Home / Armenia  / Հայաստանի իշխանությունը նահանջում է, բայց չի հանձնվում. նաև կանադական լրատվամիջոցի դիտանկյունից

Հայաստանի իշխանությունը նահանջում է, բայց չի հանձնվում. նաև կանադական լրատվամիջոցի դիտանկյունից

 

Երևան (Նորանոր) _ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև հանդիպումը չեղարկելուն հաջորդեց համաժողովրդական շարժման հաջորդ փուլը: Հայաստանյան զարգացումները դուրս չեն մնում միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից: Ավելին, վերջիններս բավական հանգամանորեն ներկայացնում են իրավիճակը:

 

Նման մի անդրադարձ է կատարել կանադական CTV News լրատվամիջոցը՝ պատմելով այսօր առավոտյան բողոքի ցույցի դուրս եկած ընդդիմադիրների մասին, ովքեր ընդդիմադիր շարժման առաջնորդին են տեսնում վարչապետի պաշտոնում, իսկ Փաշինյանը դրանից չի հրաժարվում:

 

Կրեմլը անհանգստություն է հայտնել, իր փոքր, բայց ռազմավարական դաշնակից Հայաստանում վերջին երկու շաբաթների զարգացումների առնչությամբ, որոնց արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ Կարեն Կարապետյանի հետ այսօր առավոտյան  նախատեսված Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չեղարկվեց, որից հետո ցուցարարները վերադարձան փողոց:

 

ՃՆՇՈՒՄԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երեկոյան իշխանության վրա ճնշումը մեծացել է, երբ կոալիցիան լքելու մասին է հայտարարել ՀՅԴ-ն: Այս քայլից հետո Հանրապետական կուսակցությանը 105 տեղանոց ԱԺ-ում մնում է միայն 58 տեղ:

 

Կայքը փոխանցում է Փաշինյանի տրամադրությունները, ըստ այդմ՝ ընդդիմության առաջնորդը սպասում էր, որ Սերժ Սարգսյանի  հրաժարականից հետո տեղի կունենա իշխանության անցնցում փոխանցում Կարեն Կարապետյանի կողմից, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Իսկ Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանի հետ բանակցությունները չեղարկվել են այն բանից հետո, երբ վերջինս միակողմանի պահանջներ է ներկայացրել:

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդվածում չեն անտեսվում Ռուսաստանի մոտեցումները, ըստ որի նախագահ Պուտինը հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ է զրուցել, և երկուսն էլ համաձայնել են, որ երկրում անկարգությունները պետք է բացառվեն, բողոքի ցույցերը պետք է լինեն «զսպվածության եւ պատասխանատվության» սահմաններում: Փոխանցվում են նաև քաղաքացիների տրամադրությունները:

 

Մոտ 5000 քաղաքացի է շարժվել դեպի Հանրապետության հրապարակ՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ ցույցին: Շարժմանն է միացել նաև Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ հրաժարվելով զբաղեցրած պաշտոնից:

 

Իշխանության ներկայացուցիչների կողմից դրսևորած վարքագծին արձագանքել է Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ բանակցություններ կսկսի կուսակցության ներկայացուցիչների հետ՝ հայտնելով իր հրաժարականի դրդապատճառները: Կայքը փոխանցում է նաև վերլուծաբանների տեղեկությունները՝ ասելով, որ ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տեղեկությունների՝ իշխանություններն օրեցօր նահանջում են, իսկ փողոցային ակցիաները մեծացնում են իշխանափոխության հնարավորությունները: