Կանադան աշխարհում ամենաշատ թվով ներգաղթյալներ ընդունող 4-րդ երկիրն է. Գելափ-ի նոր հետազոտության արդյունքները
Օտտավա (Նորանոր) _ Ըստ Գելափ ինթերնեյշնլ ասոցացիայի ուսումնասիրության արդյունքների՝ Կանադան միգրանտների ընդունման ինդեքսում հնարավոր 9 միավորից գրանցել է 8.14 միավոր՝ աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնելով 4-րդ տեղը, մինչդեռ նախորդ տարի այն բացակայում էր առաջին տասնյակից: Առաջին տեղն զբաղեցրել է Իսլանդիան, որին հաջորդում են Նոր Զելանդիան և Ռուանդան, տեղեկացնում է CIC News կայքը:
Գելափ-ը նշել է, որ ներգաղթյալների ընդունման բազան գնահատել է մի չափորոշիչով, որն անվանում են «հարեւանության աստիճանի բարձրացում»: Այն ստեղծվում է երեք չափանիշների հիման վրա՝ հարցեր ուղղելով քաղաքացիներին, թե արդյոք իրենց երկրում ապրող ներգաղթյալները՝ դառնալով իրենց հարևանները, լավ կամ վատ են ազդում իրենց կյանքի որակի վրա:
Կանադայի արդյունքները ձևավորվել են 15-ից բարձր տարիքի 2000 կանադացիների շրջանում արված հարցումների հիման վրա, դրանք անցկացվել են 2017թ-ի օգոստոսի 10-ից նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում: 2017թ-ի ամռանը ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարած ներգաղթային քաղաքականության արդյունքում այս երկրից Կանադա տեղափոխվող և ապաստան խնդրող անձանց թիվն զգալիորեն աճել է:
Ի դեպ, ԱՄՆ-ը 7.86 միավորով աղյուսակում զբաղեցրել է իններորդ տեղը:
ԱՄՆ-Ն ՈՒ ԿԱՆԱԴԱՆ
Գելափ-ի հետազոտողներ Նելի Եսիպովան, Ջուլիե Ռաին ու Անիտա Պուգլիսը կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն ու Կանադան շարունակում են մնալ աշխարհում ամենաշատ միգրանտներ ընդունող երկրների շարքում, սակայն դրա վրա մեծապես ազդում են երկրների քաղաքական գծերի փոփոխությունները:
Վերջին երկու տարիների ընթացքում մի երկրի կառավարությունը պահպանում է այդ պատմությունը, իսկ մյուսը փորձում է հեռու մնալ դրանից
«Կանադան եւ Միացյալ Նահանգները՝ որպես ընդունող երկրներ, երկարամյա պատմություն ունեն, սակայն վերջին երկու տարիների ընթացքում մի երկրի կառավարությունը պահպանում է այդ պատմությունը, իսկ մյուսը փորձում է հեռու մնալ դրանից», – գրում են հեղինակները:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թրամփի վարչակազմը միգրացիան դիտարկեց որպես սպառնալիք ազգային անվտանգության ու ամերիկյան աշխատողների համար: Այն հարցվողներն, ովքեր հավանություն են տվել Թրամփի գործելաոճին, հնարավոր 9 միավորից գնահատել են 7.08, իսկ ովքեր չեն հավանել՝ 8.54 միավոր:
Ինչ վերաբերում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մոտեցմանը, ապա նրա կառավարությունը բարենպաստ քայլեր է իրականացրել միգրանտների հոսքը խրախուսելու համար: Հարցումները ցույց են տվել, որ նրա քայլերը խրախուսող քաղաքացիները, Գելափ-ի հարցմանն ի պատասխան, տվել են 8.54 միավոր, իսկ նրա գործելաոճը ժխտողները՝ 7.84 միավոր:
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ երկու երկրներում էլ ավելի բարձր է եղել կրթական բարձր մակարդակ ունեցող երիտասարդների և քաղաքային բնակավայրերում ապրողների հոսքը: