Home / Armenia  / Երկու օր Երևանը վայելելու համար տուրիստին կբավարարի 300 ԱՄՆ դոլարը. Երևանի քաղաքապետարանի հաշվարկները, հյուրանոցների թվի աճն ու հյուրատների պակասը

Երկու օր Երևանը վայելելու համար տուրիստին կբավարարի 300 ԱՄՆ դոլարը. Երևանի քաղաքապետարանի հաշվարկները, հյուրանոցների թվի աճն ու հյուրատների պակասը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Երևանի Տպագրիչների փողոցում միմյանց հարևանությամբ մի քանի հյուրատներ կան,  այս պահին գրեթե դատարկ են, ժամանակ առ ժամանակ մի քանի հյուրեր են ունենում: Սակայն մի հյուրատան աշխատանքը երբևէ մյուսին չի խանգարում, ավելին, երկու ամսից արդեն հյուրատների պակաս կզգացվի:

 

Անսահմանափակ թվով այցելուներ, որոնց հիմնական մասն արդեն նախապես է ամրագրում իր տեղը հյուրատանը կամ հոսթելում, հավաստիացնում է Լուսինե Գալստյանը՝ Երևան հոսթելի ադմինիստրատորը: Անկախ հյուրանոցների համեմատ էական տարբերություններից, այստեղ հյուրերի պակաս չի զգացվում: Օտարազգիները չեն խուսափում գիշերել այլ հյուրերի հետ ընդհանուր սենյակում կամ բավարարվել միջին սպասարկմամբ:

 

ՔԻՉ ԾԱԽՍԵՐ, ՇԱՏ ՊԱՀԱՆՋՆԵՐ

_ART1264

«Սա, օրինակ, խառը տեսակի սենյակնէ,-ցույց է տալիս Լուսինեն,- այստեղ 8 տարբեր անձինք կարող են տեղավորվել, տրամադրվում են պահարաններ, այստեղ բաղնիք կա, իսկ զուգարանը սենյակից դուրս է: Օրինակ սա ընդհանուր սանհանգույցն է, բոլորը կարող են օգտվել»:

_ART1268

 

Ընդհանուր սենյակում տարբեր ազգության ու սովորությունների հյուրերի տեղավորելը պատասխանատու աշխատանք է, որից շատ սեփականատերեր խուսափում են: «Պետք է բոլորին գոհացնել այն դեպքում, երբ բավականին քիչ գումար են տալիս և բավականին շատ պահանջներ ունեն»,-շեշտում է երիտասարդ աշխատակցուհին, ով 7 տարվա պատմություն ունեցող հոսթելի բոլոր խնդիրներին ծանոթ է:

 

Իսկ մեկ գիշերվա համար մեծ գումար չեն վճարում՝ հիմա 3000, ամենապիկ սեզոնին մինչև 5000 դրամ, կան առանձին սենյակներ, որոնք համեմատաբար թանկ արժեն, ներկայացնում է.

 

20180307_130838«Սեզոնից էլ է կախված, գումարից էլ է կախված, կարող է մի հյուրին տանք 17000 դրամով, մյուսին՝ 12000»:

 

Մոտ 4 անգամ ավելի էժան է հյուրանոցային սենյակից, ուղղակի ոչ բոլորը կարող են ապրել հոսթելում

 

Մեծ մասամբ հյուրերն արդեն ծանոթ են լինում պայմաններին, ուր գիշերելու են, օնլայն են ամրագրում հյուրանոցը կամ հյուրատունը, հավաստիացնում է Լուսինեն: «Նախօրոք ծանոթանում են բոլոր պայմանների հետ՝ ինչ կարող է առաջարկել հյուրանոցը, ինչ՝ հոսթելը, ինչ տեսակի սենյակներ ունեն, ինչն է իրենց հարմար, որովհետև նշում են՝ քանի հոգով են, քանի գիշեր: Եթե հյուրը անում է ամրագրումը, գիտեն՝ ուր են գալիս, գալիս է կոնկրետ այդ սենյակի համար: Իսկ հոսթելի տարբերությունը այն է, որ մոտ 4 անգամ ավելի էժան է հյուրանոցային սենյակից, ուղղակի ոչ բոլորը կարող են ապրել հոսթելում»,-պատմում է հյուրատան ադմինիստրատորը:

 

ՕՏԱՐԱԶԳԻՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ20180307_133405

Գայանե Մանուկյանը ևս օտարազգիների հետ աշխատելու բավական երկար փորձ ունի: Հետաքրքիր աշխատանք է՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներին ճանաչելու հնարավորություններով ու Հայաստանը նորովի բացահայտելու ձգտումով:

 

Որ տեսնում ես, որ մարդիկ հասնում են այստեղ, որ տեսնեն այդ ամենը, նոր ես հասկանում արժեքը

 

«Մենք մեր երկրում շատ բաներ չենք տեսնում, դրսից եկողների հետ խոսելով՝ իրենց հայացքով ես սկսում նայել ու սկսում ես կարոտել այն տեղերը, որտեղ կարող էիր լինել: Իսկ ինչո՞ւ դու ապրում ես այստեղ ու չես տեսել Լոռին, չես գնացել Տաթևի վանքը տեսնես: Նոր ես գնահատում, որ տեսնում ես, որ մարդիկ հասնում են այստեղ, որ տեսնեն այդ ամենը, նոր ես հասկանում արժեքը: Ռուսներ էին եկել, ասին, որ մեր ընկերները խորհուրդ են տվել, որ անպայման Երևան գնաք, հրաշալի տեղ է»,-պատմում է Գայանեն:

 

Իսկ ովքեր գալիս են Հայաստան, բավական է գիշերելու վայր լինի, ամբողջ օրը մեկնում են տարբեր ուղղություններով՝ ծանոթանալու տեսարժան վայրերին, վայելելու Հայաստանը, և միայն մեկ գիշերվա համար շատ ավելի հարմար տարբերակ է հոսթելը, հավաստիացնում է Տպագրիչների փողոցի հյուրատներից մեկի աշխատակցուհին:  Պատմում է.

 

Անպայման նախընտրում են որ բոլոր տեսարժան վայրերում լինեն, ընտրում են վայրերը

 

«Հիմա դեռ նոր են սկսում գալ, ամռանը շատ են գալիս, անպայման նախընտրում են որ բոլոր տեսարժան վայրերում լինեն, ընտրում են վայրերը, ճշտում նկարներով, գնում են, գալիս, հետո մարդկանցից են շատ գոհ, ոչ միայն երկրից, այլև ասում են՝ ինչ ջերմ են մարդիկ»:

 

Նա արդեն նույնիսկ այլազգիների սովորույթներին է լավ ծանոթացել, ազգային առանձնահատկություններին, զարմանում է, երբ որևէ օտարազգի լավ տեղեկացված է լինում հայերի մշակույթի մասին, ինչպես դա եղել է տարեց մի հույնի դեպքում:

 

«Հետաքրքիր ազգ են պարսիկները, -ծիծաղելով պատմում է կինը,-ամեն ինչի առանց հարցնելու ձեռք են տալիս, ի տարբերություն եւրոպացիների, միանգամից ձեռքը գցում են ու վերցնում, քաղաքակրթությունը բացակայում է, թեև իրենց մեջ էլ կան շերտեր, հայերս ավելի զսպված ենք, ինձ կորեացիներն են շատ դուր եկել, մյուս ազգերի համեմատ, յուրահատուկ են»:

 

ՀՈՍԹԵԼՆԵՐԻ ՊԱԿԱՍ

Հոսթելները մեկտեղում են օտարազգիներին, Հայաստանն ավելի էժան միջոցներով ճանաչելու հնարավորություն են տալիս, բայց փոքրաթիվ են, ու ոչ բոլոր ցանկացողները կարող են օգտվել այս մատչելի հյուրատներից: Այս հարցին անդրադառնում է նաև Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

 

Հյուրատները, որոնք տեղակայված են առաջին հարկերի շենքերում և խանգարում են բնակիչների ելումուտը, օրենքով սահմանված են

 

«Հյուրատները, որոնք տեղակայված են առաջին հարկերի շենքերում և խանգարում են բնակիչների ելումուտը, օրենքով սահմանված են, իսկ ներդրումային կարգով անցած տարի բացեցինք «Իբիս» հյուրանոցը, միջին կարգի հյուրանոց է, համեմատած մյուսների հետ»,-նշում է Օրբելյանը:

 

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ՝ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Փոխարենը որպես քաղաքի բարելավման ուղղություն՝ շեշտում է հյուրանոցների թվի ավելացման փաստը: Իսկ արդյո՞ք մեծաթիվ հյուրանոցների կառուցումը չի վնասում Երևանի զարգացմանը, կառուցվում են դրանք՝ երկրորդ պլան մղելով պատմական ու ճարտարապետական նշանակություն ունեցող կառույցների գոյությունը, մինչդեռ զբոսաշրջիկներին հենց նման շինություններն են գրավում, որպես այդպիսիք՝ ի՞նչ ունի ցուցադրելու Երևանը, արդյո՞ք կառույցի պաշտոնյային չի մտահոգում դրանց աստիճանաբար վերացումը: Նշում է.

 

Աբովյան փողոցի վրա ֆասադային հատվածները պահպանվում են, հետևը շենք է կառուցվում, դա ևս ձև է պահպանելու ճարտարապետությունը

 

«Ես մեծ տարակուսանք չեմ ապրում, ինչպես ցանկացած երևանցի, և այդ ամենը ինչ կատարվել է, կատարվել է տարիներ առաջ՝ թե՛ Թամանյանի ժամանակաշրջանում,  և թե՛ ավելի առաջ: Գիտեք՝ ինչ հրաշալի եկեղեցիներ ենք ունեցել, որոնք քանդվել են, իսկ հյուրանոցների կառուցումը, որը նշում եմ, օրինակ Աբովյան փողոցի վրա ֆասադային հատվածները պահպանվում են, հետևը շենք է կառուցվում, դա ևս ձև է պահպանելու ճարտարապետությունը, ես չեմ ուզում անդրադառնալ Հին Երևանին, որը տարբեր տարիների ընթացքում է փոփոխվել»:

 

Ստացվում է, որ թամանյանական Երևանի խաթարման մեղավորները միայն ներկայիս իշխանությունները չեն, Գևորգ Օրբելյանը՝ որպես օրինակ նշեց Աբովյան փողոցում տեղի ունեցող փձոփոխությունները, իսկ թե արժեքավոր ինչ են ցուցադրում տուրիստներին, ասում է.

 

«Մենք քաղաքում ունենք մի քանի կոլորիտային հատվածներ, որտեղ կարելի է զգալ Հին Երևանի շունչը, Աբովյան փողոցը, Արամի փողոցը, Ալեվարդյանի հին շենքերը: Ցանկացած քաղաք կենդանի օրգանիզմ է, մշտապես կառուցվող»:

 

Այդ կենդանի օրգանիզմում կան հատվածներ, որոնք հրատապ նորոգման կարիք ունեն, ինչպես օրինակ Արամի 9-ը շենքը, որի մասին պատմել ենք օրեր առաջ, այնտեղ ապրել է Արամ Մանուկյանը՝ Առաջին Հանրապետության հիմնադիրը, այս հոբելյանական տարում կվերանորոգվի՞ «Հին Երևան » ծրագրում ընդգրկված այդ շենքը, քաղաքապետարանի պաշտոնյան պատասխան չունի, Noranor.ca-ի հարցին ի պատասխան նշում է, որ հարցին տեղյակ չէ:

 

Երկու օր այդ ամենը վայելելու համար տուրիստին բավական կլինի 300 ԱՄՆ դոլարը

 

Փոխարենը պատմում է Երևանում սպասվելիք տոնական միջոցառումների, փառատոնների մասին, Երևանը՝ որպես միջոցառումային զբոսաշրջային քաղաք դիրքավորելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Դրանք շատ են, բազմաբովանդակ, իսկ երկու օր այդ ամենը վայելելու համար տուրիստին բավական կլինի 300 ԱՄՆ դոլարը, տեղեկանում ենք քաղաքապետարանի մոտավոր հաշվարկներից: