Home / Canada  / Կանադան՝ աշխարհի յոթերորդ ամենաերջանիկ երկիրը, որտեղ երջանիկ են նաև միգրանտները

Կանադան՝ աշխարհի յոթերորդ ամենաերջանիկ երկիրը, որտեղ երջանիկ են նաև միգրանտները

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադան աշխարհի յոթերորդ ամենաերջանիկ երկիրն է, համաձայն Համաշխարհային երջանկության մասին ՄԱԿ-ի 2018թ-ի զեկույցի: Այն հրապարակվել է այսօր Երջանկության միջազգային օրվան՝ մարտի 20-ին ընդառաջ Վատիկանի Պապական գիտությունների ակադեմիայում: Երջանկության մասին զեկույցում տեղ է գտնում աշխարհի 156 երկրների երջանկության ցուցիչը:

 

imageԶեկույցին անդրադարձել է կանադական CTV News կայքը: Պատմում է, որ դարձյալ երջանիկ երկրների ցանկում առաջատարները նույն՝ Սկանդինավյան երկրներն են՝ միայն տեղերի աննշան փոփոխությամբ: Այս անգամ առաջատարը Ֆինլանդիան է, որին հաջորդում է Նորվեգիան, այնուհետև` Դանիան, Իսլանդիան և Շվեյցարիան:

 

ՑՈՒՐՏ ԿԼԻՄԱ, ԵՐՋԱՆԻԿ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեղինակների համոզմամբ՝ որքան ցածր են երկրների կլիմայական պայմանները, այնքան բարձր տեղ է զբաղեցնում այն երջանկության աղյուսակում: Կանադացի տնտեսագետ Ջոն Հելիելն, օրինակ, սա պատահականություն չի համարել՝ նշելով.

 

«Երբեմն խիստ կլիմայական պայմանները այսպիսի կառուցողական փոխհարաբերություններ ստեղծելու բարենպաստ միջոց են: … Եւ իրականում այն ստիպում է մարդկանց ուրախանալ, համագործակցել միմյանց հետ»: Հետևաբար զարմանալի չի համարել Կանադայի՝ երջանիկ երկրների առաջին տասնյակում հայտնվելու փաստը, թեև 2016թ-ին երկիրը 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

 

Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ ԱՄՆ-ն անցած տարիների համեմատ զիջել է դիրքերը՝ 13-14-րդ տեղերից հասնելով 18-րդ  տեղը: Հելիելը՝ որպես պատճառ, մատնանշել է առողջապահական համակարգի վատթարացումն ու սոցիալական զամբյուղի նվազումը ցանկում տեղ գտած մյուս երկրների համեմատ:

 

ԵՐՋԱՆԻԿ ԵՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ

Այս տարի առաջին անգամ երկրների երջանկության ցուցիչները գնահատելիս հաշվի են առել նաև այն հանգամանքը, թե որքանով են երջանիկ տվյալ երկրի միգրանտները: Այս առումով Կանադան առավել մեծ հաջողություն է գրանցել՝ զբաղեցնելով 4-րդ տեղը այն երկրների ցանկում, որոնք մեծ թվով ներգաղթյալներ են ընդունում:

 

«Թեև միգրանտները գալիս են ամենատարբեր մակարդակ ունեցող երկրներից, այնուամենայնիվ նրանց գնահատականները համընկնում են իրենց նոր երկրի բնակիչների գնահատականների հետ», -ասել է զեկույցի կանադացի համահեղինակը:

 

2018թ-ի զեկույցում նվազել է Հայաստանի երջանկության ցուցիչը. Անցնող տարիներին էլ այն ցուցակի ներքին հորիզոնականներում էր, օրինակ 2016-ին զբաղեցնում էր 121-րդ հորիզոնականը, իսկ 2018թ-ին՝ 129-րդը: Մինչդեռ Ադրբեջանը Հայաստանից ավելի երջանիկ է, թեև նույն թվականների համեմատության մեջ վերջինս ևս զիջել է դիրքերը՝ 81-ից հասնելով 87-րդ հորիզոնական:

 

Երջանիկ երկրների ցուցակը եզրափակում են հետևյալ երկրները՝ Եմեն, Թանզանիա, Հարավային Սուդան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն և Բուրունդի: