Home / Armenia  / Վարչապետ կամ վարորդներին չարչարող պետություն. Հայ վարորդների հիմնած Վարչապետ տաքսի ծառայությունը գործունեությունը կսկսի նոր վարչապետի հետ միասին

Վարչապետ կամ վարորդներին չարչարող պետություն. Հայ վարորդների հիմնած Վարչապետ տաքսի ծառայությունը գործունեությունը կսկսի նոր վարչապետի հետ միասին

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Երկու նախագահ Սարգսյաններին Հայաստանում կհաջորդեն երկու վարչապետները. Մոտ մեկ ամիս, ու նոր վարչապետը կստանձնի պարտականությունները, միաժամանակ գործունեությունը կսկսի «Վարչապետ» օնլայն տաքսի ծառայությունը:

 

Կսկսի, եթե թույլ տան նախաձեռնողներին գրանցվել տվյալ անունով. Անվանումը պատահական չի ընտրված, մարտահրավեր է՝ ուղղված այն երեք վարչապետներին (Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան և Կարեն Կարապետյան), որոնց օրոք այդպես էլ չլուծվեց տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների ու անհատ վարորդների խնդիրները:

 

ՀԱՊԱՎՈՒՄԻ ՏԱԿ

«Պետական պաշտոնների անվանումների հետ կապված որոշակի պահանջներ և սահմանափակումներ կան, սակայն «Վարչապետ»-ը ոչ թե բուն պաշտոնին է վերաբերում, այլ հապավում է ըստ էության, իսկ հապավում կարող է լինել ցանկացած ընկերության անվանում, որևէ իրավական խոչընդոտ չպետք է առաջանա»,-ասում է տաքսի ծառայության համահիմնադիր Մհեր Շահնազարյանը, ով նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության գլխավոր իրավաբանն է:

 

Երեք վարչապետներին ընդդեմ որոշեցինք, որ մեր նկատմամբ իրենք նորմալ օրենք չեն կիրառում,  մեր օնլայն ծառայությունը լինի վարչապետ

 

Եթե հապավում է, իրավունք չունեն գրանցելու, սակայն խնդիրն այն է, թե ինչ է թաքնված հապավումի տակ, փակագծերը բացում է տաքսի ծառայության համահիմնադիր, «Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանություն» հկ նախագահ Մխիթար Օհանյանը՝ պարզաբանելով. «Վարչապետ, այսինքն՝ վարորդներին չարչարող պետություն: Երեք վարչապետներին ընդդեմ որոշեցինք, որ մեր նկատմամբ իրենք նորմալ օրենք չեն կիրառում,  մեր օնլայն ծառայությունը լինի վարչապետ»,-Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Մխիթար Օհանյանը:

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԼՈՒԾԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Այսինքն՝ մեկ ամսից գործունեությունն սկսող Վարչապետ-ը կլուծի վարորդների խնդիրները, բայց ոչ կառավարության ղեկավարը: Այս նպատակով էր, որ Մհեր Շահնազարյանը, Մխիթար Օհանյանն ու Վահե Պետրոսյանը, լինելով տաքսու վարորդներ ու տարիներ շարունակ ապարդյուն պայքարելով իրավունքների համար, որոշեցին անձամբ հիմնել տաքսի ծառայություն, որի նպատակը կլինի ոչ միայն ծառայություն մատուցել, այլև պաշտպանել վարորդների իրավունքներն ու օրենսդրական դաշտը կարգավորելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

 

Առայժմ ՍՊԸ-ն գրանցված է Վարչաբետ անունով, իսկ եթե արգելվի իրենց առաջարկած տարբերակը, ավելի օրիգինալ անուն կմտածեն, սակայն դրանից գործառույթները չեն փոխվի: Դաշտում գործող օնլայն տաքսի ծառայությունները արդյունավետ են գործում, բայց չեն պաշտպանում վարորդների իրավունքները, տվյալ անձինք խոստանում են, որ իրենց նպատակը հենց դա է. Ոչ միայն բիզնես-գործունեությունը, այլ նաև վարորդների համար շատ ավելի արտոնություններ ծառայության ընթացքում, իսկ երբ նրանք բախվեն այլ խնդիրների, ոլորտում փորձառու հիմնադիրները նրանց կողքին կլինեն:

 

Ոչ թե մեքենայի արժեքով է որոշվելու սակագինը, այլ վարորդների որակական հատկանիշներով, լավ մասնագետ լինելով

 

«Ինչո՞վ է տարբերվելու մեր օնլայն տաքսի ծառայությունը. Ունենալու է վարորդների մեջ արդարության մի այլ տեսակ, ոչ թե մեքենայի արժեքով է որոշվելու սակագինը, այլ վարորդների որակական հատկանիշներով, լավ մասնագետ լինելով»,-հավաստիացնում է հիմնադիր-տնօրեն Վահե Պետրոսյանը:

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Միաժամանակ միջնորդավճարն ավելի պակաս է լինելու, քան մյուս տաքսի ծառայությունների դեպքում է՝ ամսական մոտ 60 հզր դրամ է կազմելու: Հրավիրում են բոլոր վարորդներին, որքան շատ, այնքան ավելի արդյունավետ, հավաստիացնում են նրանք, իսկ բարձր որակ ապահովելու նպատակով մտադիր են վարորդների ուսուցման ծրագրեր իրականացնել, խոստանում է «Վարչապետ»-ի հիմնադիր կազմը:

 

Այն, ինչի մասին խոսել ենք, ուզում ենք իրականացնել ընդդեմ մեր կառավարության

 

«Կրթված վարորդ է լինելու բոլոր տեսանկյուններից՝ թե կրթվածության, թե բարեխղճության, այն, ինչի մասին խոսել ենք, ուզում ենք իրականացնել ընդդեմ մեր կառավարության, որ 2010 թ-ից ուզում են բարեփոխել՝ անընդհատ գումարներ կորզելով, հասցնելով կործանման եզրին, այսօր մեր ընտանիքները գոյատևում են տաքսու շնորհիվ, եթե 50 հզր վարորդ ունենք, այդքան ընտանիք հացի խնդիր է լուծում, և եթե տաքսու վարորդի խաթրին կպնեն, ազգադավություն կլինի»,-համոզված է «Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանություն» հկ նախագահը:

 

«Այսօր ՀՀ-ում միկրոտնտեսական համակարգում միակ աշխատատեղ ապահովող ծառայությունը մնում է տաքսի ծառայությունը: Հետևաբար կորցնել այսդ համակարգը նշանակում է նպաստել ևս 50 հզր մարդու արտագաղթի, պետությունը պետք է ուշադրություն դարձնի, որ ստեղծվեն արտոնյալ կարգավիճակ և թեթևացվեն իրավական սահմանափակումները վարորդների նկատմամբ»,-հավաստիացնում է իրավաբան-վարորդ Մհեր Շահնազարյանը:

 

Վստահեցնում է, որ իրենց կազմակերպության՝ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» միության կողմից ներկայացված դատական հայցերի զգալի մասը հօգուտ վարորդների են լուծվում:

 

Կառավարության մեղքն է, որ տուգանվել են, ու եթե ես չեմ մուծել, իրենց մեղքն է, ինչի՞ համար ինձ ներեն

 

Վահե Պետրոսյանը օրինակ է բերում. «5000 հոգի տաքսու վարորդներից մեծ չափի տուգանքներ ունեն: Տուգանվել են ինչի համար, որ գնացել-լիցենզավորվել են, որից հետո տեսել են, որ օրենքը չի գործի, դուրս են մնացել: Օրենքը բարձիթողի վիճակում է, մարդիկ սկսել են չմուծել, ինչի պատճառով 2 տարի հետո տուգանքներ են ուղարկել, այնինչ երկու ամիս հետո պիտի կասեցվեր: Օրենքի բացեր կան, մենք ասել ենք՝ եկեք թիվ սահմանենք այս մարդկանց համար, ներեք նրանց,-Մխիթար Օհանյանը շարունակում է,- Ներելու խնդիր չկա, կառավարության մեղքն է, որ տուգանվել են, ու եթե ես չեմ մուծել, իրենց մեղքն է, ինչի՞ համար ինձ ներեն»:

 

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ

Խնդիրները, որոնք տարիներ շարունակ բարձրացնում են վարորդներն ու նրանց հարցերով զբաղվող տարբեր կառույցները, լուծում չեն ստանում, դաշտը չի կարգավորվում, ու քանի դեռ օրենքի այդ բացերը կան, որքանո՞վ են վստահելի նոր օնլայն տաքսի ծառայության հիմնադիրների խոստումները, արդյո՞ք միայն քարոզչական նպատակներով  չեն արվում, ի վերջո, եթե չի կարգավորվում դաշտի խնդիրները, ի՞նչ երաշխիք կարող են տալ վարորդին:

 

«Ինչ վերաբերում է գործող օրենսդրության, դա կենսաբանական պրոցես է, մենք օրինակ ներկայացրել ենք որոշակի փոփոխություններ կատարելու, դա դինամիկ աշխատանք է, որ պետք է կատարվի: Մենք վստահ ենք, ունենք փորձը, որ ծառայություն ստեղծելով, այդ խնդիրները կլուծենք»,-ասում է Շահնազարյանը:

 

Մեծ ակնկալիքներ ունեմ վարչապետից, կապված մեր այս վիճակի հետ

 

Նորաստեղծ «Վարչապետ»-ը կլուծի այդ հարցերը, բայց քիչ չեն վարորդների ակնկալիքները նաև նոր նշանակվելիք վարչապետից: Վահե Պետրոսյանն ասում է. «Մեծ ակնկալիքներ ունեմ վարչապետից, կապված մեր այս վիճակի հետ, ծայրահեղ վիճակում ենք, մեզ սթափվել է պետք ու հասկանալ, որ պետք է Քրիստոսի կամքը գործնականում կատարել, ոչ թե գնալ չարի, ստի, կեղծիքի հարստահարման, ագահության հետևից, ու տեսնելով իրավիճակը՝ որ արդյունքները բավարար չեն, ինձ թվում է՝ հայ ժողովորդը կձգտի բարձր մակարդակի ու լավ կլինի»: