Home / Canada  / Կանադական ընկերությունները դրական կանխատեսումներ ունեն, անկախ ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության ազդեցություններից. Կենտրոնական բանկ

Կանադական ընկերությունները դրական կանխատեսումներ ունեն, անկախ ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության ազդեցություններից. Կենտրոնական բանկ

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադայի Կենտրոնական բանկի կողմից մոտ 100 ընկերությունների շրջանում անցկացված հարցումը, որի արդյունքները հրապարակվել են երկուշաբթի,  ցույց է տվել, որ գործարար ոլորտում ընդհանուր տրամադրությունները շարունակում են մնալ դրական, հայտնում է Metro news կայքը: Նրանք նախկինի նման դրական ակնկալիքներ ունեն վաճառքի, բիզնես-ներդրումների ու վարձու աշխատանքների հարցում, նույնիսկ այն դեպքում, երբ երկիրը բախվում է իրական տնտեսական անորոշության հետ՝ կապված երկրի սահմաններից դուրս տեղի ունեցող զարգացումների հետ:

 

Խոսքը վերաբերում է Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սկսված բանակցություններին, որի արդյունքում, ինչպես կանադացիների մեծամասնությունն էր կարծիք հայտնել, էականորեն կտուժի Կանադայի տնտեսությունը:

 

Հետազոտություն է անցկացվել փետրվարի 12-ից մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում: Եղել են հարցվողներ, ովքեր կանխատեսել են նվազում, քանի որ այժմ բիզնեսն ավելի կայուն տեմպերով է առաջ շարժվում:

 

Զեկույցում նշվել է, որ տարածաշրջանների մեծ մասում նկատելի են պահանջարկով պայմանավորված նոր հնարավորություններն ու աշխատանքի ծանրաբեռնվածությունը:

 

Հարցումները ցույց են տվել, որ ընկերությունները առաջիկա 12 ամիսների համար շատ ավելի մեծ ակնկալիքներ ունեին, որոնք, սակայն, չեն արդարացել. Նրանք վաճառքի ավելի բարձր տեմպեր էին ակնկալում, բայց շեշտել են, որ որոշ ընկերությունների մոտ նախորդ տարվա համեմատ անկում է նկատվել: Պարզ է դարձել նաև, որ բիզնես ոլորտում որոշ ցուցանիշներ հունվար ամսվա համեմատ հետընթաց են արձանագրել:

 

Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունքում Կանադան կանգնել է անորոշ իրավիճակի առջև, իսկ վերջին շրջանում բախվում է նաև աշխարհի խոշորագույն երկրների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսությունների միջև աճող առևտրային վեճի հնարավոր ազդեցություններին:

 

Վերջին ամիսներին բիզնես ոլորտի ղեկավարները նաեւ կոչ են արել կառավարություններին Կանադայում քայլեր ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել ԱՄՆ-ում վերջին հարկային եւ կարգավորիչ բարեփոխումների հետեւանքով առաջացող նոր մրցակցային թերությունները: