Home / Armenia  / Իշխանափոխությունից հետո՞, թե՞ երբ գործող իշխանությունը ցանկանա. Ե՞րբ ազատության մեջ կհայտնվեն քաղբանտարկյալներն ու 10,5 տարով ազատազրկված Ժիրայր Սեֆիլյանը

Իշխանափոխությունից հետո՞, թե՞ երբ գործող իշխանությունը ցանկանա. Ե՞րբ ազատության մեջ կհայտնվեն քաղբանտարկյալներն ու 10,5 տարով ազատազրկված Ժիրայր Սեֆիլյանը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան, Լոս Անջելես (Նորանոր) _ Արցախյան շարժման 30-ամյակի առիթով ազատագրական պայքարի շատ մեծ ու փոքր մասնակիցներ պարգևատրվում են, շնորհակալական խոսքերի արժանանում, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի 30-ամյակի «պարգևը» եղավ 10,5 տարվա ազատազրկումը:

 

Լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանը 1990թ-ին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան: Նրա մասնակցությունը ազատագրական շարժմանը էական նշանակություն ունեցավ. Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարն էր, ապա՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալը, իսկ 1997-98թթ-ին՝ ՊԲ 6-րդ ՊԾ հրամանատարը:

 

Արցախյան շարժման ընթացքում Սեֆիլյանի, ինչպես և մյուս հերոսների դերակատարման ու կատարած սխրանքների մասին նոր սերունդը տեղեկություններ էր ստանում Հայոց պատմության դասագրքերից, բայց 2014թ-ին հրապարակված, ներկայում գործածության մեջ գտնվող դպրոցական դասագրքերում բացակայում է Սեֆիլյանի անունը:

 

ՀԵՐՈՍԻՑ ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ

Սա այն ժամանակաշրջանն էր, երբ նա ակտիվ պայքար էր տանում Հայաստանում իշխանությունների անօրինականությունների դեմ, բարձրաձայնում էր գործող ռեժիմի ապօրինությունները և առաջ էր շարժվում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով: Թեև մինչ այդ էլ՝ 2006-2008թթ-ին, ձերբակալվել էր և ազատազրկման դատապարտվել իշխանություններին քննադատելու պատճառով, սակայն վերջին քայլերից հետո Սեֆիլյանը հերոսից  վերածվեց հանցագործի:

 

Առաջին ձերբակալության ու մեղադրանքի մասին մանրամասներին ծանոթ է փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով Noranoc.ca-ի հետ զրույցում ներկայացրել է իրավիճակը:

 

Սեֆիլյանը հայտարարեց, որ բազմաթիվ անգամներ իրեն սպառնացել են, որ եթե շարունակի, իր նկատմամբ կլինի այսպիսի հետապնդում

 

A9A70388-9C8F-4C1F-B32F-7EECFD5A70DF_w1023_r1_s«2004-5 թթ-ից նրան առաջարկել են չզբաղվել քաղաքական գործունեությամբ,-պատմում է Հայրապետյանը,- հետագայում նրան մեղադրել են զենքի ապօրինի շրջանառության մեջ, առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել, վերաքննիչ դատարանը պարզել է, որ զենքը օրինական է եղել, բայց ասացին երկու անօրինական փամփուշտ կա, ու այսպես ծիծաղելի ձևով ձերբակալեցին: Բանտից դուրս գալուց հետո նորից առաջարկել են չզբաղվել քաղաքականությամբ, Սեֆիլյանը հայտարարեց, իր ճառում գրել էր, որ բազմաթիվ անգամներ իրեն սպառնացել են, որ եթե շարունակի, իր նկատմամբ կլինի այսպիսի հետապնդում, արդեն այդ ժամանակ հանել էին իր անունը պատմության դասագրքերից»:

 

Ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի անունն է հանվել դասագրքերից, այլև իշխանությունները հրաժարվել են քաղաքացիություն տալ մի անձի, ում ժամանակին վստահվել էր երկրի զորամասի հրամանատարություն, այսինքն՝ այլ երկրի քաղաքացուն բարձրաստիճան պաշտոն է վստահվել, բայց 3 անգամ մերժել են քաղաքացիություն ստանալու դիմումը, իսկ մեկ անգամ էլ դիմել է Արցախի քաղաքացիություն ստանալու հարցով ու դարձյալ մերժում ստացել:

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԱՌԱՆՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ

Իսկ օրեր առաջ նրան դատարանը դատապարտեց 10,5 տարվա ազատազրկման: Մի վճիռ, որը կայացվեց առանց հիմնավոր ապացույցների, վստահ են նրա փաստաբաններն ու Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, նույն համոզմունքին են նաև «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան շարժման ներկայացուցիչները: Ոչ միայն Սեֆիլյանի, այլև մյուս քաղբանտարկյալների հանդեպ իշխանության մեղադրանքները զուրկ էին հիմնավորումներից, վստահ են շատերը: Փաստաբանները պատրաստվում են դիմել Վերաքննիչ ու Եվրոպական դատարաններ:

 

Եթե երգիչ Արամեի անունը տային Հովհաննես Պետրոսյանն ու Սմբատ Գալոյանը, ապա երգիչ Արամեին պետք է  նույն ձևով ձերբակալեին

 

Ոչ միայն մեղադրանքն էր արհեստական, այլև ապացույցները, համոզված է փաստաբանը. Նույն մեղադրանքները կարող էին վերագրվել ցանկացած մարդու, իսկ իրական ապացույցներ չներկայացվեցին, որոնք կարդարացնեին նման դատավճիռը: «Եթե երգիչ Արամեի անունը տային Հովհաննես Պետրոսյանն ու Սմբատ Գալոյանը, ապա երգիչ Արամեին պետք է  նույն ձևով ձերբակալեին, այսինքն՝ այսպես ընդհանրապես հանցագործործություն չի լինում»,-նշում է փաստաբանը:

 

ՆՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ

Նման հանգամանքներում արդյո՞ք նույն դատավճիռը կկայացներ դատարանը, եթե հասարակության կողմից ընդգծված պահանջ ու համապատասխան քայլեր լինեին: Փաստաբան Հայրապետյանը կարծում է, որ եթե հասարակությունը ենթադրեր նման վճռի մասին, անպայման միջոցներ ձեռք կառներ, բայց սա անակնկալ էր շատերի համար: Մանրամասնում է.

 

Երբ պետությունը կորոշի քաղբանտարկյալներ չունենալ բանտերում, այդ ժամանակ, չգիտեմ՝ երբ կլինի, ապօրինի ձերբակալվածները կհայտնվեն ազատության մեջ

 

«Հասարակությունը կարող էր և չպատկերացնել: Սա հանրության մոտ նոր երևույթ էր, իսկ դատական ակտից հետո հասկացավ, որ պետք է ձայնը բարձրացնի, որպեսզի չթույլատրվեն ակնհայտ անօրինական հանցավոր գործողոթյուններ իրավապահների կողմից, հանրությունը ամենատարբեր մակարդակներով, ֆորմատներով պահանջ է ներկայացնում, որպեսզի վերանայվի: Եթե ինչ-որ մի փուլ կգա, երբ պետությունը կորոշի քաղբանտարկյալներ չունենալ բանտերում, այդ ժամանակ, չգիտեմ՝ երբ կլինի, ապօրինի ձերբակալվածները կհայտնվեն ազատության մեջ»,-ասում է իրավաբանը:

 

ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎՈՒՄБез названия

Ոչ միայն Հայաստանում կա հասարակական ընդվզում իշխանության այս քայլի դեմ, այլև Սփյուռքում, որտեղ ընդդիմադիր գործիչները սա համարում են իշխանության պատվերը կատարող դատական համակարգի որոշման հետևանք: Noranor.ca-ի հետ զրույցում հենց այս շեշտադրումն արեց «Հայկական վերածնունդ» շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղի անդամ Գուրգեն Մխիթարյանը: Նա նշում է.

 

Սփյուռքը ոչ մի վստահություն և հավատ չունի Հայաստանի ներկա դատական համակարգի հանդեպ

 

«Սա ոչ մի կապ չունի արդարադատության հետ: Ինչպես Հայաստանի բնակիչների ջախջախիչ մեծամասնությունը, այնպես էլ սփյուռքը ոչ մի վստահություն և հավատ չունի Հայաստանի ներկա դատական համակարգի հանդեպ: Այն սերտորեն կապված է քրեաօլիգարխիկ համարգի հետ, դարձել է նրա գործիքը: Այնպես որ ոչ մի կապ չունի թե նրանք ինչ են որոշել, քանի որ այդ որոշումը չի ընդունվում ժողովրդի կողմից»:

 

Նորմալ մարդկանց համար նրանք հերոս էին արդեն մինչև անօրինական ձերբակալվելը, հերոս կմնան և հիմա

 

Ըստ նրա, սա ևս մի ապացույց էր այն բանի, որ համակարգի փոփոխությունը օրակարգային է, իսկ մարդիկ, ովքեր դատարանի նկատմամբ իշխանության պատվերի արդյունքում են հայտնվել բանտերում, դուրս կգան, համոզված է Մխիթարյանը: «Ժիրայրի կամ Գևորգի մարդկային հատկանիշները, ազնվությունը կամ Հայրենիքին իրենց անձնուրած ծառայութունը կասկածի տակ կարող են դնել միայն հիվանդ մտածելակերպ ունեցող մարդիկ: Իսկ նորմալ մարդկանց համար նրանք հերոս էին արդեն մինչև անօրինական ձերբակալվելը, հերոս կմնան և հիմա»,-վստահ է նա:

 

Բռնապետության մեջ ապրող մարդկանց մոտ վախ կա

 

«10 տարին բավական էր, այլևս ոչ մի օր» սկզբունքն են որդեգրել, իսկ այդ պայքարը շատերը չեն տեսնում հասարակության կողմից փողոց դուրս գալու մեջ: «Պետք չի հիմնվել փողոց դուրս եկած մարդկանց քանակի վրա: Բռնապետության մեջ ապրող մարդկանց մոտ վախ կա: Սա մի խառնեք իրենց կարծիքի հետ: Շատ պարզ հարցում արեք փողոցներում թե ո՞վ է վստահում Հայաստանի դատական համակարգին: Եթե 10 տոկոս հավատող գտնեք, ես կզարմանամ»,-կարծում է «Հայկական վերածնունդ» շարժման ներկայացուցիչը:

 

Մի հոծ զանգված պնդում է, որ «խփել է պետք»

 

Ինչ վերաբերում է հանրահավաքների հանդեպ Սփյուռքում հասարակության վերաբերմունքին, Լոս Անջելեսի մասնաճյուղի անդամը երկակի վերաբերմունք է տեսնում, նկարագրելով քաղաքացիների վերաբերմունքը՝ ասում է. «Երբ մենք այստեղ մարդկանց հրավիրում ենք հանրահավաքի, պատասխանում են՝ «Ի՞նչ հանրահավաք, եղբա՛յր, դրանց խփել է պետք»: Հիմա ունենք մի վիճակ, երբ փորձում ենք մարդկանց հանրահավաքների միջոցով կազմակերպել: Իսկ մի հոծ զանգված պնդում է, որ «խփել է պետք»: Հայ ազգը պետք է մտահոգվի ստեղծված իրավիճակով»:

 

Իսկ այդ մտահոգությունը պետք է արտահայտվի երկիրը կառուցելով, իսկ ժամանակ կորցնելն, ըստ նրա, անթույլատրելի է: