Home / Canadahye  / Մայիսին Օտտավայում տեղի կունենա «Ազգային քրիստոնեական երիտասարդական գագաթնաժողով-2018»-ը

Մայիսին Օտտավայում տեղի կունենա «Ազգային քրիստոնեական երիտասարդական գագաթնաժողով-2018»-ը

 

ՕՏՏԱՎԱ (Նորանոր) _ Կանադահայոց Առաջնորդարանը տեղեկացնում է «Ազգային քրիստոնեական երիտասարդական գագաթնաժողով-2018»-ին մասնակցության հայտերի ընդունման  մասին: Գագաթնաժողովը տեղի է ունենալու մայիսի 6-11-ը Օտտավայում: 18-30 տարեկան բոլոր այն երիտասարդները, ովքեր մասնակցության ցանկություն ունեն, պետք է ինքնակենսագրություն ու մոտիվացիոն նամակ ուղարկեն առաջնորդարանի էլեկտրոնային հասցեին ([email protected]) ոչ ուշ, քան մինչև ապրիլի 20-ը:

 

Կանադայի հայոց թեմի առաջնորդարանը նշում է, որ ամեն տարի Սենատի նախագահի հովանու ներքո Օտտավայում կազմակերպվում է Ազգային աղոթքի նախաճաշ: 2006 թվականից Ազգային քրիստոնեական երիտասարդական գագաթաժողովը, որը նախկինում հայտնի էր որպես Ազգային Ուսանողական ֆորումը, կազմակերպվել է Ազգային աղոթքի նախաճաշի հետ համատեղ` երիտասարդներին հնարավորություն տալով շփվելու խորհրդարանում  ծառայող քաղաքական գործիչների հետ, մասնակցելու կլոր սեղան-քննարկումներին, որոնք թույլ են տալիս նրանց հասկանալ հավատքի դերն ու նշանակությունը դպրոցներում, եկեղեցիներում, քաղաքականությունում ու հանրային ոլորտում:

 

Կանադայի հայոց թեմը պատրաստակամություն է հայտնում աջակցելու պատանիներին ու երիտասարդներին` մասնակցելու Ազգային քրիստոնեական երիտասարդական գագաթաժողովին, ինչպես նաև լինելու թեմի կողմից առաջարկվող լրացուցիչ ծրագրի մի մասը:

 

Մասնակցությունը մի շարք հնարավորություններ կընձեռի մասնակից երիտասարդներին, ինչպիսիք են քաղաքական գործիչների հետ հանդիպումները, քննարկումները, նրանց հարցեր ուղղելու հնարավորությունը, հասկանալու հավատքը քաղաքականություն ու հանրային ոլորտ տեղափոխելու եղանակները և այլն: Օտտավայում անցկացրած մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնական մասից բացի կլինեն նաև լրացուցիչ ծրագրեր, ինչպիսիք են Կանադայի Ազգային Պատկերասրահ, Կանադայի պատմության թանգարան և այլ վայրերի այցելությունները:

 

Մասնակիցների դիմումները կուսումնասիրվեն և մինչև ապրիլի 25-ը նրանց կտեղեկացվի մասնակցության հնարավորության մասին: Ֆինանսական ծախսերը կփոխհատուցվեն, մասնակիցները միայն պետք է ներդնեն $ 50: