Home / Armenia  / Օր 6-րդ. Ընդդեմ Սերժ Սարգսյանի պայքարը՝ նոր թափով. Արսինե Խանջյանը հեռակա միացավ ցուցարարներին, իսկ Կառավարությունը գումարեց անդրանիկ նիստը

Օր 6-րդ. Ընդդեմ Սերժ Սարգսյանի պայքարը՝ նոր թափով. Արսինե Խանջյանը հեռակա միացավ ցուցարարներին, իսկ Կառավարությունը գումարեց անդրանիկ նիստը

 

Երևան (Նորանոր) _ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ՀՀ կառավարության առաջին նիստի առիթով «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսներով բողոքի ցույցերն այսօր նոր թափ ստացան: Ի սկզբանե ցուցարարները որոշել էին խոչընդոտել վարչապետ Սարգսյանի ղեկավարությամբ նիստը: Առավոտյան արդեն իսկ տասնյակ ցուցարարներ բերման ենթարկվեցին ոստիկանական խմբերի կողմից:

 

Իսկ Sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը ենթարկվել էր բռնության ու տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես լրագրողն էր պարզաբանել, իր վրա հարձակվել էին ցուցարարների երթին հետևող երիտասարդներ, որոնք նրան կասկածելի են թվացել: Երբ լրագրողը նրանց նկարել է, քիչ անց հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել, այս ամենին հետևող ոստիկանները որևէ գործողություն, ըստ նրա, չեն ձեռնարկել: Նա նշել է, որ ոստիկանները կարող էին տեղում հանցագործին բռնել, ինչը չեն արել: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել էր լրագրողի հանդեպ կատարված այս արարքը:

 

«ՍԵՐԺԻՆ ԴԵՄ ԵՍ, ՍԻԳՆԱԼ ՏՈ՛ՒՐ»

Ավելի ուշ ցուցարարները երթեր են անցկացրել Երևանի փողոցներում, այս անգամ փորձելով հասկանալ վարորդ-քաղաքացիների տրամադրությունները՝ «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» կոչերով: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է վստահեցնում, վարորդների մոտ 90 տոկոսը միացել է ակցիային:

 

Փաշինյանը շարունակում էր հայտարարել, որ Սերժ Սարգսյանն այսուհետ Հայաստանը տեսնելու է միայն փշալարերի ու ոստիկանական պատերի հետևից:

 

ՄԻԱՑԱՎ ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ

Երթերից բացի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ նաև հանրահավաք, որի ժամանակ հեռակա իր խոսքը հնչեցրեց նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա ցուցարարներին ողջունեց ու ասաց.

 

Հեղափոխությունը նույնիսկ հանդարտ, և հատկապես հանդարտ շատ ավելի վտանգավոր կսեպվի վրդովված օիշխանության կողմից

 

«Եթե միայն իմանայիք, թե այս պահին որքան պիտի փափագեի կանգնել ձեր կողքին, սիրտս և հոգիս լալիս է, բայց ոչ միայն այս ցավալի պայմանների պատճառավ, այլ նաև ուրախությունից, որ դուք միասնաբար քաջորեն տարածվել եք Երևանի փողոցներում, պետական շենքերում, կամուրջներում, ամեն մի անկյունում և հնչեցում եք ձեր արդար և ճշմարիտ ձայնը:
Գիտեմ, որ դուք կարող ուժ եք` ձեր խելացի, ճիշտ, օրինավոր պահանջներով: Հավատացե՛ք, որ ուժը ձեր մեջ է, ձեր կողքին, նույնիսկ եթե պահեր կան, երբ անարդար, վայրի, վատ արարքների եք ենթարկվում ոստիկանության և իշխանության բռունցքի տակ: Հեղափոխությունը, նույնիսկ երբ հանդարտ, և հատկապես երբ հանդարտ է լինում, շատ ավելի վտանգավոր է դիտվում վախով վրդովված իշխանության կողմից: Ձեր ուղին անբիծ ճիշտ է և օրինավոր»:

 

Այս պահուս մենք ձեր կողքն ենք, և ավելի վախով լեցուն, քան դուք, հեռու ենք մարմնապես, և կդողանք ձեր մարմիններուն վրա

 

Նա վստահեցրեց, որ Սփյուռքում շատերն են պայքարող քաղաքացիների կողքին, իսկ նրանք, ովքեր դեռ անտարբեր են, կոչ արեց անմասն չմնաց հայրենիքում ընթացող այս ճակատագրական պայքարին: «Ես և իմ ընկերներս Սփյուռքից, և հավատացեք, որ շատերը Սերժ Թանկյանի, Վահե Տերտերյանի, Էրիկ Նազարյանի Ատոմ Էգոյանի կողքին կբաժնեն ձեր պահանջները՝ իբր պարտաճանաչ քաղաքացիներ: Այս պահուս մենք ձեր կողքն ենք, և ավելի վախով լեցուն, քան դուք, հեռու ենք մարմնապես, և կդողանք ձեր մարմիններուն վրա, որովհետև կվնասվին, բայց ոչ ձեր բարոյական ուժը, կամքը  և ոգին»,-հավաստիացրեց դերասանուհին:

 

Ունեք ելք, հեռացե՛ք ձեր ճամփով և թողե՛ք, որ ժողովուրդը կարողանա համտեսել ինքնավարության արժեքները: Ցավալի է, որ չսիրվեցիք

 

Ոստիկաններուն ուղղված իր կոչում դերասանուհին ասաց, որ նրանք պետք է արդար ժողովրդի կողքին կանգնեն, ոչ թե իշխանության, պետք է հրաժարվեն անարդար ու վտանգող գործողություններից: Դերասանուհին հատուկ ուղերձով դիմեց Սերժ Սարգսյանին՝ ասելով. «Բավ է այս տառապանքը, որ պարտադրում եք մեր հայությանը: Այո, ես քաղաքացի չեմ, բայց խոսքս ազատ է, և պահանջում եմ ձեզնից` իբր հայուհի, որ իմ հայրենակիցներին պատվավոր ձևով, հարգանքով և արդարությամբ մոտենաք: Այո՛, կարելի է երևակայել, որ պետք է և դեռևս կարելի է հրաժարվել ձեր պաշտոնից: Ուրիշներ կան, շատերը, որ կարող են Հայաստանը այս պահիս փրկել այս դաժան վիճակից: Մի՛ եղեք մեր հայ ազգի թշնամին: Ունեք ելք, հեռացե՛ք ձեր ճամփով և թողե՛ք, որ ժողովուրդը կարողանա համտեսել ինքնավարության արժեքները: Ցավալի է, որ չսիրվեցիք, բայց ու՞մ մեղադրել»:

 

Անկախ անձրևային պայմաններից՝ հանրահավաքն այսօր էլ մարդաշատ էր ու բուռն: Իսկ կառավարությունն ամեն դեպքում գումարեց իր անդրանիկ նիստը, որից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասուլիս տվեց և ներկայացրեց նիստի օրակարգը, իսկ ցույցին վերաբերող կարծիք արտահայտելուց հրաժարվեց՝ նշելով, որ «Ամենացիվիլ երկրում ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, արդարադատության նախարարությունը պետք է զբաղվի իր գործով», իսկ այն, ինչ կատարվում է, դրա մասին գնահատականներ տալն իր գործը չի:

 

ՔԱՆԻ ԴԵՌ ՉԵՆ ԽԱԽՏՈՒՄ ՕՐԵՆՔԸ

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դեմ արտահայտվողների մեծ զանգվածին, նա նշում է. «Արդյո՞ք կային անձինք, ովքեր դեմ էին, որ Սերժ Սարսգայնը ընտրվի վարչապետ, իհարկե: Չկա մի երկիր, որտեղ չկա տարակարծություն, հայտնի չէ ընտրություն, երբ որևէ գործիչ ընտրությունների ժամանակ ստանա 70 տոկոս ձայներ, 80  տոկոս, 90 տոկոս: Ես չեմ կիսում գնահատականը, որ դրանք խաղաղ ցույցեր են, անցնում է խաղաղ լինելու սահմանագիծը, սա սովորական երևույթ է,  մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց քաղաքական հայացքներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն խախտում օրենքը»,-ասաց Հարությունյանը:

 

Ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից

 

Այսօրվա կառավարության նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից: Նա ասել է. «Դուք բոլորդ այն կառավարության անդամներն եք, որը շաբաթներ առաջ ընդունեց որոշում՝ Հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի յոթ առանձնատներից մեկը, որտեղ երբևէ չէին բնակվել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահը: Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար: Դրանք տրամաբանված փաստարկներ են, և ես՝ որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները, պաշտպանել եմ ձեր որոշումը: Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի աթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից»:

 

Ի պատասխան այս գործողության, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սա ձեր պայքարի արդյունքն է, բայց դա չի կարող գոհացնել մեր ժողովրդին, մեր ժողովրդին գոհացնելու համար նա պետք է հրաժարվի նաև իր վարչապետի բազկաթոռից»: