Home / Armenia  / Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, բայց որպես ժողովրդի «վարչապետ»՝ հայտարարեց վաղը տոտալ գործադուլ ու դասադուլ իրականացնելու մասին

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, բայց որպես ժողովրդի «վարչապետ»՝ հայտարարեց վաղը տոտալ գործադուլ ու դասադուլ իրականացնելու մասին

 

Երևան (Նորանոր) _ Երեկոյան ժամը 20.00-ից հետո Երևանը վերստացավ վերջին տասն օրերի կենդանությունը, մեքենաների ազդանշանները խլացնում էին բոլոր ձայները: Մայիսի 1-ի առավոտից  Հայաստանի բոլոր անկյուններում, Սփյուռքում, Արցախում շունչը պահած հայ ժողովուրդը սպասում էր ԱԺ-ի կողմից Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ որպես վարչապետ, քվերակությանը: Մինչև վերջին պահն էլ ՀՀԿ-ն հստակ չէր արտահայտել իր դիրքորոշումը, սակայն հանրապետական պատգամավորներն իրենց ելույթներում հստակ շեշտադրումներ էին անում, որ Փաշինյանին չեն տեսնում վարչապետի պաշտոնում:

 

 

 

ԽՂՃԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

Հանրապետական կուսակցությունը հաստատակամ ու միասնական գտնվեց՝ դեմ քվեարկելով ժողովրդի թեկնածուին, բացառությամբ երկու պատգամավորի՝ ՀՀԿ-ական Գրիգոր Ավալյանի, ով վայր դրեց մանդատը և Ֆելիքս Ցոլակյանի, ով քվերակեց Փաշինյանի օգտին, իսկ ավելի ուշ հայրենակիցների հետ Ֆեյսբուք սոցիալական ցանցում կիսվեց հետևյալ գրությամբ. Ես քվերակել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով:

 

Աստված տա՝ հնարավոր ողբերգության իմ կանխատեսումը իրականություն չդառնա

 

Իր խղճի թելադրանքով էլ Դաշնակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարվեց մասնակցել ընտրությանը՝ մտահոգություն հայտնելով, որ իրեն ընտրության մեկ հնարավորություն է տրված՝ «Ընտրել կամ Նիկոլին, կամ Փաշինյանին», ինչն անել չի պատրաստվում, այնինչ խմբակցությունը կողմ քվերակելու որոշում ունի: Նա խոսքն ուղղելով Հանրապետական կուսակցությանը՝ հայտարարեց, որ անցյալին վերադարձ չի լինելու, երկիրը փակուղուց դուրս բերելու մի ելք է տեսնում՝ արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Հակառակ դեպքում լուրջ մտահոգություններ ունի, որի մասին ասաց. «Աստված տա՝ հնարավոր ողբերգության իմ կանխատեսումը իրականություն չդառնա»:

 

Արդյունքում Փաշինյանը 45 կողմ և 56 դեմ ձայներով չընտրվեց վարչապետ:

 

ԺՈՂՈՎՐԴԻ ՎԱՐՉԱՊԵՏ

Ժողովրդի վարչապետ. Վանկարկումները Հանրապետության հրապարակում չէին դադարում ու առավել բարձր էին հնչում նման արդյունքներից հետո. Առավոտից Հանրապետության հրապարակում հավաքված ավելի քան 200 հզր քաղաքացիները չեն պատրաստվում ընկրկել հանրապետականի որոշման դեմ, Հանրապետության բոլոր մարզերից, հեռու ու մոտ շրջաններից ու Երևանից շարժմանը միացած քաղաքացիները ԱԺ-ից հրապարակ եկած Փաշինյանին ընդունում են որպես իրենց վարչապետ:

 

Վաղը ամբողջ Հանրապետությունով հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ

 

Վարչապետի իրավունքով էլ Փաշինյանը հայտարարում է.

«ՀՀԿ-ին մեր հակագործողությունը լինելու է շատ արագ: Վաղը ամբողջ Հանրապետությունով հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ: Վաղը 8.15-ից շրջափակվում են Հանրապետության բոլոր փողոցները, օդանավակայանը»:

 

Բանակցությունները կարող են վերաբերել միայն ու միայն ՀՀԿ հուղարկավորությանը և հոգեհացին

 

Նա ԱԺ-ում ՀՀԿ պահվածքը բնութագրեց որպես պրովոկացիոն, որով փորձ էին անում ափերից հանել իրեն ու քաղաքացիներին: Խոսեց բանակցությունների առաջարկության մասին՝ ասելով. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ բանակցությունները կարող են վերաբերել միայն ու միայն ՀՀԿ հուղարկավորությանը և հոգեհացին»:

 

Հայ ժողովուրդն այս անգամ ավելի քան վճռական է, առաջին մի քանի հաջողությունները ոգևորել են, իսկ սա աննախադեպ են համարում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ինչի մասին վկայում են միջազգային լրատվամիջոցների արձագանքները հայաստանյան զարգացումներին:

 

Նշենք, որ վարչապետի հաջորդ ընտրությունը կայանալու է 7 օր անց, եթե երկրորդ փորձն էլ ձախողվի, ապա գործող Խորհրդարանի լիազորությունները դադարեցվում են, անցկացվում են նոր խորհրդարանական ընտրություններ, որից հետո միայն ընտրվում է վարչապետ: