.

 

«Շատերը, որոնք լիբանանյան իրականության մեջ հետաքրքրված էին, արձանագրվեցան, բայց շատերն ալ ըսեցին, որ ես հիմա Կանադա եմ, կանադական ընտրությամբ կզբաղիմ: Ոչ թե դեմ են Լիբանանի ընտրություններուն, այլ այդքան խանդավառ չեն, բայց իմ կարծիքով այդ 800-ը, որոնք արձանագրված են, մասնակցություն կբերեն»:

 

800-ը այն արձանագրվողների թիվն է, որոնք հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրենց համաձայնությունը տվել են մասնակցելու: Մյուսներին ևս ներգրավվելու հնարավորություններ են փնտրում, բայց այսօր խնդիր ունեն գոնե այդ 800-ի մասնակցությունն ապահովելու: Խնդիրն այս դեպքում քաղաքացիների տեղափոխությունն է, արդյո՞ք նրանք պետք է հասնեն Օտտավա՝ դեսպանատուն, թե՞ այլ եղանակ է առաջարկվում: Լիպարյանը պարզաբանում է.

 

Վանկուվերի մեջ մինչև այսօր արձանագրված է 174 հոգի, որ 174 հոգի են, հոն քվերակության սնդուկ դնելու հնարավորություն չկա

 

«Լիբանանյան պետության օրենքով ամեն մեկ նահանգի մեջ սնդուկ կդրվի, ուր 200-ե ավելի քվերակող կա, ոչ անպայման հայ, այլ 200 լիբանանցի քվերակող: Օրինակ Վանկուվերի մեջ մինչև այսօր արձանագրված է 174 հոգի, որ 174 հոգի են, հոն քվերակության սնդուկ դնելու հնարավորություն չկա: Նախարարը կուսումնասիրե հնարավորությունները, որպեսզի այդ 174 հոգին Տորոնտո կամ Օտտավա տանի, կամ մինչև իսկ տանի Լիբանան, հարցը կվերաբերի առայժմ 174 հոգիին»:

 

ՀԱՍՆԵԼ ԼԻԲԱՆԱ՞Ն

Լիբանան հասնելու մասին ակնարկներ շատ քաղաքացիների են հասել, և որոշները նույնիսկ այդ ակնկալիքով չեն արձանագրվել սահմանված ժամկետում: Օգտվելով առիթից՝ նրանք այդ հարցն ուղղեցին զբոսաշրջության նախարարին, ում պատասխանն այսպիսին էր.

 

Հարցը միայն ամերիկաներուն չի վերաբերե, մենք արաբական երկիրները ունինք, Եվրոպան ունինք, որ ավելի մոտ է, մեր փափագը այն է, որ ձև մը գտնինք, որ մասնակցին

 

«Մենք այստեղե Լիբանան պիտի երթանք, թե չէ, հիմա եթե ըսեմ, որ պիտի երթանք, ձեզմե շատերը՝ էրիկ-կնիկ պիտի միմյանց ըսեն, որ նայի ըսինք՝ չարձանագրվինք, վերջը Լիբանան պիտի տանին մեզի: Մենք ադ ընտանեկան խնդիրները չենք ուզե ստեղծել: Պիտի փորձենք ամեն միջոցի դիմել, այստեղի կենտրոնական կոմիտեի հետ քննության մեջ ենք, որովհետև հարցը միայն ամերիկաներուն չի վերաբերե, մենք արաբական երկիրները ունինք, Եվրոպան ունինք, որ ավելի մոտ է, մեր փափագը այն է, որ ձև մը գտնինք, որ մասնակցին»:

 

Այս 2500 հավելյալ քվեն ունենալու համար բոլոր միջոցների պիտի դիմենք

 

Բոլորի մասնակցությունն են հաշվարկել, քանի որ առնվազն 5000 հավելյալ ձայների կարիք ունեն 4 անդամ խորհրդարանում ապահովելու համար, այնինչ մինչ այժմ նրանց թիվը 2554-ն է: «Այս 2500 հավելյալ քվեն ունենալու համար բոլոր միջոցների պիտի դիմենք, որովհետև մենք հասած ենք, հոն, որ իրականություն դարձնենք 4-րդ դեսպանի ներկայությունը»,-ասել է Լիբանանի կառավարության անդամը:

 

Ասիկա կնշանակե, որ մեր քաղաքական գործիչները Լիբանանի մեջ նույնքան և ավելի հայ են

 

Իսկ տարբեր երկրների հայ համայնքներն արդյո՞ք քաղաքական գործիչները չեն օգտագործում սեփական շահերն առաջ տանելու համար, Լիբարյանը նշում է.  «Եթե նայենք Լիբանանի նախագահի վերջին այցելությունը, որ եղավ Հայաստանի մեջ, եղավ մեր նախարարներու, մեր երեսփոխաններու, հայ համայնքի ունեցած արժեքի և ուժի պատճառով: Այս բոլորը ներքին աշխատանք կուզե, և այդ ներքին աշխատանքը ըրած են հայ քաղաքական գործիչները, կեցած տեղը չըլլար, և ասիկա կնշանակե, որ մեր քաղաքական գործիչները Լիբանանի մեջ նույնքան և ավելի հայ են»: