Home / Canadahye  / «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախագահ կանադահայ Վան Արմենյանն այն համոզմունքին է, որ Հայաստանն իշխանափոխությունից հետո բոլոր ոլորտներում առաջընթաց է գրանցելու

«Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախագահ կանադահայ Վան Արմենյանն այն համոզմունքին է, որ Հայաստանն իշխանափոխությունից հետո բոլոր ոլորտներում առաջընթաց է գրանցելու

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Տարիներ առաջ կանադահայ պրոֆեսիոնալ ջութակահար Վան Արմենյանի այցը կնոջ ծննդավայր Ջավախք 9-ամյա ջավախեցի Աննա Ղարսլյանի համար կանաչ ճանապարհ հարթելու հնարավորություն դարձավ: Հետաքրքրվելով տաղանդավոր երեխաներով՝ բացահայտեց Աննայի տաղանդը:

 

«Այս աղջիկը մեջտեղ ելավ, զարմանալի ձայն մը ուներ, 9 տարեկան էր, բայց շատ հասուն, սակայն չմշակված հարուստ ձայն ուներ: Մտքիս մեջ պահեցի, գտա, որովհետև փնտրում էի՝ ով է այդ աղջիկը, նորեն լսեցի, և նույն բաները երգում էր, առաջադիմություն չկար, առաջարկեցի, որ Երևան գա, մեր մասնագետի մոտ, դասեր առնե»,-պատմում է Վան Արմենյանը:

 

Երևանում բնակվող մասնագետի հետ համաձայնության եկան, և ամեն ամիս մոտ երկու շաբաթ Աննային Երևանում հյուրընկալում է մասնագետը, իսկ առաջադիմությունն ակնհայտ է, նա անցյալ տարի Իտալիայում արժանացել է հատուկ մրցանակի: Իսկ այս ամենի ծախսերը ստանձնել է Ատգեն Արմենյան հիմնադրամը:

 

ՆԵՐԴՐՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

10 տարի առաջ Վան Արմենյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց այս հիմնադրամը, որը կրում էր նրա հայրիկի՝ ՀՀ անկախությունից հետո Հայաստանում հաստատված գործիչ, Ամերիկյան և Ֆրանսիական համալսարանների նախկին ռեկտոր Ատգեն Արմենյանի անունը: Գործունեության նպատակը Հայաստանի հեռավոր շրջանների տաղանդավոր երեխաներին հայտնաբերելն ու աջակցելն է, որի համար միջոցներ հեշտությամբ չեն ձեռք բերվում, սակայն ամբողջովին ծառայում են իրենց նպատակին:

 

Դժվար է համոզել մարդոց երաժշտության համար ներդրում անել, ընդհանրապես սիրում են եկեղեցիի համար անել

 

«Կանադահայ համայնքը ֆինանսավորում է, երկու տարի է՝ դրամահավաքի համերգ կկազմակերպենք, մեծ մասը երաժիշտների իրենց նվիրումն ունենում են: Անշուշտ դժվար է համոզել մարդոց երաժշտության համար ներդրում անել, ընդհանրապես սիրում են եկեղեցիի համար անել, բայց հուսով ենք, որ այդ գաղափարները կամաց-կամաց կփոխենք, տեսնեն, որ կարևոր է նաև երեխաների մշակութային կրթությունը, անշուշտ կազմակերպեցինք, որովհետև երկիրը չէր հոգում այս երեխաների կարիքները»,-ներկայացնում է հիմնադրամի ղեկավարը:

 

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Արմենյանն ամեն տարի առիթ է ունենում մի քանի ամսով լինել Հայաստանում, ծանոթանալ շրջանների երաժշտական հաստատությունների հնարավորություններին, ցավով նշում է, որ շատ ու շատ խնդիրներ ունեն այս համայնքները, որոնց պատճառով երկու սերնդի տաղանդավոր երեխաների ունակությունները կորցնում ենք:

 

 

Պետք է ճիշտ մոտեցում ըլլա, որ մինչև այսօր չկա, հույս ունենք, որ այսուհետ պիտի փոխվի

 

«Պետք է հոնտեղի երաժշտական ուսման իրավիճակը փոխվի, որպեսզի այս տաղանդները հայտնաբերվին, նշմարվին և միջոցներ տրամադրվին, որ տաղանդը ճիշտ ձևով օգտագործեն և բարձրագույն մակարդակի հասցնեն: Մարզերում սարսափելի վիճակ է երաժշտական դպրոցներում: Սովետական դաշնամուրներու վրա փորձում են նվագել, լրիվ պիտի նորոգվի, պետք է ճիշտ մոտեցում ըլլա, որ մինչև այսօր չկա, հույս ունենք, որ այսուհետ պիտի փոխվի, մեր նպատակը, որ այս սերունդը չկորի, դրա համար ուզեցինք այս ծրագիրը ընենք, տարբեր պատճառներով 1-2 սերունդ պիտի կորի»,-նշում է պրոֆեսիոնալ ջութակահարը:

 

 

ԿԱՊԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ

Վան Արմենյանը երաժշտական դպրոցներում խնդիր է համարում այնպիսի տնօրենների նշանակումը, որոնք որևէ կապ չունեն երաժշտարվեստի հետ, ինչն էլ ոչ ճիշտ մոտեցման է հանգեցնում: Այս ամենը պետք է բարեփոխվի, իսկ նման ակնկալիքներ մոտ ապագայում կապում է Հայաստանի իշխանափոխության հետ: Ուշադիր հետևում է զարգացումներին՝ այն հույսով, որ փոփոխություններ են լինելու, և շատ հարցեր լուծվելու են:

 

Ադ կարգերեն որ հեռանանք, կարծեմ ամեն կողմեն պիտի հարստանա Հայաստանը, մշակույթի կողմեն ալ

 

«Մշակույթը շատ կապված է քաղաքական իրավիճակներին, պետք է քաղաքական իրավիճակը լավ լինի, որ կառավարությունը կարողանա դրամը ժողովուրդին վրա ծախսել: Դժբախտաբար այդ վիճակը չկար: Հիմա, եթե այս փոփոխությունը հաջողվի, արդեն եկամուտները պիտի լինեն, անշուշտ Սփյուռքը պիտի շարունակե իր օգնությունը բերել, և այլևս պիտի վստահի: Սփյուռքի մոտ վստահության հարց ալ կա, քչերն են, որ ուզում են նորանոր խաբվիլ, նվիրատվություն  ընեն ու լսեն, որ էսինչը գրպանը դրած է ու պալատ մը սարքած է իր համար: Ադ կարգերեն որ հեռանանք, կարծեմ ամեն կողմեն պիտի հարստանա Հայաստանը, մշակույթի կողմեն ալ»,-ակնկալիքներն է հայտնում Ատգեն Արմենյանի որդին:

 

Այն կարծիքին չէ, որ կարճ ժամանակում ամեն ինչ կփոխվի, սակայն ժողովրդի համարձակությունն ու վստահության աճն արդեն մեծ ձեռքբերում է: Ինքն անձամբ հավատում է, որ իր ծրագրերն էլ կիրագործվեն, իսկ դրանցից ամենակարևորը երկրի մշակութային զարգացման հայեցակարգն է, որի համաձայն նպատակադրվել է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ չափով տիրապետի մշակութային գիտելիքներին:

 

Նաև մտադիր է անձամբ Հայաստանում հաստատվել, իսկ Կանադայում իր գործունեությամբ կարողանում է ընտանիքի հոգսերը հոգալ, բայց տաղանդն ու հնարավորությունները Վան Արմենյանն ավելի ներդնում է պատանի տաղանդների հայտնաբերմանն ու նրանց հետագա կրթությանը: Ասում է.

 

Ամբողջ աշխարհը շրջած եմ, այս փորձառությունը ամենամեծ հաճույքն է, որ կարողանամ հայ երիտասարդներուն ալ այդ փորձառությունը փոխանցեմ

 

«Ամբողջ աշխարհը շրջած եմ, այս փորձառությունը ամենամեծ հաճույքն է, որ կարողանամ հայ երիտասարդներուն ալ այդ փորձառությունը փոխանցեմ, և այդպես ալ պիտի լինի, ադ ամենադրական բանն է: Հուսամ լիարժեք կատարեմ այս երազանքս»:

 

Վստահ է, որ իսկական մշակույթը, որը միայն ծախս է, առանց եկամուտի ակնկալիքի, հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունի, այն արյունն է, որով պետք է սնվի յուրաքանչյուրը, մտադիր է իր հարստացնել այդ արյամբ:

 

Իսկ առայժմ, բացի տաղանդավորներին հայտնաբերելուց, հիմնադրամն այլ ծրագրերով էլ աջակցում է հայրենիքին, ինչպես օրինակ Ապրիլյան պատերազմի ժամանակ բժշկական պարագաների փոխանցումն է եղել, Եղեգնաձորում հիմնված երաժշտական համույթի գործունեությունն ապահովելը կամ երաժշտական գործիքների բանկը, որի միջոցով լավագույն երեխաներին հնարավորություն է տրվում իրենց կողմից պատվիրված, որակյալ գործիքներով պարապել: Նաև գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագիր են իրագործում:

 

«Վայոց ձորի մեջ ագրարային զարգացումի համար բավական ներդրումներ կընենք բարերարների կամքով, և հպարտ ենք, որ ինչ գումար որ կնվիրվի Ատգեն Արմենիան հիմնադրամի կողմից, 100 տոկոսով հսկողության տակ կգործածվի, շատ լուրջ հետևողությամբ,-ուրախությամբ շեշտում է հիմնադիրը: