Home / Canadahye  / Սփյուռքը տուն կվերադառնա՞, թե՞ Սերժ Սարգսյանի հեռանալը բավական չէ. Տորոնտոն ևս պայքարեց, իսկ այսօր տոնում է

Սփյուռքը տուն կվերադառնա՞, թե՞ Սերժ Սարգսյանի հեռանալը բավական չէ. Տորոնտոն ևս պայքարեց, իսկ այսօր տոնում է

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Կանադան անմասն չմնաց այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ոչ բռնի, խաղաղ ցույցերի իրականացման ու անցկացման գործում: Բացի նրանից, որ հայաշատ համայնքներում անցկացվեցին բողոքի ցույցեր հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ, այլև հանգանակվեցին գումարներ՝ Հայաստանում պայքարը տանող ընկերներին օգնություն ցուցաբերելու նպատակով:

 

Տորոնտոյում այս ամենի կազմակերպման ու անցկացման հարցում մեծ աշխատանք է բաժին հասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, մոտ 12 տարի առաջ Կանադա տեղափոխված Էդգար Մանուկյանին: Ի սկզբանե նա հավատ է ունեցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ Քայլը» շարժման նկատմամբ:

 

Ամեն մի օրը ձնագնդիկի նման մեծանում էր, և շունչը ես զգում էի

 

«Երբ որ Նիկոլ Փաշինյանը մի քանի ընկերների հետ, ուսապարկը գցած, քայլերթը սկսեց Գյումրիից, մենք հավատում էինք, սպասում էինք: Մասնակցելով նաև այդ քննարկումներին,  ես էլ էի իմ զորակցությունը հայտնել: Ինչպես Հայաստանում, այստեղ էլ, ընդհանուր թերահավատություն կար, որ չի հաջողվի բեկում մտնցել, բայց ամեն մի օրը ձնագնդիկի նման մեծանում էր, և շունչը ես զգում էի»,-հավաստիացնում է Էդգար Մանուկյանը:

 

Երբ որ ես ժամանեցի հանրահավաքի վայր, ապշած էի

 

Հետևաբար որոշեցին դրամահավաք կազմակերպել՝ ուղարկելու ընկերներին՝ Ֆրանսիական հրապարակում գիշերողների կացության, սննդի և այլ հարցերում օգնելու նպատակով: Ձեռնարկը հաջողվեց, նվիրատուների մեծ հոսք գոյացավ. Կանադահայերը մեծ պատրաստակամությամբ օգնեցին, վստահեցնում է նա: «Ձնագնդիկի էֆեկտը հասավ մի պահի, երբ զգում էինք, որ ճակատագրական բան է սպասվում Հայաստանին, երկու օրվա մեջ շատ արագ կազմակերպցվեց հավաք, Օնտարիոյի պառլամենտի շենքի առաջ հայտնի «Քուենս պարկ» տեղամասում: Երբ որ ես ժամանեցի հանրահավաքի վայր, ապշած էի, այդ օրը Տորոնտոյի հիմնական ճանապարհները փակ էին վերանորոգման պատճառով, և ես զարմացա, որ մոտ 250 մարդ էր հավաքվել»,-պատմում է «ՔՊ» կուսակցության նվիրյալ-համակիրը:

 

ՈՐՏԵՂԻ՞Ց ՓԼՎԵՑ ՊԱՏԸ

Նա վստահեցնում է, որ վերջին տասնամյակի ընթացքում չի հիշում մի դեպք, երբ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հավաքին նման պատրաստակամություն լիներ կանադահայերի կողմից: Բացառիկ միջոցառում է տեղի ունենում, որը խտացումն էր Սփյուռքի շատ համայնքներում տիրող ոգևորության, և այն անարդյունք չանցավ:

 

Կարևորն այն էր, որ բոլորս ինքներս մեզ հավատացինք, չեմ կարևորում, որ բոլորը մեկին հավատացին

 

Ինչի՞ արդյունք էր այդ հաղթանակը՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբված երիտասարդական եռանդի ու հավատի, թե՞ պահն էր հասունացել, նախաձեռնության անդամը կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքացու մեջ ծնված հավատի շնորհիվ: Ասում է. «Շատ դժվար է ասել՝ որտեղից փլվեց պատը: Ես հավատում էին Փաշինյանին, բայց ոչ միայն հավատում էի 18 տարի ի վեր, կարևորն այն էր, որ բոլորս ինքներս մեզ հավատացինք, չեմ կարևորում, որ բոլորը մեկին հավատացին: Իհարկե կա երիտասարդների ներդրումը, բայց մեր հավաքին բոլոր տարիքի մարդիկ կային՝ նույնիսկ երեխաներ՝ 12-13 տարեկան: Երեխաները գիտակցում են, ծնողները բացատրում են, երբ հարցնում են, թե ինչու Հայաստանում չեն ապրում, հասուն տարիքի մարդիկ էլ ասում են, որ հասունացել է պահը, երբ պետք է հիմքը դրվի նոր Հայաստանի»:

 

Հաղթանակի լուրը ինչպես Հայաստանում, այնտեղ էլ ընդունեցին ցնծությամբ, պատմում է Մանուկյանը: Արդեն իսկ որոշել են տոնել հաղթանակը, որը պատմական կարելի է որակել, իսկ մինչ այդ տոնում են ընտանիքներում ու անգամ ոչ հայ ընկերների շրջապատում:

 

Չեն աշխատում, ինչը Կանադայում հազվադեպ երևույթ է, մարդիկ բարձր տրամադրության մեջ են

 

«Խմում են մարդիկ նշում են, չեն աշխատում, ինչը Կանադայում հազվադեպ երևույթ է, մարդիկ բարձր տրամադրության մեջ են: Ամեն մարդ նշում է, ամեն մարդ ուրախանում է»,-վստահեցնում է հավաքի նախաձեռնողը:

 

ՍՓՅՈՒՌՔԸ ՏՈՒՆ ԿԳԱ՞

Հիմա, երբ փոփոխությունների կծիկը բացվում է, շատերը սպասում են հաջորդ քայլին, երբ Սփյուռքը տուն կվերադառնա, երբ, ինչպես սփյուռքահայերն էին ասում,  իշխանափոխությունից հետո Հայաստան տեղափոխվելու ցանկություն կունենան: Արդյո՞ք դա տեղի կունենա, թե՞ այլ քայլեր են պետք, «ՔՊ» համակիրը կարծում է, որ դա կարճ ժամանակում տեղի չի ունենա, որքան էլ այդ թաքուն երազանքը կա հայրենիքից հեռու ապրող յուրաքանչյուր հայի սրտում: Նշում է.

 

Միայն նրանով չէ, որ Սերժ Սարգսյանը հեռացավ, ու կարող են վերադառնալ

 

«Խնդիրը նրանում է, որ մարդիկ իրենց սրտի խոսքն են ասում Հայաստան վերադառնալու մասին, դա անկեղծ պոռթկում է: Ես շատ կուզեմ որ դա սկսվի, բայց դրա համար պետք է լինեն օբյեկտիվ պայմաններ, միայն նրանով չէ, որ Սերժ Սարգսյանը հեռացավ, ու կարող են վերադառնալ: Դա շատ բարդ աշխատանք է, պետության հիմնական ֆունկցիաները ճիշտ ուղու վրա դնելու, պետական ապարատը ճիշտ աշխատեցնելու և հանուն մարդու բարօրության պայմաններ ստեղծելու դեպքում, միայն այս դեպքում եթե մարդ զգա, որ Հայաստանում արդարության սիստեմ կա, դատարաններում արդարություն կարող է գտնել մարդ, աշխատանքի վայրում, դա կարծում եմ, կլինի, և շատ լավ կլինի»: