Home / Armenia  / Թրյուդոն Հայաստան չի գալիս, Թրյուդոն գալիս է ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը տեղի է ունենում Հայաստանում. Հյուպատոս Արտաշես Էմին

Թրյուդոն Հայաստան չի գալիս, Թրյուդոն գալիս է ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը տեղի է ունենում Հայաստանում. Հյուպատոս Արտաշես Էմին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Հայաստանում կայանալիք կարևորագույն իրադարձության՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում արդեն իսկ տեղի են ունեցել միջոցառումներ, դրանց մի մասը ընթացքի մեջ է, իսկ լավագույն անակնկալները տարեվերջի համար են: Սպասվում են ոչ միայն ֆրանկոֆոն երկրների հետ բազմաթիվ մշակութային ու սոցիալական ծրագրեր, այլև բուն գագաթնաժողովի ժամանակ տարբեր երկրների առաջին դեմքերի այցելություններ:

 

Մարտի 20-ին նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, այս առիթով Noranor.ca-ն զրուցել է Հայաստանում Կանադայի հյուպատոս Արտաշես Էմինի հետ: Կանադան՝ որպես Ֆրանկոֆոն երկրների անդամ պետություն, կարևոր նախաձեռնություններով է հանդես գալու Հայաստանում, սպասվում է, որ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն կայցելի Հայաստան, իսկ անկախ գլխավոր իրադարձությունից՝ հայ-կանադական մշակութային կապերը ամուր են եղել, նաև ապրանքաշրջանառության ծավալների, գործարար կապերի վերընթաց զարգացում է ակնկալվում, այդպիսիք գրանցվել են 2015թ-ից սկսած, Կանադայում ՀՀ դեսպանության հյուպատոս Սասուն Հովհաննիսյանի տվյալներով՝ 2017թ. ընթացքում ՀՀ-ից Կանադա արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 132 մլն ԱՄՆ դոլար:

 

ՇԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Գրեթե ամեն տարի Կանադան մշակութային նախաձեռնություններով է հանդես գալիս Հայաստանում, որպես այդպիսիք՝ Հայաստանում Կանադայի դիվանագիտական կառույցի ներկայացուցիչն առանձնացնում է Մոնրեալի կրկեսի անցած տարվա ելույթները, Յուսուֆ Քարշի բնօրինակ լուսանկարների ցուցադրությունը, որն իրեն հաջողվել է ավելի քան 10 տարվա համառ ջանքերից հետո: Այս և հաջորդ տարիներին այդպիսիք շատ ավելին կլինեն. Դրան նպաստող մի հետաքրքիր հանգամանք է առանձնացնում հյուպատոսը՝ նշելով.

 

Ռուսաստանի հետ Արևմուտքի հարաբերությունները փչացել են, և միջոցներ են ավելացել Հայաստանի համար

 

«Մասամբ դա անկեղծ ցանկություն է, բայց նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն իրենց դերն ունեն: Ռուսաստանի հետ Արևմուտքի հարաբերությունները փչացել են, և միջոցներ են ավելացել Հայաստանի համար, մենք փաստորեն շահում ենք»:

 

Անկախ Ռուսաստանի հետ Արևմուտքի հարաբերություններից, Հայաստանում հարուստ ծրագիր է նախատեսված, հյուպատոսը որոշակիորեն բացում է փակագծերը՝ խոսելով հոկտեմբերին սպասվող անակնկալների մասին:

 

Կանադան ետ է և՛ ԱՄՆ-ից, և՛ Եվրոպայից, բայց հիմա փորձում է թափ առնել, և արդյունքները կտեսնենք

 

«Չի բացառվում, որ Գարոն գա, երգի, Շառլ Ազնավուրը արդեն հաստատել է, Պատրիցիայի հետ խոսակցություններ են ընթացքի մեջ, Սելին Դիոնը հաստատ չի լինի,-ծիծաղում է Արտաշես Էմինը՝ շարունակելով,- շարունակվելու է միտումը և թափ է առնելու, նույնիսկ հայազգի լավ արվեստագետներ, որ դեռ Կանադան չի բերել, Իզաբել Բայրաքդարյանը, Րաֆֆին մանկական երգերի հեղինակը…  Ծրագրեր կան, որոնք շուտ կլինի բացահայտելը, և քաղաքական, և մշակութային, և տնտեսական կապերի քաղաքականության մշակման ասպարեզում: Կանադան ետ է և՛ ԱՄՆ-ից, և՛ Եվրոպայից, բայց հիմա փորձում է թափ առնել, և արդյունքները կտեսնենք»:

 

ԹՐՅՈՒԴՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ԳԱԼԻՍ…

Արդյո՞ք մշակութային ու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից բխող մյուս ծրագրերի կենտրոնացումը Հայաստանում մեծամասամբ Ռուսաստանիւ դերի նվազմամբ է պայմանավորված, թե՞ դրանում նշանակություն ունի հենց հայ ժողովրդի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը: Հյուպատոսը, ի տարբերություն այլոց, անկեղծ է իր գնահատականներում, չի կարծում, որ հայերը մեծ համբավ ունեն աշխարհում, այդ թվում Կանադայում: Քչերը գիտեն Հայաստանի մասին, թեև նրանք, ովքեր ծանոթ են հայերին, բարյացակամ են նրանց նկատմամբ:

 

Մի՞թե Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի սպասվելիք այցելությունը Հայաստան չի խոսում լավ վերաբերմունքի մասին, հյուպատոսը պատասխանում է.

 

Եթե դա տեղի ունենար Բաքվում, կգնար Բաքու, այսինքն՝ Հայաստանի համար չէ, որ գալիս է

 

«Թրյուդոն Հայաստան չի գալիս, Թրյուդոն գալիս է ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը տեղի է ունենում Հայաստանում, այսինքն՝ եթե դա տեղի ունենար Բաքվում, կգնար Բաքու, այսինքն՝ Հայաստանի համար չէ, որ գալիս է և դեռ հաստատված չէ»,-ասում է դիվանագետը:

 

Իսկ Կանադան Հայաստանում հոկտեմբերին ներկա կլինի ոչ մեկ պատվիրակությամբ, բացի կանադական պատվիրակությունից առանձին նահանգներ, այդ թվում Քվեբեկը, կներկայանան իրենց պատվիրակություններով, հետևաբար հյուպատոսարանը լայնածավալ անելիքներ կունենա: Հյուպատոսը կարծում է, որ ոչ միայն մշակութային, այլև տնտեսական համագործակցության ու զարգացման նպաստող նախապայմաններ կարող են ստեղծվել:

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալները Կանադայի ու Հայաստանի միջև աճում են, թեև 2017-ին, երբ Կապանի հանքարդյունաբերական ընկերությունը Ռուսաստանին վաճառվեց, էականորեն ազդեց ծավալների վրա, սակայն այլ ուղղություններով ակտիվ համագործակցությունը շարունակվում է և աճում:

 

ՏՏ ոլորտում աճ կա, գյուղատնտեսության ասպարեզում շարժ կա

 

«Եթե հանքի վաճառքը չլիներ, աճը կշարունակվեր, դա մեծ հարված էր ծավալներին, բայց ՏՏ ոլորտում աճ կա, գյուղատնտեսության ասպարեզում շարժ կա, օրինակ, մի հյուրանոցի խոհանոցում վարպետության դասընթացներ է տալու մի հայտնի խոհարար, թե ինչպես օգտագործել կանադական օմարների միսը և ճիշտ մատուցել, կխոսի նաև  կանադական տավարի մսի սպեցիֆիկայի մասին»,-օրինակ է բերում կանադական դիվանագիտական կառույցի պատասխանատուն:

 

Այդ պայմաններում, եթե այսքան բանն արվում է, բավական լավ արդյունք է, ու աճի տենդենց կա

 

Գործարարները շարունակում են Հայաստանի հետ առևտրային կապերի զարգացումը, կառավարությունն արդյո՞ք նպաստում է, հյուպատոսը կարծում է, որ դա ոչ այնքան կառավարության, որքան մասնավոր ներդրողների գործն է, իսկ հիմնական խոչընդոտը արտահանումների ծավալն ավելացնելու հարցում շարունակում է մնալ օվկիանոսը, ասում է. «Օվկիանոսը բավական մեծ խոչընդոտ է, անգամ եթե խոչընդոտ չլիներ, նավահանգիստ չկա, այդ պայմաններում, եթե այսքան բանն արվում է, բավական լավ արդյունք է, ու աճի տենդենց կա»: