Home / Canadahye  / Միջազգային փորձագետ Վիգեն Չեթերյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի վարկանիշի բարելավման միակ ճանապարհը հրաժարականն է, իսկ երկխոսության իրավիճակ այլևս չկա

Միջազգային փորձագետ Վիգեն Չեթերյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի վարկանիշի բարելավման միակ ճանապարհը հրաժարականն է, իսկ երկխոսության իրավիճակ այլևս չկա

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Ժնև (Նորանոր) _ Շվեյցարիահայ քաղաքագետ, միջազգային փորձագետ, Կովկասյան ինստիտուտի հիմնադիր Վիգեն Չեթերյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման 10 տարիներին ձախողել է բոլոր ոլորտներում, և այլևս չի կարող կատարել որևէ քայլ, որը կբարձրացնի նրա վարկանիշը. Միակը՝ որպես այդպիսին, կարող է լինել հրաժարականը: Այս, Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետությանը հաջորդող ներքաղաքական իրավիճակի, համաժողովրդական ընդվզման, Սփյուռքում ՀՅԴ-ի հանդեպ բացասական տրամադրությունների շուրջ  Noranor.ca -ը զրուցել է միջազգային փորձագետի հետ:

 

ՆՈՐԱՆՈՐ – Պարոն Չեթերյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը: Ինչո՞վ է տարբերվում այս պայքարը նախորդներից, ի՞նչ նոր ուղերձ եք տեսնում հանրության կողմից, որին իշխանությունը գուցեև չկարողանա դիմադրել:

 

ՎԻԳԵՆ ՉԵԹԵՐՅԱՆ – Հայաստանի նախկին նախագահի, այսօրվա վարչապետ Սերժ Սարգսյանի քայլից ելնելով՝ կրնամ տալ երկու գնահատական քաղաքական  մշակույթի մեջ. Առաջինը ռադիկալ քաղաքական բարեփոխումները, այսինքն՝ երկիրը համապետական սիստեմե անցկացնել պառլամենտական սիստեմի, և այս բոլոր բարեփոխումները մեկ նպատակով, որպեսզի երկրի ղեկավարը երկու անգամ նախագահի դիրքի վրա մնալե ետք շարունակե մնալ երկրի իշխանության: Մենք չենք ունեցած նախագահ, որ երկու շրջանե ետք փորձե մնալ իշխանության. Այս երկու քայլերը շատ վտանգավոր են. Հակառակ իր բոլոր պրոբլեմներուն, քաղաքական սիստեմը մինչև հիմա երկրի ղեկավարության փոփոխության ուղղությամբ զարգացած է. Հայաստանի կոմունիստները իրենք իշխանությունը հանձնեցին առանց արյունահոսության Ղարաբաղի ժողովրդական շարժման դժվար շրջանում, Լևոն Տեր-Պետրոսյանը իր նախագահական շրջանին տվեց հրաժարական: Ռոբերտ Քոչարյանը նույնպես արյունալի կերպով, բայց ի վերջո դուրս եկավ իշխանությունեն երկու ժամանակաշրջան իշխելե ետք: Իսկ այսօր Սերժ Սարգսյանը կպնդե մնալ իշխանության երրորդ ժամանակ մը ևս և շատ բացահայտ Սահմանադրության ոգին խախտելով:

 

ՆՈՐԱՆՈՐ – Այդ ռադիկալ բարեփոխումները, որոնցով խորհրդարանական կառավարման համակարգի անցում կատարվեց, կարող էր և դրական զարգացումների տանել, եթե նման իրավիճակ չստեղծվեր: Իսկ այսօրվա իրավիճակում այլևս դրանցից կարելի՞ է դրական սպասումներ ունենալ:

 

ՎԻԳԵՆ ՉԵԹԵՐՅԱՆ – Որևէ մեկ Սահմանադրություն գրություն մըն է, և այդ գրության արժեքը կկայանա այն բանի մեջ, եթե իշխանությունները, տարբեր կառույցներ՝ պետական, ոչ պետական, եթե այդ տեքսի ոգին հարգեն: Եթե չի հարգվի, կխախտվի, այդ ժամանակ փոխանակ դառնալու բարեփոխություն, կդառնա խայտառակություն, ինչպես որ այսօր կկատարվի: Ի վերջո այդ բոլոր Սահմանադրական բարեփոխումները առաջաբան էին խարդախության համար. Նախագահը երկու ժամկետ ծառայելե ետք դարձյալ կմնա իշխանության գլխին, այս բարեփոխություն չէր, այս խարդախություն էր, ուրիշ ձևով չի կարելի բացատրել այդ ակտը:

 

ՆՈՐԱՆՈՐ – Ձեր համար արդյո՞ք կանխատեսելի էին նման զարգացումները, և ինչի՞ մասին են խոսում դրանք:

 

ՎԻԳԵՆ ՉԵԹԵՐՅԱՆ – Որոշ չափով կանխատեսելի էր, բայց միևնույն ժամանակ այն ցույց կու տա, որ թե հայկական պետական կառույցներու մեջ, թե Հանրապետական կուսակցության մեջ կա կարծրացման և հնացման ֆենոմեններ, որ առաջ կարծեք չկային: Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չպնդեց մնալ իշխանության գլխին երրորդ անգամ, այսինքն՝ այդ քայլին չգնալ, և մեկ տասնամյակ ետք Սերժ Սարգսյանը այդ քայլին գնաց: Ես կխորհիմ, որ ՀՀ պետական կառույցները և իշխող կուսակցությունը շատ հոգնած են, շատ հեռու է ժողովրդի մտահոգություններեն, հանրային կարծիքե և ինքզինքը թույլ կտա նման բաներ: Նաև այստեղ կա հստակ սուտ, երբ նախագահը կխոստանա, որ իր պաշտոնական ժամանակը վերջացնե ետք չի հավակնի վարչապետի պաշտոնին, և այսօր այդ խոստումները սուտ դուրս եկան, և Սերժ Սարգսյանը պահանեց իր դիրքերը:

 

ՆՈՐԱՆՈՐ – Արդյո՞ք այս ամենը ինչ-որ տեղ հետևանք չէ այն բանի, որ ընդդիմության շարքերում չկա միասնական օրակարգ, այսօր էլ բոլորը մերժում են, բայց պայքարը տարբեր ճակատներով են տանում: Մի կողմից նշում են, որ չպետք է լինի միասնական լիդեր, որին թուլացնելու դեպքում շարժումը կմարի, մյուս կողմից չեն միավորվում:

 

ՎԻԳԵՆ ՉԵԹԵՐՅԱՆ – Ոչ միայն այսօր, այլև երկու տարի առաջվա ծրագրով երբ բարեփոխումներն անցկացվեցին, այն ժամանակ արդեն ընդդիմադիր ուժերը պետք է զգային վտանգը, որ կա հնարավորությունը տեսնալու, թե իշխանությունները այս բոլոր քայլերուն կդիմեն պահպանելու Սերժ Սարգսյանի դիրքերը: Եթե այն ժամանակ ուժեղ մոբիլիզացվածություն ցույց տային, շատ ավելի ուժեղ ընդդիմություն լիներ, կարող էին ՀՀԿ մեջ ավելի մեծ կասկած առաջացներ, և այսօր չեմ կածեր, որ Սերժ Սարգսյանը դարձյալ կդառնար թիվ 1 քաղաքական դեմքը:

 

ՆՈՐԱՆՈՐ – Իշխանությունը այս համընդհանուր բողոքի ալիքը որակում է տարակարծությունների առկայություն, որը բնորոշ է ժողովրդավար երկրներին: Որակումն ինչ-ինչ աղերսներ ունի՞ իրականության հետ:

 

ՎԻԳԵՆ ՉԵԹԵՐՅԱՆ – Չեմ կարծեր, որ մենք հիմա պարզապես դեմոկրատական վարչակազմի մեջ տարբեր կարծիքներ կառաջարկենք, կքննարկենք ընտրություն կայացնելե առաջ. Ո՛չ, այստեղ կա շատ կարևոր խախտում. Սահմանադրության ոգին, որ կնշե, որ երկրի ղեկավարը երկու դերե ավելի չի կարող առաջադեմ քաղաքական դիրքի վրա մնալ, իսկ այսօր երբ իշխանությունը անցավ նախագահե վարչապետ, և առաջին դիրքի վրա կմնա Սերժ Սարգսյանը, այստեղ կա կարևոր խախտում Սահմանադրության: Այս կարծիքների փոխանակում չէ, այս ոտնահարում է Սահմանադրության:

 

ՆՈՐԱՆՈՐ – Արդյո՞ք Սերժ Սարգսյանն հնարավորություն ունի իր վարկանիշը վերականգնելու, եթե այո, ըստ Ձեզ, ի՞նչ եղանակով:

 

ՎԻԳԵՆ ՉԵԹԵՐՅԱՆՍերժ Սարգսյանն արդեն բավական վնասներ հասցուց Հայաստանի տնտեսությանը, ժողովուրդին: Իր հիմնական քաղաքական քայլերը նախագահական երկու ժամանակահատվածում ձախողվեցան, իր հիմնական դիվանագիտական ծրագիրը՝ բարեկարգել հայ-թրքական հարաբերությունները, ձախողեցան, Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ որևէ մեկ հաջող քայլ չկա, Հայաստանի տնտեսական, դեմոգրաֆիկ իրավիճակ չբարելավվեցավ, ԵՄ միանալու քայլերը ձախողվեցան, և ստիպվեցավ միանալ Պուտինի առաջարկած Եվրասիական համաձայնագրին… Այսքան ձախողություններ ետք իր կատարածը՝ Սահմանադրական փոփոխությունները միայն մեկ նպատակով, որ մնա պաշտոնի վրա, հսկայական սխալ էր: Միակ ձևը,  որ այս բոլորը կարելի է շտկվի, այդ է, որ զիջի վարչապետի պաշտոնը, տա հրաժարականը և առիթ տա երկրի մեջ իշխանափոխություն տեղի ունենա, թույլ տա նոր քաղաքական դեմքեր ստանձնեն երկրի ղեկավարությունը՝ հույս ներշնչելով Հայաստանի բնակչության մոտ, որ կարելի է այսքան ձախողություննեու մեջ հաջողություններ արձանագրել:

 

ՆՈՐԱՆՈՐ – Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ իշխանափոխություն իրականացնելու հարցում Սփյուռքը, ունի՞ նման հնարավորություն:

 

ՎԻԳԵՆ ՉԵԹԵՐՅԱՆ – Սփյուռքի ձայնի հնարավորությունները կան, հակառակ, որ Սփյուքի դերն այստեղ շատ սահմնանափակ է: Որքանով Հայաստանի քաղաքացիները գալու են փողոց իրենց դժգոհությունը հայտնելու և պահանջելու իշխանության փոփոխություն Հայաստանի մեջ, այդ է հիմնական որոշիչ տվյալը: Բայց Սփյուռքի դերը սիմվոլիկորեն կարևոր է, այսօր Սփյուռքի հանրային կարծիքի կարևոր մասը բացասական կտեսնե ՀՀ իշխանության արած քայլերը և հակասության մեջ է Սփյուռքի կարևոր կառույցների, նկատի ունեմ թե՛ ՀԲԸՄ-ի, թե՛ ՀՅԴ-ի հետ, որ շատ անհստակ և իշխանամետ կեցվածք ընդունած է, հակառակ այդ բանի, որ թե Դաշնակցության մեջ, թե բարեգործականի շրջանակների մեջ քննադատական ալիքը զարգացման մեջ է, մեծանալու մեջ է:

 

ՆՈՐԱՆՈՐ – Այսինքն՝ այդ կառույցների անդամներն ու համակիրները դե՞մ են նրանց գործողություններին, բարձրաձայնո՞ւմ են այդ մասին:

 

ՎԻԳԵՆ ՉԵԹԵՐՅԱՆ – Իբր անհատներ՝ այո, հակառակ այն բանի, որ Դաշնակցության ղեկավարությունը Հայաստանի իշխող կլանի հետ կոալիցիոն համագործակցության մեջ է, Դաշնակցությունը կարևոր դեր կարող է խաղալ՝ այդ կոալիցիայից դուրս գալով: Կխորհիմ՝ Դաշնակցությունը պետք է ավելի հստակ դիրքորոշում ունենա, այսօր երկխոսության իրավիճակ չէ, կա հակամարտության իրավիճակ, կա իշխանություն, որոնք օրենքե դուրս կփորձեն մնալ իշխանության վրա, և կա հանրային կարծիք, որ փողոց դուրս ելած է՝ պահանջելով իշխանափոխություն: Այսօր Դաշնակցությունը թե Հայաստանի, թե Սփյուռքի մեջ պետք է որոշի՝ որ ուժի նեցուկ կկանգնի: