Home / Canadahye  / Մոնրեալի «Արարատ բնակարաններ» հաստատությունում խնամվում է 95 տարեց, իսկ հերթում սպասող կարիքավորները կրկնակի ավելին են

Մոնրեալի «Արարատ բնակարաններ» հաստատությունում խնամվում է 95 տարեց, իսկ հերթում սպասող կարիքավորները կրկնակի ավելին են

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ  (Նորանոր) _ 95 երիտասարդ-տարեցներ, որոնց առօրյան «Արարատ բնակարաններ» (Habitations Ararat) շինության պատերից ներս հագեցած է ստեղծագործական մթնոլորտով, համերաշխ են, անկախ: Անկախ լինելն ամենակարևոր հանգամանքն է 65 տարեկանն անց մոնրեալահայերի կյանքը լիարժեք դարձնելու համար: Այստեղ շատերը ոչ թե գալիս են օրեր անցկացնելու, այլ կյանքը վերսկսելու:

 

«Ես Լիբանան ծնած եմ, և գիտեմ՝ ինչ ըսել է ծերանոց Միջին Արևելքի գաղափարով. Ծերանոցը տեղ մըն է, ուր մարդիկ կերթան չգիտեն ինչ ընելու, մեր «Արարատ»-ի փիլիսոփայությունը այն է, որ մինչև այն ատեն, որ մահը չի կա, մենք կրնանք ընել, ինչ որ կրնանք»,-ասում է Նաիրի Տավլիյանը՝ «Արարատ բնակարաններ»-ի 3 հոգանոց ղեկավար կազմի կամավոր անդամը:

 

Դեռ 10 տարի առաջ, երբ կինն այլոց հետ հիմնադրեց Մոնրեալի «Հայ տուն»-ը, որի ատենապետն է եղել մոտ մեկ տասնամյակ, առաջ քաշեց նման հաստատություն հիմնելու գաղափարը: Տարեցների հաստատության կարիքը համայնքն ուներ 20-30 տարի, սակայն միայն 4 տարի առաջ՝ 2014թ-ին հնարավոր եղավ այն իրականություն դարձնել «Հայ տուն»-ի այլ անդամների հետ:

 

Ազատ Դեմիսճյանն էր, որ կյանքի կոչեց գաղափարը, հիմա նա հաստատության տնօրենն է, իսկ Նաիրի Տամլիյանն ու նախաձեռնող խմբի մյուս կամավոր ներկայացուցիչ՝ Վազգեն Խուլյանը, տնօրինության կազմի անդամները: «Արարատ բնակարաններ»-ի գաղափարի իրականացմանը օժանդակեց կառավարությունը՝ 12 մլն դոլարանոց ծրագրի հաստատմամբ:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ-ՏԱՐԵՑՆԵՐԸ

Իզուր չէ, որ շահառուների մասին խոսելիս տիկին Նաիրին պարտադիր շեշտում է՝ երիտասարդ-տարեցներ, ովքեր ունակ են իրենց կարողություններով օգտակար լինելու: «Մեր տարեցները մենք իբրև ծեր չենք նկատե, այլ իբրև անձեր, որոնք իրենց տարիքն ու փորձառությունն ունին, սակայն դեռ կարիքը ունին մեզի օգտակար դառնալու»,-ասում է կինը:

 

Հենց այդ փորձառությունն ու ամրությունը պահպանելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացնում, օրինակ՝ շաբաթական երեք անգամ նրանք հատուկ մասնագետի օգնությամբ տարեցների համար նախատեսված մարզումների են մասնակցում, ամռանը խնամում իրենց համար շինությանը կից հիմնադրված պարտեզը, իսկ որպեսզի երկրից երկիր անցած այս անձանց կենդանի պատմությունները դաս լինեն սերունդների համար, ձեռնարկել են «Ապրող հուշեր» ծրագիրը: Տնօրինության անդամը մանրամասնում է.

 

Արժե մեր համայնքին, մեր երիտասարդներուն հիշեցնել, որ իրենց մամիկ-պապիկները անհայտ անձինք չեն

 

«Շենքի ամեն մեկ բնակիչն իր պատմությունը ունի, որոնք արժեքավոր են, որ արժե մեր համայնքին, մեր երիտասարդներուն հիշեցնել, որ իրենց մամիկ-պապիկները անհայտ անձինք չեն, հանրածանոթ չեն, բայց իրենց պատմության մեջ կարևոր դասեր կու տան մեզ, ամեն ամիս մեկ երիտասարդ տարեց կներկայացնենք «Հայ Հորիզոն»-ին հետ»:

 

Անձինք հոս կու գան հուսահատ, մենակ, մեկ ամիս վերջ փոխված անձեր են

 

Այս ամենն իրենց բարերար ազդեցությունն ունենում են «Արարատ»-ի բնակիչների վրա: «Պիտի տեսնեք արդյունքները, թե ինչպես անձինք հոս կու գան հուսահատ, մենակ, մեկ ամիս վերջ փոխված անձեր են, կսկսեն հագնիլ, իրենց կյանքը ետ կվերանորոգեն»,-կամավորուհու համեմատությունը բավարար է հասկանալու համար նրանց հոգեվիճակը, որի վերականգնմանը նպաստում է նաև «Հայ տուն»-ի հոգեբանների ու այլ մասնագետների միջամտությունը:

 

«ՊՍՏԻԿ ՖԻԼՄԻ» ՍՏԵՂԾՈՒՄԸ

Տարեցներն իրենց դասերը սերունդներին են փոխանցում ոչ միայն պատմությունների, այլև կենդանի շփումների միջոցով: Նաիրի Տավլիյանը դեպքերից մեկն է պատմում.

 

Տարեցներն էլ իրենց կարգին երիտասարդներուն սորվեցուցին կյանքին մոտեցումները

 

«Այսօրվա մեր տեխնոլոգիական աշխարհին մեջ պետք է, որ տարեցներն ալ համակարգիչը սորվին, երիտասարդ կամավորներ հավաքեցինք, որ կարողանան դասեր տալ, թե ինչպես կրնան գործածել, այդ դասը տվին երիտասարդները, սակայն մեր տարեցներն էլ իրենց կարգին երիտասարդներուն սորվեցուցին կյանքին մոտեցումները, կարգ մը նյութեր արծածեցին, անոնցմե մեկը՝ ինչպես ինքնությունը պահել այսպիսի երկրի մը մեջ, ինչպես լեզուն պահել, ինչպես օրինակ կազմակերպեցին հայկական ասմունքի, ունինք տարեցներ, որ շատ գեղեցիկ ձևով կարտասանեն, և երիտասարդները նկարեցին: Իրար հետ աշխատելով՝ կարողացան մեջտեղ բերել պստիկ ֆիլմ մը, որ մեկ ամիսե ետք պիտի դնենք կայքին մեջ»:

 

«Արարատ»-ը այդ երկուքին՝ տարեցին ու ընտանիքին մեջ հաճելի տեղ մըն է

 

Հայկական այն կարծրատիպը, որ տարեցները պետք է ընտանիքների կողքին մնան, շատ ընտանիքների համար ամենամեծ ցանկության դեպքում իսկ անհնար է լինում պահպանել: Հաստատության հիմնադիր-անդամը նշում է. «Կանադայի նման երկրներ, ուր կյանքի ձևը տարբեր է, ընտանիքները շատ զբաղած են, ժամանակ չունին զբաղվելու այդ ձևով, որ կփափագին, «Արարատ»-ը այդ երկուքին՝ տարեցին ու ընտանիքին մեջ հաճելի տեղ մըն է, ուր թե ընտանիքը հանգիստ կզգա, որ իր տարեցը հարգված և լավ ձևով խնամված է, մյուս կողմեն ալ տարեցի միտքը հանգիստ է, որ բեռ չէ ընտանիքի վրա»:

 

90 ՏԱՐԵՑ՝ ՀԵՐԹԻ ՄԵՋ

Սակայն ոչ բոլոր մոնրեալահայ տարեցներն են, որ հնարավորություն ունեն միանալու տարեկիցներին ու փոխելու իրենց կենսակերպը: Հաստատության շենքային պայմանները բավարար չեն, այնինչ ևս 90 տարեց ցանկություն է հայտնել ապրել այնտեղ:

 

Մեր մտահոգությունն է, որ ինչպես ընել, որ մեծցնել, լայնցնել երկու շենքը

 

«Դժբախտաբար լիմիտը ադ է, երկու-երեք շենքի պետք կունենանք, որ կարենանք այդ լիմիտը լրացնել: Մեր մտահոգությունն է, որ ինչպես ընել, որ մեծցնել, լայնցնել երկու շենքը»,-ասում է տիկին «Հայ տուն»-ի նախկին ատենապետը:

 

Թեև Կանադայում կան նմանատիպ այլ հաստատություններ, սակայն կանադահայ տարեցներից շատերը, որոնք հաճախ նաև լեզվական  խնդիրներ ունեն, ուզում են հայկական հաստատություն տեղափոխվել, որտեղ ոչ միայն լեզուն, այլև ազգային մտածողությունն ու կենսակերպն է ընդհանուր:

 

ԼՔՎԱԾ ՏԱՐԵՑՆԵՐԸ

Կա, սակայն, նրանցից շատ ավելի վատթար վիճակում գտնվող անձանց խումբ, որոնց խնդիրն այսօր ամենաշատն է մտահոգում արարատցիներին. Հաստատության պատասխանատում ասում է. «Մեր մտահոգությունը մեր լքված տարեցներն են, որոնք իրենց տուներեն ներս որևէ մեկ օգնություն չեն ստանա, ոչ ալ մարդիկ գիտեն, որ հոն են: Հիմա մեջտեղ բերած ենք հայտագիր մը, ուր այդ լքված տարեցները, որ իրենց տուներու մեջ մեկը չունին, որ ճաշ եփե, իրենց սկսանք ճաշեր բաժնել, անոնք մարդիկ են, որ նույնիսկ այդ հերթին վրա չեն, որովհետև չունին մեկը, որ կապ հաստատե»:

 

Սրանցով հաստատության խնդիրները չեն սահմանափակվում. «Արարատ բնակարանների» երեք պատասխանատուներն աշխատում են կամավորական սկզբունքով. Խնդիրն այն է, որ նրանք ցանկացել են իրենց եկամուտն ուղղել տարեցների խնամքին. Դրա կարիքը չէր լինի, եթե կառավորությունը շատ ավելի միջոցներ հատկացներ: Մեր զրուցակիցը պարզաբանում է՝ նշելով.

 

Դրամական գետնի վրա պետք ունինք, որ անկախ ըլլանք

 

«Այս շենքը մինչև այսօր դեռ կառավարության հետ հավասարակշռության մը հասած չէ, դրամական գետնի վրա պետք ունինք, որ անկախ ըլլանք, ադոր համար է, որ փոխհարաբերության մեջ ենք, որ կառավարությունն ավելի դրամ տա, ավելի օգնե: Ասիկա հարցերեն մեկն է, որ շատ կզբաղեցնե, և պատճառներեն մեկն է, որ տնօրինությունը երեք կամավորներե կբաղկանա»: