Home / Canadahye  / Նիկոլ Փաշինյանի անպարագիծ նպատակները, հասարակությանը ներարկած պատրանքներն ու այս ամենի գինը՝ Արցախը. Կանադահայ Հայդուկ Շամլյանի համոզմունքը, ով հեռացել է ՀՅԴ շարքերից

Նիկոլ Փաշինյանի անպարագիծ նպատակները, հասարակությանը ներարկած պատրանքներն ու այս ամենի գինը՝ Արցախը. Կանադահայ Հայդուկ Շամլյանի համոզմունքը, ով հեռացել է ՀՅԴ շարքերից

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) _ Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական շարժումը ոգևորություն առաջ բերեց ոչ միայն հայաստանցիների, այլև սփյուռքահայերի շրջանում, ովքեր ևս դեմ էին գործող վարչակարգին: Ի տարբերություն նրանց, կանադահայ իրավաբան, Արցախի «Արամ Մանուկյան մանկապատանեկան Ճամբար»-ի հիմնադիր Հայդուկ Շամլյանը բոլորովին ոգևորված չէ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ: Ստեղծված իրավիճակը բազմաթիվ մտահոգությունների տեղիք է տվել:

 

«Այդ թավիշի գաղափարը շատ լավն էր, հաջող գյուտ էր, իսկապես բրավո, սակայն անկե անդին օրենքի գերակայության ձևակերպությունը զավեշտալի է: Հայերը միշտ էլ հնարամիտ եղած են, սակայն «Սահմանադրական հեղափոխության» հղացքը իրոք անհեթեթ է: Փողոցի ուժի ուղղակի սպառնալիքով և ազդու գործադրությամբ մի պատգամավոր բառացիորեն ստիպում է, որ Ազգային Ժողովի մեծամասնությունը ի նպաստ իրեն քվեարկե, որպեսզի ինք այդպիսով դառնա վարչապետ: Այլ տեսանկյունից, նա համարում է, որ այդ պատգամավորները արդեն ոչ լեգիտիմ են: Թե որ այդպես է, ո՞նց է ինք լինելու լեգիտիմ վարչապետ, մինչ պիտի ընտրվի այդ ոչ լեգիտիմ պատգամավորների քվեներով»,-ահա այսպիսին է Շամլիյանի մոտեցումը իշխանափոխության գործընթացին:

 

Նա ավելի քան 28 տարի Կանադայում իրավաբան է: Երեսուն տարիներ ի վեր հրապարակագիրհայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով հարյուրից ավելի հոդվածներ է հրապարակել, հինգ գրքերի հեղինակ է, ավելի քան 15 տարի կնոջ և զավակների հետ Արցախում կազմակերպում է Արամ Մանուկյան ճամբարը: Իր մտավախությունները ներկայացրել է Noranor.ca-ի հետ զրույցում:

 

 

 ՆՈՐԱՆՈՐ _ Դուք օրեր առաջ հայտարարել էիք, որ լքում եք ՀՅԴ շարքերը, խնդրում եմ մանրամասնեք՝ ինչո՞ւ, արդյո՞ք ներհայաստանյան քաղաքական զարգացումների կամ կուսակցության ոչ կայուն կեցվածքի հետևանքով:

 

ՀԱՅԴՈՒԿ ՇԱՄԼՅԱՆ _ Պարզապես հրաժարած եմ՝ հաջողություն մաղթելով այդտեղ մնացած շատ մը ազնիվ, խորապես ազգասեր և հայրենասեր շարքայիններու, որոնք ձևով մը իմ այլընտրանքս, մտահոգեկան ազատությունս չունին դուրս գալու, քանզի անկե դուրս չունին հնարավորություն ծառայելու ազգին և հայրենիքին: Այդ տիպի նվիրեալ, գաղափարապաշտ, մաքրամաքուր դաշնակցականներին ես չեմ «լքած», ոչ էլ լքելու եմ երբեք, և անոնք դա լավ գիտեն: Ժամանակագրական կարևոր հստակացում մը. Ես ՀՅԴ-ի շարքերից հրաժարեցա Հայաստանի քաղաքական վերջին իրադարձություններեն առաջ,  թվականի մը՝ երբ անհնար էր նախատեսել  իսկ հաջորդող զարգացումները:

 

Իրավունք ունիք ձեր հարցումին մէջ անուղղակիորն նշելու, որ այդ կուսակցության կեցվածքն ու դիրքորոշումները անկայուն են: Բայց այդպես է, և հարատև ինքնահակասության աստիճանի հասած է այդ անկայունությունը  ոչ միայն վերջին շաբաթներուն, այլ գոնե քսան տարիներե ի վեր: Սակայն այս ալ իմ կողմես քննադատություն չէ: Այդ կուսակցությունը միշտ էլ ունեցած է էականորեն երկու, իրարու հետ անհամընկնելի բնույթներ՝ զուտ գաղափարական և հակառակ դրան՝  գետնաքարշորեն քաղաքական:  Իր երկար պատմության մեջ ամեն անգամ, որ առաջին բնույթը տիրապետած է և վերածված է մանավանդ  իսկական գործունեության, այդ կուսակցությունը փառք ու պատիվ բերած է համայն ազգին: Իսկ երբ մտած է քաղաքական ոլորտ, միայն սխալներ գործած է, հաճախ նաև՝ աղետալի հետևանքներով:

 

Ես այդ կուսակցության շարքերն անցա շատ երիտասարդ տարիքիս, Լիբանանի մեջ ստացած ի ծնե դաստիարակությանս հիման վրա, երբ կուսակցությունը կգտնվեր իր զուտ գաղափարական ինքնության մեջ: Հետագային հետզհետե հեռացավ այդ ինքնությունեն և դարձավ քաղաքական սովորական, նորմալ կուսակցություն մը: Սա էլ բնական է, տարօրինակը միայն այն է, թե նա պահած է ներքին կարգ մը հին ավանդություններ, ժամանակավրեպ կանոններ և այլն, որոնք անիմաստ դարձած են իր այժմու իրականության մեջ:

 

Ինծի համար պահը եկած էր մնաք բարով ըսելու: Էական անկյունադարձը Հայաստանի արդի անկախացումը եղավ, հայոց պետության գոյացումը: Երբ որ այլևս պետություն ունինք, կուսակցությունները անհրաժեշտություն չեն: Այն անձը, որ պիտի չդառնա քաղաքական գործիչ, հետաքրքրված չէ քաղաքական ասպարեզով, պետք է դուրս մնա որևէ կուսակցությունե: Անդրանիկի շուքին չեմ կրնար բաղդատել ես ինծի, սակայն երբ ան ՀՅԴ-ի շարքերեն հրաժարեցավ, կարծեմ ըսավ՝ «Իմ միակ կուսակցությունս հայ ժողովուրդն է»: Դե, իմ ալ միակ կուսակցությունս Հայոց Պետությունն է:

 

 ՆՈՐԱՆՈՐ _ Վերջին շրջանում, երբ ՀՅԴ-ն դեռևս իշխանության մաս էր, Դուք նշել էիք, որ համաձայն եք ներքաղաքական զարգացումների հարցում ՀՅԴ դիրքորոշման հետ, օրեր անց կուսակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու և Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին: Ինչպե՞ս կգնահատեք այս իրողությունը:

 

 

ՀԱՅԴՈՒԿ ՇԱՄԼՅԱՆ _ 22 ապրիլին ասել եմ՝ Հարյուր տոկոսով, անվերապահորեն համակարծիք եմ այդ կուսակցության՝ Հայաստանի Գերագույն Մարմնի դիրքորոշման հետ, ի զորակցություն՝ Հայոց Պետության այժմու ղեկը բռնող (ՀՀԿ) իշխանություններուն: 30  ապրիլին ասել եմ՝ Այս պահին է, որ կուսակցությունը խղճալի, անվայել և ամոթալի կեցվածք կհայտնաբերե: Այս դաշնակցականները, որոնք նախկին վարչակարգի անկումեն առաջ, սակայն վերջին տասը օրերուն միայն իրենց կուսակցության խնդրո առարկա դիրքորոշման նկատմամբ հանկարծ «այլախոհ» դարձան, փաստորեն շատ ուշացած էին: Նախապես 20 տարիներե ի, վեր նվազագույնը լուռ մնալով, շատ անգամ ալ համաձայն ըլլալով այդ դիրքորոշման հետ նախկին վարչակարգի հետ իրենց մեղսակցության, ասոնք ավելցուցին իրենց կուսակցական ամենահիմնական սկզբունքներու ժխտումը:

 

Այդքան արագորեն դիրք փոխելը, միանալու համար փողոցի ուժով իշխանափոխության, պիտի մեկնաբանվի որպես պատեհապաշտություն, մինչ մնացյալ հայ ժողովուրդին կողմե ալ պիտի մեկնաբանվի որպես ամբոխահաճություն, եթե ոչ վախկոտություն: Ցավալին այն է որ ժողովրդային այդ երկու մեկնաբանություններն ալ կրնան խորքին մեջ և ըստ էութեան սխալ ըլլալ:

 

Լավապես ճանչնալով ՀՅԴ-ին՝ կկարծեմ, թե, նոր վարչակարգին մոտենալով, անոր նպատակն է ձևով մը «հսկել» անոր վրա, ջանալ կանխել անոր կողմե անպատասխանատու սայթաքումներ: Սա է իրենց հավանական ըմբռնողությունը, միտումը: Որ անշուշտ ցավալի է, նկատի ունենալով այդ կուսակցության այլազան մակարդակներու վրա բավականին տկարացած վիճակը, առավել հիմա՝ ներքին պառակտում մը, որ աննախադեպ է: Ափսոս…

 

ՆՈՐԱՆՈՐ_ Դուք մտավախություն եք հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դառնում  ՀՀԿ-ական օլիգարխների քվերակությունների շնորհիվ, սա ի՞նչ հետագա ռիսկեր է պարունակում երկրի ներքաղաքական բարեփոխումների հարցում, արդյո՞ք հետագա սահմանափակումներ չի դնում Փաշինյանի գործողությունների նկատմամբ:

 

ՀԱՅԴՈՒԿ ՇԱՄԼՅԱՆ _ Գիտնալով այն, ինչ որ գիտեմ հայոց պատմության և այժմու Հայաստանի մասին՝ իմ կարծիքով (կըղձամ, որ սխալ լինեմ), պարոն Փաշինյանը, որքան որ ալ անկեղծ և ուղղամիտ լինի, երկրորդական ու սահմանափակ բարեկարգումներե զատ և ծայրահեղ լավատեսության հաճելի ժամանակաշրջանի մը ավարտին, պիտի չհաջողի այդ անպարագիծ նպատակները վերածել իրականության: Հայաստանի այն խոր ու էական խնդիրները, որոնք մղում հանդիսացան այս տիպի իշխանափոխության, հիմնականորեն կապ չունին քաղաքականության, ոչ էլ որևէ վարչակարգի հետ: Առավել կա ուշացման հարցը: Քսաներեք տարի ուշ տեղի ունեցավ այս հեղափոխությունը, երբ շատ մը հիմնական բաներ այլևս սրբագելի չեն:

 

Այդ ձախողության մաս կկազմե երկիրը վատ օլիգարխներից «ազատագրելու» խոստումը,  երաշխիքը նոյնիսկ… Պարոն Գ. Ծառուկյանի նյութով ասեմ, ես ինքս այդ մարդը վատ օլիգարխ չեմ նկատեր: Սակայն պարոն Փաշինյանը հաջողեցավ այդքան մեծաթիվ հայեր օրորել պատրանքներով, որ ինքը երկիրը պիտի ձերբազատե օլիգարխներից: Այդպիսի խոստումներ հեշտորեն կուլ տվող հայերը վստահաբար վերոհիշյալ բարյացակամ կարծիքս չեն բաժներ Գ. Ծառուկյանի մասին:  Ուրեմն, տեսնելով հանդերձ, որ ան որքան որոշիչ դեռ ունեցավ Փաշինյանի՝ երկրի և պետության գլուխը հասնելու գործընթացին մեջ, ինչպե՞ս կրնան տակավին չզարթնիլ և շարունակել հավատալ, թե նոր վարչապետը երկիրը, իրենց լեզվով ու ըմբռնողությամբ, պիտի «մաքրե» օլիգարխներեն:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Ձեր մտահոգությունները չեն սահմանափակվում ներքին խնդիրների լուծման հարցերով, մտավախություն եք հայտնում Արցախի ապագայի հարցում, ի՞նչ հիմքեր ունեն դրանք:

 

ՀԱՅԴՈՒԿ ՇԱՄԼՅԱՆ _ Դա իմ միակ մտահոգությունս է: Ընտանիքիս հետ հաճախակի և երկարատև կեցությամբ մենք Հայաստանի ամեն կողմերը եղել ենք, սակայն մեր ամենաէական և բովանդակալից կապը մայր հայրենիքի հետ Արցախն է, մեր սեփական առաքելության միջոցով: Վերջին իրադարձություններով այսքան խանդավառ, տենդոտ հրճվանքի մեջ գտնվող հայերին ըսելիք չունեմ, եթե ուզեն, ամեն երկու տարին երեք հատ վարչակարգ թող փոխեն, սակայն չեմ կրնար ըմբռնել, որ անոնք բոլորն այս աստիճան անգիտակից են, այս աստիճան անհոգ կհանդիսանան Արցախի նյութով:

 

Անհերքելի է, որ այս «նոր Հայաստան»-ը, որու երազով կապրին հիմա Հայաստանի բնակչության մեկ հատվածը և համացանցային սփյուռքահայության մի մասը, չի կարող այդ երազվածին չափ «նոր» լինել, առանց հեռանալու Ռուսաստանի սերտ ազդեցությունից: Սա քաղաքական շեշտակի հակում է լինելու, տևական փորձություն է լինելու հաջորդող հանգրվաններին: Մոտակա անցյալի բացահայտ նախադեպերու լույսին տակ այդ հակումը կարող է ուղղակիորեն պատճառ հանդիսանալ Արցախի կորուստին: Կան հայեր որ չհասկցան այս ռիսկը: Ատիկա հասկնալի է: Անոնք ավանդական Սփյուռքի հայերն են: Անոնցմե ոմանք արդեն բավական օտարացած են, օտարի աչքով և մտածելակերպով կդիտեն Հայաստանի մեջ տեղի ունեցածը:

 

Այսօր հատկապես Երևանում կան հայեր, որոնք շատ լավ էլ գիտեն, թե Արցախի վերաբերյալ ինչպիսի ռիսկ կար և դեռ կա, իրենց քաղաքական այժմու կեցվածքին և գործունեության մեջ հանուն այդ «նոր Հայաստանին»… Եւ իրենց համար դա ընդունելի ռիսկ է: Արցախը ընդունելի գին է, պատշաճ ու արժանի փոխարժեք է, եթե զայն կորսնցելով՝ պիտի գոյանա Ռուսաստանից «ազատագրված», Արևմուտքին միացած, լիովին եւրոպականացած, իրենց երազային Հայաստանը: Ավելին, ասոնց մեջ կան հայեր, որոնց համար Արցախի կորուստը ոչ միայն ընդունելի է, այլ նոյնիսկ բաղձալի: Ասոնք ալ համոզված են, որ Արցախն է հիմնական պատճառը Հայաստանի վիճակին, հետեւաբար, կուզեն ձերբազատվիլ Արցախեն, իրենց մտքով փրկելու համար «իրենց» Հայաստանը: Չձևացնենք, որ նախկին վարչակարգի դեմ որոշ ատելության մը հիմքերուն մաս չի կազմում Հայաստանը «ղարաբաղցիներից» ազատելու ոխալից իղձը…

 

ՆՈՐԱՆՈՐ _ Քսանհինգերորդ ժամի հեղափոխականներ. Այսպես եք բնորոշում նրանց, ովքեր միայն հաղթանակի վերջին հայտարարում են համաժողովրդական շարժմանը միանալու մասին: Ի՞նչ վտանգ են սպառնում այսպիսի ուժերը երկրին:

 

ՀԱՅԴՈՒԿ ՇԱՄԼՅԱՆ _ Այս վերջին պահի հեղափոխականները երկու տեսակի են: Կան անոնք, որոնք շատ ալ հանգիստ վայելած են իրենց անձնական կյանքն ու անհատական բարօրությունը Հայաստանի մեջ, կամ էլ զվարճանքի կամ գործի վերաբերյալ այցելությունների առիթով՝ նախկին վարչակարգի ներքո՝ հեռու մնալով որևէ իշխանափոխական գործունեութենե: Ասոնց մեջ են նաև նախորդ վարչակարգի ուղղակի դաշնակիցները, մեղսակիցները, որոնք հիմա կջանան խուսափիլ այդ իրողությանց հետևանքներից՝ միաժամանակ հուսալով օգտվիլ այժմ ուրվագծվող նոր կարգերից:

 

Այս հատվածին ոչ թե վտանգը, այլ յուրահատկությունն այն է, թե նա նոր վարչակարգին զորության պատրանք մը պիտի տա միայն, մինչ կարելի չէ վստահիլ անոր, և եթե պահը գա, որ հաջորդ վարչակարգն ալ մի օր կորսնցնե իր փայլքը և դառնա ժողովուրդի ցասման թիրախ, այս տեսակի անձերն ու կազմությունները առաջինները կլինեն կամ զայն լքելու, կամ վերջին պահին զայն խորտակել փորձելու: Նկատի ունենանք, որ փողոցի ուժով իրագործված այս իշխանափոխությունը այժմ նախադեպ է Հայաստանում և կարող է դեռ բազմիցս կրկնվիլ:

 

Կա նաև սփյուռքյան հատված մը՝ համացանցի հեղափոխականները: Շատեր կամ բնավ ոտք չէ կոխած Հայաստան, կամ հազիվ այցելած է զայն, ուր մնաց Արցախ: Ասոնց խնդիրն այն է, թէ facebook-ի կամ ԶԼՄ-ների աշխարհը կշփոթեն բացառյալ իրականության հետ: «Իմոճիներու ըմբոստության», «Լայքերու հեղափոխության». այս երևույթը երգիծական կ’ըլլար, եթե լավապես չգիտնայինք, թե արտաքին ուժեր մասնագիտական վարպետությամբ գիտեն օգտագործել այս նոր ժամանակներու ազդու միջոցները խոցելի անհատներ ձեռնավարելու համար՝ զանոնք վերածելով հատուկ ուղղությամբ ամբոխային շարժումի:

 

Քսան տարիներե ի վեր իմ գաղափարներովս հակադրված եմ այն հայերուն, որոնք նույն ժամանակամիջոցին անկեղծորեն հեղափոխություն կ’ուզեին Հայաստանի մեջ: Սակայն այս պահին ես հարգանք ունիմ այդ հայերու հանդեպ (բացի անոնցմե, որոնք ուղղակիորեն բռնություն գործադրեցին), և իրենց իրավունքն է պահը ըմբոշխնել: Սակայն նույնը չի կրնար ըլլալ կեցվածքս՝ վերջին պահին, արդեն ինկած վարչակարգին վրա հարձակողներուն:

 


ԴՈՒՐՍԻ ՄՈՒԹԻՆ ՈՒԺԵՐ

Հայաստանի հայերուն պարագային դուրսի մթին ուժերու տեսութիւնը ամբողջովին ժխտելը համազոր է վտանգավոր անփութության, միամտության, կամավոր կուրության: Ատոր պատճառը նաև այն է, թե Հայաստանի հայերի մի մասը բավարար ծանոթ չէ, թէ ինչեր են կատարվում մնացյալ աշխարհում: Եթե կա այդպիսի արտաքին, որոշիչ ու նախնական միջամտություն, անոր պարագլուխները Իզրայելը և ԱՄՆ-ն են, որոնց կհետևի ավանդական Եւրոպան: Իսկ վերջին երկուքը ոչ միայն NATO-ի ճամփով, այլ տնտեսական կարևոր կապերով դաշնակիցներն են Թուրքիո, որու փանթուրանական զարմիկն է Ադրբեջանը: Այստեղ հավելյալ բացատրության կարիքը չկա:

 

Այս միտքերս առողջ բանականությամբ ընկալելու համար ընդգծեմ, որ ես նշույլ մը իսկ որևէ անձնական շահի շուքը չեմ ունեցած երբեք Հայաստանի նախկին վարչակարգի և անոր մասնաճյուղ Արցախի իշխանությանց նկատմամբ: Ընդհակառակը,  նյութապես և հոգեպես միայն ես ինծի վնասած և ինքզինքս մաշեցուցած եմ Մայր Հայրենիքի մէջ: Այս չափազանց հուզումնալից օրերուն հայերու մեկ մասը չէ հետաքրքրված իսկ տարրական իրողություններով, տվյալներով, մտային վերլուծումներով, նույնանման վիճակներում մեր կրած պատմական անթիվ ու անգին կորուստների վերհիշումներով: Կմնա հուսալը, որ երբ որ այս գերզգացական պահը անցնի, անհեղաշրջելի հետևանքներ չենք դիմագրավեր այս ամենուն պատճառով: Առաջ Աստված, առանց որու, լինելով այն որ ենք, արդեն մինչև այստեղ իսկ չէինք կրնար հասնիլ: