Home / Canadahye  / Կանադահայ Մարգարիտ Ղազարյանը, ով վստահ է, որ Կանադայում կինը տղամարդուց ավելի իրավունքներ ունի, արժանացել է գլխավոր նահանգապետի շքանշանին

Կանադահայ Մարգարիտ Ղազարյանը, ով վստահ է, որ Կանադայում կինը տղամարդուց ավելի իրավունքներ ունի, արժանացել է գլխավոր նահանգապետի շքանշանին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Տիկին Մարգարիտն իր հայրենիքում երբևէ չի եղել, բայց Մայր Հայաստանից նրան բաժանող տարածությունը խոչընդոտ չէր. Ցանկություն ուներ օգնել կարիքավորներին. 1980-ականներից, տեղափոխվելով Կանադա, որոշեց, որ պետք է մաս կազմի այն նախաձեռնությունների, որոնք միտված են օգնել հայ կարիքավոր երեխաներին: «Հայաստանի երեխաների հիմնադրամը» եղավ հիմնական հանգրվանը, որի միջոցով արդեն մոտ 30 տասնամյակ է՝ օգնում է երեխաներին:

 

Հիմնադրամի գործունեությունը սկիզբ առավ Սպիտակի երկրաշարժի օրերից, երբ որբ ու անտուն մնացած մանուկներն ամենաշատն ունեին աջակցության կարիք: 16 տարի շարունակ հիմնադրամը՝ ի դեմս նաև տիկին Մարգարիտի, նրանց կողքին էր, իսկ երբ տարիքն առան այդ երեխաները, սկսեցին աջակցել սոցիալական այլ խմբերի մանուկերի: Վերջին 10 տարիներին Ղազարյանը նաև հիմնադրամի ատենապետն է:

 

Երկարամյա նվիրական աշխատանքի համար Մարգարիտ Ղազարյանն արժանացել է բարձրագույն պարգևի: Կանադայի գլխավոր նահանգապետ, Նորին գերազանցություն Ժուլի Բայեթը նրան է հանձնել «Բարձր Գնահատանքի Արժանի Ծառայությունների շքանշան», մի պարգև, որը հանձնվում է կանադացի այն անձանց, ովքեր տարիներ շարունակ ծառայել են այլ երկրների քաղաքացիներին՝ նպաստելով նրանց բարեկեցությանը: Մարգարիտ Ղազարյանը կանադահայ առաջին կինն էր, որ նման պարգև ստացավ:

 

ՄԵԴԱԼԸ ՀԱՅԵՐԻՆՆ Է

Անակնկալը հպարտության ու ջերմության զգացողություն է արթնացրել կնոջ մոտ, ով երբևէ չլինելով հայրենիքում՝ կարողացել է օգտակար լինել, ու որախ է ոչ այնքան որպես կանադացի, որքան որպես հայ նշված մեդալը կրելու համար. Այն համարում է հայ ժողովրդի ձեռքբերումը:

 

Ուրախ եմ հայության համար, որ հայ մը կարողացել է Կանադայի մեջ՝ իր քաղաքի մեջ, օգնի ուրիշ երկրի, իրենք այսպես կարժեքավորեն

 

«Սա մեդալ մըն է, որ արժանի է ազգի մը, այն անանկ հեշտ չի տրվում, շատ դժվար է կառավարության կողմից ստանալը: Ուրախ եմ, որ ստացել եմ, ուրախ եմ հայության համար, որ հայ մը կարողացել է Կանադայի մեջ՝ իր քաղաքի մեջ, օգնի ուրիշ երկրի, իրենք այսպես կարժեքավորեն: Ուրախ եմ հայերի համար, որ Կանադայի մեջ այսքան արժեքավորեցին, այս մեդալը իմը չի, բոլոր հայերինն է»,-ասում է Մարգարիտ Ղազարյանը:

 

ԿՆՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԵՆ

70-ամյա կնոջ համար անակնկալ է եղել նման պարգևը: Տարիներ շարունակ կատարել է իր աշխատանքն ՝ առանց երբևէ մտածելու պարգևի մասին, իսկ հիմա, երբ ստացել է այն, ակամայից գնահատում է հնարավորությունները, որոնք տվել է Կանադան կնոջը. Այստեղ յուրաքանչյուր կին իրավունք ու հնարավորություն ունի իրագործել իր ցանկություններն ու երազանքները: Թե՛ տանը, թե՛ աշխատավայրում հարգված են նրա իրավունքները, ի տարբերություն Հայաստանի, որտեղ հաճախ են բարձրաձայնում կանանց իրավունքների ոտնահարման մասին: Երեխաների հիմնադրամի ատենապետն ասում է.

 

Հոստեղը կինն իր իրավունքները ունի, էլ ավելի, քան էրիկմարդը

 

«Ես ինչ եկած եմ Կանադա, հավասարություն տեսած եմ, կին և էրիկմարդ, տարբերություն չկա այստեղ, հարգանքը տեսած եմ իբրև կին, այսքան տարի աշխատած եմ, չեմ տեսած, որ կինը չհարգեն: Հոստեղը կինն իր իրավունքները ունի, էլ ավելի, քան էրիկմարդը, աշխատանքի մեջ ես տարբերությունները չեմ զգացել, կարող է էրիկմարդը ավելի պակաս ունի այդ իրավունքը, քան կինը: Կնոջ իրավունքը Կանադայի մեջ շատ հարգված է»:

 

ԾԱՌԱՅԵՆ ՆՊԱՏԱԿԻՆ

Սահմանամերձ գյուղերի երեխաների համար սկսել են աշխատել այն ժամանակից ի վեր, ինչ դադարել է երկրաշարժից անօթևան մնացած երեխաների հովանավորման ծրագիրը, իսկ աջակցություն կազմակերպելը դյուրին չէ. Կնոջից մեծ ջանքեր է պահանջվում տարբեր քաղաքներից միջոցներ հանգանակել, Հայաստան ուղարկել ու հետևողական լինել, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին:

 

Օրինակ՝ Վանկուվերի մեջ դպրոցի երեխաները դրամը կհավաքեն և մեզի կուղարկեն, ամեն տարի կավելցնեն գումարը

 

«Տարին մեկ անգամ հանգանակություն ենք անում, Սուրբ ծնունդ ենք անում, հավաքում երեխաներին, որ մեր քաղաքի երխաները տեսնեն՝ ինչ ենք անում, երեխաները զգան: Օրինակ՝ Վանկուվերի մեջ դպրոցի երեխաները դրամը կհավաքեն և մեզի կուղարկեն, ամեն տարի կավելցնեն գումարը»,-պատմում է մոնրեալահայ կինը:

 

Միջոցները հավաքելուց բացի նույնքան կարևոր է դրանք նպատակին ծառայեցնելը, երկրաշարժից տուժած երեխաների պարագայում, օրինակ, պարբերաբար հետևել են: Ընտանիքների թիվը քիչ չէ, հետևաբար մեծ աշխատանք էր պահանջվում: Պատմում է.

 

Մտավախությունը կար, թե տե՞ղ կհասնե, բարեբախտաբար որ ընտանիքը որ գնացին, լավ լուրով ետ եկան

 

«1200-1500 երեխա էին, և ընտանիքները գտնենք, որ այս երեխաներին հոգ տանեն: Ընտանիքներ գտանք, 16 տարի անոնց վճարեցինք, տևական: Մեզ վճարեցին, մենք ղրկեցինք հոն, ու ամեն տարի այնպես եղավ, որ ոչ մի խախտում, գնացին, երեխաները տեսան, որ ինչ որ դրամ գնաց, ձեռքներն է: Մտավախությունը կար, թե տե՞ղ կհասնե, բարեբախտաբար որ ընտանիքը որ գնացին, լավ լուրով ետ եկան»:

 

Աշխատանքը, որ կատարել է տարիներ շարունակ, Մարգարիտ Ղազարյանին  հնարավորություն է տվել իրագործել մի շարք ծրագրեր, հպարտությամբ է խոսում դրանց մասին: Առաջիկայում՝ մայիսին, Հայաստանում իրականություն կդառնա դրանցից ևս մեկը. Վայոց ձորի սահմանամերձ գյուղերից մեկում կբացվի Սոցիալական տունը, որտեղ իրենց առօրյան կանցկացնեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: