Home / Canadahye  / Մոնրեալահայերը «մերժել են» փոխվարչապետի պաշտոնակատարին. Վաչե Գաբրիելյանը Կանադայում է

Մոնրեալահայերը «մերժել են» փոխվարչապետի պաշտոնակատարին. Վաչե Գաբրիելյանը Կանադայում է

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Այս օրերին պաշտոնական այցով Կանադայում է գտնվում ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, ով, բացի պաշտոնական հանդիպումներից, նաև Մոնրեալի հայ համայնքի հետ է հանդիպում ունեցել: Այն տեղի է ունեցել ապրիլի 23-ին, Քվեբեկի հայ համայնքի միացյալ մարմնի կողմից, Մոնրեալի Պոլսահայ միության սրահում:

 

Մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը ծրագրած հանդիպման ընթացքում, ըստ ամենայնի, փոխվարչապետի պաշտոնակատարը ցանկացել է հանդիպել հայ համայնքի հետ և երկխոսության կոչ հնչեցնել, որպեսզի Սփյուռքը ևս զերծ մնա ընդվզման փորձերից: Սակայն նույն օրը վարչապետը հրաժարական տվեց, իսկ Վաչե Գաբրիելյանի հանդիպումն այնուամենայնիվ տեղի ունեցավ:

 

Հայաստանում լարված ներքաղաքական իրադարձությունների շրջանում Հայաստանից ժամանած պաշտոնյայի հետ հանդիպումն առանց միջադեպի չի անցել: Այս մասին Noranor.ca-ին պատմեց հանդիպմանը ներկա գործիչներից մեկը, ով, սակայն, չցանկացավ նշել իր անունը:

 

Վաչե Գաբրիելյանի հետ հանդիպմանը ներկա են եղել ավանդական երեք կուսակցությունների և Սփյուռքի երեք կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական կառույցների անդամներ, ինչպես նաև մոնրեալահայ համայնքի մեծ թվով անդամներ: Փոխվարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է տնտեսական ցուցանիշները, խոսել դրանց բարելավման մասին:

 

ՄԵՐԺԵԼ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Այս օրերին, սակայն, փոխվարչապետի պաշտոնակատարի հանդիպումն անցանկալի է եղել մոնրեալահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների համար: Նրան բեմ հրավիրելու պահին, մի քանի կանայք, վեր կենալով տեղերից, հարց են բարձրացրել, թե ինչու է Գաբրելյանը հանդիպում կազմակերպել, իրենք չեն ցանկանում իշխանության պաշտոնյային տեսնել իրենց համայնքում: Կանայք աղմուկ են բարձրացրել սրահում, որից հետո անվտանգության աշխատակիցները  դուրս են տարել դժգոհ կանանց:

 

Նշենք, որ միջադեպի պահին արդեն հայտնի է եղել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Անկախ հանդիպման մյուս մասնակիցների տրամադրություններից, շարունակությունն այնուհետ անցել է հանգիստ մթնոլորտում, որից հետո Վաչե Գաբրիելյանը վերադարձել է Օտտավա:

 

Նշենք, որ կանադահայ համայնքը ևս միացավ «Մերժիր Սերժին» նախաձեռնությանն ու բողոքի ցույցերով արտահայտեց իր դժգոհությունը իշխող կուսակցության նկատմամբ: