Home / Armenia  / Երեք մասի բաժանված ընդդիմության նույն պահանջը, տարբեր քայլերն ու վարչապետ ընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանին խոստացվող սև օրերը

Երեք մասի բաժանված ընդդիմության նույն պահանջը, տարբեր քայլերն ու վարչապետ ընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանին խոստացվող սև օրերը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Սասուն Մխիթարյանի բնակության հասցեն 30 տարի է՝ Ազատության հրապարակն է: Նույն ինքը՝ երդվյալ ֆիդայի Սասուն պապին, 88-ի շարժումից սկսեց ֆիդայական ճանապարհը, երբ, ինչպես պատմում է, 34 ֆիդայական ջոկատներ հավաքեց: Շարժումը հզոր էր, միասնական, 30 տարի է անցել, ու մինչ օրս նման համախմբում հանրահավաքների անդավաճան մասնակիցը այս հրապարակում չի տեսել:

 

«Այնքա՜ն ժողովուրդ կար ստեղ, ժողովուրդի մի մասը այս մոտ շենքերից չէին գալիս, բարձրանում էին շենքերի վրայից, նայում էին, լսում: Ժողովուրդը պաշտում էր իրար, հիմա էլ են սիրում, ուղղակի վախեցնում են, ոստիկանները տանում են, բանտում տանջում են, ընտանիքներին են վախեցնում»,-ասում է այսօր էլ Ազատության հրապարակում «Ելք»-ի և այլ ընդդիմադիր համախոհների կողմից հայտարարված անժամկետ նստացույցի մասնակից ֆիդային:

 

Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ին նոր նախագահի նշանակումից հետո ընդդիմադիր որոշ ուժեր միանալով՝ որոշեցին պայքարել Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեմ: Նրանք անժամկետ նստացույց են հայտարարել, անցկացնում են երթեր, հանրահավաքներ: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ իրենց միակ ու աներկբա թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Մի քանի օրերի ընթացքում այս վերարտադրումը կանխելուն են միտված բողոքի ակցիաները:

 

Ո՞ՒՄ ՔԱՅԼԸ

Հետաքրքիր է, որ ընդդիմադիր երեք տարբեր ուղղություններ են ձևավորվել, որոնք այս օրերին նույն նպատակներով հանրահավաքներ են անցկացնելու:

 

Մինչ ՀՀԿ-ն իր հաջորդ քայլն է կատարում, «Ելք»-ը քաղաքական ու քաղաքացիական այլ ուժերի հետ հանրահավաք է անցկացնում, այլ ընդդիմադիրներ, ինչպես օրինակ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ այս ամենը ևս իշխանության սցենարի մի մաս է, նրանք էլ ինքնուրույն են գործում: Հերթական պառակտված ընդդիմությունը իշխանության դեմ պայքարում:

 

Այս իրավիճակն էլ անվստահություն է առաջ բերում հասարակության շրջանում, այնինչ կազմակերպիչներից յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն ուժերով հզոր հասարակական ճնշում առաջ բերել: Որքանո՞վ դա կհաջողվի նման իրավիճակում:

 

Սասուն Մխիթարյանը, ով տասնյակ հանրահավաքների է մասնակից եղել, իշխանափոխության կողմնակից է, կարծում է, որ մարդկանց սակավությունը ոչ թե ընդդիմության հանդեպ անվստահության, այլ վախի արդյունք է:

 

ԱՂՈՒՆԻԿՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ

Չի հիշում որևէ հզոր հանրահավաք, որն իր մոտ 88-ի ոգևորությունն առաջ բերեր, չի էլ փորձում համոզել, որ համախմբվածություն կա ընդդիմադիրների շարքերում, շատ ավելի դյուրին է վստահեցնելը, որ վերջին 7 տարում նույն  հրապարակի աղավնիների թիվն է ավելացրել ու շատ ավելի հեշտությամբ համախմբել թռչուններին:

 

2 աղունիկը դարձրել եմ 200 հատ 7 տարվա մեջ, հենա հացը լցրել եմ, ցորենը: Րաֆֆի Հովհաննիսյանը որ այնտեղ նստացույց էր անում, երկու վայրի աղունիկ կար, 11 թ-ին, դարձրել եմ 200

 

«2 աղունիկը դարձրել եմ 200 հատ 7 տարվա մեջ, հենա հացը լցրել եմ, ցորենը: Րաֆֆի Հովհաննիսյանը որ այնտեղ նստացույց էր անում, երկու վայրի աղունիկ կար, 11 թ-ին, դարձրել եմ 200: Այստեղ ձագեր էին դրել, գեղեցկանում է, էլի, ժողովրդիս ուրախացնելու համար արեցի, երեխաներին, որ գալիս-խաղում են, ես իրանցից շատ եմ ուրախանում»,-պատմում է Սասուն պապին:

 

Թռչունների նման հեշտ չի լինում մարդկանց հավաքել, բայց վստահեցնում է, որ 88-ին էլ, հիմա էլ սեր կա այն մարդկանց սրտերում, որոնք գալիս են Ազատության հրապարակ, կարևոր նպատակով. Երկիրը դուրս բերել ծանր վիճակից:

 

Աշխարհի հայությունը, Եղեռնից պրծածները միլիարդատերեր են դառել, ուրախ եմ, բայց բավական է էդ օտար երկրները ծաղկեցնեն

 

«Դավաճանները եթե նստում են ղեկին, սենց է լինում, բավական է, էլի, ազգին մորթեցին, 3 մլն հայ է փախել Ռուսաստան: Կառուցում են Ռուսաստանը, փոխանակ Հայաստանը ծաղկեցնեն: Աշխարհի հայությունը, Եղեռնից պրծածները միլիարդատերեր են դառել, ուրախ եմ, բայց բավական է էդ օտար երկրները ծաղկեցնեն, հերթը Մայր հայրենիքինն է, անկախ հայրենիք ենք ստեղծել մի փոքր ժողովրդով»,-նեղսրտում է երդվյալ ֆիդային:

 

ՍԵՎ ՕՐԵՐ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Վստահ է, որ եթե գոնե 10 օր ժողովուրդը միախմբվի, կարող են փոխել իշխանությունը: Ցուցարարները համոզված են, որ կանխելու են Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, հակառակ դեպքում պայքարը շարունակություն կունենա: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը, նախագահի նախկին թեկնածուն Արամ Հարությունյանը 5-րդ օրն է՝ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, ասում է.

 

Եթե նախագահական համակարգում հրաժարականը երկար գործընթաց է, վարչապետի դեպքում մի գիշերում կարելի է այդ հարցը լուծել

 

«Այնպես չի, որ, ենթադրենք, 17-ին հաջողվեց վարչապետ ընտրվել, Սերժ Սարգսյանի օրերը արևոտ են լինելու, այդ պառլամենտական համակարգը նույն վարչապետի համար խոցելի է: Եթե նախագահական համակարգում հրաժարականը երկար գործընթաց է, վարչապետի դեպքում մի գիշերում կարելի է այդ հարցը լուծել, մանավանդ որ Սերժ Սարգսյանը հենվել է ուրիշներին դավաճանած անձանց վրա, որոնք ընդունակ են նորից դավաճանելու»:

 

Սերժ Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահ է տանում, որովհետև որևէ լծակ չունի իշխանության մեջ

 

Իսկ որպեսզի դա տեղի չունենա, առաջարկում են իր կամքով հեռանալ: «Այսօր հացադուլի պահանջը սա է. «Սերժ գնա, գնա կամ դավայ դասվիդանիե»: Քաղաքական ուժերը պիտի միավորվեն, դա նաև նախապայման կհանդիսանա, որ ժողովուրդը հավաքվի: Սերժ Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահ է տանում, որովհետև որևէ լծակ չունի իշխանության մեջ: Գործող նախագահները մինչև երդում տալը եղել են նախագահ, իսկ ստեղ նա ոչինչ չունի, դա բացառիկ բան է, և պետք է օգտագործել»,-համոզված է հացադուլավորը:

 

Մյուս կողմից, նա վստահ է, որ Սերժ Սարգսյանը հող է նախապատրաստում՝ իշխանությունն իր փեսային հանձնելու համար: Իսկ ինչ վերաբերում է կիսադատարկ կամ պառակտված հանրահավաքներին, դրանք ոչ թե ժողովրդի անվստահության, այլ իշխանությունների գործողությունների հետևանք է համարում:

 

Անկախ տարաձայնություններից, ընդդիմադիրները պետք է կողք կողքի կանգնեն

 

«Իշխանությունները փորձում են քայլեր անել, որ հրապարակը լիքը չլինի, փորձում են ընդդիմադիրների մեջ տարաձայնություններ մտցնել, պետք է հաղթահարել այդ ամենը, որովհետև, անկախ տարաձայնություններից, ընդդիմադիրները պետք է կողք կողքի կանգնեն: Մի լիդերի խնդիր չպետք է լինի, բոլոր ընդդիմադիր շարժումները պարտվել են այդ պատճառով, որ առաջին դեմքը գնացել է տուն կամ աղոթելու»,-նշում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը:

 

Այս անգամ չկա լիդեր, չկա աղոթելու անհրաժեշտություն, իսկ ընդդիմության շարքերում իշխանությունների կողմից պառակտում մտցնելու փորձերն արդյո՞ք հաջողություն չեն ունենում: Ասում է.

 

Սա երրորդ ժամկետի խնդիր չի, Սերժ Սարգսյանը որևէ ոլորտում հաջողություն չի ունեցել, թող լավ լիներ, 10 անգամ վարչապետ ընտրվեր, բայց ձախողել է

 

«Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ի պահով է ասում, ես ասում եմ, որ մենք չպիտի հին հաշիվներ մաքրենք: Զարուհին ուրիշ խնդիր է դրել, ինքը սկսեց ընդվզման շարժումը քաղաքապետարանում, բայց դրանք հետևանքներն են, պետք է ստեղից սկսել, խնդիրը ձևակերպել ճիշտ. Սա երրորդ ժամկետի խնդիր չի, Սերժ Սարգսյանը որևէ ոլորտում հաջողություն չի ունեցել, թող լավ լիներ, 10 անգամ վարչապետ ընտրվեր, բայց ձախողել է»: