Home / Canadahye  / Մոնրեալի տարեցների տանն ապրող սիրիահայ Աբրահամ Ղանդիլյանը, ով ցանկացել է Հայաստան տեղափոխվել, բայց հայրենի կառավարությունը չի ընդառաջել

Մոնրեալի տարեցների տանն ապրող սիրիահայ Աբրահամ Ղանդիլյանը, ով ցանկացել է Հայաստան տեղափոխվել, բայց հայրենի կառավարությունը չի ընդառաջել

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Սիրիահայ Աբրահամ (Աբիկ) Ղանդիլյանը պատերազմն սկսվելուց հետո, երբ արդեն Հալեպից հեռանալու որոշում էր կայացրել, մտադիր էր ընտանիքով հաստատվել Հայաստանում: Հնարավորությունները սուղ էին, հայրենիք տանող ճանապարհներն էլ՝ ոչ դյուրամատչելի, հետևաբար դիմեց Հայաստանի կառավարությանը:

 

Հայրենիքից ստացած պատասխանը հուսախաբ արեց ընտանիքին, միևնույն ժամանակ Կանադան արդեն բացել էր իր դռները սիրիացիների առջև: Դիմեցին, ու ամեն ինչ հաջողվեց, դյուրությամբ տեղափոխվեցին Մոնրեալ, որտեղ հիմա ապրում է նրա ընտանիքը, թեև ոչ միասնական:

 

Ղանդիլյանի դուստրերն իրենց ընտանիքների հետ են ապրում, իսկ ինքն ու կինը տեղափոխվել են Մոնրեալում 2014թ-ից գործող «Արարատ բնակարաններ» հաստատություն, որտեղ Աբիկ Ղանդիլյանը իրագործում է իր կարևոր նպատակներից մեկը. Հիմնել է «Կանթեղ» գրական-մշակութային խմբակը: Ղանդիլյանը գոհ է, սակայն դեռևս ունի անավարտ ծրագրեր:

 

 

ՏՈՊՐԱԿ ՄԸ ԴՈԼԱՐ

Հայաստանում ապրելու երազանքով հալեպահայերից շատերն են սնվել իրենց ծննդավայրում, այդ երազանքը Ղանդիլյանի համար կարող էր իրականություն դառնալ, եթե փոքր-ինչ աջակցություն լիներ հայրենի իշխանություններից: Չեղավ ամենաչնչին օգնությունն իսկ, քանի որ ընտանիքը ձեռնունայն պետք է թակեր Հայաստանի դուռը:

 

Ձևով մը հասկացուցին, որ եթե տոպրակ մը դոլար ունիք, եկեք, այլապես մնացեք

 

«5 հոգի աշխատող էինք, մնացինք անգործ, դեղատուն ունեինք, ան ալ գնաց; Գրեցինք, որ փոխանակ օտար տեղեր երթալու, գանք Հայաստան, սկսինք իբրև քաղաքացի աշխատիլ, տուրքը վճարենք և նորմալ հայաստանաբնակ քաղաքացի մը դառնանք, մերժեցին, այսինքն՝ ձևով մը հասկացուցին, որ եթե տոպրակ մը դոլար ունիք, եկեք, այլապես մնացեք»,-պատմում է Աբրահամ Ղանդիլյանը:

 

Ոչ թե օգնություն, այլ փոխառություն էին ակնկալում հայրենիքից, այնպես, ինչպես Կանադան հոգաց նրանց ընդունելու, տեղավորելու հարցերը, իսկ հետո, երբ արդեն աշխատում են, վերադարձնում են պետության տված գումարը: «Մեր քովը չկար, մարդիկ ըսեցին՝ կտանինք, դուք մեզի պարտական եք, ըսինք՝ այս կրակեն և դժոխքեն ազատեցեք, պարտք ենք: Ունեցողը գնաց Հայաստան, չունեցողը՝ օտար ափեր»,-ասում է սիրիահայը:

 

Ավելին, նրանք նաև դիմել էին ԱՄՆ տեղափոխվելու հարցով, սակայն մերժվել են այն պատճառաբանությամբ, որ հայը ոչ թե ԱՄՆ, այլ իր հայրենիք պետք է տեղափոխվի, տեղեկացրել էին, որ Հայաստանին ՄԱԿ-ը բավական մեծ միջոցներ է հատկացրել,որպեսզի կազմակերպի հայերի ներգաղթը:

 

ԱՆԱՎԱՐՏ ԳՈՐԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աբրահամ Ղանդիլյանն, ով բուժտեխնիկի մասնագիտություն ունի, մինչ պատերազմն արդեն Հայաստանում աշխատանքի նախաձեռնոությամբ էր հանդես եկել, պատմում է.

 

Երբ որ ճգնաժամի դիմաց հայտնվեցանք, մեր առջև երկաթե դուռ գոցվեցավ, հուսախաբություն ապրեցանք

 

«2009-ին եկած էի և ուսումնասիրած էի, բժշկական էլեկտրոնիկ գործիքներ վաճառելու ծրագիր մեջտեղ բերած էի, բայց հազիվ սկսած էր աշխատանքի անիվը դառնալը, պատերազմը ծագած էր: Գործ մըն է, որ պետք է մշտապես երթայի-գայի, նորությունները ցույց տայի հիվանդանոցներուն, մարդիկ ապարատներ վերցնեին, բայց ամեն ինչ շուռ եկավ:  Մենք օրեն աչքերնիս բացինք հայրենասիրության վրա, ադոր վրա թրծվեցանք, Հայաստանը մեր մեջն էր, որ առանց տեսնելու սիրահարված էինք, մենք այդ երազանքով ապրեցանք, բայց երբ որ ճգնաժամի դիմաց հայտնվեցանք, մեր առջև երկաթե դուռ գոցվեցավ, հուսախաբություն ապրեցանք»:

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԾՆՈՒՆԴ ԿԱՆԹԵՂԸ

Հիմա արդեն զավակներն իրենց կյանքը կազմակերպել են, իրենք էլ ամուսիններով բնակություն են հաստատել «Արարատ»-ի տանիքի տակ, որտեղ ապրում են 90-ից ավելի տարեցներ: Այս որոշմանը հանգեցին Ղանդիլյանի մոտ առաջ եկած առողջական խնդիրների ու վիրահատությունից հետո, երբ բժիշկը խորհուրդ տվեց այլևս չաշխատել:

 

Չաշխատել չի կարողանում, հատկապես, երբ նպատակներ ունի իրագործելու, հանդես է եկել նախաձեռնությամբ՝ հիմնելով «Կանթեղ» խմբակն ու դրա շուրջ համախմբելով հազարավոր հայերի: Իսկ ցաղափարին ծնունդ տվեց դարձյալ պատերազմը:

 

Այդ ընդվզումի մեջ գրիչը կսկսի շարժիլ և գրել, ես կգրեի այդ մեր առօրյայեն բխած ցավալի պատմությունները

 

«Այդ ընդվզումի մեջ գրիչը կսկսի շարժիլ և գրել, ես կգրեի այդ մեր առօրյայեն բխած ցավալի պատմությունները: Երբ կգրես ցավի մասին, մեկը կա, որ կրնա օգնել, զգում ես որ չի օգնե, հանձին սփյուռքի պատասխանատու մարմինների կամ կառավարության: Հոդվածներ կգրեի, ու չէին ուզե նույնիսկ էլեկտրոնային ձևով տպեին: Ըսի՝ ինչի համար պիտի սպասեմ, իրենց ձեռքը համբուրեմ, իմ խումբս կկազմեմ, ազատ, անկախ, երկրորդ՝ ձգտում ունեի խմբակ ստեղծել, ուր կա հայկական մշակույթ, գիր-գրականություն, արվեստ և ադոր մեջ մտնող ամեն ինչ»,-ներկայացնում է «Արարատ»- բնակիչը:

 

Հիմա այս խմբակն, ըստ հիմնադիրի, դարձել է կամուրջ աշխարհի տարբեր երկրներում ապրող ստեղծագործ հայերի միջև, հնարավորություն է տալիս երիտասարդներին, ովքեր մուտք են գործում գրական ասպարեզ, ներկայացնել իրենց առաջին աշխատանքները: Ասում է. «Որոշ ընտրանի խավ մը կա, որ նեցուկ կանգնած են, շատերը գիրքեր ուղարկեցին, որ օգտվիմ, երիտասարդ տարրերը, որ նոր սկսած են ծիլ տալ, անոնք, որ որոշ մակարդակի վրա են, կարելի է իրենց մղել, առիթ կու տամ, որ «Կանթեղ»-ի միջոցով հանրությունը իրենց ծանոթանա»:

 

Սրանով Ղանդիլյանն իր առաքելությունն ավարտած չի համարում, հիմա մտադիր է նաև Հայաստանում հիմնադրամ ստեղծել, որն օգտակար կդառնա խմբակի մի շարք ծրագրեր իրագործելու համար: Այս մտահղացումն առաջացավ այն բանից հետո, երբ Ապրիլյան պատերազմի ժամանակ նա դիմեց ՀՀ Պն՝ առաջարկելով իր բուժական հմտություններն Արցախում, նրա նամակին պատասխան չստացվեց, և որոշեց անձամբ քայլեր ձեռնարկել:

 

Ծրագիրս մեծ է, բայց ես դրական կեցվածք չտեսա

 

Թե ինչպես պետք է հիմնադրամ բացի, շատերին է դիմել, սակայն ճանապարհ ցույց չեն տվել, ասում է. «Ես հազար ու մեկ մարդոց եմ խնդրել հիմնադրամ հիմնելու համար «Կանթեղ»-ին անունով, բայց, ցավ ի սիրտ, ոչ մեկ օգնություն ցույց տվավ, որպեսզի ես կարենամ ծրագրել այդ հարցը, որուն նպատակը պիտի ըլլա բարեսիրական, դպրոցական, կրթական հարցերում օգնել խմբակիցներուն: Ունինք պատրաստ գրություններ, բայց միջոցը չունիմ գիրք տպելու, այդպիսիներին օժանդակելու, ցուցահանդես կազմակերպելու, այսինքն՝ ծրագիրս մեծ է, բայց ես դրական կեցվածք չտեսա»:

 

Ցավում է, որ չի կարող անձամբ քայլեր ձեռնարկել, Հայաստան այցելել, դեռ չունի Կանադայի քաղաքացիություն և երկրից դուրս գալու իրավունք, բայց գոհ է, որ կարող է «Արարատ»-ում տարեկիցների հետ ոչ միայն լավ ապրել, այլև իրագործել իր ծրագրերը: Երկու երազանքներից մեկն էլ կապված է հենց այն մեծ տան հետ, որտեղ բնակություն է հաստատել տիկնոջ հետ:

 

«Կուզեմ, որ մարդիկ «Արարատ»-ի մասին կարելի եղած չափով լավ բաները գիտնան, որովհետև հակառակ, որ Կանադայի մեջ է, շատ կանադահայեր տեղյակ չեն՝ ինչ է «Արարատ»-ը: Իսկ մեծ երազանքս «Կանթեղ» հայկական անունով հիմնադրամ ստեղծելն է, որ աշխատանք տանի Մայր Հայրենիքի մեջ: Ասոնք եթե կարենամ ընել, մեծ գոհունակություն կստանամ»: