Home / Canadahye  / Մոնրեալահայ հայտնի քաղաքական գործիչ Հարութ Շիթիլյանը կվերադառնա քաղաքականություն, երբ առիթ լինի

Մոնրեալահայ հայտնի քաղաքական գործիչ Հարութ Շիթիլյանը կվերադառնա քաղաքականություն, երբ առիթ լինի

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ 8 տարի առաջ էր Հարութ Շիթիլյանը Հայաստան այցելելու հնարավորություն ունեցել: Անցնող տարիները, որոնք հագեցած էին քաղաքական հարուստ առօրյայով, թույլ չէին տալիս կանադահայ գործչին անձնական ցանկություններն իրականացնել, միայն տարբեր առիթներով հայ-կանադական կապերի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում էր հայկական խնդիրները ներկայացնում կանադական իշխանությունների ուշադրությանը:

 

Այսօր կանադահայ հայտնի գործիչը Հայաստան այցելելու առիթ է ունեցել: Մոնրեալի քաղաքապետարանի խորհրդի նախկին անդամ, քաղաքապետարանի գործադիր վարչության նախկին փոխնախահահ Շիթիլյանը 8 տարիների ընթացքում ակտիվ աշխատել է, որից հետո դարձյալ առաջադրվել էր Մոնրեալի քաղաքապետական ընտրություններում, սակայն այս անգամ հաջողության չէր հասել:

 

ԱՅԼԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՑ ՉԷ

Noranor.ca-ի հետ հարցազրույցում նա ասել էր, որ քաղաքական անհաջողությունը անձնական կյանքով զբաղվելու հնարավորություն կտա, հենց այդ հնարավորությունից օգտվելով՝ նա այցելել է հայրենիք:

 

Շատ լավ բարեփոխումներ կտեսնեմ և նամանավանդ ժողովուրդի մեջ, թե զգացական, թե կազմակերպություններու մեջ դրական ուժ մը կզգամ

 

«8 տարի է՝ չէի եկած, շատ լավ բարեփոխումներ կտեսնեմ և նամանավանդ ժողովուրդի մեջ, թե զգացական, թե կազմակերպություններու մեջ դրական ուժ մը կզգամ»,- Noranor.ca-ի հետ հանդիպման ժամանակ ասաց Շիթիլյանը: Նա դեռ չի հասցրել ամբողջովին ծանոթանալ հայ հասարակության խնդիրներին, առիթներ է ունեցել տարբեր մշակութային ձեռնարկների մասնակցել:

 

Շեշտում է՝ սա անձնական այցելություն է հայրենիք, այլևս քաղաքական չէ, կարող է մասնակցել ու ներկա գտնվել տարբեր նախաձեռնությունների, որանց շնորհիվ գնահատում է այն առաջընթացը, որ կա Հայաստանում: Տպավորությունները նկարագրելիս առայժմ զուսպ է:

 

Ադիկա էլ թե՛  պատիվ է Հայաստանի համար, թե՛ առիթ է, որ գործընթացները սկսեն

 

«Նայեցեք այս ձեռնարկները շատ լավ օրինակներ են: Այս տարի հոյակապ ձեռնարկ մը կըլլա, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, անկե վերջ ալ կարելի է քննարկել՝  այդ հավաքույթեն վերջ ինչ մեծ դրական  գործընթացներ սկսեն: Բայց ադիկա էլ թե՛  պատիվ է Հայաստանի համար, թե՛ առիթ է, որ գործընթացները սկսեն»,-նշում է Մոնրեալի քաղաքապետարանի նախկին անդամը:

 

Չի կասկածում, որ այս նախաձեռնությունները նոր կապերի հիմքեր կդնեն, իսկ քաղաքական հարաբերությունների զարգացման հարցում ինքն անելիք գոնե հիմա չունի. «Անիկա կնայեմ, բայց առաջին հերթին լավ հարաբերություններ մշակելու պատասխանատվությունը դիվանագետներուն կպատկանի, և շատ լավ աշխատանք կտանին»,-համոզվել է Մոնրեալի պատմության մեջ քաղաքապետարանի խորհրդի ամենաերիտասարդ նախագահ դարձած կանադահայ գործիչը:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ

Հարութ Շիթիլյանն ասում է՝ ներկայում տարբեր ծրագրերի վրա է աշխատում, մտադիր է մասնավոր գործունեությամբ զբաղվել: Սակայն սա չի նշանակում, թե բոլորովին հրաժեշտ է տաիս քաղաքականությանը:

 

Անձ մը, որ ծառայած է ժողովրդին, նորեն պիտի ծառայե

 

«Կարելի է վերադառնալ քաղաքականություն, երբ որ առիթը ըլլա, անպայման պիտի սերտեմ, և եթե առիթը ըլլա, անձ մը, որ ծառայած է ժողովրդին, նորեն պիտի ծառայե, որովհետև թե՛ քաղաքացիներուն է անհրաժեշտ իմ գործունեությունը, թե՛ հայ գաղութին»,-նշում է մոնրեալահայը:

 

Հայաստանի հետ կապված որևէ հստակ ծրագրեր առայժմ չունի, թեև չի բացառում, որ այցելության ավարտին գաղափարներ ծնվեն: