Home / Armenia  / Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀԿ պատգամավորների հանդիպման շեշտադրումների ոչ օբյեկտիվ տարրերը

Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀԿ պատգամավորների հանդիպման շեշտադրումների ոչ օբյեկտիվ տարրերը

 

Երևան (Նորանոր) _ ՀՀ ԱԺ-ում այսօր կայացավ Հանրապետական կուսակցության պատգամավորների հանդիպումը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ: Ապագա վարչապետին հարցեր ուղղելու մեծամասնության պատգամավորների հիմնական ներկայացուցիչները առաջ քաշեցին հարցեր, որոնք մի քանի կարևոր շեշտադրումներ էին պարունակում: Ուշագրավ հարցադրումները հետևյալներն էին.

 

 

  1. Ելք խմբակցությունը տարիներ շարունակ քննադատել է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը, երբեմն շատ խիստ, դուք և ձեր խմբակցությունը քննադատել եք ԵԱՏՄ-ին անդամակցելու համար, ոչ միայն քննադատել եք, այլև նախաձեռնել եք, որ դուրս գանք, և համարել եք, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սխալներից մեկն է: Դուք հայտարարեցիք, որ ձեր վարչապետ ընտրվելու պարագայում ՀՀ-ն դուրս չի գա ԵԱՏՄ-ից: Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի, թե՞ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի: 180 աստիճանով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը կտարբերվե՞ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունից: (Էդուարդ Շարմազանով):
  2. Վաղը եթե Մովսես գյուղի նկատմամբ լինում է կրակոց, ո՞րն է լինելու ձեր քայլը ՀԱՊԿ-ի ուղղությամբ: /Դուք ասել եք՝ Բելառուսն ու Ղազախստանը Ադրբեջանի հետ ունեն խորը հարաբերություններ, ՌԴ-ն էլ պետք է վերլուծել և հասկանալ՝  ում ռազմավարական գործընկերն է: Դուք վերլուծե՞լ եք՝ ում գործընկերն է՝ Հայաստանի՞, թե Ադրբեջանի՞ (Սամվել Ֆարմանյան):
  3. Անցյալ տարի սեպետմբերի 27-ին դուք այս դահլիճում հայտնել եք հետևյալը՝ ԵԱՏՄ-ում մնալու հիմնական պատճառը շանտաժն է՝ գազը կանջատեն, թուրքերին բաց կթողնեն մեր վրա և այլն: Հաջորդ ցիտատը հետևյալն է, ԵԱՏՄ-ն ՀՀ-ին բացի վնասից, ոչ մի օգուտ չի բերել: Երեք հարց՝ առաջին. Ի՞նչ փոխվեց այս 6 ամսում, երբ գնահատականները ԵԱՏՄ ազդեցությունը կործանարար կրկին չեն հնչում, երկրորդ. Դուք միայնակ չեք, ունեք քաղաքայկան  թիմ, այդ թիմում կան արևմտյան հայացքներ ունեցող անձինք, երրորդը ԵՄ-ին է վերաբերում, դուք ասել եք, որ ԵՄ հետ համաձայնագիրը ջուր է, և որ պետք է պատրաստվի ասոցացման և ազատ առևտրի նոր համաձայնագիր ԵՄ հետ, արդյո՞ք նպատակ ունեք զրոյացնել համաձայնագիրը և անցնել նոր համաձայնագրի, նորը կհակասի ԵԱՏՄ համաձայնագրին (Արմեն Աշոտյան):
  4. Ե՞րբ է աշխատելու Նաիրիտը (Գագիկ Մելիքյան):
  5. Այս օրերին դուք ունեի՞ք հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն, ունեի՞ք խոսքի ազատություն, ժողովուրդը ունե՞ր կամքը արտահայտելու ազատ իրավունք: Դուք գտնո՞ւմ եք, որ ժողովուրդը ուներ հավաքներին ազատ մասնակցելու հնարավորություն: Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենը ժողովրդավարության դրսևորում են: Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունը առաջացել է 2008-ից հետո (Արա Բաբլոյան):

 

Հարցադրումներ, որոնք հանրության շրջանում տարօրինակ արձագանքների բախվեցին, դրանցում հիմնական շեշտը դրվեց ԵԱՏՄ անդամակցության հարցում, ըստ ՀՀԿ պատգամավորների, Փաշինյանի կարծիքների փոփոխության վրա: Արդյո՞ք համաժողովրդական նման շարժումից հետո դրանք օբյեկտիվ շեշտադրումներ պարունակում էին:

 

ՕԲՅԵԿՏԻՎ ՏԱՐՐ ՉԿԱ

Քաղաքական գիտությունների դոկտոր, Հայաստանի մանկավարճական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը դրանցում օբյեկտիվ որևէ տարր չի տեսնում: Անկախ նրանից, թե ընդդիմադիր գործիչ Փաշինյանը ինչպիսի մոտեցում է արտահայտել հարցի վերաբերյալ և ինչ է փոխվել այս ընթացքում, Հայաստանի քաղաքական որևէ ուժ չպետք է դա օգտագործի Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի դեմ տրամադրելու հարցում, ինչն այսօր անում են հանրապետական պատգամավորները:

 

Այդ բոլորը ապացուցում են, որ այս իշխանությունները Հայաստանի հետ կապ չունեն և չեն էլ ունենա

 

«Ես տեսնում էի պրովոկացիա, հրահրում էին: Հայաստանն ունի իր աշխարհագրությունն ու դիրքորոշումները՝ ավելի կամ պակաս, բայց որ դրանք պետք է վերաքննվեն և ճշգրտորեն Հայաստանի շահերի հետ համապատասխանեցվեն, դա կասկած չի հարուցում, բայց այս օրերին, երբ «Թավշյա հեղափոխություն»-ը բացառապես ներքին խնդիրների վրա է եղել, և նշանակալի մասը եղել է ժողովրդի բարեկեցությունը, այս ամենը տհաճ է, այդ բոլորը ապացուցում են, որ այս իշխանությունները Հայաստանի հետ կապ չունեն և չեն էլ ունենա»,-վստահ է Շիրինյանը:

 

ՀԱՅԱՄԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև չի հերքում, որ այս ամենը չի կարող Ռուսաստանի կողմից  Փաշինյանի ու նրա ապագա իշխանության նկատմամբ նախատրամադրվածության պատճառ դառնալ: Դրա համար Հայաստանը հատկապես վերջին շրջանում նախադրյալներ ստեղծել է, վստահ է քաղաքագետը՝ ասելով.

 

Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը մեկընդմիշտ թողել է իր ճորտությունը Ռուսաստանի հանդեպ և գնում է անկախություն

 

«Փորձեցին, չեղավ նախատրամադրվածությունը Ռուսաստանի կողմից: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը մեկընդմիշտ թողել է իր ճորտությունը Ռուսաստանի հանդեպ և գնում է դեպի անկախություն, էստեղից էլ Եւրոպայի բարյացակամություն և ամերիկյան քաղաքականության փոփոխություն դեպի դրականը: Այս սերունդը  ուզում է հայրենիք-պետություն՝ իր պետական ազգային շահերով: Ռուսաստանի հետ դաշնակից, սա թելադրում է պարագան, ոչ թե հավերժություն է, հավերժ մենակ Հայաստանն է»:

 

Ապրիլյան պատերազմ, Սասնա ծռերի գործողություններ ու Սարի թաղի դեպքեր… Այս զարգացումները անհետևանք չմնացին Հայաստանի նկատմամբ գերտերությունների, հատկապես Ռուսաստանի տրամադրությունների փոփոխության հարցում, վերջինս հասկացավ, որ անկախ պետության հետ գործ ունի, վստահ է քաղաքագետը:

 

ՎԵՐՋ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Իսկ ռուսամետ կամ արևմտամետ քաղաքականություն Հայաստանը չպետք է վարի, սա այլևս Հայաստանում ձևավորված տեսակետ է, որն արտահայտեց նաև Փաշինյանը հարցուպատասխանի ժամանակ՝ նշելով, որ տարվելու է հայամետ քաղաքականություն, իսկ խորհրդարանական մեծամասնությունը այնուամենայնիվ առաջ էր քաշում հարցեր, որոնք իրենց իշխանության օրոք էին ծնվել:

 

Ներքին խնդիրներին նվիրված պայքարը վերածել իրենց ուզածով իրենց հայրիկների պրոբլեմների քննարկմանը, սարսափելի է

 

«Ներքին խնդիրներին նվիրված պայքարը վերածել իրենց ուզածով իրենց հայրիկների պրոբլեմների քննարկմանը, սարսափելի է: Քաղաքական իրատեսությունն այնքան են կորցրել, որ պրոբլեմները, որոնք որ իրենք ստեղծել են, ուզում են «Թավշյա հեղափոխության» ղեկավարից ստանալ, հավանաբար ուզում էին պատասխաններ ստանալ, որպեսզի առևտրի մեջ մտնեն, բայց չստացվեց»,-ասում է քաղաքական գիտությունների դոկտորը:

 

Երրորդ Հանրապետության ճահիճը վերջացավ, չորրորդը պիտի հիմնադրվի

 

Նրա համոզմամբ՝ սա ոչ թե Հայաստանի Երրորդ Հանրապետության շարունակությունն է լինելու, այլ Չորրորդ Հանրապետության սկիզբը, որը նոր հունով կընթանա, «Երրորդ Հանրապետության ճահիճը վերջացավ, չորրորդը պիտի հիմնադրվի, սա վաշխառուական կապիտալի հայրենիք էին դարձրել, խոսում էին ապագա վարչապետի հետ, ու ամբողջ ընթացքում Ռուսաստանին հրահրում են Հայաստանի դեմ»,-զարմանք է հայտնում մեր զրուցակիցը:

 

Նշենք, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հանրապետական կուսակցության պատգամավորների հետ մի նպատակ ուներ. Կողմնորոշել իշխող մեծամասնությանը վաղը՝ մայիսի 1-ին անցկացվելիք վարչապետի ընտրություններում իրենց քվերակության հարցում: Սակայն հանդիպմանը 11 պատգամավորներ չհասցրին իրենց հարցերն ուղղել, հետևաբար ՀՀԿ-ականները հայտարարեցին, որ որոշում դեռևս չեն կայացրել:

 

Հիշեցնենք նաև, որ 3 կուսակցությունների՝ «Ելք», «Ծառուկյան դաշինք» և ՀՅԴ խմբակցությունների միասնական համաձայնությամբ թեկնածուի ընտրությունը վավեր կհամարվի, եթե մեծամասնություն կազմող ՀՀԿ-ից առնվազն 6 պատգամավոր կողմ քվերակի: