Home / Canadahye  / Ամերիկահայ գործարարը, ով զարմանում է Հայաստանի բարեկեցիկ կյանքը թողած՝ ԱՄՆ մեկնող հայերի վրա. Կարպիս Թիթիզյան

Ամերիկահայ գործարարը, ով զարմանում է Հայաստանի բարեկեցիկ կյանքը թողած՝ ԱՄՆ մեկնող հայերի վրա. Կարպիս Թիթիզյան

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լոս-Անջելես (Նորանոր) _ Ամերիկահայ գործարար Կարպիս Թիթիզյանը դեռ անկախությունից առաջ՝ 1991թ-ին հավատաց Հայաստանում բիզնես հիմնելու հաջողության գաղափարին, բացեց «Լևոն Թրավել» ճամփորդական գործակալության հայաստանյան մասնաճյուղը, որը ոչ միայն հաջողության հասավ, այլև դարձավ առաջատար ու ուղղորդող նմանատիպ այլ ընկերությունների կողքին: Այնինչ այսօր շատ արտասահմանյան ներդրողներ ռիսկային են համարում Հայաստանում գործարարությամբ զբաղվելը:

 

Իսկ Կարպիս Թիթիզյանն, ինչպես հայտնի է, միայն բիզնեսով չսահմանափակվեց, ամրապնդեց նաև շոու-բիզնեսի կապը Հայաստանի ու Սփյուռքի միջև: Ինչպե՞ս հաջողվեց այդ ամենը, որքանո՞վ են արդարացված այսօր ներդրման հարցում ներդրողների մտավախությունները և ինչո՞ւ է Սփյուռքը գերադասում ներկա գտնվել ոչ բարձրորակ համերգներին: Այս հարցերի շուրջ է Noranor.ca-ի զրույցը ամերիկահայ գործարարի հետ:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Պարոն Թիթիզյան, խնդրում եմ ներկայացրեք իրավիճակն, ըստ «Լևոն Թրավել» ավիաընկերության տվյալների. Փոխադրումների ինչպիսի՞ տենդենցներ են նկատվում տարիների ընթացքում: Լինելով արդեն 27 տարի Հայաստանում գործող ընկերություն՝ խնդրում եմ ներկայացրեք իրավիճակի փոփոխությունները՝ Հայաստանի զարգացման տեմպերն ու արտագաղթի ցուցանիշներն աչքի առաջ ունենալով:

 

ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶՅԱՆ _ Ամերիկյան ընկերություններից մենք առաջիններից մեկն էինք, որ գրասենյակ հիմնեցինք Հայաստանում: Այդ ամենը չափազանց նոր էր Հայաստանի համար` նոր աշխատատեղեր, արևմտյան չափանիշներ, կարգ ու կանոն: Այս տարիների ընթացքում հասցրել ենք տեսնել տարբեր փուլեր, արտագաղթի ամենատարբեր դրսևորումներ ու հստակ պատկերացում ունեմ, թե ինչպիսի ճգնաժամային իրավիճակով է անցնում հայ ժողովուրդը: Ցավոք արտագաղթի թվերը արագ զարգանում են: Հետաքրքիր է նկատել, որ արտագաղթում են նաև սոցիալական, կենցաղային խնդիրներ չունեցողները: Ես միշտ չէ, որ հասկանում եմ, թե ինչու են մարդիկ Հայաստանում իրենց բարեկեցիկ կյանքը թողնում ու գալիս Միացյալ Նահանգներ, բայց գնահատականներ տալ չեմ ցանկանում:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Դուք լինելով առաջին ներդրողներից մեկը Հայաստանում՝ բազմիցս անդրադարձել եք Ձեր գործունեության հաջողության գաղտնիքներին, արդարացված սպասելիքներին: Էլի՞ սպասելիքներ ունեք, թե՞ արդեն սպառել եք Հայաստանի հետ կապված Ձեր մտահղացումները վերը նշված ոլորտում՝ լիովին կայացած համարելով:

 

ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶՅԱՆ _ Levon Travel-ը Հայաստանում փոխել է ճամփորդական գործակալությունների աշխատելաոճն ու չափանիշները: Այժմ ամենուր հաճախորդը ճիշտ է: Բայց մեր գործընկերների այդ մտածելակերպին հասնելու համար մենք մեծ ճանապարհ ենք անցել: Արևմտյան չափանիշները և կարգ ու կանոն հաստատելը դանդաղ, բայց հաստատուն գործընթաց էր: Երբեք ավարտուն չեմ համարում իմ աշխատանքը Հայաստանում և մշտապես փորձում ենք էլ ավելի մեծ թվով զբոսաշրջիկների գրավել դեպի Հայաստան: Դա իմ նպատակներից մեկն է:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Վերջին տարիներին շատ ներդրողներ դադարեցնում էին գործունեությունը կամ խուսափում էին ներդրում կատարել Հայաստանում, իսկ իշխանությունների համար, ինչպես գիտենք, տնտեսական աճի խթանման ու արտաքին պարտքերի մարման հուսալի աղբյուրը համարվում են ներդրումները, դրա համար շարունակ հորդորում էին Սփյուռքին գալ Հայաստան, նպաստել զարգացմանը: Ինչպե՞ս է արձագանքում ամերիկահայ ներդրողը նման կոչերին:

 

ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶՅԱՆ _ Եթե հարցը դիտարկենք ժամանակագրական առումով, ապա փոփոխություններ հստակ կան: Նախկինում Սփյուռքի ներդրողների ու Հայաստանյան բիզնես աշխարհի հետ կոնֆլիկներն ավելի շատ էին: Բայց այս առումով պետք է լավագույն արդյունքի հասնել` ստեղծել ազատ շուկայական միջավայր, համահավասար մրցակցային մթնոլորտ ու վերանայել հարկային պարտականությունները: Եթե Հայաստանը համեմատենք հարևան Վրաստանի հետ, ապա կտեսնենք, որ անելիքներ շատ կան: Հույս ունեմ, որ այս ամենը կշտկվի և էլ ավելի մեծ թվով սփյուռքահայեր ներդրումներ կկատարեն Հայաստանում, աշխատատեղեր կստեղծեն:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Արդարացված համարո՞ւմ եք Սփյուռքահայերի նշած ռիսկերը, այդ ռիսկերը Ձեզ ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել այն դեպքում, երբ ավելի ծանր ժամանակաշրջանում եք սկսել գործունեությունը:

 

ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶՅԱՆ _Իմ նպատակը ինչ-որ առումով հայրենիքիս ծառայելն էր, փոփոխություններ մտցնելը: Իմ ծնողների, շրջապատիս դաստիարակությունն ինձ սովորեցրել է կոտրել կարծրատիպերը, ոչ թե հարմարվել եղած խնդիրների հետ: Ազգային ոգով դաստեարակությունս տվեց իր պտուղները: Ես երազում էի Հայաստանը տեսնել անկախ: Գիտակցում էի, որ դա փշոտ ճանապարհ է: Բայց դա մեր երազանքներ էր, ծնողներիս փափագը: Ի տարբերություն այլ գործընկերներիս, ես ավելի համառ գտնվեցի: Օրենքի բացթողումները, նորարարությունների բացակայությունը ամենաչնչին խոչնդոտներն էին, որոնք հաղթահարվեցին:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Ապրանքաշրջանառության դեպքում կրկնակի հարկման մեխանիզմը ի՞նչ հետևանքներ է ունենում, արդյո՞ք մոտ ապագայում արդեն կհանվի այդ ռեժիմը, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանից ապրանքի արտահանման ծավալների վրա, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են:

 

ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶՅԱՆ _Կրկնակի հարկման խնդիրը կրկին առաջնային լուծում պահանջող խնդիրներից է: Այդ պարագայում վստահ եմ՝ էլ ավելի կմեծանան ներդրումները, կավելանան Սփյուռքի համար բիզնես հնարավորությունները Հայաստանում: Հուսանք՝ փոփոխությունները երկար սպասել չեն տա:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Խնդրում եմ անդրադարձեք նաև շոու-բիզնեսի բնագավառում Ձեր անելիքներին 2018թ-ին, արդյո՞ք կան ծրագրեր՝ ուղղված հոբելյանական տարեթվերին՝ Առաջին Հանրապետության 100-ամյակ, Արցախյան շարժման 30 և այլն:

 

ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶՅԱՆ _Անշուշտ կարևորում եմ մշակութային նման նախաձեռնությունները, որոնք կարող են ևս մեկ հնարավորություն դառնալ տոնելու Առաջին Հանրապետության 100-ամյակը կամ Արցախյան շարժման 30-ամյակը: Ինչ-որ առումով ներգրավված եմ նման նախագծերում, փորձում եմ ուժերիս ներածին չափով աջակցել նման միջոցառումներին` և՛ խորհուրդներով, և՛ գործով:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Ինչ վերաբերում է շոու-բիզնեսի ոլորտի աստղերի դերակատարմանը Սփյուռքի կյանքում, այնպիսի տպավորություն է, որ Սփյուռքը, ամերիկահայ համայնքը Հայաստանի մշակույթի, արվեստի մասին պատկերացում է կազմում, այսպես կոչված, ռաբիս երգիչների միջոցով, ու դասական արվեստը երկրի սահմաններից դուրս գալու շատ քիչ հնարավորություններ է ունենում, այս մասին հենց իրենք՝ արվեստագետներն են հաճախ բարձրաձայնում: Այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում, և Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

 

ԿԱՐՊԻՍ ԹԻԹԻԶՅԱՆ _Իհարկե ճիշտ եք նկատել, որ մեծամասամբ ԱՄՆ-ում տեղի ունեցող հայկական համերգները փոփ, փոփ-ֆոլկ ու անգամ ռաբիս ժանրի են, բայց նաև պետք է հաշվի առնել, որ իմ հիմնած Global Arts Int ընկերությունը փորձում է նաև մշակութային առումով ծանրակշիռ միջոցառումներ կազմակերպել: Մեր նախաձեռնություններում մշտապես ընգրկված են դասական, ժողովրդական, ազգագրական ժանրերի լավագույն կատարողները: Բազմաթիվ թատերական ու մշակութային նախաձեռնություններ են իրականացվել, ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպվել: Կարող եմ առանձնացնել Երգի Պետական Թատրոնի Կոմիտասին նվիրված համերգը, Երգ երգոց նախագծի ամերիկյան շրջագայությունը, Ինգա և Անուշ Արշակյանների փայլուն համերգը, իսկ մի քանի օր առաջ` երիտասարդ, բայց խոստումնալից երգչուհի Գաբի Գալոյանը ամերիկյան մի քանի համերգները, որոնց ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական երգարվեստի լավագույն գոհարները: Ինձ համար ամենակարևորը հանդիսատեսի շարքերում երիտասարդների փայլող աչքերը տեսնելն էր: Չեմ կարող չնշել նաև հակառակ բևեռի մասին, երբ փորձում ենք Հայաստանում մշակութային միջոցառումներ կազմակերպել` Հուլիո Իգլեսիասի հայաստանյան մենահամերգից մինչև Յանիինը: ԱՄՆ-ում հայ հանդիսատեսը երբեք չի երկմտում մեր կազմակերպած միջոցառումներին մասնակցելիս: