Home / Canadahye  / 200-ից ավելի կանադահայ բժիշկներ, որոնցից քչերն են զգում հայրենիքի զարկերակը. Օնտարիոյի կանադահայ բժշկական 30-ամյա ընկերակցության մարտահրավերները

200-ից ավելի կանադահայ բժիշկներ, որոնցից քչերն են զգում հայրենիքի զարկերակը. Օնտարիոյի կանադահայ բժշկական 30-ամյա ընկերակցության մարտահրավերները

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Օնտարիոյի կանադահայ բժշկական ընկերակցությունն (Armenian Canadian Medical Association of Ontario ACMAO) այս տարի դեկտեմբերի կնշի հիմնադրման 30-ամյակը: 1988թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը առիթ դարձավ տորոնտոհայ բժիշկների միավորման, իսկ նպատակը աղետից տուժած հայրենակիցների կողքին կանգնելն էր: Ընկերակցության նախագահ Անի Հասերջյանն, ով այն ժամանակ ուսանող անդամ էր, տպավորված է եղել այն միասնականությամբ, որ դրսևորել են կանադահայ բժիշկներն այս հարցում:

 

«Այն ատեն ընկերակցություն չունեինք, թեպետ սկսած էին կազմակերպվիլ: Տեղվույն ՀՅԴ կոմիտեի հրավերով բժիշկները՝ ատամնաբույժները, դեղագործները, բոլորը հրավիրվեցան դեկտեմբերի 7-ի երեկոյան, հաջորդ օրը կազմվեցավ բժիշկների խումբը, և գաղութի բոլոր միությունների կողքին ծնունդ առավ մեր ընկերակցությունը»,-Noranor.ca-ի հետ զրույցում հիշում է ընկերացության նախագահը:

 

Աղետյալներին օգտակար լինելու գաղափարը համախմբել էր 3 տասնյակից ավելի մասնագետների, ովքեր հետագա տարիներին էլ շարունակեցին իրենց մարդասիրական աշխատանքը, թեև արդեն այդ օժանդակությունն ուղղված էր ոչ միայն աղետի գոտուն, այլև Արցախին:

 

200-ԻՑ ԱՎԵԼԻ

Երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչելու արարողություններին զուգահեռ ACMAO-ն պատրաստվում է տարվա ընթացքում ամփոփել իր 30 տարիների աշխատանքը, հստակեցնել ուղղությունները, որոնցով պատրաստվում են ընթանալ, քննարկել անելիքները, վեր հանել գլխավոր խնդիրները: Մարտահրավերներ իսկապես կան, որոնցից ամենակարևորն ընկերակցության նախագահը համարում է սերնդափոխության խնդիրը:

 

Ի տարբերություն սկզբնական շրջանում ձևավորված 30-հոգանոց կազմի, այսօր բժիշկների թիվը 200-ից ավելին է, սակայն եթե նախկինում փոքրաթիվ անձանցից յուրաքանչյուրը նվիրյալ էր, ապա նույնը չեն կարող ասել այսօրվա բժիշկների մասին: Երիտասարդ մասնագետներ են, ովքեր թեև իրենց աշխատանքում գիտակ են, սակայն հայրենիքին օժանդակելու հարցում նույնքան նախանձախնդիր չեն:

 

Մեծ թիվով ատամնաբույժ ցանկի վրա կա, բայց գործունյա մատի վրա կհաշվվին, ովքեր մտահոգ են հայրենիքով

 

«Մեծ թիվով ատամնաբույժ ցանկի վրա կա, բայց գործունյա մատի վրա կհաշվվին, ովքեր մտահոգ են հայրենիքով: Ինչպես կլսեք ինծի, ես մաքուր հայերենով կխոսիմ, մեր գործընկերներեն մեծամասնությունը պիտի չկրանար ձեզի հասկնալ, ոչ ալ հասկցնել հայերենով, որովհետև հոս ծնած, մեծցած երիտասարդներ են, հայրենիքի հետ կապը զգացական կապ մըն է: Իմ սիրտս կբաբախե հայրենիքի հետ, ես Երևան կըսեմ, պատկերացումս միայն երևակայական չէ»,-ասում է բժիշկ Հասերջյանը:

 

Նրա համոզմամբ՝ Միջին Արևելքից ժամանած սերունդը հայախոս, հայաշունչ էր, սակայն նրան հաջորդած սերունդը օտար միջավայրում է դաստիարակվել: Չի բացառում, որ գուցե վերջին շրջանում, ինչ ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը լրացրել է այդ հայեցի դաստիարակության բացը, որոշ չափով փոխվել է իրավիճակը, սակայն խնդիրը բացառել ACMAO-ի նախագահը չի կարող: Ասում է.

 

«Բարեբախտաբար վերջին տարիներուն երիտասարդները, որոնց 30 տարին հազիվ լրացած է, դաստիարակվեցան ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանին մեջ, բայց ատկե առաջ սերունդ մը կա, որ հայկական վարժարան չեն հաճախած, և անոնց բերելը մեծագույն մարտահրավերներեն մեկն է, ներգրավվելու համար չգիտենք ինչպես ընենք»:

 

ՋԱՀԸ ՓՈԽԱՆՑԵԼ

Իսկ սերնդափոխությունն անվտանգ իրականացնելու համար հարկավոր է նախ խանդավառել այն ոգևորությունը, որն ունի նոր սերունդը: իսկ այդ ոգևորությունը երկարամյա բժշկուհին տեսնում է երիտասարդների մի մասի մեջ: Ամենացայտուն օրինակն է բերում՝ նշելով.

 

Հիմա ժամանակն է, որ այդ ջահը Ժիրայր Թրնամյանեն առնեմ և հանձնեմ Քրիստիանի ձեռքերուն մեջ

 

«Ժիրայր Թրնամյանը մեր հիմնադիր առաջին պրեզիդենտն էր, իր եղբորորդին, որ անունն է Քրիստիան Թրնամյան, քանի մը տարի առաջ մոտեցավ, ուսանող էր, ըսավ` կուզեմ երթամ Արցախ բժշկական պրոյեկտ իրականացնեմ, իր առաջին Հայաստան այցելությունն էր: Այնքան տպավորված եկավ այս երիտասարդը, զորավոր հայ կզգա իրեն: Սա օրինակ մըն է, որ ես անձամբ այս սերունդների միջև եղող ականատես եմ, և կուզեմ, որ այդ սերունդը, որ կայծ կա իրենց մեջ, ավելի խանդավառեմ այդ կայծը, հիմա ժամանակն է, որ այդ ջահը Ժիրայր Թրնամյանեն առնեմ և հանձնեմ Քրիստիանի ձեռքերուն մեջ»:

 

Այդ անելիքները քննարկելու նպատակով է, որ ապրիլի 20-ին ACMAO-ն անցկացնելու է կլոր սեղան-քննարկում: Սա կօգնի ամփոփել 30 տարիների աշխատանքը: «Քննարկենք՝ ուր կերթա ACMAO-ն, պիտի կարողանա՞նք մեր հիմնադիրներու եռանդին համեմատ զորացնել: Նոր սերունդ ունինք, որ ավելի կրնան քով քովի գալ, ինչո՞ւ օտարանան, օտար ամուսնություններ ինչո՞ւ ըլլան, ձեռք ձեռքի տված զորանանք, ես ադիկա կերազեմ»,-ասում է փորձառու ատամնաբույժը:

 

ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ

Տարվա ընթացքում այլ նախաձեռնություններ ևս կիրականացնեն, որոնց շրջանակներում նաև անելիքները կամփոփեն, իսկ դրանք քիչ չեն: Հատկապես Արցախում մի շարք ծրագրեր են իրականացրել, հիմնել ատամնաբուժական կլինիկաներ Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում ու Հադրութում,  օգնել դեղորայքով, բժիշկներին մասնագիտական առաջընթացի հնարավորություն տվել և այլն: Որպես դրա վառ ապացույց՝ բժշկուհին հիշատակում է մեկ օրինակ. «Նյարդաբան դոկտոր Վահագն Դարբինյանը եկավ և հոս մնաց ամիսներով, վերջը գնաց, նյարդաբանական դպրոցը հիմնեց»:

 

Նաև Քառօրյա պատերազմի ժամանակ են նախաձեռնությամբ հանդես եկել, թեև օժանդակությունը փոքր-ինչ ուշացումով է տեղ հասել, բայց ծառայել է նպատակին: Այս անգամ շտապբուժօգնության փաթեթներ են տրամադրել Արցախին:

 

ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՂՂՈՐԴԵԼ ՆՈՐԵԿՆԵՐԻՆ

Վերջին տարիներին Օնտարիոյում հայերի ներգաղթի արդյունքում ավելանում է աշխատանքի հարցերով ACMAO-ին դիմող բժիշկների թիվը: Այս հարցում նրանք կարող են ուղղորդել իրենց գործընկերներին ճիշտ կողմնորոշվել: Այս նպատակով ևս ապրիլի 15-ին հանդիպում են անցկացնելու նորեկ բժիշկների մասնակցությամբ:

 

Մարզված մարդիկ կմասնակցեն, որոնք գիտեն՝ ինչպես ուղղություն տալ, ադիկա եթե չեղավ, ահա ուրիշ միջոցներ, քու նախասիրած մարզեն ներս

 

«Պահանջքին համաձայն, որ մեզի կմոտանային, մտածեցինք, որ պետք է բան մը ընենք: Օնտարիո ընկերակցությունը , որ կառավարական ընկերակցություն մըն է, ճամփա ցույց կու տա, թե ինչպես քննությունները պիտի գրեն, պատրաստվին: Նաև կսեպենք, թե բավական դժվար է փորձառու բժշկի համար նորից քննությունները անցկացնել, այս դեպքում կրնա այլ ոլորտներում աշխատել, այդ դյուրությունները կույց կու տանք: Մարզված մարդիկ կմասնակցեն, որոնք գիտեն՝ ինչպես ուղղություն տալ, ադիկա եթե չեղավ, ահա ուրիշ միջոցներ, քու նախասիրած մարզեն ներս, կրնաս, օրինակ երթալ ծերանոցներ հսկել»,-ներկայացնում է կազմակերպչական աշխատանքներով ատենապետը:

 

 

Բացի 10 մասնագետներից ևս 25 բժիշկներ ներկա կգտնվեն հանդիպմանը, իսկ իրենց օժանդակությունն այսքանով չի սահմանափակվի, այլ հանդիպումներ ևս անցկացնում են, որոնք ուղղված են ոչ միայն մասնագետների կողմնորոշմանը, այլև առողջապահական ոլորտում կանադահայերի կրթական մակարդակի բարձրացմանը: